Երևանում Ռուսական տան ու Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի» միջև կնքված համագործակցության մասին համաձայնագիրը կդառնա արդյունավետ մշակութային ծրագրերի իրականացման բանալի։ Այս մասին հայտարարել է «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Ժորա Հակոբյանը Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի հետ համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ։
Նշենք, որ հումանիտար համագործակցության մասին համաձայնագիրը նախատեսում է նախագծերի իրականացում կրթության, մշակույթի, գիտության, պատմա-ազգագրական գործունեության, երիտասարդական քաղաքականության, ռուսաց լեզվի զարգացման, ինչպես նաև սոցիալական ուղղվածություն ունեցող աշխատանքի ոլորտներում։ Կանցկացվեն մշակութային և գիտակրթական միջոցառումներ, ցուցահանդեսներ, փառատոներ, մրցույթներ, օլիմպիադաներ, ֆորումներ և գիտաժողովներ, կլոր սեղաններ, դասախոսություններ, շնորհանդեսներ՝ Ռուսաստանից, Հայաստանից և այլ երկրների մշակութային, գիտական և կրթական ոլորտի փորձագետների մասնակցությամբ։ Բոլոր նախագծերը պետք է ուղղված լինեն հայ-ռուսական մշակութային և կրթական կապերի զարգացմանը։
«Այս թանգարանը հիմնադրվել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում դեռ խորհրդային տարիներին՝ 1982 թվականին, բայց երկար ժամանակ այս հաստատության գործունեությունը, կարելի է ասել, չէր համապատասխանում իր անվանմանը։ Թանգարանը պետք է մարմնավորի հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը։ Այդ կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ թանգարանը վերակառուցվել է։ Վերանորոգումից հետո մեր թանգարանի պաշտոնական բացումը տեղի կունենա 2022 թվականին՝ թանգարանի 40-ամյակի կապակցությամբ։ Այս համատեքստում մենք ստորագրում ենք համագործակցության երկկողմ համաձայնագիր Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի հետ։ Հուսով ենք, որ այս համագործակցությունը միտված կլինի մշակութային արդյունավետ ծրագրերի իրագործմանը»,- ասաց Ժորա Հակոբյանը արարողության ժամանակ, որին ներկա էին նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը և Աբովյան բազմաբնակավայր համայնքի ավագանի՝ Դավիթ Զարոյանը:
Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշել է, որ ուրախալի է տեսնել, թե ինչպես է «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի» գործունեության մեջ նոր ժամանակաշրջան սկսվում, քանի որ սա յուրահատուկ մշակութային վայր է, որը հիշեցնում է երկու ժողովուրդների ամուր պատմական կապը։
«Աբովյանի այս հրաշալի թանգարանը կարող է իրական հարթակ դառնալ բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացման համար։ Մենք արդեն ունենք հետաքրքիր պայմանավորվածություններ, և հուսով եմ, որ ձևավորված համագործակցությունը ոչ միայն կընդլայնվի ու թափ կստանա, այլև կմշակվեն համատեղ նոր ծրագրեր։ Երևանի Ռուսական տունն արդեն սկսել է ռուսաց լեզվի անվճար դասընթացներ թանգարանի անձնակազմի համար»,- նշել է Վադիմ Ֆեֆիլովը։
Թանգարանում կատարված վերակառուցման աշխատանքները ուսումնասիրելուց հետո հյուրերին սպասում էր Աբովյանում գործող Գեղարվեստի դպրոցի սաների նկարների ցուցահանդեսը և գրական-երաժշտական անակնկալ՝ «Վերածնունդ» կարգախոսով միջոցառում՝ նվիրված Կոմիտասին։
Հիշեցնենք, Երևանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) նոյեմբերին մեկնարկ տվեց ռուսաց լեզվի անվճար դասընթացներին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի» աշխատակիցների համար: Համագործակցությունն ակտիվացել էր վերջերս կայացած Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի և «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի» տնօրեն Ժոռա Հակոբյանի հանդիպումից հետո: Մասնագետներին դասավանդում է ռուսերենի փորձառու մասնագետ, դասագրքերի հեղինակ, Պուշկինյան մրցույթի դափնեկիր Տատյանա Իսկանդարյանը։