Ձմռան առաջին օրերին սոցիալական ցանցերի հայկական սեգմենտում, ապա լրատվամիջոցներում սկանդալ բարձրացավ, որը քաղաքային ֆոլկլորը բնութագրեց որպես երկրի գլխավոր հրապարակի ամանորյա լուսավորության հետ կապված կրքեր։ «Այս տարի հատկապես մեզ մոտ անցկաղվող «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցների հետ մեկտեղ շատ հյուրեր կգան Երևան։ Բացման արարողությանը զուգահեռ կվառվեն Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը և մայրաքաղաքի վարչական շրջանների արտաքին լուսավորությունը։ Համոզված եմ, որ բոլորը տպավորված կլինեն մեր կատարած աշխատանքի բացառիկությամբ», – լրագրողների հետ հանդիպմանը նշել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Հանրությունն իսկապես տպավորված էր, սակայն ոչ թե բուն լուսավորությամբ, այլ Հանրապետության հրապարակի այլանդակված պատմական շենքերով, որոնք կազմում են Խորհրդային Հայաստանի ճարտարապետական ​​ժառանգության անսամբլի մի մասը։ Պարզվել է, որ հանրապետական ​​նշանակության հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերի ճակատներին հազարավոր անցքեր են բացվել, որոնք անհրաժեշտ են լուսային էֆեկտների և ամանորյա զարդարանքների մոնտաժման համար։

Հայաստանի ճարտարապետների պալատն առաջինն ահազանգեց՝ պարզաբանումներ պահանջելով այս գործընթացը նախաձեռնող Երևանի քաղաքապետարանից և ժառանգության պահպանության համար պատասխանատու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանի խոսքով, օրինակ, ՀՀ արտաքին գործերի նախարարության հին շենքը կառուցվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին կանանց կողմից, որոնց ամուսինները մեկնել են ռազմաճակատ: Իսկ Հանրապետության հրապարակի և կառավարության շենքի նախագծողը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է, ով դեկորատիվ կոմպոզիցիաներում օգտագործել է միջնադարյան հայկական ճարտարապետության և մոնումենտալ քանդակի տարրեր։ 1920-ականներին սկսված շինարարությունն ավարտվել է միայն 1952 թվականին։

Հաշվի առնելով ճարտարապետական ​​անսամբլի պատմական արժեքը՝ Ճարտարապետների պալատը պահանջում է անհապաղ դադարեցնել աշխատանքները և քայլեր ձեռնարկել շենքերի նախնական տեսքը վերականգնելու ուղղությամբ։

«Այսօր անհրաժեշտ է ճարտարապետների փորձագիտական ​​խումբ ձևավորել՝ ամանորյա տոներին նախապատրաստվելիս վնասած պատմական շենքերի հետևանքների վերացման աշխատանքների արժեքը գնահատելու համար։ Համոզված ենք, որ անհրաժեշտ է գնահատել և պահպանել ոչ միայն թամանյանական կառույցների ճարտարապետությունը, այլև հայ քարագործների ձեռքի գործը», – ընդգծել է Ալեքսանդր Բադալյանը՝ միաժամանակ կասկած հայտնելով, որ այս առաջարկը կյանքի կկոչվի խնդրի լուծմամբ չշահագրգռված անձանց կողմից։

Իրականում այդպես էլ եղավ։ ԿԳՄՍՆ-ը կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, սուպերնախարարությունը, անմիջապես հերքեց վանդալիզմի ակտին իր մասնակցությունը և նախարար Վահրամ Դումանյանի շուրթերով կարծիք հայտնեց, որ լուսավորության ձևավորումն ընդամենը ժամանակավոր երևույթ է, ուստի գերատեսչության հատուկ գիտամեթոդական նիստում չի քննարկվում։ Իսկ ահա քաղաքապետարանը, որպես միջոցառման կազմակերպիչ, պարտավոր է վերականգնել ցանկացած վնաս՝ լինի ճաք, թե անցք։

Ի դեպ, հրատապ հրավիրված մամուլի ասուլիսում քաղաքապետի տեղակալները նույնպես միաձայն հերքեցին կատարվածի վերաբերյալ մեղադրանքները, մեդիա տարածքում տեղ գտած հրապարակումները անվանեցին շահարկումներ և մեղքը բարդեցին «նախկին» իշխանությունների վրա։

«Ցանցում հայտնված այն լուսանկարները, որտեղ շենքի երեսպատման վրա անցքեր, մետաղյա ձողեր ու պտուտակներ են, մեր աշխատանքի հետ որևէ կապ չունեն։ Այս շենքերին ավելի վաղ է մեծ վնաս հասցվել», – ներկաներին փորձեց վստահեցնել փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Այս կերպ են փորձում թեքել սլաքները իրենցից։ Մնում է միայն տալ հայտնի կատակերգական ֆիլմի հայտնի կերպարի հարցը՝ իսկ 17-րդ դարի եկեղեցին և՞ս «նախկիններն» են ավերել։

Քաղաքապետարանում նաև հարկ չեն համարում հանցագործներին հայտնաբերելու համար քրեական գործ հարուցել, քանի որ դատական ​​գործընթաց սկսելու «նույնիսկ ելակետ» չեն տեսնում, չնայած ՀՀ քրեական օրենսգրքում կա «Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելուն կամ վնասելուն» վերաբերող հոդված։

Իհարկե, այն, ինչ ժամանակին վնասվել է օդորակիչներից կամ լարերից, ամենևին չի արդարացնում այն, որ այդ շենքերը այսօր էլ շարունակվում են համակարգված կերպով վնասվել։ Ցավոք, վնասը հնարավոր չէ վերականգնել։ Մի շարք մասնագետներ թերահավատորեն են վերաբերվում հայ քարագործների՝ տուֆի հիմքով կամ ձեռագործ գեղարվեստական ​​երեսպատմամբ շենքերի վերականգնմանը։ Այսինքն՝ սկզբնական տեսքը վերադարձնելը գրեթե անհնար է։

Ընդհանուր առմամբ, ամանորյա «հեքիաթի» համար քաղաքային բյուջեից հատկացվել է 650 հազար դոլար։ Ընդ որում, լրացուցիչ գումար կպահանջվի հաջորդ տարվա գարնանը Հանրապետության հրապարակին հարակից կառավարական շենքերի ճակատային հատվածներում թերությունները բացահայտելու և վերացնելու համար։

Լռել, սակայն, հնարավոր չէ։ Լայնածավալ ֆինանսավորմամբ միջոցառումներն անցկացվում են ոչ այնքան հայրենակիցների ուրախ տոների մտահոգությամբ, որքան «Մանկական Եվրատեսիլի» օտարազգի հյուրերին «զարմացնելու» ցանկությամբ։ Արժե՞ արդյոք անել այս ամենը, երբ, ըստ պաշտոնական տվյալների, երկրի բնակչության ավելի քան 30 տոկոսն ապրում է աղքատության շեմից ցածր, իսկ քանդված ճարտարապետական ​​պատմության վերականգնման լրացուցիչ ծախսերը նոր բեռ են դառնալու, ամենայն հավանականությամբ, արդեն հարկատուների ուսերին:

Նատելլա Օհանյան

Լուսանկարները՝ Արման Ղարախանյանի ՖԲ էջից: