Մե՞նք ենք տերը մեր երկրի

Մի գեղեցիկ ամառային օր հայտարարվեց, որ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացվելու են… Ինչպես յուրաքանչյուր այլ ապրանքի գնի թանկացման դեպքում, այս գույժն էլ շատ վատ ընդունեցինք, հիշեցինք, որ երկիրը երկիր չէ, մտանք ֆեյսբուք ու տեսանք, որ միայնակ չենք… այո՜, մեզ նման էլի հարյուրավոր մարդիկ դժգոհ են այս պարբերական թանկացումներից, դժգոհությունն էլ սոսկ ազգային խառնվածքի դրսևորում չէ, այլ օբյեկտիվ ու լիովին տրամաբանական արձագանք անտրամաբանական իրողության վերաբերյալ:

Եվ այսպես, տեսանք օրն ու ժամը հավաքի և որոշեցինք գնալ ու մեր ձայնը լսելի դարձնել նրանց, ով առանց դրա էլ քաջատեղյակ է մեր դիրքորոշմանը, բայց մեզ «չտենալու է» տալիս: Ինչևէ, հասկանալով, որ հավաքներ անելու մեր իրավունքը ամրագրված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենքում, հավաքեցինք մեր կամքն ափերի մեջ ու հաղթական քայլերով շարժվեցինք այնտեղ, ուր մեզ հուշում է «ֆեյսբուքյան իվենթը»:

el

Ֆեյսբուք

Ինչ վերաբերում է ֆեյսբուքին, ապա մարդկային հոծ զանգվածների մոբիլիզացման գործում դրա աներևակայելի դերի մասին «արաբական գարուն»-ից սկսած (չխառնել հայկական «ոսկե աշնան» հետ) չափից շատ է խոսվել: Դժվար է թերագնահատել դրա ազդեցության չափն ու նշանակությունը: Կարելի՞ է արդյոք ասել, որ առանց ֆեյսբուքի վերոնշյալ հավաքներն ու ցույցերը տեղի չէին ուենա՝ ո՜չ, սակայն մասշտաբները այսպիսին չէին լինի միանշանակ: Տարբեր ժամանակներում տարբեր գործիքներ ու միջոցներ են ծառայել այդ նույն նպատակների համար, սակայն սոց.ցանցերը հնարավորություն են տալիս այդ նույն արդյունքներին հասնել շատ ավելի կարճ ժամանակահատվածում և շատ ավելի սակավ նյութական միջոցներով: Ֆեյսբուքի օգնությամբ գոնե մոտավոր պատկերացում ենք կազմում, թե քանի մարդ է գնալու հավաքին, իսկ եթե իմանում ենք, որ մոտ ընկերը կամ նրան, ում համակրում ենք, այնտեղ է լինելու, դա լրացուցիչ խթան է տալիս քաղաքացիական շարժմանը միանալու մեր ազնիվ տենչանքին:

«Զոհի» գործոնը

Բոլոր ժամանակներում շարժումներին և հավաքներին մեծ թափ է հաղորդել «զոհի» առկայությունը, և պարտադիր չէ, որ արյուն թափվի, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, «արաբական գարնան» ժամանակ Թունիսում, որտեղ փողոցային վաճառական Մուհամեդ Բուազիզին հրապարակայնորեն ինքնահրկիզվեց կամ ուկրաինական «մայդանում», որտեղ առաջին զոհ դարձավ հայազգի Սերգեյ Նիգոյանը: Չնայած արյունահեղության դեպքում հավաքը միանգամայն այլ՝ հուժկու և կատաղի բնույթ է ստանում, ինչից, Փառք Աստծո, մենք զերծ մնացինք: Էլեկտրաէներգիայի դեմ վերջին շարժման մասսայականությանը նպաստեց հենց զոհի առկայությունը, երբ հավաքի մասնակիցների կողմից Բաղրամյան պողոտայի փակման առաջին իսկ գիշերը նրանց նկատմամբ կիրառվեց ջրցան մեքենա: Ջրցանից տուժած երիտասարդների նկարները մեծ արագությամբ տարածվեցին ֆեյսբուքով մեկ, և , բնականաբար, արդյունքը իրեն երկար սպասեցնել չտվեց, հաջորդ օրը պողոտայում հավաքվեց մի քանի անգամ ավել մարդ:

el2

«Աստղերի» ներկայության գործոնը

Ինչպես և տրանսպորտի գնա թանկացման դեմ երկու տարի առաջ տեղի ունեցած ցույցերի ժամանակ, այժմ էլ ցուցարարների թվում աչքի էին ընկնում հայկական շոու բիզնեսի սիրված աստղեր, ինչպիսիք են Հովոն, «կարգին» Հայկոն, «Բերնարդ Շոու»-ի Արտյումը և այլք: Նրանց ներկայությունը հասարակ ժողովրդի մեջ իսկապես մեծացնում է հետաքրքրությունը հավաքի նկատմամբ և նպաստում դրա պոպուլյարիզացիային:Մասնակցելով իրենց սիրելի դերասանի կամ շոումենի հետ միևնույն հավաքին՝ մարդիկ իրենց ավելի մոտ են զգում նրանց, ում հետ այլ պայմաններում հաղորդակցվելու կամ հանդիպելու հնարավորություն չունեն:

Պարապության հետևանք

Ավա՜ղ պետք է ընդունել, որ այս գործոնը ևս առկա էր վերջին շարժումների ժամանակ: Երբ չկա անելիք կամ, ինչն ավելի ցավալի է՝ աշխատանք, ավելի հետաքրքրիր զբաղմունք կամ ժամանց, քան հավաքն է, դժվար է գտնել, հատկապես, երբ այն ուղեկցվում է ազգային երգուպարով, տարատեսակ խաղերով և համեղ ուտեստների հյուրասիրությամբ: Ուստի պարապ կամ անգործ մարդկանց ներկայության փաստը ոչ-ոք հերքել չի կարող:

el3

Առաջնորդի բացակայություն

Առաջնորդի բացակայությունը գուցե շատ երկրներում կամ շատ այլ դեպքերում բացասական ազդեցություն ունենար, բայց մեր երկրում, որտեղ ժողովուրդը կարոտ է իսկական ընդդիմադիր գործիչների և ընդդիմությանը միավորելու ունակությամբ օժտված առաջնորդների և միևնույն ժամանակ, հոգնել է քաղաքական դաշտի հին և իրենց հետևորդներին հուսախաբ արած դեմքերից, այդ գործոնը միայն նպաստեց հավաքի մասսայականությանը:

Քաղաքական հասարակության ձևավորում

Վերջին հավաքների հարաբերական հաջողության ամենաողջունելի պատճառը մեր հասարակության մեջ քաղաքական մտքի սաղմնավորումն ու քաղաքացիական պատասխանատվության ձևավորումն ու արմատավորումն է: Մեր քաղաքացիները և հատկապես նրանց երիտասարդ հատվածը իրեն շատ ավելի պատասխանատու և իրավասու է զգում՝ որոշելու սեփական հայրենիքին և անմիջապես իրեն վերաբերող հարցերը: Այլ խնդիր է, թե որքանով են քաղաքացիական նախաձեռնությունները հասնում հաջողության կամ որքանով են այդ իրական կամ թվացյալ հաղթանակները ծրագրավորված կամ թույլատրված հենց իշխանությունների կողմից:

Կան նաև այլ գործոններ, շատ ավելի բացասական, ինչպիսին, օրինակ, շատերի կողմից բարձրաձայնվող օտարերկրյա միջամտությունն ու գրանտերի ազդեցությունն է, բայց որոշիչ դեր՝ համենայն դեպս վերջին շարժումների ժամանակ դրանք չեն ունեցել, ինչը շատ ուրախալի է: Իսկ թե ինչու էլ. Էներգիայի սակագնի դեմ շարժումը այժմ չունի այն մասսայական աջակցությունն, ինչ երկու ամիս առաջ, բացատրվում է բարոյական հաղթանակների նկատմամբ մեր թուլությամբ: Մեր արդարացի պահանջները, այնուամենայնիվ, որոշակիորեն բավարարվեցին կառավարության կողմից էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորմամբ և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում միջազգային աուդիտի անցկացմամբ: Մեկը դրանից ուրախացավ, մյուսը զայրացավ, բայց արդյունքում շարժումը մասնատվեց, և այժմ ունենք այն, ինչին ականատես ենք՝ ոչ ստվար հավաքներ, որոնք չունեն ժողովրդական լայն զանգվածների նախկին աջակցությունը:

Ագապի Րաֆայելի