Illustration: Fortepan.hu

Այս տարի հոբելյանական տարեդարձ է նշվում` Հայրենական մեծ պատերազմի ավարտի և նացիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակն է: Dalma News-ի խմբագրությունը մի շարք նյութեր է պատրաստել, որոնք նվիրված են այս նշանակալից ամսաթվին:

1945թ. ձմռան վերջին սովետական զորքերը ճակատի ողջ երկարությամբ անզսպելի առաջխաղացում էին արձանագրում դեպի արևմուտք՝ մոտենալով Հայրենական մեծ պատերազմի վերջին ճակատամարտին՝ Բեռլինի գրավմանը: Մի շարք ուղղություններով նացիստները արագ, երբեմն անկանոն կերպով նահանջում էին, բայց ունեցանք նաև անհավատալի գնով ձեռք բերված հաղթանակներ: Բուդապեշտի ազատագրումը ամենադժվար գործողություններից էր, որը հաջողվեց ծանր կորուստներով և ուժերի ծայրահեղ լարմամբ:

Հիտլերը ասում էր, որ ավելի շուտ կհանձնի Բեռլինը, քան Բուդապեշտը, և այս խոսքերի մեջ չափազանցությունը քիչ էր: Հունգարական Նադկանիժա շրջանի ոչ մեծ, բայց կայուն հանքավայրի նավթի վերջին պաշարներից զրկվելը նշանակում էր բանակը ամբողջությամբ կտրել վառելիքի մատակարարումից: Մինչև 1944 թվականի ձմեռ Հունգարիան մնաց Գերմանիայի միակ դաշնակիցը. երկիրը կառավարող Միկլոշ Հորթին, հասկանալով, որ ԽՍՀՄ-ի հետ պատերազմն անհեռանկարային է, պատրաստվում էր հայտարարել հրադադարի մասին, երբ գերմանացիները շտապ հեռացրին նրան իշխանությունից՝ Բեդապեշտ բերելով «Խաչված նետեր» կուսակցության ղեկավար Ֆերենց Սալաշին: Հենց Սալաշին էլ երկիրը բերեց վերջնական կապիտուլյացիայի:

Բուդապեշտ, 1945թ.

Ֆյուրերը Բուդապեշտը հռչակեց քաղաք-ամրոց, ինչը նշանակում էր, որ Հունգարիայի մայրաքաղաքը ոչ մի դեպքում չէր կարելի հանձնվել: Նացիստները զգալի ուժեր էին հավաքում քաղաքում և դրա մոտակայքում, որտեղ Երկրորդ աշխարհամարտից առաջ ավելի քան 1,5 միլիոն մարդ էր ապրում. գերմանացիները բացահայտ հայտարարում էին, որ Բուդապեշտը խորհրդային բանակի համար կդառնա այն, ինչ Ստալինգրադը դարձավ ռեյխի համար: Պարզ է, որ բացի վերոնշյալ պատճառներից, Բուդապեշտը ուղիղ ճանապարհ էր բացում դեպի Ավստրիա և Բեռլին, ինչը նացիստական Գերմանիայի համար նշանակում էր անհերքելի վախճան:

Հաղթանակից հետո գրված ու առասպել դարձած մի երգում ասվում էին հետևյալ բառերը. «Իսկ նրա կրծքին փայլում էր Բուդապեշտի համար ստացած շքանշանը»: Հունգարիայի մայրաքաղաքը հիշատակված էր ոչ պատահականորեն և, առավել ևս, ոչ հանգավորման համար. նման շքանշանի տերը հաստատ անցնել էր դժոխային պատերազմի բոլոր երևակայելի և աներևակայելի փորձությունների միջով:

Գերմանական զորքերի դիրքերը Բուդապեշտում, 1945թ.

Իրականում սովետական հրամանատարությունը չէր կարող իրեն թույլ տալ բավարար ուժեր հատկացնել Բուդապեշտի շրջանում գերմանական զորքերը ոչնչացնելու համար՝ ելնելով շրջափակման արտաքին ճակատում ուժեղ հակահարվածներ տալու անհրաժեշտությից, և այդ պատճառով առաջադրանքի իրականացումը ձգձգվեց մինչև 1945թ. փետրվար ամսվա կեսը:

Դեռ 1944թ. դեկտեմբերի 29-ին անտեղի արյունահեղությունից խուսափելու և Հունգարիայի մայրաքաղաքը պահելու համար (սովետական հրամանատարությունը հայտարարեց, որ չի ցանկանում ավերածության ենթարկել գեղեցիկ քաղաքը) թշնամու կայազորին վերջնագիր ներկայացվեց:

Երկու ճակատների բանագնացները` կապիտան Օստապենկոն և Շտեյնմեցը սպանցվեցին, ինչը անձեռնմխելիության միջազգային իրավունքի և բարոյականության այլ նորմերի խախտում էր, իսկ վերջնագիրը մերժվեց: Անմիջապես ռազմական գործողություններ սկսվեցին թշնամու ամբողջական ոչնչացման համար` գվարդիական և երեք հրաձգային կորպուսների, ծովային հետևազորի բրիգադի, 5-րդ օդային բանակի և հրետանային ստորաբաժանումների միավորումների կազմում ստեղծվեց «Բուդապեշտի զորախումբը»:

Սովետական զինվորները Բուդապեշտի փողոցային մարտերի ժամանակ, 1945թ. © Բորիս Լոսին, Լ. Լեոնիդով, ТАСС

Մեկ ամսից պակաս ժամանակահատվածում մեր միավորումները ռումինական ստորաբաժանումների աջակցությամբ հարված հասցրեցին Պեշտի արևելյան շրջաններին և գրավեցին քաղաքի այդ հատվածը: Թշնամու գրեթե 100 հազարանոց կայազորը ոչնչացվեց, գերեվարվեց մոտ 63 հազար զինվոր և սպա, ոչնչացվեց և գրավվեց մեծ թվով ռազմական տեխնիկա: Քիչ խմբերի հաջողվեց անցնել Բուդան՝ պայթեցնելով Դունայի վրայի կամուրջները, բայց հաջորդող կատաղի մարտերում, որոնք շարունակվեցին ևս 25 օր, սովետական դիվիզիաները, հրաձգային կորպուսները և ծովային հետևազորը, հարվածելով Բուդայի կենտրոնի ուղղությամբ, փետրվարի 13-ին ամբոջապես գրավեցին Հունգարիայի մայրաքաղաքը:

Բուդապեշտի ազատագրմամբ ավարտվեց Արևելյան Եվրոպայում Կարմիր բանակի ռազմական գործողությունների կարևոր փուլը: «Հարավ» նացիստական բանակային խմբին լուրջ վնասներ պատճառելով՝ խորհրդային զորքերը հնարավորություն ստացան նախապատրաստվել և եզրափակիչ գործողություններ իրականացնել Չեխոսլովակիայում, Հունգարիայում և Ավստրիայում: Միևնույն ժամանակ, սակայն, ուկրաինական 2-րդ և 3-րդ ճակատները անդառնալի կորուստներ ունեցան` ավելի քան 80 հազար զոհ` զինվորներ և սպաներ, մոտ 320 հազար վիրավոր:

Բուդապեշտի փողոցներից մեկը քաղաքի ազատագրումից հետո, 1945թ. © Եվգենի Խալդեյ, ТАСС

Բուդապեշտի ռազմական գործողության մեջ իրեն հիանալի դրսևորեց գեներալ-լեյտենանտ Հայկ Թումանյանը: Որպես փորձառու տանկիստ, 5-րդ և 6-րդ տանկային զորքերի ռազմական խորհրդի, 46-րդ համազորային բանակի կազմում նա փառահեղ ռազմական ուղի անցավ՝ Վորոնեժից ու Ստալինգրադից մինչև Բուդապեշտ, հետագայում` Ավստրիա, Չեխոսլովակիա և Հեռավոր Արևելք:

Բազմաթիվ մարտերում` այդ թվում Բուդապեշտի ռազմավարական գործողություն ժամանակ տանկային զորքերի գեներալ-մայոր Բորիս Սուպյանը հաջողությամբ էր ղեկավարում ուկրաինական 2-րդ ռազմաճակատի կազմում ներառված` իրեն վստահված զորքը:Նրա հրամանատարության տակ գտնվող ստորաբաժանումները մեծ ներդրում ունեցան հատկապես մայրաքաղաքը գրավելու ժամանակ Պեշտը ազատագրելիս: Այնուհետև, Անդրբայկալյան ռազմաճակատի կազմում Սուպյանը ակտիվ մասնակցություն ունեցավ Ճապոնիայի Քվանտունյան բանակի ջախջախման Խինգան-Մուկդենյան մարտական գործողությանը:

Երբ խոսում ենք Հունգարիայի ազատագրման մասին, պետք է հիշենք ևս մեկ մարդու, ով ընդհանրապես զինվորական չէր, այլ ամենախաղաղ մասնագիտությունն ուներ` բժիշկ էր: Հունգարիայում դեռ հիշում են Արա Երեցյանին, որը Սալաշիի օրոք` 1944 թ. ղեկավարում էր հիվանդանոցը, որտեղ շուրջ 350 հրեաներ կային, և վտանգելով իր կյանքը` փրկեց նրանց:

Հետաքրքիր է, որ Երեցյանը (ծնվել է Կոստանդնուպոլսում, մանուկ հասակում ընտանիքով հայտվնել է Բուդապեշտում) 1930-ականների սկզբին եղել է Սալաշիի «Խաչված նետեր» կուսակցության անդամ, սակայն վերջինս այդ ժամանակ դեռևս ֆաշիստ չէր, և կազմակերպության օրակարգում դեռ չկային ազգայնականության տարրեր: Երեցյանը, սակայն, դուրս եկավ կուսակցությունից, երբ Սալաշին սկսեց կոչ անել կոտորել հրեաներին. իշխանության գալով ՝ Սալաշին կյանքի կոչեց այդ կոչերը:

Արա Երեցյանը կնոջ ՝ Մարիայի, դուստր Սոֆյայի և որդու՝ Արայի հետ, 1956թ.

Այնուամենայնիվ, Երեցյանը, որը հեռացավ կարճատև իշխանություն ունեցած կուսակցությունից, ականավոր բժիշկ էր, ում նշանակեցին քաղաքացիական պաշտպանության ջոկատի հրամանատար Բուդապեշտի թաղամասերից մեկում: Նա ամեն ինչ արեց հնարավորինս շատ հրեաների կյանքեր փրկելու համար: Երեցյանը ականատես եղավ, թե ինչպես հազարավոր հրեաներ Հունգարիայից ուղարկվեցին Օսվենցիմ, և այդ ողբերգությունը ստիպեց բժշկին լուծում փնտրել:

Նա Շվեդիայի դեսպանատան ենթակայության տակ գտնվող շենքում հիվանդանոց հիմնեց և հրեաներին թաքցրեց այնտեղ: Ընդ որում, թաքցնում էր շատ խորամանկ կերպով:

Կլինիկայում, որի հիմնական ծախսերը բժիշկն ինքն էր հոգում, տարբեր ժամանակ շուրջ 40 հրեա բժիշկներ են ապրել իրենց ընտանիքների հետ: Երեցյանը կազմակերպել է հրեաների համար կեղծ փաստաթղթերի պատրաստումը, որոնք վկայում էին նրանց արիական ծագման մասին, փաստաթղթերը շատ բարձրորակ էին:

Արա Երեցյան, 90-ականների վերջ

Արա Երեցյանը օգտագործում էր իր հին կուսակցական կապերը տարբեր տեսակի թույլտվություններ և լիցենզիաներ, ձևաթղթեր և կնիքներ ստանալու և հրեաներին անվտանգ երկրներ ուղարկելու համար. հրեաները հեռանում էին` ներկայանալով գերմանական կամ այլ ազգությունների ներկայացուցիչների անուններով, որոնց գերմանացիները վատ չէին վերաբերվում: Բուդապեշտի ազատագրումից հետո պարզվեց, որ Արա Երեցյանը չորս հարյուր հրեայի կյանք է փրկել:

Տասնամյակներ անց՝ 1981թ., Հոլոքոստի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրը` Յադ Վաշեմը Երեցյանին շնորհեց «Աշխարհի արդարակյացների»

կոչում: Այս հուշամեդալը շնորհվում է ազգությամբ ոչ հրեաներին, որոնք նացիստական օկուպացիայի ժամանակ տարբեր երկրներում փրկել են հրեաներին՝ վտանգելով սեփական կյանքը:

 

Ռուբեն Գյուլմիսարյան