Հայաստանի տնտեսական աճի տեմպերը տպավորիչ են, քանի որ դրանք մի քանի անգամ գերազանցում են տնտեսության իրական ներուժը։ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2022 թվականին, ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, կկազմի 14%։ Սա երկու անգամ գերազանցում է բյուջեով նախատեսված ցուցանիշը (7%), ինչը, ըստ էության, աննախադեպ է վերջին 15-20 տարիների համար։ Հազվագյուտ դեպք, երբ արտաքին բացասական միջավայրը (ուկրաինական ճգնաժամ, Ռուսաստանի և ԵՄ-ի միջև տնտեսական պատերազմ, պատժամիջոցներ) ոչ թե ցնցում, այլ տնտեսական կատալիզատոր դարձավ արևելքից և արևմուտքից շրջափակված թույլ տնտեսությամբ Անդրկովկասյան փոքր հանրապետության համար։
Այնուամենայնիվ, արտաքին դրական ազդակները ժամանակավոր են, դրանց անհետացումը կամ թուլացումը կարող է արագորեն հակառակ ուղղությամբ շրջել տնտեսական զարգացման սլաքը, ինչպես եղավ 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ։ Ընդ որում, առատ ֆինանսական ներլցումների տեսքով այս ազդակները բացարձակապես չլուծեցին, և ինչ-որ տեղ նույնիսկ ուժեղացրին ՀՀ տնտեսության համակարգային արատները։ Այս առումով 2023 թվականը Հայաստանի տնտեսության համար ամրության փորձություն է լինելու. կկարողանա՞ արդյոք այն պահպանել ներկայիս թափը կամ գոնե խուսափել «դաունշիֆթերի» ճակատագրից:
Բարձր աճի ակնկալիքներով
Դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էկոնոմիկայի նախարարությունում զեկուցվել է, որ անցյալ տարվա 9 ամիսների ընթացքում երկրում տնտեսական աճը կազմել է 12,1%, իսկ տարվա համար ՀՆԱ-ի աճի իրատեսական կանխատեսումները գերազանցել են բոլոր սպասելիքները՝ 14%: Մակրոտնտեսական ցուցանիշները, հատկապես դոլարային արտահայտությամբ, հաշվի առնելով 10 տոկոս գնաճը և ամերիկյան դոլարի 20 տոկոս արժեզրկումը, ուղղակի հրաշք են թվում։ Մինչև 2022 թվականի վերջը, ըստ ֆինանսների նախարարության գնահատականի, Հայաստանի ՀՆԱ-ն կարող է գերազանցել 19 միլիարդ դոլարը, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ 6,5 հազար դոլարը, ինչը 1,8 հազար դոլարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Անցած 15-20 տարիների ընթացքում աննախադեպ տնտեսական աճն ուղեկցվել է արտահանման (75,2%) և ներմուծման (63,6%) կտրուկ աճով։ Այնուամենայնիվ, տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը շարունակում է մնալ ծառայությունների ոլորտը, որը 28,2%-ով գերազանցում է 2021 թվականի 11 ամիսների ցուցանիշը։ Դրան զգալի տարբերությամբ հաջորդում է առևտուրը՝ 11 ամիսների ընթացքում 16,2% աճով, այնուհետև՝ շինարարությունը՝ 13,9% և չորրորդ տեղում արդյունաբերությունն է՝ 8,4%։ Տնտեսագետների կարծիքով՝ Հայաստանի տնտեսության աճի հիմնական ուղղությունների՝ արտահանման, ծառայությունների ոլորտի և առևտրի առաջատար տեմպերը այս կամ այն կերպ կապված են Ռուսաստանի հետ։
Հայաստանի սպառողական շուկայի համար հատկապես հզոր խթան հանդիսացավ դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների ներհոսքի կտրուկ աճը։ 2022 թվականի 10 ամիսների արդյունքներով, Կենտրոնական բանկի տվյալներով, բանկային համակարգով դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը հասել է նոր ռեկորդային մակարդակի՝ 4,1 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 2,4 անգամ։ Հետաքրքիր է, որ ներհոսքի մեջ Ռուսաստանի մասնաբաժինը 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է մինչև 68,6%՝ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների 41,3%-ի համեմատ։
Այս առումով անհիմն չեն հայ որոշ փորձագետների այն պնդումները, թե Ռուսաստանից միգրանտների և կապիտալի ներհոսքի շնորհիվ տնտեսությունը աճում է իր ներուժից ավելի արագ։ Հայաստանի տնտեսական աճը 2022 թվականի պետբյուջեում նախատեսված է 7%, իսկ գնաճը սահմանվել է 4% (± 1,5%)։
ՀՀ կենտրոնական բանկի սեպտեմբերյան կանխատեսմամբ՝ 2022 թվականի վերջին երկրի տնտեսությունը կաճի 12,9%-ով, իսկ գնաճը կկազմի մոտ 10%։
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), որը հոկտեմբեր ամսին Հայաստանի տնտեսության համար 2022 թվականին կանխատեսում էր աճ 7%-ի մակարդակում, նույնպես բարելավել է իր կանխատեսումը մինչև 11%։ 2023 թվականին, ԱՄՀ-ի կանխատեսմամբ, տնտեսական աճը կդանդաղի մինչև 4,5%, ինչը դեռևս 1%-ով գերազանցում է հոկտեմբերյան 3,5% կանխատեսումը։
Եվրասիական զարգացման բանկն (ԵԱԶԲ) ակնկալում է, որ 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա 4,2%-ով։ Բանկի փորձագետներն ակնկալում են, որ պահանջարկը աստիճանաբար կկայունանա, տնտեսական աճը կդանդաղի (2022 թվականի կանխատեսումը՝ 12,5%) և կմոտենա հավասարակշռված տեմպերի՝ համապատասխանաբար 4,2% և 4,3% 2023-2024 թվականներին։
«Դրամավարկային պայմանները 2023 թվականին չեզոք ազդեցություն կունենան պահանջարկի վրա, մինչդեռ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը գնահատվում է որպես թույլ խթանող», – ասվում է ԵԱԶԲ 2023 թվականի մակրոտնտեսական կանխատեսման մեջ։
Հայաստանի կառավարությունն ավելի լավատես է: 2023 թվականի պետբյուջեում տնտեսական աճը նախատեսված է 7%-ի չափով, ինչը կասկած է առաջացնում փորձագետների մոտ, եթե, իհարկե, Հայաստանի տնտեսության համար բարենպաստ արտաքին նոր ցնցումներ չառաջանան։
Արտաքին պահանջարկի ռիսկերը
ԵԱԶԲ-ի վերլուծաբանները դրական են գնահատում արտաքին պահանջարկը, որը հավելյալ իրացվելիություն է ապահովել Հայաստանի տնտեսության համար, իսկ նրա բանկային համակարգը ապահովել է 500 մլն դոլար շահույթով՝ միաժամանակ դրական և բացասական:
Հետազոտության մեջ ասվում է, որ 2023 թվականին աշխարհում գործարար ակտիվության դանդաղումը ընդհանուր առմամբ բացասական ազդեցություն կունենա շատ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի վրա։
«Դա կարտահայտվի արտահանվող ապրանքների նկատմամբ արտաքին թույլ պահանջարկով, դրանց մատակարարումների հետ կապված խնդիրներով։ Հնարավոր է դրամական փոխանցումների ծավալի նվազում, այդ թվում՝ ԱՄՆ-ից։ Միաժամանակ, կորուստները կփոխհատուցվեն առաջին հերթին դեպի Ռուսաստան արտահանման վերակողմնորոշմամբ, որտեղ այլ երկրներից արտահանման սահմանափակումների համատեքստում նոր հնարավորություններ են բացվում Հայաստանից ապրանքների և ծառայությունների մատակարարման համար։ Երկրորդ՝ աշխարհում համաճարակի հետ կապված սահմանափակումների թուլացման համատեքստում կվերականգնվեն դեպի երկիր զբոսաշրջային հոսքերը։ Ակնկալվում է, որ կշարունակվի նաև Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքը», – ասվում է հետազոտության մեջ։
Անբարենպաստ սցենարի իրականացումը, որը կարող է ուղեկցվել աշխարհի խոշորագույն տնտեսություններում ձգձգվող ռեցեսիայով, ըստ ԵԱԶԲ-ի վերլուծաբանների, 2023 թվականին Հայաստանում կհանգեցնի ավելի դանդաղ տնտեսական աճի, որին համաշխարհային տնտեսության վերականգնումից հետո կհաջորդի 2024 թվականի արագացումը:
Երեք ռիսկ և «բաղադրատոմս» կառավարությունից
Մինչ տնտեսագետները փորձում են պարզել, թե որ ճյուղերը կարող են ապահովել հաջորդ տարի պետբյուջեում ներառված ՀՆԱ-ի 7% աճի տեմպը, էկոնոմիկայի նախարարությունը առանձնացրել է 2023 թվականի երեք հիմնական ռիսկերը. դրանք են՝ աշխարհաքաղաքական իրավիճակն ու երկրի անվտանգության հետ կապված խնդիրները, կադրերի սղությունը և ներդրումային միջավայրը։
Հայաստանում, ինչպես նշում են գերատեսչությունում, թափուր է մնում 100 հազար աշխատատեղ, ինչն ինչ-որ տեղ տարօրինակ է՝ հաշվի առնելով երկրում գործազուրկների մեծ բանակի առկայությունը։ Հայաստանում գործազրկության մակարդակը 2022 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է մինչև 13%, իսկ առավելագույն ցուցանիշը կազմել է 21,1%։
2022 թվականի նոյեմբերին, կառավարության տվյալներով, Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թիվն առաջին անգամ գերազանցել է 700 հազարը (701 451)։
Այնուամենայնիվ, կադրերի սուր պակաս են զգում այնպիսի արագ զարգացող ոլորտներ, ինչպիսիք են շինարարությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և ծառայությունների ոլորտը:
«Հիմնական պատճառները բնակչության ցածր շարժունակությունն է և ցածր աշխատավարձը։ Արդեն նախատեսում ենք բավարարել պահանջարկը՝ ապահովելով արտերկրից Հայաստան և՛ բարձր վարձատրվող, և՛ ցածր վարձատրվող աշխատուժի հոսքը», – օրերս ասել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարը որպես ներդրումային միջավայրի բարելավման հիմնական խոչընդոտ նշել է բյուրոկրատիան, որի պատճառով ներդրումային ծրագրերն իրականացվում են չափազանց դանդաղ։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Հայաստանի տնտեսության՝ հաջորդ տարվա հիմնական ռիսկերից է համարել 2022 թվականին երկրի վրա բարենպաստ ազդեցություն թողած արտաքին գործոնների անկայունությունը ։
«Այս գործոնները կայուն չեն, ինչպես և Հայաստանի տնտեսության աճը, որը ժամանակավոր բնույթ է կրում։ Մենք կարող ենք բախվել 2008 թվականի ճգնաժամի նման իրավիճակի, երբ նախորդող ժամանակահատվածում տնտեսությունը երկնիշ աճ գրանցեց՝ պայմանավորված արտաքին ֆինանսական ներլցումներով, հատկապես շինարարության ոլորտում։ 2008 թվականի համաշխարհային ճգնաժամը բռնկվելուն պես այդ ներլցումները դադարեցին, և մեր տնտեսության անկումը ամենացավոտներից մեկն էր աշխարհում։ Եվ այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ռուսաստանից կապիտալի և մարդկանց ներհոսքը հզոր լիցք է հաղորդել Հայաստանի տնտեսությանը, սակայն գալու են դժվար ժամանակներ, երբ այդ հոսքը դադարելու է», – Dalma News-ի հետ հարցազրույցում նշել է Սուրեն Պարսյանը։
Հայկ Գրիգորյան