Dalma News-ը ընթերցողին է ներկայացնում հայրենական և համաշխարհային գիտության զարգացման գործում անգնահատելի ներդրում ունեցած խորհրդային գիտնականների մասին նյութերի շարք: Մեր նյութերի հերոսների գյուտերը, ուսումնասիրությունները և երկար տարիների քրտնաջան աշխատանքը մեկընդմիշտ փոխեցին աշխարհը և պատմության ընթացքը:

Հովհաննես Ադամյանը խորհրդային շրջանի հայ ինժեներ էր, ով պարադոքսալ կերպով համատեղում էր սովորելը, գիտելիքների հանդեպ կիրքը, հետաքրքրությունների ամենալայն շրջանակը հակասական բնույթ ունեցող բնավորության և համարյա պաթոլոգիական անհոգության հետ: Թվում էր` Հովհաննեսը պետք է հորից` Բաքվի հաջողակ նավթարդյունաբերողից սովորեր գործնական հմտություններ, շրջահայացություն և խիստ կարգապահություն:

Հովհաննես Ադամյանը դեռ երիտասարդ տարիքում էր իր տաղանդով հիացնում բոլորին շփման առաջին իսկ րոպեներից: Երաժիշտները, ում հետ ծանոթ էր, նրա համար կանխագուշակում էին մեծ ճանապարհ երաժշտության մեջ, նկարիչները տեսնում էին նրա մեջ գեղանկարչի, ով դեռ կենդանության օրոք հայտնի կդառնա, մաթեմատիկոսները, ֆիզիկոսներն ու քիմիկոսները իրար ընդհատելով խորհուրդ էին տալիս չանտեսել տաղանդը ու ընտրում էին ըստ իրենց ամենալավ համալսարանները:

Ի վերջո, նա ընտրեց բնական գիտությունները, բայց այստեղ առաջ ընկնելով պետք է ասել, որ միապաղաղ և մեծ համառություն պահանջող գիտական հետազոտությունները, ինչպես և պետք էր ակնկալել, չգայթակղեցին Հովհաննեսին, և նա իր գիտելիքների համար կիրառություն գտավ գործնական աշխատանքներում` գյուտարարություն մեջ:

Հովհաննես Ադամյան

Աստված նրան չօժտեց կենդանի մտքով ու երևակայությամբ, բայց ամեն բան ու միանգամից համակելու ցանկությունը ճանաչողական դժվարություններ էին առաջացնում Ադամյանին հետևողների մոտ: Վերջիններս պարզապես չէին հասնում նրա մտքի թռիչքի ու ցանկացած նյութի ընկալման արագության ետևից: Ադամյանի 21 տարին նոր էր լրացել, երբ 1900թ. հայտնի ֆրանսիացի ֆիզիկոս Ժակ Արսեն Դ’Արսոնվալը հանդիմանեց նրան.

«Ձեզ պես ծույլ մարդիկ, պարո՛ն, հազվադեպ են պատահում: Նման բացառիկ տաղանդների տիրապետելը և նման անփութությամբ դրանք վատնելը պարզապես հանցագործություն է»: 

Խեղճ Դ’Արսոնվալը շփոթմունքի մեջ էր` նրա առջև կանգնած էր բացառիկ տաղանդավոր քիմիկոս Մյունխենի ու Ցյուրիխի համալսարանների դիպլոմներով, և այժմ Բեռլինում ու Սորբոնում ինժեներ-էլեկտրիկի ու ֆիզիկոսի ուսուցում ստացող մեկը:

Ադամյանին կոչում էին «հավերժ ուսանող», ինչը նրան դուր էր գալիս, և նա ամեն կերպ ձգտում էր պահպանել համապատասխան կերպարը: Նա կարող էր շախմատի պարտիա առաջարկել Դուզ-Խոտիմիրսկուն և անձամբ Կապաբլանկային, իսկ ինքը` Կապաբլանկան պատրաստակամորեն համաձայնում էր, և վերջինս մեկ անգամ չէ, որ ստիպված է եղել մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ստիպի Ադամյանի թագավորին հանձնվել:

Ադամյանը 20-րդ դարասկզբին Փարիզի աներևակայելի տաղանդավոր նկարիչների հետ ցուցահանդեսներ էր կազմակերպում Մոնմարտրում: Նա շատ էր սիրում Բեռլինի հայտնի «Cafeedes Westens» սրճարանը, որն, ըստ մայրաքաղաքի բնակիչների, նշանակում էր «սրճարան մեծամոլների համար»: Սրճարանի սեղաններից մեկի վրա Ադամյանը մեկ անգամ մի քանի րոպեում այնպիսի գեղեցիկ նկար նկարեց, որ սրճարանի տերը սեղանածածկի վրա ապակի դրեց, որպեսզի պահպանի այդ ստեղծագործությունը: Հենց այդ հաստատությունում Ադամյանը ծանոթացավ Ավետիք Իսահակյանի և Շիրվանզադեի հետ:

Cafeedes Westens

Բայց արվեստը մնաց միայն հոբբի` համարյա մինչև կատարելության աստիճանի հղկված: Աշխատում էր Ադամյանը Բեռլինի համալսարանում պրոֆեսոր Արթուր Կորնի մոտ, ով այդ ժամանակ զբաղված էր հեռագրի միջոցով պատկեր փոխանցելու խնդրով: Որպես թափավազք սկզբում Ադամյանը հնարեց ֆաքսը:

Իր այս առաջին զգալի հայտնագործությունը, ինչպես և հաջորդները, Ադամյանը չբացահայտեց: Դժվար է ասել, թե ինչու նա այդպես վարվեց, սակայն դժվար թե այդ քայլին գնար համեստությունից դրդված, քանի որ արտոնագրերը ճշտապահորեն ստանում էր: Հնարավոր է, որ որպես իսկական նկարիչ նա պարզապես սկսում էր ապրել ստեղծագործական հաջորդ օբյեկտով, իրեն ամբողջությամբ նվիրում դրան մինչև գործընթացի ավարտը:

1911թ. 32-ամյա Հովհաննես Ադամյանը արդեն յոթ հայտնագործությունների հեղինակ էր, որոնք պաշտոնապես արտոնագրված էին միջազգային ձեռնարկություններում: Այդ հայտնագործությունների թվում փոխանցվող պատկերի հաղորդման ձևն էր, սև-սպիտակ պատկերի փոխանցման մի քանի տարբերակներ, և, իհարկե, երկգույն (սև-սպիտակ) հեռուստացույցի նախագիծը: Վերջինս կարողանում էր 600 կիլոմետր հեռավորությունից փոխանցել պատկերը, և հենց այսպես կատարվեց տեխնիկական հեղափոխություն:

Այդ հեռուստացույցի համար պայքարում էին Բեռլինը, Լոնդոնը, Փարիզը և Սանկտ Պետերբուրգը, որոնք ի վերջո եկան սողոմոնյան որոշման և միանգամից չորս արտոնագիր կազմեցին: Իսկ 1913թ. Ադամյանը արդեն ընդմիշտ վերադառնում է Պետերբուրգ և շարունակում իր փորձարկումները:

«Ստեղծելու բերկրանքը առաջին անգամ այստեղ զգացի, չնայած կենսապայմաններս Պետրոգրադում ամենալավը չեն` աշխատում եմ չջեռուցվող սենյակում, իսկ ջուրը ստիպված եմ ինքս կրել հեռուներից, բայց գոհ եմ, և նոր գաղափարներ այժմ ավելի շատ ունեմ, քան երբևէ», – գրել է նա 1920թ. քույրերին ուղղված նամակում:

Բայց այս տողերը գրում էր արդեն համաշխարհային հռչակ ունեցող գիտնականը, տասնյակ հայտնագործությունների` այդ թվում «գովազդների ավտոմատ ցուցադրման հարմարանքի» և «հեռավորության վրա լուսանկարչական պատկերները փոխանցելու սարքի» հեղինակը:

Ավելի քան քառորդ դարում` 1913-1928թթ., Ադամյանը ստացավ քսանից ավելի արտոնագրեր, որը նրա գյուտարար գործունեության ամբողջական պատկերը չէ, քանի որ մինչ այժմ հնարավոր չի եղել համաքել նրա ողջ արխիվը: Բազմաթիվ սարքերի օրիգինալ տարբերակներ անվերադարձ ոչնչացան Հայրենական մեծ պատերազմի տարիներին:

Փաստաթղթերում, որոնք պահպանվեցին պատերազմից հետո, ներկայացված են Ադամյանի աշխատանքները գունավոր հեռուստատեսության ու լուսահեռագրիչի ստեղծման ուղղությամբ, որոնցում նա փորձում է հասկացնել ավտոմատիկան և կիրառական էլեկտրատեխնիկան: Ադամյանը նաև համարվում է առաջին գիտնականը, որը կարողացավ հաջող կերպով պատկերների լուսահեռագրային փոխանցում իրականացնել միջանկյալ կլիշեի կիրառման միջոցով:

Իսկ ինչ վերաբերում է գունավոր հեռուստատեսությանը՝ Ադամյանը տարված էր այդ նախագիծը Երևանում ներկայացնելու գաղափարով: Եվ ահա 1925թ. Երևանի համալսարանի լաբորատորիայում նրա երազանքը կատարվեց:

«Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքում գործարկվեց աշխարհում առաջին եռագույն հեռուստացույցի միակ գործող մոդելը` «Հեռատեսը», և վաղ խորհրդային լրատվամիջոցների այս լուրը արագ տարածվեց աշխարհի բոլոր լրատվական գործակալությունների շրջանում:

Ծանր հիվանդությունը` երիկամների քաղցկեղը, քայքայեց կենսուրախ գյուտարարի առողջությունը: Բայց նա դրան էլ ուշադրություն չէր դարձնում` հաշված ամիսներում` մինչև 1932 թվականի վերջ, Ադամյանը աշխարհում առաջին անգամ իրականացրեց ռադիոլուսահեռագրի հաղորդում Մոսկվայից Լենինգրադ: Նա նաև հասցրեց հայտնագործել պատկերների գաղտնի փոխանցման սարք և ժապավենի վրա ձայնագրված պատկերների վերարտադրման սարք` տեսամագնիտոֆոն:

Ադամյանի մահից հետո հայտնաբերվեց, որ նա շատ մոտ էր Լուսնի մակերևույթի պատկերները Երկիր ուղարկելու նախագծին: Ադամյանի ձեռքում դեպի Տիեզերք դռան բռնակն էր, որը, սակայն, նա չհասցրեց բացել: Էստաֆետան նա փոխանցեց երիտասարդ Վիկտոր Համբարձումյանին:

Ադամյանը հեռացավ կյանքից Լենինգրադում, իսկ 38 տարի անց` 1970թ., նրա աճյունը տեղափոխվեց Երևան և ամփոփվեց պանթեոնում: Ի դեպ, տեսամագնիտոֆոնի նախատիպի արտոնագիրը Հովհաննես Ադամյանին շնորհվեց հետմահու:

 

Ռուբեն Գյուլմիսարյան