Հուլիսի 8-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիրը՝ համաձայն որի ռուսական ավիաընկերություններին արգելվում է ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Տեղի փորձագետների ակնկալիքներով, որոնք հնչեցվել են նույնիսկ հրամանագրի ընդունումից առաջ, պատժամիջոցները պետք է հանգեցնեին Ռուսաստանից դեպի Հայաստան տուրիստական զգալի ներհոսքի՝ թե՛ այն ռուս զբոսաշրջիկների հաշվին, ովքեր ցանկանում են Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործել Վրաստան հասնելու համար, թե՛ «վրացական շրջագայությունները» չեղարկած զբոսաշրջիկների շնորհիվ, որոնք կգերադասեն Հայաստանի գեղեցկությունը: Արդյո՞ք կանխատեսումները իրականություն դարձան, թե ամեն ինչ մնաց նույնը. Dalma News-ի թղթակիցը փորձեց ստանալ այս հարցի պատասխանը:
Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ Երևանում իսկապես նկատելիորեն շատացել են ռուս զբոսաշրջիկները: Ամենուր լսվում է ռուսերեն խոսքը: Հասարակական սննդի օբյեկտներում ևս հավաստում են Ռուսաստանից եկած հաճախորդների ներհոսք. մոտավոր հաշվարկով սեղանիկների մոտ 60%-ը զբաղեցնում են մեր բարեկամական պետության ներկայացուցիչները: Տեղի փոխանակման կետերի աշխատակիցները ևս հաստատում են ռուս հյուրերի թվի աճը. պատահական չէ, որ ռուբլու փոխարժեքը նվազել է: Այժմ 1 ռուբլու դիմաց 7,45 դրամի փոխարեն տալիս են ընդամենը 7,16 դրամ: Իսկ ի՞նչ կասեն տուրիստական գործակալությունները:
Ավաղ, այստեղ ռուսական զբոսաշրջային ներհոսքի վերաբերյալ էյֆորիա չկա: Տուրօպերատորները համարյա միաձայն փաստում են. հուլիսի 8-ից առ այսօր վիճակագրական իրավիճակը էապես չի փոխվել, և ՌԴ-ից հյուրերի ներհոսքի մասին խոսք անգամ չկա: Hyur Service ընկերությունը նույնիսկ նշեց, որ ինչպես միշտ, ամռան կեսին ռուս զբոսաշրջիկները թիվը նույնիսկ ավելի նվազել է, քան մայիս-հունիս ամիսներին: Եվ այս տարին բացառություն չէ: Իսկ «Elitar Travel»-ում «Russo Turisto»-ի վերաբերյալ այնքան խուսափողականորեն պատասխանեցին, որ թվում էր, թե զրուցում ենք ոչ թե տուրիստական գործակալի, այլ «Գործակալ 007»-ի հետ: «Դուք չե՞ք կարող պատասխանել նույնիսկ այն հարցին, թե Ռուսաստանցի զբոսաշրջիկները շատացել են թե քչացել՝ առանց հստակ թվերի», – հարցրեցի ես՝ կորցնելով համբերությունս: «Այո, չեմ կարող», – չոր պատասխան հնչեց: Այլ տուրիստական ընկերություններ նույնպես տարակուսում էին. «Չգիտենք, չենք հաշվում», «Ներհոսք չկա, ամեն ինչ առաջվա պես է»:
Մինչդեռ, հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ. ամեն ինչ ամենևին էլ այնքան անհեռանկարային չէ, որքան թվում է: Ընդհակառակը, որոշ տուրիստական ընկերություններ, համագործակցելով Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ, մեծ հաջողությամբ զարգացնում են «համակցված տուրերի» թեման. ռուսաստանցին ժամանում է Երևան, ճամփորդում է Հայաստանով, այնուհետև գնում է Վրաստան՝ տեսնելու այնտեղի տեսարժան վայրերը:
Այդ աղբյուրների հավաստմամբ՝ դա հենց դա է պատճառը, որ հայ-վրացական սահմանային անցակետերի ներկայումս նման ծանրաբեռնվածություն կա: Այստեղ նույնիսկ ուշ գիշերն առկա է մարդկանց և տրանսպորտային միջոցների մեծ բազմություն: Ստիպված ես լինում 2 ժամ կամ նույնիսկ ավել սպասել հերթերում փաստաթղթերի ստուգման համար: Եվ դժվար է գուշակել, թե ինչ պատճառով են «խորհրդավոր լռում» տուրօպերատորները: Գուցե նրանք «համակցված տուրեր» ձևակերպող զբոսաշրջիկներին չեն համարում «իրենցը», կամ էլ խնդիրը հարկերի մեջ է, որն ուղղակիորեն կախված է շրջանառությունից: Այսպես թե այնպես, տհաճ է, երբ ոլորտի ներկայացուցիչները բողոքում են, չնայած որ առկա է թեկուզև աննշան, բայցև ուրախության և ոգեշնչման առիթ:
Հանուն անկեղծության, հարկ է նշել, որ հանրապետության շատ հյուրեր, այդ թվում նաև Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները, իրոք շրջանցում են տուրիստական գործակալությունները՝ գումար տնտեսելու նպատակով: Նրանք անձամբ են ամրագրում սենյակներ մասնավոր հատվածում, վարձում զբոսավար և մեքենա: Պատահական չէ, որ երևանյան հյուրանոցներում, որտեղ դիմել էինք պարզաբանումների համար, նշում էին, որ ռուսների թիվն աճել է, սակայն ոչ սպասվածի պես: Մայրաքաղաքի տասը հյուրանոցներից հինգը նշեցին, որ գործնականում որևէ փոփոխություն չեն նկատել: Իսկ հյուրանոցային սենյակների հիմնականում ամրագրում են սփյուռքահայ այցելուները: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների մի որոշ հատված գումար խնայելը չի կարևորում: Եվ, նախընտրելով լիարժեք հանգստանալ, նրանք օգտվում են ինչպես տուրիստական գործակալությունների, այնպես էլ հյուրանոցների ծառայություններից՝ ամրագրելով այնտեղի լավագույն սենյակները: Ռուսաստանցի հյուրերի այս կարգի առատաձեռնության մասին, ի դեպ, նշում են նաև տաքսիստներն ու վաճառողները…
Ի տարբերություն տուրիստական ոլորտի ներկայացուցիչների, ավիացիոն ոլորտի ներկայացուցիչները փաստում են ավիացիոն շուկայում նկատելի աշխուժության փաստը: Այսպիսով, «Արմենիա» ավիաընկերությունը, որը Ռուսաստանից Վրաստան ավիաչվերթների արգելման կապակցությամբ կրկին վերսկսել է կանոնավոր չվերթները դեպի Մոսկվա, նշում է, որ ուղղությունը մեծ պահանջարկ ունի: Ռուսաստանի մայրաքաղաքից ուղևորներին Երևան, այնուհետև`Թբիլիսի փոխադրող ինքնաթիռները, միջինը 80%-ով լեցուն են: Ավելին, ըստ «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանի, ուղևորահոսքի շուրջ 40%-ը ամենևին էլ տարանցիկ ուղևորները չեն, այլ Երևան գնացողները
«Օրական իրականացվում է 2 չվերթ: Միջինում տեղափոխվում է մոտ 200 ուղևոր: Նրանց թվում, իհարկե, կան հայ ուղևորներ, որոնք, հավանաբար, Հայաստան են գալիս իրենց հարազատների և ընկերների հետ: Բայց կան նաև մեծ թվով ռուսներ, ովքեր ցանկանում են ծանոթանալ մեր երկրին»,- նշեց աղբյուրը:
Ըստ նրա, «Երևանյան տարանցումը» դեպի Վրաստան ամենահարմարն է: Այսպիսով, եթե ռուսաստանցին ճանապարհորդում է Ստամբուլով, ապա միայն 3 ժամում նա կհասնի Ստամբուլ, և ևս 2 ժամում՝ Թբիլիսի: Երևանից Վրաստանի մայրաքաղաք թռիչքը տևում է 25 րոպե: Ստեղծված իրավիճակի միակ բացասական կողմը ճանապարհածախսի բարձրացումն է: Այնուամենայնիվ, խոսքը տոմսի արժեքի 10%, կամ առավելագույնը՝ 15% հավելավճարի մասին է, ինչը շատ չէ: Այնպես որ, կարծում ենք, արձակուրդային սեզոնի ավարտից առաջ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ ևս կօգտվեն տեղական ավիափոխադրողի ծառայություններից:
Ընթացիկ ողջ զբոսաշրջային սեզոնի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների թվի ավելացման հետ կապված ակնկալիքները կիսում է նաև ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն: Պատճառն այն է, որ կառույցն արդեն հիմա դրական առաջընթաց է նկատում «ռուսական» վիճակագրության մեջ: «Մենք կստանանք հուլիս-սեպտեմբեր ամիսների պաշտոնական վիճակագրական տվյալները միայն հոկտեմբերի կեսերին. ՀՀ վիճակագրական կոմիտեն տվյալներ է տալիս եռամսյակների առ եռամսյակ: Այնուամենայնիվ, ելնելով առողջարանային քաղաքներից ստացված տեղեկություններից, ինչպես նաև մեր սեփական դիտարկումներից, արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի հանդեպ Ռուսաստանից ժամանած հյուրերի հետաքրքրությունը բավականին մեծ է: Մենք պարբերաբար կապ ենք հաստատում Ջերմուկի, Ծաղկաձորի և այլ առողջարանային քաղաքների հյուրանոցների հետ: Եվ ամենուր արձանագրվում է ռուս զբոսաշրջիկների կողմից ակտիվ այցելություն», – պարզաբանեց Զբոսաշրջության պետական կոմիտեի մարկետինգի բաժնի ղեկավար Գոհար Ալոյանը: Զրուցակիցը նաև շեշտեց, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների քանակական աճի միտումները ուրվագծվել են դեռևս տարեսկզբին: Արդյունքում, 2019 թվականի հունվարից հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այդ թվի աճը կազմել է 19,7%: Մինչդեռ ամբողջ 2018 տարվա համար, 2017-ի համեմատ, այդ ցուցանիշն աճել է 17%-ով:
Ի վերջո, Վրաստանի դեմ «օդային պատժամիջոցները» ընդունվեցին միայն հուլիսին: Իսկ ինչո՞վ է բացատրվում զբոսաշրջային ցուցանիշների աճը տարվա առաջին կիսամյակում: Զրուցակցի պարզաբանմամբ՝ հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի տարածք մուտք գործելու պարզեցումն էր: Ինչպես գիտեք, 2017-ին Ռուսաստանի քաղաքացիները թույլտվություն ստացան Հայաստան մուտք գործել ներքին անձնագրերով: Եվ քանի որ տուրիստական ոլորտի ցանկացած նորամուծություն շուրջ մեկ տարի պետք է գործի, որ արդյունքները երևան, այդ իսկ պատճառով դրա «հետևանքները» երևացին միայն 2019 թվականի սկզբին: Բացի այդ, իրենց արդյունքը տվեցին տարբեր մարկետինգային միջոցառումներ: Մասնավորապես, այս տարի ավելացվեց Զբոսաշրջության պետական կոմիտեի բյուջեն` մի շարք մարկետինգային արշավներ անցկացնելու համար` ինչպես Մոսկվայում, այնպես էլ աշխարհի տարբեր հատվածներում Հայաստանի ճանաչումը բարձրացնելու նխատակով: Ըստ ակնկալիքների՝ «Հայաստանն այնքան մոտ է» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է երկրի մասին տեղեկատվության առավել ակտիվ տարածումը (վահանակների, ցուցապաստառների, գովազդային հոլովակների տեսքով), էլ ավելի կբարձրացնի ռուսների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ:
Սա բավականին կարևոր է, քանի որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների ընդհանուր հոսքի մեջ առաջատարը, ինչպես և նախկինում, Ռուսաստանն է: 2019թ.-ի ընդամենը մեկ եռամսյակում մեր երկիր է այցելել 342 572 ռուս, մինչդեռ ամբողջ 2018թ.-ի ընթացքում Հայաստան է ժամանել մոտ 684 հազար ՌԴ քաղաքացի: Սա նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է: Եվ դրանում էական դերակատարություն ունի ոչ միայն Վրաստանի բացառումը ռուսաստանցիների «ուղիղ» ավիահաղորդակցման երկրների ցանկից, այլև անցյալ տարվա «թավշյա հեղափոխությունը», ինչպես նաև շատ այլ գործոններ: Համաձայն զբոսաշրջիկների խոսքերի, ում հետ առիթ ունեցանք զրուցելու, նրանց առավել տպավորում են լեզվական պատնեշի բացակայությունը, ցածր գները, համեղ ուտելիքը, տեղի բնակչության բարյացակամ վերաբերմունքը և, իհարկե, հայկական հյուրընկալությունը: Գոհար Ալոյանի խոսքերով, բոլոր երկրներից զբոսաշրջիկների ընդհանուր հոսքի աճը տարեկան կտրվածքով կանխատեսվում է առնվազն 15%: Եվ, կարծում ենք, որ այդ տոկոսային աճի զգալի մասը կապահովեն ռուս զբոսաշրջիկները:
Իրինա Գրիգորյան