Վոլգոգրադի համար մարտերը տևեցին 1942 թվականի հուլիսի 17-ից մինչև 1943 թվականի փետրվարի 2-ը, իսկ հաղթանակը բեկումնային դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմում: Ստալինգրադի ճակատամարտը հատկապես կարևոր էր հայերի համար։ Դրա արդյունքից էր կախված 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին ցեղասպանությունը վերապրած հանրապետության և ժողովրդի ճակատագիրը, երբ սպանվել էին մոտ երկու միլիոն հայեր, հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր: 1942 թվականի ամռանը Թուրքիան նախատեսում էր գրավել մինչև 750 հազար տարածք կովկասյան տարածաշրջանում, թուրքերը կանգնել էին սահմանին և սպասում էին գրոհի անցնելու հրամանին։ Հայաստանի կողմից Թուրքիայի հետ ԽՍՀՄ պետական սահմանը պահելու խնդիրներն իրականացրել է 261-րդ հրաձգային դիվիզիան 54-րդ բանակի կազմում։
Պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ստալինգրադի ճակատամարտի մասնակից, նախկին հետախույզ-գվարդիական Սուրեն Միրզոյանի հաշվարկներով, ով ավելի քան 50 տարի աշխատել է արխիվներում, թանգարաններում, գրադարաններում և Ստալինգրադի մասին գրել է 10 գիրք, պատմական ճակատամարտին մասնակցել է ավելի քան 30 հազար հայ զինվոր, որից 10 հազարը զոհվել է մարտում։
Ստալինգրադի պատմության մեջ բազմաթիվ հայկական անուններ են գրվել։ Նրանցից են Հարավարևմտյան ճակատի օդային բանակի ավիաէսկադրիլիայի հրամանատար ավագ լեյտենանտ Սերգեյ Բուռնազյանը, մեխանիկական բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Ասքանազ Կարապետյանը, գվարդիայի մայոր Գրիգոր Բաղյանը, ովքեր արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, Լենինի շքանշանով պարգևատրված զինվորական կոմիսար Գրիգոր Գալուստովը և շատ ուրիշներ։ Ստալինգրադի ճակատամարտում ցուցաբերած արիության համար հազարից ավելի հայ զինվորներ պարգևատրվել են Կարմիր դրոշի, Ալեքսանդր Նևսկու, Հայրենական պատերազմի տարբեր աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, «Արիության համար» և «Ռազմական վաստակների համար» մեդալներով։
Երևանում Ստալինգրադի ճակատամարտում ֆաշիստական զորքերի ջախջախման 80-ամյակի կապակցությամբ մի շարք պատմական և հիշատակի միջոցառումներ են անցկացվել։
Երևանում Ռուսական տանը (Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչություն) կազմակերպվել է կլոր սեղան՝ Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների, վետերանների շարժման առաջնորդների, պատմաբանների և հասարակական գործիչների մասնակցությամբ։
«80 տարի առաջ Խորհրդային Միությունը կոտրեց ֆաշիստական զավթիչների մեջքը 200 օր տևած ճակատամարտում: Անկասկած, այս ճակատամարտի արդյունքներն ազդեցին ոչ միայն խորհրդային ժողովրդի, այլև ողջ մարդկության ճակատագրի վրա», – իր ողջույնի խոսքում նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնևը։
Նա նաև ընդգծել է, որ «այս հաղթանակի շնորհիվ հնարավոր եղավ կանխել Խորհրդային Հայաստանի վրա հարձակվելու Թուրքիայի ծրագրերը և արյունալի ջարդը»։
Կլոր սեղանին զեկույցներով հանդես եկան մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը, Ստալինգրադի ճակատամարտի մասնակից Ռոզալիա Աբգարյանը, «Հայաստանի Անմահ գունդ» ՀԿ-ի ղեկավար Գոհար Ղումաշյանը, տ.գ.թ., հասարակական գործիչ Ռիտա Հարությունյանը, ԵՊՀ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր (Իջևանի մասնաճյուղ) և գիտության ու կրթության վաստակավոր գործիչ Սվետլանա Մինասյանը։
Սիմոն Եսայանը քննարկման ժամանակ պատմեց Ստալինգրադի ճակատամարտում հայերի մասնակցության և նրանց դերի մասին։ Իսկ Ռոզալիա Սերգեևնան կիսվեց ճակատամարտի մասին իր հիշողություններով, քանի որ հենց այս ճակատամարտով էր նրա համար սկսվել Հայրենական մեծ պատերազմը, որին նա կամավոր մեկնեց մասնակցելու դպրոցից անմիջապես հետո, անցավ նախապատրաստական կուրսը և … տեղի ունեցավ Ստալինգրադը: Այո՛, Վոլգայի վրա գտնվող քաղաքը նրան կռվով դիմավորեց, որի ժամանակ Ռոզալիան կորցրեց իր վրացի ընկերուհուն, իսկ ինքը ճակատի և ոտքի վիրավորում ստացավ։ Նա հիշում է սարսափելի սառնամանիքը. Երբ հասավ հիվանդանոց, արյունով լցված կոշիկները պարզապես սառել էին ոտքին և ստիպված եղան դանակով պատռել դրանք:
Բուժվելով՝ Ռոզալիան վերադարձավ մարտադաշտ և ստացավ Հաղթանակի լուրը՝ գտնվելով Պրահայում։
Գոհար Ղումաշյանը ներկայացրեց «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմը։ Նկարահանող խումբը ֆիլմի վրա սկսել է աշխատել դեռևս 2018 թվականին: Ֆիլմը ներկայացնում է յոթ վետերանների՝ Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցների պատմությունները։
Կրթությամբ ինժեներ Ռիտա Հարությունյանը հանդես եկավ «Երբ Ստալինգրադը հայտնվեց աշխարհի քարտեզների վրա» թեմայով զեկույցով, որում դիտարկեց Վոլգայի քաղաքի հետ կապի ուղիները՝ երկաթուղին և Վոլգայի նավատորմը։
«Ստալինգրադի շրջանում հյուսիսիսց հարավ ուղղությամբ ասֆալտապատ ճանապարհներ չկային», – պատմում է Ռիտա Հարությունյանը։ – Ռազմական լուրջ բախման նախօրեին հրատապ դարձավ այս ուղղությամբ նոր երկաթուղու կառուցումը։ Ելնելով իրավիճակի առանձնահատկություններից՝ հեռատեսական որոշում կայացվեց կառուցել ոչ թե մեկ, այլ երկու երկաթուղի։ Ստալինգրադի դիմաց, Վոլգայի մյուս՝ ձախ ափին, սկսվեց Ստալինգրադ- Վերխնիյ Բասկունճակ երկաթուղու շինարարությունը։
Ներգրավվեց 25,000 ինժեներական զորք, տեղափոխվեց 1,2 մլն խորանարդ մետր բնահող, անցկացվեց 260 կմ ճանապարհ, կառուցվեց 57 ժամանակավոր կամուրջ։ Շինարարությունն ավարտվեց ռեկորդային ժամկետում՝ վեց ամսում։ Սակայն դա բավարար չէր։
Ստալինգրադի շրջանում Վոլգայի լայնությունը 800 – 1500 մ է, անհրաժեշտ էր կապ ապահովել նրա ձախ ափի և աջ ափերի միջև։ Մեկնարկեց լաստանավային անցման շինարարությունը, ընդ որում՝ ոչ թե պարզ, այլ երկաթուղային՝ վագոնները կցվում էին իրար ու երկու գծով,16-ական վագոն, կայանում լաստանավի վրա»։
Երկաթուղու կենսունակությունը ապահովում էին կանայք, երեխաները և ծերերը, երբ մյուս ուժերը ուղարկվեցին ռազմաճակատ։
«Վոլգան ամենահզոր բնական ամրացված տարածքն էր և դարձավ Ստալինգրադի ճակատամարտի ինքնուրույն մասնակից: Կատաղի մարտեր էին մղվում աջ ափին, իսկ ձախ ափով անցնում էր կյանքի ճանապարհը։ Գերմանացիները տեսնում էին ամեն բան, ինչ կատարվում էր Վոլգայի վրա, այն կարծես ափի մեջ լիներ։ Դրա ուղղությամբ անդադար կրակում էին: Վոլգան վառվում էր: Սակայն նրանք չհատեցին Վոլգան», – նշում է հետազոտող Ռիտա Հարությունյանը։
Կլոր սեղանի մոդերատոր, Երևանում Ռուսական տան էթնոգրաֆիկ ծրագրերի համակարգող Ելենա Շուվաևան, ծագումով Վոլգոգրադի մարզից, պատմեց իր պապիկի և տատիկի պատմությունը, ովքեր 14-ից մինչև 18 տարեկան աշխատել են դեպի Ստալինգրադ տանող երկաթուղու վրա:
«Ֆաշիստներն ինքնաթիռներով այնքան ցածր էին թռչում, որ երեխաները կարող էին տեսնել, թե ինչպես են ծիծաղում իրենց վրա, հիշում էր տատիկս», – պատմում է մոդերատորը:
Սվետլանա Մինասյանը ներկայացրեց Հայրենական մեծ պատերազմի և, մասնավորապես, Ստալինգրադի ճակատամարտի մասնակից Սուրեն Միրզոյանի «Ստալինգրադցիները հաղթեցին» գիրքը, ում անունը արդեն հիշատակվել է։ Միրզոյանը տեղափոխվել էր Վոլգոգրադ՝ այն հողը, որի համար թափել էր իր արյունը: Նա հեղինակել է մի քանի գրքեր, հարյուրավոր հոդվածներ Ստալինգրադի մասին, զինակից ընկերների՝ տարբեր ազգությունների ներկայացուցիչների մասին, ովքեր պաշտպանում էին քաղաքը:
«Ստալինգրադցիները հաղթեցին» գիրքը հրատարակել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը, սակայն, ցավոք, Սուրեն Միրզոյանը վախճանվեց դրանից քիչ առաջ։ Գրքի խմբագիր Սվետլանա Մինասյանի ջանքերով հրատարակությունը տարածվեց տարբեր բուհերում, թանգարաններում, արխիվներում, որոնց հետ վետերանը համագործակցել է։
Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնևը Ստալինգրադի ճակատամարտին մասնակցած վետերաններին անվանական նամակներ հանձնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։
Կլոր սեղանն ավարտվեց «Ստալինգրադի սառցե օղակը» ցուցահանդեսի այցելությամբ: Ցուցահանդեսում շրջայցը ղեկավարեց մշակութային և պատմահուշահամալիրային ծրագրերի համակարգող Նատալյա Սահակյանը։
Փետրվարի 3-ից 14-ը ցուցահանդեսը կարելի է տեսնել Ռուսական գրքի տանը, որտեղ նաև Հայրենական մեծ պատերազմին նվիրված գրքերի ստենդ է ներկայացված։ Փետրվարի 14-ից հետո ցուցահանդեսը կներկայացվի Հայաստանի Հանրապետության վետերանների միությունում։
Ալյոնա Դանդինա
Լուսանկարիչներ՝ Կորյուն Ասլանյան և Ալեքսանդր Գրիշին