ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթը։ Այդ մասին հայտնում ենք ՏԿԵՆ-ից:
Պայմանագիրը ստորագրել են Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին։
Պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը։
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորել է կողմերին պայմանագրի երկարաձգման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հայ-իրանական բարեկամական հարաբերությունների լավագույն դրսևորումներից մեկն է։
«Պայմանագրի երկարաձգումը շահավետ գործարք է երկու երկրների համար։ Պայմանագրի երկարաձգմամբ հնարավորություն է ստեղծվում ավելացնել նաև գազի ներմուծման և էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, որը միանշանակ դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսության զարգացման վրա»,- ասել է նախարար Սանոսյանը։
Մաջիդ Չեգենին իր հերթին կարևորել է պայմանագրի երկարաձգման փաստը՝ ընդգծելով, որ այն նոր զարկ կհաղորդի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը։