Դեկտեմբերի 20-ը երջանիկ օր էր վեց հայ ընտանիքի համար. վեց զինծառայող գտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում և տեղափոխվեց Ստեփանակերտ: Ժամկետային զինծառայողները՝ Արսեն Այվազյանը, Դավիթ Սահակյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Արթուր Հարությունյանը, Արման Արղամանյանը և Ռուսլան Թումանյանը, որոնցից շուրջ 70 օր ոչ մի լուր չէր եղել, հայտնաբերվել են ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ:
Զինվորների վերադարձի մասին հրաշալի լուրը առաջինը հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում. «Այսօր թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներում որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, ռուս խաղաղապահների, ինչպես նաև Կարմիր խաչի ջանքերով վեց ժամկետային զինծառայողներ, որոնք 70 օր հերոսաբար դիմադրելուց հետո վերադարձան հայրենիք՝ ուրախություն պարգևելով մեզ այս դժվար օրերին»:
Զինծառայողների փրկության համար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որի անմիջական ջանքերի շնորհիվ շարունակվում են ինտենսիվ որոնողական աշխատանքները, ինչպես նաև զոհվածների աճյունները վերադարձնելու աշխատանքները: Բացի այդ, Արցախի ղեկավարը իր երախտագիտությունը հայտնեց խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին, Արթուր Ավագյանին, որը ցույց է տվել զինծառայողներին գտնելու ճանապարհը, ինչպես նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին:
Զինծառայողների վերադարձի լուրը հայրենակիցների շրջանում ուրախության փոթորիկ առաջացրեց սոցցանցերում. օգտատերերը շնորհավորում էին հարազատներին և մտերիմներին՝ ցանկանալով, որ ավելի շատ անհայտ կորածներ գտնվեն:
Մինչդեռ տղաները, ավելի քան երկու ամիս անտառներում և ձյունապատ լեռներում թափառելուց հետո ուժասպառ էին և շտապ տեղափոխվեցին Ստեփանակերտ՝ Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն: Հոսպիտալացումից հետո պարզվել է, որ լուրջ խնդիրներ չկան, սակայն բոլոր վեցի ոտքերն էլ ուժեղ ցրտահարված են: Տղաներից մեկը՝ Դավիթ Սահակյանը, վիրավոր ուսով հաղթահարել է 14 կմ ոլորաններով լեռնային ճանապարհը: Կլինիկա տղաներին այցելած Արայիկ Հարությունյանը խոստացավ աջակցություն ցուցաբերել բոլոր հարցերում, այդ թվում`արտերկրում բուժուման կարիքի դեպքում:
Բարեբախտաբար, դրա անհրաժեշտությունը չի առաջացել: Ինչպես հայտնեց Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի ղեկավար Մհեր Մուսայելյանը, տղաները շուտով ոտքի կկանգնեն: Գուցե իրականություն կդառնա մինչև ամանոր տուն վերադառնալու նրանց երազանքը:
Իսկ ինչպե՞ս համարձակ երիտասարդներին հաջողվեց երկու ամսից ավելի դիմադրել թշնամու շրջափակման մեջ, ապա դուրս գալ այնտեղից: Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նրանք ասացին, որ դեռևս հոկտեմբերի 12-ին են հայտնվել թշնամու թիկունքում: Սակայն, վճռականորեն որոշելով ոչ մի դեպքում չհանձնվել, սկզբում թաքնվել են լքված տներում և շինություններում, իսկ հետո տեղափոխվել են անտառներ: Ըստ ամենայնի, լքված շենքերում թաքնվելը ապահով չէր. ըստ զինծառայողների պատմությունների՝ ադրբեջանցի զինվորները մտել տներից մեկը, որտեղ իրենք թաքնված են եղել որոշ ժամանակ: Տղաները իրենց չեն կորցրել՝ բարձրացել են վերին հարկ և շունչները պահած սպասել, մինչև «անկոչ հյուրերը» կհեռանան: Այդպես հնարավոր է եղել խուսափել գերությունից:
«Լսեցինք, թե ինչպես մտան այդ տուն: Սակայն այնքան զգույշ էինք, որ մեզ ընդհանրապես չնկատեցին», – պատմում է Ռուսլան Թումանյանը:
ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հետաքրքրվեց, թե ինչով են սնվել: Պարզվեց, որ գյուղերից մեկում տղաները բրինձ և 5 լիտր արևածաղկի ձեթ են գտել. 15 օր միայն դրանով են սնվել: Իսկ հետո սկսել են պարտիզանությամբ զբաղվել՝ գնալ հետախուզության, սնունդ փնտրել…
19-ամյա երիտասարդները հաճախ էին ընկճվում: Ճակատագիրը նրանց համար պատրաստել էր մեկ այլ լուրջ փորձություն ևս. խմբում կային նաև ծանր վիրավորներ, որոնցից երկուսին, ավաղ, չհաջողվեց ողջ մնալ: Զինակիցներին տղաները իրենք են հողին հանձնել՝ նախապես անունները փոքր թղթի վրա գրելով և նրանց գրպանները դնելով: Ավելի ուշ հայտնի դարձավ՝ ծնողներին հաջողվել է գտնել իրենց հանգուցյալ զավակներին:
Ամեն դեպքում հաջողվում էր հաղթահարել հուսահատությունը: Արսեն Այվազյանը տեսախցիկի առաջ պատմում է, որ վստահությունն իր ու իր ընկերների հանդեպ օգնեց արագ հաղթահարել հուսահատությունն ու պայքարելու ուժ գտնել: «Մենք կարողացանք հաղթահարել ցավը, քանի որ ապրելու ցանկությունն այդ ցավից ուժեղ էր», – ասում է Դավիթ Սահակյանը:
Դավիթի մայրը՝ Ալինա Եգորովան, ամբողջ ընթացքում համոզված է եղել, որ որդին ողջ է. «Երազներ էի տեսնում: Մեկ տեսնում էի, որ Դավիթը քաղցած է, և ես նրան կերակրում եմ, հետո տեսնում էի, որ ծարավ է, և նրան ջուր եմ տալիս: Իսկ լավ լուրի նախորդ օրը երազումս տեսա, որ վերադարձել է: Երեկոյան ծանոթներս զանգահարեցին և ուրախ ասացին՝ տեսա՞ր, Դավիթը վերադարձել է: Անմիջապես սկսեցի փնտրել Արայիկ Հարությունյանի գրառումը Ֆեյսբուքում: Ուրախությունս սահմաններ չուներ»:
Ալինայի խոսքով՝ ընտանիքը վերջերս է Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան: Որդին նույնիսկ չգիտեր, թե որտեղ է Արցախը: Սակայն ճակատագրի բերումով հանձնարարեցին ծառայել այնտեղ. սկզբում կարանտինում էր Ասկերանում, իսկ մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 19-ին, հայտնվեց Ջաբրայիլում: Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, զորակոչված լինելով ութ օր առաջ և զենքին փաստացի դեռևս չտիրապետելով՝ մեկնեց առաջնագիծ:
«Նա ծառայում էր Ջաբրայիլում, ապա զինակիցների հետ հայտնվեցին Հադրութի անտառներում: Դրանից առաջ թաքնվում էին Վանք գյուղի տներից մեկի նկուղում: Տան տիրոջ անունը Ապրես էր: Նկուղում տղաները գտել և կերել են ղավուրմա, պանիր և պահածոներ: Նկուղից դուրս գալիս իրենց հետ սնունդ են վերցրել, իսկ հետո՝ թաքնվել անտառում: Չգիտեմ, թե հետո ինչ են կերել և ինչպես ապրել: Մանրամասն չեմ հարցրել…», – Panorama.am-ի հետ հարցազրույցում պատմեց Եգորովան որդու վերադարձից անմիջապես հետո:
Այն փաստը, որ գտել են իր Դավիթին, Եգորովան համարում է աստվածային նախախնամություն: Եվ, իհարկե, նա ընդգծում է դրանում ռուս խաղաղապահների մեծ ներդրումը: «Այդ թվում՝ Մուրադովի, խաղաղապահների շնորհիվ, գուցե ռադարներ օգտագործելով՝ մեր տղաները գտնվեցին», – ասում է երախտապարտ մայրը «Ա1+»-ի հետ հարցազրույցում: Տղաները կապ են հաստատել հեռահաղորդակցման օպերատորներից մեկի հետ, ասել ծածկագիր բառ, որպեսզի իրենց գտնեն հայերը, ոչ թե ադրբեջանցիները: Դա նոյեմբեր ամսվա վերջն էր: Հավանաբար ամեն բան հաջողությամբ պսակվեց այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները միացան անհայտ կորածների որոնողական աշխատանքներին:
Կնոջ դեմքը փայլում է Դավիթի մասին յուրաքանչյուր հիշատակման ժամանակ: Առաջին բանը, որ որդին խնդրեց բերել, մանդարին էր և սեփական կիթառը: Մոր համար դժվար է Արցախ հասնելը՝ թե՛ ֆինանսական, թե՛ անվտանգության նկատառումներից ելնելով: Սակայն ո՛չ Դավիթը, ո՛չ ընկերները չմնացին առանց ցիտրուսային մրգերի և համեղ ուտեստների. «Մանդարիններ նրան տարել է Արցախի «Ռադիոյի տունը»: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ստանձնել են նախաձեռնությունը: Նաև կլինիկայի անձնակազմին՝ բուժքույրերից մինչև բոլորովին անծանոթ մարդիկ, որոնք նույնպես շատ բաներ տարան տղաներին, ինչի համար երախտապարտ եմ: Դե, իսկ կիթառը ինքս կտանեմ»:
«Դավիթը երեկ գտնված վեց զինծառայողներից մեկն է: Երեկ մանդարին էր ուզում: Ծնողները Երևանից չկարողացան գալ: Մենք տարանք: Դա նվազագույնն է, որ կարող ենք անել նրանց համար», – լրատվամիջոցներին ասաց Արցախի հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանը:
Նա նաև զրուցեց տղաների հետ, լուսանկարեց և ուղարկեց նրանց ծնողներին: Ի վերջո, սոցիալական ցանցերում պտտվող առաջին լուսանկարները և հոլովակները, մեղմ ասած, տագնապալի էին. տղաները հյուծված էին և հազիվ էին քայլում: Ալինա Եգորովայի խոսքով՝ որդին ասել է, որ կորցրել է մոտ 20 կիլոգրամ, բայց միևնույն ժամանակ կատակել է. «Մայրիկ, ցանկացած հագուստ, որ կբերես, իսկը իմ վրայով կլինի»:
Եգորովայի հարցին, թե ինչպե՞ս է որդին այդքան երկար թափառումներից հետո, պատասխանում է. «Ձայնը առույգ է, կարծես ոչինչ էլ չի պատահել: Իմ Դավիթն է՝ հումորով, կենսուրախ: Առաջին բանը, որ կեսկատակ ասաց՝ ի՞նչ է, մեզ այլևս չէի՞ք սպասում: Մայրը արտասվում է ու դադարից հետո շարունակում. «Ինչին ես պատասխանեցի՝ ոչ, ոչ, մենք մինչև վերջ հավատացել ենք, և դուք տեղ հասաք»: Դավիթի համար քայլելը դժվար է: Երբ մայրը հարցրեց, թե ինչպես է հաղթահարել լեռնային ճանապարհը այդքան կիլոմետր, այն էլ վիրավորվ լինելով, տղան կարծես իմիջիայլոց պատասխանեց. «Ուժեղ ցավ զգալով…»:
«Մա՛մ, բարև»: Ալինան, անկասկած, երբեք չի մոռանա որդու առաջին խոսքերը վերադարձից հետո: Մյուս հինգ տղաների ծնողները ևս կհիշեն այս ուրախ օրը: Իսկ տղաներն իրենք հայտարարում են՝ այժմ վեց հոգով միասին նշելու են դեկտեմբերի 20-ը՝ որպես իրենց երկրորդ ծննդյան օր:
«Ճիշտն ասած, հույս ունեինք, որ զինվորների մի մեծ խումբ կվերադառնար: Սակայն ուրախ ենք նաև նրանց համար, ում ամեն դեպքում հաջողվեց տուն հասնել: Աստված թող բոլոր նրանց, ովքեր անհայտ կորած են համարվում, պարգևի այն հրաշքը, որ պատահեց մեր որդիների հետ»: – ասում է երջանիկ մայրը:
Հրաշքը՝ հրաշք, իսկ ցանկությունը կյանքի կոչելու ուղղությամբ կոնկրետ մարդիկ ու ծառայությունները են աշխատում: Բարեբախտաբար, վեց ժամկետային զինծառայողների ժամանումից հետո Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետ, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը հավաստիացրեց, որ որոնողական աշխատանքները շարունակվում և իրականացվում են ամեն օր, և բոլոր հնարավոր ջանքերն ու մեխանիզմներն օգտագործվում են անհայտ կորած զինծառայողներին և քաղաքացիներին գտնելու համար: Որպես դրա ապացույց, բառացիորեն մեկ օր անց՝ դեկտեմբերի 21-ին, հաջորդեց մեկ այլ լավ լուր. խաղաղապահները Կարմիր խաչի օգնությամբ հայտնաբերեցին ու մայրաքաղաք տեղափոխեցին նաև երկու քաղաքացիական անձի: Հայր և որդի՝ Միքայել և Գեղամ Պետրոսյանները 61 օր համարվում էին անհայտ կորած:
«Դեկտեմբերի 21-ին Հադրութի շրջանում անհայտ կորած զինծառայողների որոնման համատեղ խումբը հայտնաբերեց երկու ՀՀ քաղաքացու, որոնք խմբի հետ աշխատանքներին մասնակցող ադրբեջանական կողմի համաձայնությամբ տեղափոխվեցին Լեռնային Ղարաբաղի ադմինիստրացիա», – նշեց ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Իրինա Գրիգորյան