Դեկտեմբերի սկզբին Երևանում Ռուսական տանը կազմակերպվեցին միջոցառումներ՝ նվիրված խորհրդային նշանավոր հրամանատար, Հայրենական մեծ պատերազմի բանակների և ճակատների հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, Լենինի յոթ շքանշանների ասպետ, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես (Իվան) Բաղրամյանի 125-ամյակին:
Ինչպես նշել է Երևանում Ռուսական տան պատմական և հուշահամալիրային նախագծերի համակարգող, Վետերանների միության փոխնախագահ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը, «Բաղրամյանի շաբաթը» սկսվել է «կլոր սեղանով», որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ, վետերանների միություններ, հայտնի պատմաբաններ, հասարակական գործիչներ, դասավանդողներ, վետերանների շարժման առաջնորդներ։ Նրանցից յուրաքանչյուրի ելույթում կարմիր թելի նման անցնում էր Բաղրամյանի և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների պատմական հիշողության պահպանման կարևորության թեման։
Մասնավորապես, զեկույցներով հանդես եկան Վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը, «Ինտեգրացիա և զարգացում» կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը, «Վիկտորիա» պատմաբանների ակումբի նախագահ Լիլիթ Ասոյանը, ՀՌՀ դասախոս Անտոն Եվստրատովը, քաղաքական գործիչ Վազգեն Սաֆարյանը, ՀՀ ազգային արխիվի կինոֆոտոֆոնո մասնաճյուղի վարիչ Ավագ Հարությունյանը, ով իր ելույթի ժամանակ Բաղրամյանի հայրենի գյուղի՝ Չարդախլուի մասին 60-ականներին նկարահանված ֆիլմ ցուցադրեց։
Առցանց ձևաչափով կլոր սեղանին միացան մարշալ Բաղրամյանի թոռները՝ Կարինա Սերգեևնան, Իվան Սերգեևիչը և եղբորորդին՝ Արթուր Իլյիչ Բաղրամյանը, ովքեր պատմեցին, որ տունը, որտեղ այժմ գտնվում է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը, Հայրենական մեծ պատերազմից հետո հատուկ կառուցվել է Մարշալ Բաղրամյանի համար։ Մինչև 1953 թվականը նա ամեն ամառ գալիս ու ապրում էր այդ տանը։ Այնուհետև էությամբ խղճով ու համեստ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը հրաժարվեց իր ունեցվածքից՝ նշելով, որ ինքը «տարին մեկ անգամ է գալիս, և շատ ժամանակ տունը դատարկ է»։
Կլոր սեղանի մասնակիցներին ողջունեց նաև ԱՊՀ անդամ պետությունների վետերանների կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, գեներալ-գնդապետ Վասիլի Վոլկովը։
«Այս միջոցառումը կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև Անկախ Պետությունների Համագործակցության բոլոր երկրների համար», – ընդգծել է նա։ – Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բաղրամյանը հրամանատար էր։ Յուրաքանչյուր վետերան գիտի և հիշում է նրա սխրագործությունները։ Եվ այստեղ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունն իր արժանի ներդրումն է ունեցել մեր ընդհանուր Հաղթանակի ընդհանուր գանձարանում»։
Իր հերթին Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանության խորհրդական Ինեսա Կորոտկևիչը, ողջունելով ներկաներին, նշեց, որ Մարշալ Բաղրամյանի հիշատակը հարգում են նաև իր հայրենիքում՝ միաժամանակ հիշեցնելով 1944 թվականին Բելառուսի ռազմավարական հարձակողական գործողությունը, որը ստացել է «Բագրատիոն» ծածկագիրը և Հովհաննես Բաղրամյանի սխրանքը:
Ավելի ուշ ծաղկեպսակներ դրվեցին լեգենդար հրամանատարի հուշարձանին։ Մարշալի հիշատակը հարգելու էին եկել Հայաստանում Ռուսաստանի և Բելառուսի դեսպանությունների, ՀՀ պաշտպանության նախարարության, Հ. Բաղրամյան հիմնադրամի, ԴՕՍԱԱՖ-ի, Հայաստանում Դոնի Մեծ զորքի առանձին կազակական շրջանի, «Սահմանապահների երիտասարդ ընկերներ» ակումբի ներկայացուցիչներ, ինչպես նաև ակտիվ հասարակական գործիչներ ու վետերանների շարժման առաջնորդներ։
Մարշալ Բաղրամյանի հուշարձանին ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելուց հետո միջոցառման մասնակիցները իջել են մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարան, որտեղ կանգնեցվել է մեծանուն զորավարի կիսանդրին։ Այնուհետև Երևանում Ռուսական տան և Հայաստանի վետերանների միության ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, որտեղ տեղադրված է Բաղրամյանի կիսանդրին և պահվում են մարշալի անձնական իրերը։
Քչերին է հայտնի, որ Հովհաննես Բաղրամյանն իր ռազմական գործունեությունը սկսել է հենց Սարդարապատի ճակատամարտից։ Ամփոփելով հիշատակի միջոցառումները՝ մասնակիցներն այցելեցին Բաղրամյան գյուղ, որտեղի միջնակարգ դպրոցի աշակերտները համերգով հանդես եկան։ Այս օրերի ևս մեկ կարևոր իրադարձությունը Վետերանների միության շենքին մարշալ Բաղրամյանի պատվավոր անունը կրող հուշատախտակի բացումն էր։
Նատելլա Օհանյան