Դիլիջանում կանցկացվի լեգենդար «Միմինո» ֆիլմի մոտիվներով առաջին հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոնը։ Հունիսի 17-18-ը այս առողջարանային քաղաքը կընդունի փառատոնի հյուրերին և մասնակիցներին Հայաստանից և Վրաստանից, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեցին դրա մասնակիցները՝ Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի ներկայացուցիչ Աննա Մարգարյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, Իսրայելի շեֆ-խոհարարների ասոցիացիայի անդամ, «Taste of Peace» («Խաղաղության համը») ասոցիացիայի նախագահ Սարգիս Յաղուբյանը և «Hotel Management Group» վրացական ընկերության գլխավոր մենեջեր Ալեքսանդր Լիսիչենկոն։
Այս լայնածավալ միջոցառման անցկացման համար Դիլիջանի իշխանությունները կտրամադրեն քաղաքապետարանին հարակից տարածքը, որտեղ երկու հանգստյան օրերին կանցկացվեն տարբեր միջոցառումներ՝ խոհարարական մրցույթներից մինչև գիտական կոնֆերանսներ։
Այս համատեղ զբոսաշրջային նախագիծը մարմնավորելու է բարեկամության ոգին, նույն ոգին, որ ունեցել են հայտնի ֆիլմի գլխավոր հերոսները: Փառատոնի առաջին օրը երկու հարևան հանրապետությունների խոհարարները կդրսևորեն իրենց ազգային խոհանոցների ուտեստների պատրաստման գործում։ Ժյուրին, որը գլխավորելու է փառատոնի հատուկ հյուր Սարգիս Յաղուբյանը (վրացական կողմից ժյուրիի կազմում ընդգրկված է Վրաստանի, Խորվաթիայի, Մակեդոնիայի և Սերբիայի խոհարարների գիլդիայի անդամ Գոգի Բազանդարաշվիլին), ճաշատեսակները կգնահատի երեք անվանակարգերում՝ «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մատուցման գաղափար»: Կանցկացվի նաև Գրան պրի:
Մրցութային ծրագիրը մեկնարկում է հունիսի 17-ին՝ ժամը 13.00-ին, երկու երկրների խոհարարները իրավասու ժյուրիին կներկայացնեն պատրաստի ուտեստներ։ Իսկ երկու ժամ անց հայտնի կդառնան նրանց անունները, ովքեր բոլորից լավ կկատարեն առաջադրանքը։ Դրանից հետո ժամը 16.00-ին մեկնարկում է բացման պաշտոնական արարողությունը, որին կմասնակցեն պաշտոնյաներ, ստեղծագործական թիմեր՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից։ Բացի հայկական ԶԼՄ-ներից, փառատոնը կլուսաբանի Վրաստանի խոշորագույն հեռուստաալիքներից մեկը։
Մշակութային մասը կտևի մինչև ուշ երեկո (նախատեսված է հինգ ժամ)։ Հանդիսատեսը կտեսնի այնպիսի հայտնի համույթների ելույթներ, ինչպիսիք են «Բարեկամություն»-ը, «Սարդարապատ»-ը, որոնք, անկասկած, բավական բարձր մակարդակով կներկայացնեն հայկական պարարվեստը փառատոնի հյուրերին։ Վրացական երգ ու պարին կծանոթացնեն այս երկրից ժամանած ստեղծագործական խմբերը։
Գլխավոր «երգերից», որը կհնչի Դիլիջանի քաղաքապետարանի բեմից, հավանաբար կլինի նույն տոլման, որի շուրջ Վալիկոն ու Ռուբիկ ջանը վիճում էին ֆիլմում։ Բանն այն է, որ, ինչպես նշեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, բացի հիմնականից, նախատեսված է ևս մեկ մինի մրցույթ, որին մասնակցելու կհրավիրվի յուրաքանչյուր երկրից չորս մասնակից։ Վրաստանի թիմը կպատրաստի տոլմա, իսկ Հայաստանի թիմը, համապատասխանաբար, խինկալի։ Մամուլյանը պարզաբանում է.
«Ֆիլմի հայտնի արտահայտություններից էր Մհեր Մկրտչյանի՝ ընկերոջ՝ Վախթանգ Կիկաբիձեի հետ վիճաբանության ժամանակ արտասանած արտահայտությունը. «Դու տոլմա չես սիրում, որովհետև ձեզ մոտ տոլմա պատրաստել չգիտեն»: Այնպես որ, ի հիշատակ մեր սիրելի դերասանների, կօգնենք եղբայրական ժողովրդի ներկայացուցիչներին հիանալի տոլմա փաթաթել»։
«Չնայած, կատակը մի կողմ, նշենք, որ Վրաստանում, իհարկե, տոլմա պատրաստել գիտեն, ինչպես և Հայաստանում խինկալի պատրաստել գիտեն։ Իսկ այս փառատոնի շնորհիվ հնարավոր կլինի հարթել այն մեղադրանքները, որոնք երբեմն երկու կողմից հնչում են այն մասին, որ մեկը յուրացրել է մյուսի բաղադրատոմսը։ Խոսքը մեր ընդհանուր խոհարարական ժառանգության մասին է։ Այո՛, երկու երկրների մշակույթում և խոհանոցում կան նաև տարբերություններ և առանձնահատկություններ։ Եվ հենց դրա համար պետք է շփվենք մշակութային ու խոհարարական ոլորտներում՝ փոխանակվելով փորձով ու գիտելիքներով։ Մենք պետք է աշխարհին ասենք, որ հազարավոր տարիներ կողք կողքի ապրած երկու ժողովուրդներ երբեք չեն ունեցել լուրջ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն որևէ այլ մակարդակում։ Մեր բոլոր խնդիրները միշտ լուծվել են սեղանի շուրջ՝ թամադայի գլխավորությամբ։ Այդպես եղել է և այդպես էլ կլինի», – նշել է Մամուլյանը։
Վրացական «Hotel Management Group» ընկերության գլխավոր մենեջեր Ալեքսանդր Լիսիչենկոյի խոսքով, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից բացի, հարևան հանրապետությունից կժամանեն նաև խոշոր գինեգործարանների ներկայացուցիչներ։ Ավելի քան 30 զբոսաշրջային օպերատորներ Վրաստանից, որոնք ներկայացնում են տարբեր համակցված տուրեր Վրաստանի և Հայաստանի միջև, նույնպես շտապելու են Դիլիջան՝ իրենց գաղափարները կիսելու և նոր գործարար կապեր ձեռք բերելու համար։
«Տվյալ պահին սա է զբոսաշրջության ոլորտի հիմնական ներուժը. Վրաստանից շատ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, իսկ Հայաստանից՝ Վրաստան։ Արտասահմանյան այլ երկրներից ժամանած հյուրերը նույնպես նախընտրում են նման համակցված տուր փաթեթներ», – պարզաբանեց զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Վրաստանի խոհարարական թիմին, ապա այն կներկայացնեն մոտ 6-10 վրացի ռեստորատորներ, որոնք պատրաստ են Դիլիջանի բեմում «խաչել» դանակներն ու հարիչները։ «Հենց այն նույն քաղաքում, որի ջուրն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում»,- կատակով ավելացնում է Սեդրակ Մամուլյանը՝ կրկին հիշելով «Միմինոյի» արտահայտություններից, և նշում, որ, իհարկե, պատահականություն չէ Դիլիջանի ընտրությունը որպես միջոցառման անցկացման վայր:
Խորհրդանշական է նաև Վրաստանի Թելավի քաղաքի ընտրությունը որպես հաջորդ նման փառատոնի անցկացման վայր (ինչպես հայտնի է, այնտեղ է ծնվել Վախթանգ Կիկաբիձեն): Ինչպես վստահեցրեց Ալեքսանդր Լիսիչենկոն, այդ կապակցությամբ արդեն բանակցություններ են ընթանում.
«Թելավիի քաղաքապետը պետք է ներկա լիներ Դիլիջանի փառատոնին, սակայն ինչ-ինչ պատճառներով ճանապարհորդությունը չեղարկվեց։ Այնուամենայնիվ, հաջորդ տարի նախատեսվում է նմանատիպ փառատոն անցկացնել Թելավիում։ Դրանից հետո, հուսով եմ, այս համատեղ նախագիծը կդառնա ամենամյա։ Երկու երկրները, միավորվելով, կզարգացնեն և՛ զբոսաշրջային, և՛ խոհարարական ներուժը, քանի որ այդ ոլորտների զարգացման նախադրյալներն ամենաոգեշնչողն են»։
Ի հաստատումն այս խոսքերի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Մարգարյանը նշեց, որ այս տարվա հունվարից մայիս ամիսներին Վրաստանից Հայաստան է ժամանել 93 693 զբոսաշրջիկ, ինչը տպավորիչ է։ Զրուցակիցը կարծում է, որ դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի աճի մեջ զգալի դեր ունեն այնպիսի միջոցառումները, ինչպիսին է գալիք փառատոնը։ Նրա խոսքով, Զբոսաշրջության կոմիտեն աջակցում է միանգամից 17 տարբեր տեսակի փառատոների։
Սեդրակ Մամուլյանի խոսքով, նրա գլխավորած «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի հետ համատեղ նախատեսել է մի շարք միջոցառումներ՝ դրանք անվանելով «խոհարարական դիվանագիտություն»։ Նախագծի նպատակն է «խոհարարական» երկխոսություն ձևավորել Հայաստանի հարևան երկրների հետ։
«Տուրիզմի հայկական ֆեդերացիան նախատեսում է հետաքրքիր միջոցառում, որի իրականացմանը մենք անշուշտ կաջակցենք։ Այս անգամ խոսքը հայ-իրանական փառատոնի մասին է», – պարզաբանեց Մամուլյանը։
Ինչ վերաբերում է «թռիչքի» պատրաստվող հայ-վրացական «Միմինո» նախագծին, ապա նախնական հաշվարկներով Դիլիջանը կընդունի մոտ 7-10 հազար այցելու։ Կարծում ենք՝ ամենաքիչը այդքան…
Իրինա Գրիգորյան