Ինչո՞ւ են ուսուցիչները սիրում Ռուսական տունը: Նրա համար, որ այն հարմարավետ է, ջերմ և իրենց միշտ ուրախ են այստեղ: Հատկապես նման տոնին՝ Ուսուցչի օրը: Մանկավարժների համար Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը միջոցառում էր կազմակերպել, կային և՛ մրցանակներ, և՛ երաժշտություն և … ճամփորդ-տիկնիկների պատրաստման վարպետության դաս։
Ի՞նչ կապ ունեն տիկնիկները, կհարցնեք դուք։ Բանն այն է, որ Երևանի թիվ 97 դպրոցի ուսուցչուհի Նոննա Ստեփանյանը, երբ մեկնել էր Սանկտ Պետերբուրգ խորացված դասընթացների, ի թիվս այլ բաների, սովորել է պատրաստել այս տիկնիկները։ Այսօր Ուսուցչի օրվան նվիրված միջոցառման շրջանակներում նա վարպետության դաս անցկացրեց մյուս ուսուցիչների համար, ինչպես նաև կիսվեց Սանկտ Պետերբուրգ կատարած ճամփորդությունից իր տպավորություններով:
Միջոցառմանը ներկա էր Հայաստանում ՌԴ դեսպանության կցորդ Դենիս Նազարովը։ Նա Հայաստանում Ռուսաստանի դեսպանության անունից իր երախտագիտությունը հայտնեց Երեւանի Ա. Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նինա Սուրենի Ղազարյանին կրթության ոլորտում երկար տարիների աշխատանքի և Հայաստանում ռուսաց լեզվի ու մշակույթի պահպանման ու տարածման գործում ունեցած մեծ ավանդի համար։
«Ամենահաճելին այն է, որ այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց համար ուսուցիչ լինելը կոչում է»։ Շնորհավորանքի խոսքերին միացավ նաեւ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության փոխտնօրեն Վիկտորյա Դերիպասկոն։ «Ասում են, որ ուսուցումը լույս է, իսկ դուք այն աստղերն ու արևի ճառագայթներն եք, որոնք լուսավորում են մեր ճանապարհը»: