Ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) Լեռնային Ղարաբաղում հայերի համար շրջափակման այս դժվարին օրերին տրամադրում է հնարավոր ցանկացած մարդասիրական օգնություն. ինչպես հայտնի է, անցյալ տարեվերջից Հայաստանը և Արցախը կապող Լաչինի միջանցքը արգելափակված է ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից:

Այս տարվա հունվարից ՌԽԶ ներկայացուցիչները Արցախի բնակչությանն անհրաժեշտ սննդամթերք ու մարդասիրական բեռներ են հասցնում։ Այսպես, հունվարի 17-ին խաղաղապահները ուղևորվել են Մարտունու շրջան և այնտեղ «Հայեր, Միացեք» հայկական միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ մարդասիրական ակցիա են իրականացրել։ Սոցիալական ծանր վիճակում հայտնված 237 ընտանիքներ հասցեական օգնություն են ստացել պարենային փաթեթների տեսքով։ Ընդամենը մի քանի օր անց՝ հունվարի 21-ին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները նույն կազմակերպության հետ համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտի երեխաների համար։ «Երեխաներին պարենային փաթեթներ են հանձնվել։ Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է», – հայտնում է Peacekeeper տելեգրամյան ալիքը։

Շուրջ 240 ընտանիքների տրմադրված աջակցությունը, իհարկե, մի կաթիլ է ծովում։ Արդեն 50 օր է՝ տոտալ մեկուսացման պայմաններում սովի իրական սպառնալիքի տակ է մնում 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց մարդ և 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ։ Այդուհանդերձ, Արցախում սննդի այս փոքրիկ «ծանրոցներով» ևս անասելի երջանիկ են։ Ապրանքների փոխանցումը պատկերող լուսանկարում հիացած մանուկների դեմքեր են. սննդի տեսականու մեջ կային նաև մանդարիններ, որոնցից շատերը չունեին տոնական սեղաններին: Ի՞նչ մանդարինի մասին է խոսքը, երբ մարդիկ չունեն ամենատարրական մթերքները։

Պարենի սուր պակասի պատճառով հունվարի կեսերի դրությամբ փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, երկարօրյա ռեժիմով աշխատող 20 դպրոց։ Ընդհանուր առմամբ 6828 երեխա զրկվել է նախադպրոցական հաստատություններ հաճախելու հնարավորությունից։ Ակնհայտ է, որ նման իրավիճակում արցախցիների համար ցանկացած աջակցություն արժեքավոր է։

Բարեբախտաբար, ռուսական խաղաղապահ զորախմբի Հանրային ընդունարանը պատրաստ է օգնել թե՛ խոսքով, թե՛ գործով։ Արցախցիները և ոչ միայն Արցախցի բնակիչներն ամեն օր դիմում են այստեղ հրատապ հարցերով։ Օգնության կարիք ունեցողների թվում կան նաև այլ երկրների քաղաքացիներ, ովքեր Լաչինի միջանցքի փակման հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել։ Նրանք բոլորը, անկախ իրենց քաղաքացիությունից և մշտական ​​բնակության երկրից, ստացել և շարունակում են ստանալ որակավորված խորհրդատվություն Ստեփանակերտում տեղակայված Հանրային ընդունարանի ներկայացուցիչներից։ Այստեղ փորձում են գործին ոչ թե ֆորմալ մոտեցում ունենալ, այլ խորանալ ծայրահեղ իրավիճակում հայտնված մարդկանց խնդրի էության մեջ։ Արդյունքում, արդեն հունվարի 17-ին, ավելի քան 60 ռուսներ, ովքեր այցելել էին Լեռնային Ղարաբաղում իրենց հարազատներին, բարեհաջող կերպով վերամիավորվեցին Ռուսաստանում գտնվող իրենց ընտանիքների հետ։

Խաղաղապահների անմիջական մասնակցությամբ տեղի է ունեցել նաև հակառակ գործընթացը՝ կրկին հունվարի 17-ին ՌԽԶ ներկայացուցիչների ուղեկցությամբ տեղի ունեցավ 19 արցախցի երեխաների երկար սպասված վերադարձը Արցախ՝ իրենց մայրերի ու հայրերի մոտ։ Խոսքը Երևանում «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցած և իրավիճակի պատանդ դարձած երեխաների մասին է։

ՌԽԶ-ն, իհարկե, փորձում է լուծել Լաչինի միջանցքի շրջափակման հարցը ոչ միայն «կետային» մարդասիրական օգնություն տրամադրելով, այլ նաև գլոբալ լուծում որոնելով։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։ Այս մասին, մասնավորապես, ասվում է հունվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

Նույն փաստաթղթում նշվում է Գորիս-Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռները ՌԽԶ ավտոշարասյամբ ուղեկցելու մասին։ Երկրորդ ոգեշնչող լուրը հնչում է բառացիորեն մեկ օր անց՝ հունվարի 25-ին հումանիտար բեռներով ռուսական խաղաղապահ զորախմբի ևս երկու շարասյուն հաջողությամբ հասել են իրենց նպատակակետեր։ «Մեկը ուղարկվել է Գորիս-Ստեփանակերտ, մյուսը՝ Էրեբունի-Ստեփանակերտ երթուղով», – ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

ՌԽԶ-ն իրեն վստահված ամբողջ տարածքում չի մոռանում նաեւ խաղաղության և հանգստության պահպանման մասին։ ՌԴ ՊՆ հունվարի 28-ի տեղեկատվական տեղեկագրից տեղեկանում ենք, որ 4 երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի (երկու երթուղի), Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ ՌԴ զինվորականները հրադադարի ռեժիմը վերահսկում են նաև երեսուն դիտակետերում, որտեղ իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ ՌԽԶ ինժեներա-սակրավորական խմբերն իրենց հերթին շարունակում են դժվարին առաքելությունը՝ ականազերծում են ինչպես տեղանքը, այնպես էլ առարկաները։

Վերջին 24 ժամվա ընթացքում (հունվարի 28-ի դրությամբ) մաքրվել է 0,4 հա տարածք։ Իսկ ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած ականներից ու արկերից մաքրվել է 2505,5 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26762 (!) պայթյունավտանգ առարկա։

Կարճ ասած, վտանգավոր աշխատանքներն իրականացվում են կանոնավոր ու լրջորեն։ Այնուամենայնիվ, խաղաղապահների հասցեին հնչում են քննադատություններ։ Այս առնչությամբ խոսել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Հունվարի 12-ին «Արցախ. շրջափակման մեկ ամիս» խորագրով տեսակամրջի ժամանակ Վարդանյանը լրագրողներին ասաց. «Բավական է այս իրավիճակում քննադատեք խաղաղապահներին»։ Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները շատ սահմանափակ, փոքրաթիվ մանդատ ունեն:

«Մենք ամեն բան կանենք, որպեսզի ռուս խաղաղապահները զգան, որ այստեղ կարևոր դեր են խաղում, հասկանան, որ մենք իրենց կողմից ենք։ Եվ բավական է այս իրավիճակում խոսեք ռուսական կողմի դեմ… Եթե ռուս խաղաղապահն այստեղ չլիներ, մենք այստեղ չէինք լինի…», – այս հարցին վերջակետ դրեց Արցախի պետնախարարը։

Դրանից երկու օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր՝ Հայաստանը չի կարող չերկարացնել ռուս խաղաղապահների մանդատը Լեռնային Ղարաբաղում։ Փաշինյանը նաև նշել էր Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ներկայումս առկա վստահությունը։ «Մեր և Ռուսաստանի հարաբերությունները երբեք այսքան փոխադարձաբար վստահելի չեն եղել», – ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։

Տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում անցյալ տարեվերջին ՌԽԶ առանցքային ներդրումը ընդգծել է նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա ասել է, որ ռուս խաղաղապահների աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքում ամենաբարձր գնահատանքի է արժանի։ Իսկ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները ամեն ժամ աշխատում են Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Մնում է հուսալ, որ որքան հնարավոր է շուտ կգա այն պահը, երբ իրավիճակը Լաչինի միջանցքում կկարգավորվի։ Ի վերջո, Արցախում կյանքն օրեցօր ավելի է դժվարանում։

Հ.Գ. Հիշեցնենք, որ հարյուրավոր ադրբեջանցիներ, ովքեր իրենց «էկոակտիվիստներ» են անվանում, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան փակեցին Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում Արցախը հայտնվեց լիակատար շրջափակման մեջ։ Ադրբեջանը մի քանի օրով դադարեցրեց նաև գազամատակարարումը Արցախ, ինչի կապակցությամբ հանրապետությունում մտցվեց վառելիքի խնայողության հատուկ ռեժիմ։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ավելի ուշ հայտարարեց հանրապետության գազամատակարարման վերականգնելու մասին։ Սակայն հունվարի 10-ին Արցախում Գորիս-Ստեփանակերտ էլեկտրահաղորդման գծի վթարի պատճառով հովհարային հոսանքազրկումներ սկսվեցին։ Այդ ժամանակից ի վեր Արցախի գազամատակարարումը պարբերաբար դադարում և վերականգնվում է։ Հունվարի 25-ից այնտեղ անցել են 6-ժամյա հոսանքազրկման։ Արդեն մի քանի օր է՝ արցախցիները սկսել են մի շարք սննդամթերքներ կտրոններով ստանալ։ Գրեթե այնպես, ինչպես մութ ու ցուրտ 90-ականներին…

Իրինա Գրիգորյան