Ղրիմը հնարավոր չէ պատկերացնել առանց հայերի: Պատմությունը վկայում է, որ ղրիմահայերը թերակղզու հնագույն ժողովուրդներից են, իսկ Ղրիմում հայկական սփյուռքի զարթոնքը համընկավ հարավային ափերին ջենովացիների տիրապետության հաստատման հետ (խոսքը XIII-XV դարերում ջենովացի առևտրականների ամրացված առևտրային կենտրոնների և Ջենովայի հանրապետության գաղութի մասին է): Հայազգի բնակչությունը մեծամասամբ կենտրոնացած էր թերակղզու հարավ-արևելքում, կենտրոնը՝ Ֆեոդոսիա քաղաքում:

Հայտնի է, որ հայոց թագավոր Տիգրան II Մեծը ամուսնացած էր Պոնտոսի արքա Միհրդատ VI Եվպատորի դստեր՝ Կլեոպատրայի հետ: Այդ ժամանակ Փոքր Հայքը գտնվում էր Պոնտոսի կազմում: Այսօր նույնպես հայերը շարունակում են ապրել և արարել Ղրիմում, իսկ թերակղզու վերադարձը Ռուսաստան էլ ավելի շատ է ամրապնդել նրանց դիրքերը Սև ծովի այս ափին:

Ոչ պաշտոնական տվյալներով Ղրիմում ապրում է մոտ 40 հազար հայ: Ղրիմի տարածաշրջանային հայկական ազգամշակութային համայնքի նախագահ Գեորգի Հակոբյանի խոսքերով, թերակղզին Ռուսաստան վերադառնալուց հետո հայերի թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հիմնականում «Ռուսաստանի Դաշնությունում ապրելն ավելի հարմարավետ լինելու» զգացողության շնորհիվ:

«Գաղտնիք չէ, որ ամենամեծ հայկական Սփյուռքը գտնվում է Ռուսաստանում, և այստեղ հայերի համար առկա են բոլոր պայմանները՝ հարմարավետ ապրելու և աշխատանքային գործունեություն ծավալելու համար: Հայերի համար շատ արտոնություններ կան: Օրինակ, Ղրիմում կա հայերի կոմպակտ բնակման վայր՝ Հայկավանը, որն այս տարի նշում է իր հիմնադրման 25-ամյակը, բայց տարիներ շարունակ այն չի բարեկարգվել. չունի ո՛չ գազ, ո՛չ լույս, ո՛չ ջուր: Այս ամենը դժվարություններ էր առաջացնում, սակայն Ռուսաստանին միանալուց հետո այս ուղղությամբ աշխատանքներն արագ տեմպերով ընթանում են. Հայկավանում գրեթե ամենուր արդեն մատակարարվում է էլեկտրաէներգիա, կա ջուր, իսկ բնակավայրի կեսն արդեն գազիֆիկացված է», – նշեց նախագահը Dalma News-ին տված հարցազրույցում:

Գեորգի Հակոբյան

Բացի այդ, գյուղում տեղ է հատկացվել նոր հայկական եկեղեցու կառուցման համար, կառուցվում է մանկապարտեզ, որը կլինի հայկական թեքումով, իսկ Սուրբ Խաչ եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են տարվում, որոնք թեև սկսել էին ուկրաինական տիրապետության ժամանակ, սակայն առանձնապես առաջ չէին գնում: Իսկ հիմա աշխատանքները ողջ թափով ընթանում են, և մեր զրուցակցի խոսքով՝ այս տարի դրա համար պետբյուջեից հատկացվում են միջոցներ, իսկ հաջորդ տարի նախատեսվում է ավարտել ողջ գործընթացը:

«Բացի այդ, Ղրիմում կան բազմաթիվ հայկական եկեղեցիներ (XIV-XVI դարերի ժառանգություն), որոնք գրեթե ամբողջությամբ ավերակների են վերածվել, սակայն համայնքը աշխատում է այն ուղղությամբ, որ եկող տարի միջոցներ տրամադրվեն երեք եկեղեցիների պահպանման համար»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա, Գեորգի Հակոբյանի խոսքերով, Ղրիմի հայությունը, որպես այդպիսին, գլոբալ խնդիրներ չունի, սակայն Հայաստանում ղրիմահայությունը դեռ հանդիպում է որոշակի խնդիրների: Դա պայմանավորված է նրանով, որ ղրիմաբնակները հիմնականում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, և հայերը բախվում են այն խնդրին, որ Ղրիմի նոտարները չեն ճանաչվում հայկականների կողմից, քանի որ Հայաստանը դեռևս չի ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս:

«Մեր նոտարները չեն ճանաչվում Հայաստանում, և սա, ինչպես կարելի է ենթադրել, բավականին լուրջ խնդիր է: Նոտարների միջոցով անցնող ամբողջ փաստաթղթաշրջանառությունը վերածվում են գլխացավանքի և անվերջ թղթաբանության: Բայց մենք հայ ենք, ճարպիկ մարդիկ ենք և դժվարություններից չենք վախենում, ուստի յուրաքանչյուր նոտարական վավերացմամբ փաստաթղթի համար հասնում ենք Կրասնոդար, որտեղ այդ խնդիրը լուծվում է Կրասնոդարի նոտարների միջոցով: Բայց, ինչպես հասկանում եք, դա այդքան էլ հարմար չէ և բավականին թանկ, սակայն ինչ կարող ենք անել», – ասաց նա:

Զրուցակցի խոսքերով, ևս մեկ տհաճ հանգամանք է Հայաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության բացակայությունը` Ղրիմի հայերը տուն վերադառնալու համար կրկին գնում են Կրասնոդար:

«Այսպիսով, կարող ենք ասել, որ Ղրիմում հայերը խնդիրներ չունեն, իսկ Հայաստանում՝ ունեն. չէ՞ որ պետք է ինչ-որ ձևով հասնենք հայրենիք: Ի դեպ, սեպտեմբերի 18-ից 23-ը կանցկացվեն Հայաստանի օրերը Ղրիմում, որոնց ակնկալվում է հայաստանյան պաշտոնյաների ներկայությունը, և մենք կփորձենք գտնել այս հարցին»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Միևնույն ժամանակ, Հակոբյանը նշեց, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունների հետ շփումը գործնականում ընդհատվել է, ինչը հիմնականում պայմանավորված է սփյուռքի նախարարության վերացմամբ: Եվ դա չի կարող չհուզել նրանց.

«Ղրիմը մեր տունն է, իհարկե, բայց հայերն առանց իրենց հայրենիքի և սփյուռքի աջակցության չեն կարող: Միայն ազգանունը դեռ բավարար չէ հայ լինելու համար, բայց այսօր, ցավոք, հաճախ ականատես ենք լինում հենց նման պատկերի, երբ կորչում է լեզուն, մշակութային ժառանգությունը, իսկ հայրենիքի հետ կապը թուլանում է: Մեր երեխաները աստիճանաբար կորցնում են կապը արմատների հետ, ուստի մենք կփորձենք վերածել Հայկավանը փոքրիկ Հայաստանի, որպեսզի փոխենք այս վտանգավոր միտումը և պահպանենք մեր լեզուն, ավանդույթներն ու մշակույթը: Ղրիմահայ ժամանակակից համայնքի ամենակարևոր խնդիրը մայրենի լեզուն, հետևաբար նաև՝ ժողովրդի ինքնությունը, սովորույթներն ու մշակութային արժեքները պահպանելն է»,- ամփոփեց ղրիմահայ համայնքի նախագահը:

 

Լինա Մակարյան