Առաջիկա տասնամյակներում միջազգային հարաբերությունների հիմքը ձևավորելու է տերությունների ռազմավարական եռանկյունին՝ ԱՄՆ-Չինաստան-Ռուսաստան։ Այս մասին Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (ՀԶԱՀԻ) կողմից կազմակերպված «Ռուսաստանը և աշխարհը. երկխոսություններ-2023. նպատակներ և արժեքներ» խորագրով VII միջազգային գիտագործնական կոնֆերանսի լիագումար նիստում հայտարարել է ՌԳԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի տնօրեն Վալերի Գարբուզովը:
Նրա խոսքով՝ նշված ռազմավարական եռանկյունին ունի մինչև դարավերջ անփոփոխ մնալու բոլոր հնարավորությունները։
«Եռանկյունին ներկայացնում է այսօրվա աշխարհի ուժային կենտրոնները. երեք տերություններ, որոնք ունեն գլոբալ գերակայության կամ գլոբալ առաջնորդության սեփական, լավ մտածված, և գուցե ոչ այնքան լավ մտածված ծրագրերը: Սրանք երեք համաշխարհային լոկոմոտիվներ են՝ առճակատման և փոխազդեցության իրենց առանցքներով», – ասել է Գարբուզովը։
Ո՞վ է գերիշխում
Փորձագետի գնահատականով՝ այսօր գլխավոր և գերիշխող ուժը ԱՄՆ-ն է, որը բոլոր հնարավորություններն ունի իր դիրքերը պահպանելու մինչև դարավերջ կամ առնվազն մինչև 2050-ական թվականները։ Դիրքերը պահպանելու գաղտնիքը հենց այդ դիրքերի ձևավորման սխեմայի մեջ է, կարծում է Գարբուզովը։
«ԱՄՆ-ը 19-րդ դարի վերջում հասկացավ, որ չի կարող սահմանափակվել իր սահմաններում, դուրս եկավ այդ սահմաններից: Ավարտվեց մայրցամաքային էքսպանսիան, սկսվեց գլոբալ էքսպանսիան։ Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ը սկսեց ձևավորվել որպես ժամանակակից աշխարհի ոչ պաշտոնական կայսրություն, որը, սակայն, ձևավորվեց ոչ որպես սովորական գաղութային կայսրություն։ Այն ներթափանցեց մնացած աշխարհ՝ երկրներ ու մայրցամաքներ ֆինանսների, տնտեսության, հոգևոր ոլորտի միջոցով։ Նման կայսրություն ոչնչացնելը հեշտ չէ», – հայտնեց նա։
Այնուամենայնիվ, շարունակեց Գարբուզովը, նույնիսկ նման ոչ ֆորմալ կայսրությունը վաղ թե ուշ կունենա մրցակիցներ, ովքեր մարտահրավեր կնետեն նրան։ Առաջին մրցակիցը ԽՍՀՄ-ն էր, սակայն Խորհրդային Միությունը պարտություն կրեց այս մրցակցությունում։
«Տարիներ անց հայտնվեց մեկ այլ մրցակից՝ սնված Արևմուտքից և ԱՄՆ-ից՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։ Սա ժամանակակից աշխարհի երկրորդ ոչ պաշտոնական կայսրությունն է, քանի որ ձևավորվել է գրեթե նույն կերպ՝ ապրանքների արտահանում, ներդրումներ, ֆինանսներ։ ԱՄՆ սպառողական շուկայի 80%-ը չինական արտադրանքն է։ Ողջ Աֆրիկայում չինական ներդրումներ են: Նախագծերն այնտեղ կարող են փոքր լինել, բայց դրանք հազարավոր են», – հայտարարել է նա:
Երրորդ ուժը Ռուսաստանն է, որին ինքը՝ Գարբուզովը, չի համարում ոչ պաշտոնական կայսրություն։ «Սա նախկին խորհրդային կայսրությունն է, որն այսօր անցնում է ամենադժվար ժամանակաշրջանը՝ «հետկայսերական «սինդրոմի» փուլը»,- նշել է նա։ Նմանատիպ գործընթաց է դրսևորվում բոլոր փլուզված կայսրություններում, ընդգծել է Գարբուզովը՝ հավելելով, որ տարբեր մետրոպոլիաներ տարբեր կերպ են վերաբերվել այդ խնդրին։
«Ոմանք, օրինակ, բրիտանացիները խնդիրը լուծեցին պարզ կերպով՝ չտվեցին տնտեսական ազատություն և պահպանեցին նախկին գաղութները ֆինանսական լծակների և կայսերական նախապատվությունների միջոցով, քաղաքական ազատություն տրվեց, բայց ոչ բոլորին։ Ռուսաստանը չկարողացավ նմանատիպ բան ստեղծել», – ասաց նա:
Գարբուզովի կարծիքով՝ Ռուսաստանի ամենամեծ դժբախտությունն այն է, որ հետխորհրդային տարածքը՝ ռուսական սահմանային գոտին, մնացել է ինքն իրենով, կամ այլ երկրների ազդեցության գոտում։ Խորհրդային ժառանգությունն այն տեսքով, որով կար, կորսվել է: «Հենց դա է Ռուսաստանի գլխավոր խնդիրը, այլ ոչ թե Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները»,- վստահ է նա։
Ո՞ւր է տանում ԱՄՆ-ի հետ առճակատումը.
Գարբուզովի գնահատականով՝ վերոնշյալ երեք տերությունների միջև կա երկու առճակատման առանցք՝ Չինաստան-ԱՄՆ և Ռուսաստան-ԱՄՆ։ Առճակատման հիմնական առանցքը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև է.
«Սակայն այս առճակատման առանցքը հենց այնպես առճակատում չէ, քանի որ դրանում առկա է փոխկախվածություն։ Իրականում նրանք չեն կարող ապրել առանց միմյանց։ Հայհոյում են միմյանց, առևտրային պատերազմներ վարում, բայց ոչ ավելին», – ասաց նա։
Գարբուզովը կարծում է, որ այս առանցքի մեջ ներկառուցված է առճակատման կարգավորման մեխանիզմ, որը թույլ չի տալիս հարաբերություններում պայթյուն։ «Չինաստանին պատերազմ պետք չէ՝ ոչ գլոբալ, ոչ տարածաշրջանային, ոչ սառը, ոչ մի տեսակի: Չինաստանը զարգացման կարիք ունի, իսկ զարգացման համար խաղաղություն է պետք», – վստահ է նա։
Ռուս-ամերիկյան առճակատման առանցքը նման բովանդակություն չունի, ընդգծել է Գարբուզովը։ «Սառը պատերազմի ժամանակ կենտրոնական նշանակություն ունեցող սպառազինությունների վերահսկման համակարգը փլուզվել է: Այլ բան չկա, քան պատժամիջոցների քաղաքականությունը։ Այսինքն՝ փոխազդեցության բովանդակությունը պատժամիջոցային պարույր է, և պարզ է, որ սա բացասական բովանդակություն է», – հայտարարեց նա։ Այս առանցքի վտանգն այն է, որ այն չունի կարգավորող մեխանիզմ, քանի որ չկա միմյանցից դրական կախվածություն։ Առճակատման այս առանցքը վտանգավոր է նաև այն պատճառով, որ երկու կողմերն էլ միջուկային տերություններ են։
«Այդ իսկ պատճառով այս առճակատումը պետք է լուծվի։ Դա կարող է երկարատև լինել, բայց պետք է հիշել՝ պարտադիր չէ, որ այն մշտական լինի։ Երկու երկրները պետք է սթափվեն, նստեն բանակցությունների սեղանի շուրջ, սկսեն համաձայնությունների գալ և որևէ բան փոխել իրենց արտաքին քաղաքական վարքագծի մեջ, ընդ որում, երկու կողմերն էլ պետք է փոխվեն», – ասաց Գարբուզովը: Նրա խոսքով, հարաբերությունները չեն կարող երկար զարգանալ այս հունով։ «Բոլոր ողջամիտ մարդիկ դա հասկանում են, սակայն, ցավոք, և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը ունեն իրենց սկզբունքները», – ընդգծեց նա։
Ռազմավարական գործընկերությունը գերագնահատվա՞ծ է
«ՉԺՀ-ՌԴ առանցքը ռազմավարական գործընկերության առանցքն է, ինչպես զգուշորեն անվանում են չինական և ռուսական կողմերը։ Երկու երկրների միջև կա փոխադարձ ազդեցություն և փոխազդեցություն, բայց որոշակի սահմաններում»,- ասել է նա։ Գարբուզովը նշել է, որ Չինաստանը միջազգային կազմակերպություններում հաճախ ձեռնպահ է մնում ՌԴ-ին վերաբերող հարցերի քվեարկության ժամանակ: Ուկրաինական ճգնաժամում Չինաստանի կառավարությունն աջակցում է ուկրաինացիներին՝ նրանց մարդասիրական նշանակության ապրանքներ մատակարարելով: Չինաստանը Ռուսաստանին ռազմական ապրանքներ չի մատակարարում.
«Դաշնակիցները սովորաբար այդպես չեն վարվում։ Իհարկե, այս ռազմավարական գործընկերությունը ոմանց մոտ էյֆորիա է առաջացնում, սակայն Չինաստանը իրավիճակին նայում է բացառապես իր, այլ ոչ թե ռուսական շահերի պրիզմայով», – ընդգծել է նա։
Պատրաստեց Նանա Վաղրամյանը
Լուսանկարիչ Կիրիլ Շևչենկո