Հայաստանը Ռուսաստանի գլխավոր, կենտրոնական, բարեկամ գործընկերներից է, և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի համար կարևոր և հետաքրքիր է աշխատել հայաստանցի երիտասարդների հետ. հենց դրան է ծառայում «Նոր սերունդ» ծրագիրը։ Այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը «Նոր սերունդ 2021» հոբելյանական ֆորումին առցանց միացման ժամանակ, որն անցկացվել է դեկտեմբերի 13-14-ը Երևանում Ռուսական տան կողմից։

«Նոր սերունդը» մեր հիմնական, կենտրոնական ծրագրերից է, որոնք գոյություն ունեն ՌԴ նախագահի հրամանագրով, որը պաշտոնապես կոչվում է «Ռուսաստանի Դաշնություն կարճաժամկետ ճանաչողական այցերի ծրագիր»: Տասը տարիների ընթացքում, որ աշխատում ենք այս ծրագրի վրա, ավելի քան 7.000 մարդ է մեկնել Ռուսաստան։ Այժմ պարզ է, որ կորոնավիրուսային վարակը փոխել է ծրագրերը և, ցավոք, անցյալ և այս տարի չունենք մարդկանց տարեկան այն թիվը, որը պետք է ժամաներ։ Սակայն կփորձենք շեշտը դնել այս ծրագրի որակի վրա, արդեն ձևավորել ենք երիտասարդ մասնագետների խմբեր։ Դա անում ենք մեր գործընկերների հետ միասին, ինչպիսին է «Գորչակովի» հիմնադրամը։ Վերջերս Մոսկվայում խումբ է հավաքվել ոչ միայն Հայաստանից, այլև նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններից։ Շատ հետաքրքիր ու օգտակար էր, երիտասարդ մասնագետները ՄՄՀՊԻ-ի (МГИМО) և այլ գիտական ​​կենտրոնների հետ գիտական ​​աշխատանքով զբաղվեցին։ Սա օգտակար փորձ է, և մենք խմբեր ենք առաձնացնում, որոնք շահագրգռված կլինեն Ռուսաստան այցելել մասնագիտական ​​հետաքրքրություն ներկայացնող ծրագրով՝ երիտասարդ քաղաքական գործիչներ, բժիշկներ, լրագրողներ, ՏՏ ոլորտի մասնագետներ, ինժեներներ», – ասել է Պրիմակովը:

Նա ընդգծել է, որ ՌԴ կառավարությունը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի միջոցով ապահովում է բոլոր նման շփումները։ «Կարծում եմ, որ «Նոր սերունդը» կենտրոնական ծրագրերից է, կարևորագույն ռեսուրս «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի բոլոր ներկայացուցչությունների համար: Մենք զբաղվում ենք հումանիտար քաղաքականությամբ, կրթությամբ, մշակույթով, հայրենակիցների հետ աշխատանքով, գիտական ​​փոխանակումներով։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր գերատեսչությունները կարողանան ապավինել «Նոր սերունդ» ծրագրին, որպեսզի այն բովանդակալից դառնա, չստանա զբոսաշրջության ձև, թեև ոչ ոք չի չեղարկում էմոցիոնալ գործոնը՝ Ռուսաստան այցը պետք է լինի հաճելի և հետաքրքիր», – նշեց Պրիմակովը։

Իր հերթին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ընդգծեց, որ համաժողովը շատ լավ առիթ է հավաքելու ակտիվ հայ երիտասարդության այն ներկայացուցիչների գոնե մի մասին, որը մասնակցել է «Նոր սերունդ» ծրագրին։

 «Կարծում եմ, որ թերևս դա է այս միջոցառման հիմնական կետը, որպեսզի այն մարդիկ, ովքեր մասնակցել են ծրագրին, իրենց մասնակցությունը չսահմանափակեն Ռուսաստան մեկանգամյա այցով: Այս ամենի կարևոր իմաստը, իհարկե, մեր երկրների երիտասարդների միջև կայուն, սերտ գործարար և մարդկային շփումների հաստատումն է։ Դա մեզ կհաջողվի անել այնքանով, որքանով, հավանաբար, հեռանկարային կթվան մեր փոխգործակցությունը, մեր հարաբերությունները նոր փոփոխվող աշխարհում», – նշեց դիվանագետը։

Նա հիշեցրեց, որ այս տարի «Նոր սերունդ» ծրագրի 10-ամյակն է: Այս ընթացքում բազմաթիվ երիտասարդներ տարբեր երկրներից՝ գրեթե 7000 հոգի, մասնակցել են ծրագրին. Հայաստանից եղել է ավելի քան 300՝ մոտ 400 մասնակից։

«Այս համամասնությունը շատ լավ արտացոլում է այն նշանակությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը տալիս է Հայաստանի հետ մեր հարաբերություններին։ Իսկապես, ինչպես նշվեց, Հայաստանը մեր կենտրոնական ամենամոտ գործընկերներից, դաշնակիցներից մեկն է։ Այսօր շատ հետաքրքիր ու հարուստ ծրագիր է սպասվում։ Կքննարկվեն կարևոր հարցեր, այդ թվում՝ մեր երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների հետ կապված։ Ձեր առջև հանդես կգան և՛ պետական ​​մարմինների ներկայացուցիչներ, և՛ փորձագետներ։ Դե, իսկ գլխավորն այն է, որ հնարավորություն ունենք հավաքվելու, շփվելու և ամրապնդելու այն շփումները, որոնք հաստատվել են», – ֆորումի մասնակիցներին ասաց դեսպանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանն իր խոսքում նշեց, որ համաժողովը եզակի հնարավորություն է հայ երիտասարդների համար. այստեղ նրանք կարող են իրենց օրիգինալ նախագծերը ներկայացնել պետական ​​կառույցների և բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս հարթակը, նրա խոսքով, նպաստում է բուհերի և պոտենցիալ գործատուների միջև հարաբերությունների ստեղծմանը և օգնում երիտասարդների՝ հասարակության լիարժեք անդամ դառնալուն՝ իրականացնելու իրենց հեռանկարային ակնկալիքները, ինչպես նաև վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։

«Ցանկանում եմ նշել նաև, որ դեկտեմբերի 8-11-ը Մոսկվայում կայացել է հայ-ռուսական երիտասարդական ֆորում, որին Հայաստանից մասնակցել է շուրջ 30 երիտասարդ։ Ֆորումի նպատակն էր ստեղծել համատեղ հարթակ Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդության միջև միջմշակութային երկխոսության և մարդասիրական համագործակցության զարգացումն ապահովելու համար։ Այս ամենը նպաստում է ոչ միայն բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, այլև լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում համատեղ նոր ու ստեղծագործ նախագծերի իրականացման համար։ Վստահ եմ, որ այսօրվա համագումարը և քննարկված թեմաները կօգնեն բացահայտել ժամանակակից երիտասարդության առջև դրված խնդիրները և դրանց արդյունավետ լուծման ուղիներ մշակել»,- նշեց փոխնախարարը։

Նա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից շնորհավորեց բոլորին հոբելյանական ֆորումի կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք ու հետաքրքիր քննարկումներ, որոնք իրենց նշանակությամբ կարևոր դեր կխաղան հայ երիտասարդության կյանքում։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա համագումարի կազմակերպիչներին միջոցառումը նման բարձր մակարդակով անցկացման համար. այն որ լիցք կհաղորդի մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Շնորհակալ եմ նաև մեր երիտասարդներին ներգրավելու լրացուցիչ հնարավորության համար», – նշեց Թռչունյանը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը, շնորհավորելով հոբելյանի առթիվ, նշեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը շատ կարևոր է երկու երկրների համար, և երիտասարդները պետք է լուրջ աշխատանք տանեն այդ ուղղությամբ։

«Եվ այս ձևաչափն արդեն արդարացրել է իրեն, քանի որ, ինչպես նշեց դեսպանը, ծրագրին մասնակցել է ավելի քան 300 հայ երիտասարդ։ Նշեմ, որ ես անձամբ հնարավորություն եմ ունեցել գնահատելու ծրագրի ազդեցությունը՝ որպես Հայ-ռուսական համալսարանի դոցենտ՝ ծանոթ եմ այս ծրագրին մասնակցած ուսանողներին, ովքեր դրա շահառուներն են։ Ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքը շատ կարևոր է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա համաժողովի կազմակերպիչներին և մաղթել արդյունավետ աշխատանք»,- ասաց Դավիթ Սահակյանը։  

Հայտարարված ընդմիջմանը Dalma News-ի թղթակիցը զրուցել է Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Պավլովիչ Ֆեֆիլովի հետ։ Նրա կարծիքով՝ Հայաստանի նոր սերունդը պետք է լինի ակտիվ, ինտելեկտուալ, բարձր բարոյական չափանիշներով և հավատարիմ նախնիների հոգևոր ավանդույթներին։

«Ես գիտեմ, որ հայերի հիմնական հոգևոր ավանդույթները գիրքն են, խաչը և ընտանիքը։ Շատ կցանկանայի, որ մեր երիտասարդ ռուսները նույն կերպ պահպանեն հին ավանդույթները, սակայն միևնույն ժամանակ լինեն նորարար՝ բառի լավ իմաստով»: Պարոն Ֆեֆիլովը համարում է, որ հրաշալի երիտասարդություն ունենք, սակայն այն, ինչպես բոլորը, ունի իր խնդիրները.. «Երիտասարդների շրջանում անվստահության խնդիրը… Եվ ավագ սերնդի պարտքն է լինել ազնիվ և պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք հուզում են հայ և ռուս երիտասարդներին»։

Քննարկման ժամանակ «Ռուս-հայկական հարաբերությունների առանցքային վեկտորները. ռեստարտ նոր սպառնալիքների ֆոնին» թեմայով ելույթ ունեցավ հասարակական գործիչ, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը։ Նրա խոսքով՝ այս պահին ամենահետաքրքիրը հայ-ռուսական համագործակցության քաղաքակրթական կողմն է։

«Այսօր հայ-ռուսական հարաբերությունների դեմ հիբրիդային տեղեկատվական պատերազմ է մղվում։ Եվ այստեղ խոսքը միայն, օրինակ, Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի պատմական փաստերի խեղաթյուրման մասին չէ,… Ցավոք, հայ և ռուս երիտասարդության մեջ կան ներկայացուցիչներ, որոնք ծանոթ չեն, օրինակ, Օշականի ճակատամարտին… Չէ՞ որ շատ կարևոր է իմանալ պատմական անցյալի քաղաքակրթական այն կապերի մասին, որոնք միավորում են մեզ»:

Տիկին Կոստանյանի կարծիքով՝ ներկայումս պետք է աշխատանք տանել միմյանց ճանաչելու ուղղությամբ. «Միանգամայն վստահ եմ, որ հայ-ռուսական երկկողմ ձևաչափում խոսելու և քննարկելու շատ բան ունենք»։

Հավելենք նաև, որ «Նոր սերունդ» հոբելյանական ֆորումի շրջանակներում կայացավ ռեժիսոր Ալեքսանդր Մարությանի «Սարդարապատ. Գեներալը սպասում է» պատմական դրամայի պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ։

Ֆորումն անցկացվել է Երևանում Ռուսական տան կողմից։

Զրուցեց Հասմիկ Բակունցը