Ծաղկաձորում տեղի է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը։
Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ փոխխոսնակ և երկու երկրների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը, Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը, Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հանդիպման օրակարգում են հումանիտար և տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերը, ռուս-հայկական համագործակցության հեռանկարները՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում ռուսաց լեզվի և Ռուսաստանի Դաշնությունում հայոց լեզվի ուսումնասիրմանն աջակցելուն։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը ներկայացրել է Երևանում Ռուսական տան գործունեությունը, նշելով, որ «այս տարի անցկացնելու են ռուսաց լեզվի ուսուցիչների փոխակերպված ազգային մրցույթ՝ սոցիալական ցանցերից մեկում չաթ-բոտի միջոցով համաժողովրդական քվեարկության ներդրմամբ»։
Ռուսական պատվիրակության կազմում են սենատորներ Վիկտոր Բոնդարևը, Դմիտրի Կուզմինը, Վալերի Սեմյոնովը և Անդրեյ Չերնիշևը, Պետդումայի պատգամավորներ, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության, ՌԴ կրթության նախարարության, ՌԴ ԱԳՆ և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչներ, միջխորհրդարանական հանձնաժողովին կից փորձագիտական խորհրդի անդամներ։
Նիստը տևելու է մինչև մարտի 18-ը։