Անցյալ շաբաթ, սեպտեմբերի 19-ին, Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատում ռուս-վրացական գործարար խորհրդի հերթական նիստն էր, որի հիմնական թեման էր Վրաստանի հետ տրանսպորտային կապերի ընդլայնումը, մասնավորապես, Ցխինվալիով ՌԴ-ից Վրաստան ճանապարհի բացումը:
Հանդիպման ընթացքում Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոն ներկայացրեց տրանսպորտային կապերը բարելավելու առաջարկներ, այդ թվում, Ռուսաստանը Վրաստանին և Թուրքիային կապող ամենամյա լաստանավային հաղորդակցություն, որը գտնվում է պլանավորման և իրականացման սկզբնական փուլում: Այս փուլում շահագործման կենթարկվի 150 ավտոմեքենա և 300 ուղևոր տեղափոխելու համար նախատեսված լաստանավ:
«Սա կկարգավորի Վրաստանի հետ լոգիստիկ խնդիրները», – կարծում է Պադալկոն։
Հանդիպմանը քննարկվել է նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը։ Բանավեճ է ընթանում՝ Ինգուշեթիայով (Հյուսիսային Կովկաս) նոր երկաթուղի՞ կկառուցվի, թե՞ կբացվի Աբխազիայով անցնող հին երկաթուղին, ինչը, ըստ Պադալկոյի, «բեկումնային պահ» կլինի։
Բացի այդ, ավիաընկերություններից պահանջվել է իջեցնել տոմսերի գները Ռուսաստանի և Վրաստանի միջև երկու ուղղություններով թռչող ուղևորների համար: Տրանզիտով զբաղվող գործարարները պահանջել են սարքավորել Լարսի անցակետը բեռների էլեկտրոնային ձևակերպման հնարավորություններով և վերականգնել ավտոմեքենաների տարանցումը Ցխինվալիով դեպի Վրաստան։
Հանդիպմանը մասնակցել են նաև վրացական սփյուռքի ներկայացուցիչներ։ Վրացական համայնքի ղեկավար Դավիթ Ցեցխլաձեի խոսքով, Վրաստանը դառնում է տնտեսական հանգույց և գրավիչ երկիր ինչպես բեռնաշրջանառության, այնպես էլ ներդրումների առումով։ «Մենք տեսանք, որ և՛ Վրաստանը, և՛ ռուսական կողմն անում են առավելագույնը այս ուղղությամբ, երկու երկրներն էլ փոխադարձ քայլեր են ձեռնարկում տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ»,- նշել է Դավիթ Ցեցխլաձեն։
Պրիմակովի անվան Վրաց-ռուսական հասարակական կենտրոնի ղեկավար Դմիտրի Լորդկիպանիձեի խոսքով, Ռուսաստանում վրացական սփյուռքը շատ կարևոր գործունեություն է ծավալում ռուս-վրացական հարաբերությունների բարելավման ուղղությամբ։
«Խորհրդի նիստը չպետք է ընկալվի որպես վրաց-ռուսական բանակցությունների արդյունք։ Երկու երկրների միջև նման բանակցություններ չեն եղել։ Նման բանակցություններին պետք է նախորդեն նշանակալի ձևաչափեր։ Տա Աստված, մի օր սկսվեն վրաց-ռուսական բանակցություններ այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական գինը», – Dalma News-ի հետ զրույցում նշել է Դմիտրի Լորդկիպանիձեն:
Նրա խոսքով, ցանկացած տիպի կոմունիկացիոն հարաբերություն՝ լինի դա ճանապարհային հաղորդակցություն, երկաթուղի, գազատար, թե նավթատար, քաղաքական արժեքը որոշելու պայման է։ Ելնելով դրանից՝ եթե սփյուռքի կազմակերպությունները հնարավորինս փորձեն արագացնել քաղաքացիական ինտեգրման գործընթացները և խթան հաղորդել ռեալ քաղաքականությանը, ապա դա, ըստ Լորդկիպանիձեի, պետք է միայն ողջունվի։
«Եվ ես իմ գործընկերների հետ բազմիցս բարձրացրել ենք, օրինակ, Էրգնեթիի շուկայի վերականգնման հարցը։ Շատ կարևոր է նշել, որ քաղաքացիական վերաինտեգրման գործընթացները տեղի էին ունենում շատ արագ և մեծ քայլերով, երբ գործում էր այս շուկան։ Սակայն Սահակաշվիլիի կառավարության օրոք, երբ նախարարներ էին Միխայիլ Մաչավարիանին և Իրակլի Օկրուաշվիլին, այս շուկան փակվեց՝ պատճառաբանությամբ, որ այն, իբր, «սև խոռոչներ» է ստեղծել Վրաստանի տնտեսության մեջ։ Իրականում նրանք ոչնչացրին հաղորդակցության հիմնական առանցքը, որը պետք է հաշտեցներ վրացի և օս ժողովուրդներին», – ասում է Դմիտրի Լորդկիպանիձեն։
Այնուհետև, երբ «Վրացական երազանքը» գալիս էր իշխանության, նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին 2012 թվականի օգոստոսի 14-ին բազմամարդ հավաք անցկացրեց Գորի գործարանում, որտեղ նա հրապարակավ խոստացավ, որ անպայման կվերականգնի Էրգնեթիի շուկան, որը վրաց-օսական հակամարտությունը լուծելու ամենաարդյունավետ ուղիներից էր։ Իվանիշվիլիի այս խոստումը աջակցություն գտավ բնակչության շրջանում։
«Սա միանգամայն նորմալ ակնկալիք է, որ վրացիների և օսերի միջև քաղաքական հողի վրա բորբոքված տարաձայնությունները, որոնք իրականում գոյություն չունեն էթնիկ խմբերի միջև, պետք է հնարավորինս արագ վերանան։ Բայց մեր արևմտյան գործընկերները աննպատակահարմար համարեցին ազատ առևտրի գոտու բացումը` Էրգնեթիի շուկայի վերականգնումը, ինչը կարագացներ վրաց-ռուսական հարաբերությունների վերականգնումը», – հայտրարարում է Դմիտրի Լորդկիպանիձեն:
Նա դրական է գնահատում վրացական սփյուռքի փորձերը Ռուսաստանում և նրա ակտիվ մասնակցությունը վրաց-ռուսական հարաբերությունների վերագործարկման գործընթացի արագացմանը։
Ինչ վերաբերում է խորհրդի նիստի գլխավոր հարցին՝ Ռուսաստանն ու Վրաստանը Ցխինվալիով կապող ճանապարհի բացմանը, ապա, ըստ Դմիտրի Լորդկիպանիձեի, սա շատ ցավոտ թեմա է, բայց դրական։ Բոլոր նման հարցերը պետք է դիտարկել Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում։
«Մենք պետք է վերականգնենք տարածքները։ Սա է մեր «կարմիր գիծը»: Մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի վերաինտեգրման գործընթացն անշրջելի դառնա ոչ միայն քաղաքացիական, այլև քաղաքական առումով»,- ասում է Դմիտրի Լորդկիպանիձեն։
Հատկանշական է, որ ռուս-վրացական գործարար խորհուրդը Ռուսաստանում գործում է որպես կազմակերպություն։ Այն ստեղծվել է 2023 թվականի փետրվարին։ Բացի Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներից, դրա կազմում կան նաև գործարարներ՝ Ռուսաստանում վրացական սփյուռքի ներկայացուցիչներ։ Վրաստանում ստեղծված գործարար ընկերությունները դեռևս չեն մասնակցել խորհրդի նիստերին։ Պաշտոնական տվյալներով խորհուրդը ղեկավարում է Յուրի Բալաշովը, ով «RUMB նորարարական ընկերութուն» ՍՊԸ-ի խորհրդի նախագահն է։ Համաձայն տարածված տեղեկատվության՝ սա փոքր ընկերություն է, որը հիմնականում զբաղվում է տեղորոշման, օդերևութաբանական և գեոդեզիական սարքավորումների արտադրությամբ։
Գեորգի Քարթվելի