Վերջին տարիներին Հայաստանում աճել է էթնիկ շեշտադրմամբ հաստատությունների պահանջարկը: Այսօր շատ համայնքներ, որոնք հեռու են կենտրոնական տուրիստական արահետներից, բացում են տարբեր տեսակի գաստրոբակեր, արհեստանոցներ և ինքնատիպ ռեստորաններ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու համար, և այս ուղղությունն ակտիվորեն ծաղկում է: Դրա վառ օրինակն է «Բյուրականի արվեստի ստուդիան» և «Մնացականյանների գաստրոբակը», որոնք բացվել են հուլիսի 27-ին Բյուրական համայնքում (Արագածոտնի մարզ): Այս նոր տեղի բացումը, որը վստահաբար շուտով սիրված և նշանակալից կդառնա, հնարավոր դարձավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի միջոցով, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից:

Այսպիսով, ի՞նչ է ներառում Հայաստանի զբոսաշրջային քարտեզի այս նոր կետը: Նախ՝ «Byurakan Studio»-ն մի տեղ է, որտեղ զբոսաշրջիկները կարող են դիտել, թե ինչպես է արտադրվում ձեռագործ թուղթ և եզակի հին ձեռագրեր, և նույնիսկ մասնակցել այս գործընթացին: Ստուդիան հրավիրել է պրոֆեսիոնալ նկարիչների և մասնագետների, ովքեր իրենց գործի վարպետներն են: Ստուդիան գտնվում է ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի աշխատասենյակում:

Հատկանշական է «Մնացականյան գաստրոբակ»-ը, որտեղ տեղական խոհանոցի բոլոր ուտեստները պատրաստվում են ընտանիքի անդամների կողմից: Բիզնեսի օրենքներից մեկն ասում է` որպեսզի ձեր մասին խոսեն, մի յուրահատուկ և չկրկնվող բան արեք: Իհարկե, Հայաստանի տուրիստական ոլորտում և, առավել ևս, ռեստորանային բիզնեսում շատ դժվար է այնպիսի բան անել, որի նմանը չլինի, բայց գոնե մի հազվադեպ ուտեստ ճաշացանկի մեջ ներառելը բավականին իրատեսական է: Եվ հենց այդպես էլ արեց Մնացականյանների ընտանիքը՝ իրենց «գաստրոբակի» ճաշացանկի մեջ ներառելով հայկական «Ղարշմ» ճաշատեսակները (ոսպով և ընկույզով):

Ընտանիքի ղեկավար Արթուր Մնացականյանի խոսքով՝ սա միակ բանը չէ, ինչով կարելի է այցելուներ գրավել, և, իհարկե, ոչ ոք այստեղից սոված չի գնա: Իսկ առավել հարմարության համար, շուտով նրանց Facebook-յան էջում հնարավոր կլինի ոչ միայն ծանոթանալ ճաշացանկին, այլև սեղան պատվիրել հյուրասեր բակում:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Դմիտրի Ստեպանովը: Ըստ Մարյասինի, «գաստրոբակերը» հիանալի արտացոլում են ազգային խոհանոցի, գինիների և գեղեցիկ բնության հիանալի համադրությունը: Եվ հենց այս ամենն է Հայաստանին յուրահատուկ դարձնում զբոսաշրջիկների աչքերում:

«Ծրագրի խնդիրն, որն արդեն մեծամասամբ իրագործվել է, հանդիսանում է Հայաստանի քարտեզի վրա ստեղծել 50 նոր գյուղական տուրիզմի կետ ստեղծելը: Դրանք բացվում են տուրիստական կլաստերի շուրջ, այսինքն՝ այնտեղ, որտեղ կա տուրիստական հոսք, բայց այնտեղ, որտեղ այդպիսի տեղեր դեռ չկան», – ասաց Մարյասինը այս տարվա ապրիլին՝ Արենի (Վայոց ձորի մարզ) գյուղում բացելով Ստեփանյանների ընտանիքի «գաստրոբակը»: 

Նշենք, որ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում «գաստրոբակեր» բացելու ծրագիրը մեկնարկել է 2018 թ.: Դրա մասնակցելու համար ներկայացվել է 120 հայտ, որից ընտրվել են 25 առավել հետաքրքիրները՝ անհրաժեշտ չափանիշներին համապատասխան:

Ընդհանուր առմամբ, «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրն ընդգրկելու է Հայաստանի 60 գյուղական համայնքներ, և Ռուսաստանը ծրագրի մեջ կներդնի շուրջ 3 միլիոն դոլար: ՄԱԶԾ-ն օգնում է ծրագրի մասնակիցներին ստեղծել և զարգացնել իրենց բիզնեսը, մտածել մարքեթինգային ռազմավարություն և ծառայությունների կամ ապրանքների վաճառքի ձևեր: 

Նման գաստրոբակերը հաջողությամբ աշխատում են նաև Հայաստանի այլ մարզերում՝ դրանով իսկ նպաստելով ոչ միայն զբոսաշրջության զարգացմանը, այլ նաև մարզաբնակ քաղաքացիների համար աշխատատեղերի ստեղծմանը:

 

Լինա Մակարյան

 

Լուսանկարները rtd.amկայքից