Հուլիսի 11-ը՝ շոկոլադի համաշխարհային օրը, նշվեց նաև Երևանում: Արդեն չորրորդ անգամ է՝ «The Loft» ժամանցի և ինքնազարգացման կենտրոնում տեղի է ունենում «Choco Fest 2019»-ը, որի ընթացքում տեղի շոկոլադագործները հնարավորություն ստացան ներկայացնելու իրենց աշխատանքի պտուղները` կազմակերպելով ինչպես համտեսումներ, այնպես էլ վաճառք: Այս տարի, համաձայն «The Loft»-ի ստեղծագործական ղեկավար Ալեքս Միրզոյանի խոսքերի, նրանք որոշեցին նոր «համ» վելացնել «շոկոլադե միջոցառմանը»՝ շեշտը դնելով ոչ թե փառատոնի ցուցադրական հատվածի, այլ իր տոնական բաղադրիչի վրա:

«Մենք փոխել ենք ձևաչափը` ծրագրի մեջ ներառելով շոկոլադագործության վարպետության դաս, «Շոկոլադ» ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև քաղցրավենիքի և գինու համտես, որը ցանկացած տոնակատարության անբաժան մասն է: Եվ, իհարկե, կարծում ենք՝ դրան կգումարվեն հաճելի շփումը, ժպիտները և համապատասխան բարձր տրամադրությունը», – ասաց Միրզոյանը Dalma News-ին տված հարցազրույցում` «քաղցր» երեկոյի մեկնարկից առաջ: Եվ, երեկոյի ավարտին տեսնելով այցելուների և մասնակիցների երջանիկ դեմքերը, կարելի էր համոզվել, որ այս գաղափարը հաջողվեց:

Համտեսի համար առաջարկվող նմուշներն ակնթարթորեն անհետանում էին սեղաններից. որոշ տեսակներ սպառվեցին «Choco Fest»-ի մեկնարկից մոտ կես ժամ անց: Եվ դա զարմանալի չէ. թեև մասնակիցների թիվը մեծ չէր՝ պայմանավորված նրանով, որ ոլորտը դեռևս կայացման փուլում է, և փառատոնին ներկայացվել էին ընդամենը հինգ ընկերությունների և անհատ արտադրողների արտադրատեսակներ, սակայն մեր շոկոլադագործների երևակայությունը հիանալի է: Օրինակ, «Choco Syu» ընկերությունը ներկայացրել էր առաջին հայացքից լիովին անհամատեղելի բաղադրիչներ՝ սեղանին դրված էր աղի շոկոլադ՝ հիմալայական վարդագույն աղով, կծու շոկոլադ` չիլի պղպեղով, սև քնջութով պատված շոկոլադ և վարդագույն բուրումնավետ պղպեղով համեմված սալիկ: Դե, իսկ ինչ իրարանցում առաջացրեց սուբլիմացված ազնվամորիով, ազնվամորու փոշով, կարամելացված պնդուկով և վարդի թերթիկներով սպիտակ շոկոլադի սալիկը:

Մինչ քաղցրասեր հյուրերի մի մասը շրջապատել էր «Choco Syu»-ի սեղանիկը, մյուս մասը հավաքվել էր «Sweet House» ընկերության սեղանիկի շուրջ: Երկամյա փորձով այս ընկերության արտադրանքն արդեն հայտնի է հայկական շուկայում, և զարմացնում է, առաջին հերթին, երեխաներին: Երեխաները զարմացած նայում էին շոկոլադե զենքերին, նրան կցված քաղցր «պահունակին»: Ինչպես նաև զարմանքով դիտում էին, թե ինչպես են կենդանանում սիրված մուլտֆիլմերի և ֆիլմերի հատվածները: Հրաշքը իրականություն էր դառնում, երբ առանձին շոկոլադե սալիկների վրա պահում էին «Magic Happens» բջջային հավելվածը: Արդյունքում, «Վինիկ» շոկոլադը ցուցադրում էր նույնանուն մուլտֆիլմը: Իսկ Wonka սալիկը վերափոխվում էր էկրանի որով կարելի է դիտել հայտնի «Willy Wonka & the Chocolate Factory» ֆիլմը:

Մինչ երեխաները զվարճանում էին, մեծահասակները հետազոտում էին ուտելի գործիքների՝ մուրճի, մանեկադարձիչի և առանցքակալի հավաքածուները: «Հիանալի նվեր է ոչ միայն արհեստավորների համար, այլ նաև նրանց, ովքեր ունեն հումորի զգացում», – պատմեց հյուրը: «Sweet House»-ի ներկայացուցիչները նշել են, որ իրենց հիմնական նպատակն է ոչ միայն բարձրորակ շոկոլադ արտադրելը, այլ նաև մարդկանց ուրախություն պարգևելը՝ ստեղծագործական մոտեցում ցուցաբերելով նվերների արտադրությանը: Արդյունքում «քաղցր տանը» հայտնվել են շոկոլադե մաղթանքներ և գինիներ, որոնց պիտակները յուրօրինակ այցեքարտեր են, որտեղ կարելի է գրել նվերի հասցեատիրոջ անունը և ջերմագին մաղթանքներ:

«Մենք արդեն երկրորդ տարին է՝ շուկայում ենք: Եվ, ի դեպ, այսօր մեր ընկերության ծննդյան օրն է, որի հիմնումը ժամանակին նվիրել էինք շոկոլադի համաշխարհային օրվան: Մենք մեր արտադրանքին վերաբերվում ենք հատուկ խնամքով՝ անհատական մոտեցում ցուցաբերելով ամեն ինչի նկատմամբ: Տեսականու մեջ մինչ օրս կան բացառապես ձեռքով պատրաստված նմուշներ: Ամեն ինչ, առանց որևէ բացառության, պատրաստվում է սիրով: Չէ՞ որ շոկոլադը չի հանդուրժում անտարբերությունը»,- նշեց ընկերության ներկայացուցիչ Լուսինե Կիրակոսյանը: Նա հավելեց, որ տեսականին օր օրի ընդլայնվում է: Ընդլայնվում է նաև մանրածախ սպառման ցանցը. յուրօրինակ շոկոլադները կարելի է ձեռք բերել գրեթե բոլոր խոշոր սուպերմարկետներում: Իսկ նրանց ստեղծման վրա արդեն աշխատում է մոտ տասնհինգ մարդ:

Իսկ «Choco Syu» ընկերության հիմնադիր, գաղափարների ոգեշնչող և ամբողջ տեսականին արտադրող Սյունե Միքայելյանը դեռևս կանգնած է սեփական բիզնեսի զարգացման ակունքներում: Մասնագիտությամբ հատուկ հոգեբան և արտ-թերապևտ Սյունեն մի քանի տարի առաջ որոշեց նվիրվել «քաղցր բիզնեսին»:

«Մոսկվայում ես փորձեցի կծու շոկոլադ: Եվ, չնայած ես կծու կերակուրների սիրահար չեմ, այնուամենայնիվ, հավանեցի դա: Ոգևորվեցի շոկոլադագործի մասնագիտությանը տիրապետելու գաղափարով: Ես դասընթացներ անցա Մոսկվայում, սովորեցի այս դժվարին արհեստի հիմունքները և ամեն ինչ սկսվեց: Սկզբում սալիկներ և կոնֆետներ էի ստեղծում իմ և իմ մտերիմների համար: Բայց մոտ կես տարի ես անցա նոր մակարդակի. պատվերներ եմ ընդունում ինտերնետ խանութում: Աշխատանքը շատ ծանրաբեռնված է. իրականում ամեն ինչ, սկսած որակյալ բելգիական շոկոլադ գնելուց, մինչև ջերմային մշակումը, լցոնումը, նրանց մշակումը, զարդարումը և մի շարք այլ գործեր անում եմ միայնակ: Այնուամենայնիվ, երբևէ չեմ զղջացել նախաձեռնությանս համար: Ի վերջո, շոկոլադի բիզնեսը այնքա՜ն հետաքրքիր է», – պատմեց նա:

Այսօր Սյունեի աշխատանքային տեսականու մեջ կան շոկոլադի չորս տեսակներ` կաթնային (33%), սպիտակ (33%), դառը (70%) և մուգ (54%): «Շոկոլադը Բելգիայից է: Սուբլիմացված հատապտուղները, մրգային չիպսերը և այլ «աքսեսուարներ» Ռուսաստանից են: Սննդային ներկանյութերը` Հնդկաստանից»,- խանդավառությամբ ներկայացնում է իր արտադրանքի բաղադրիչները Սյունեն: Եվ հավելում է, որ արդեն մտածում է Երևանում խանութ բացելու մասին: Գուցե դա լինի հաջորդ տարի: Բայց ինչքանով է իրեն արդարացնում նման բիզնեսը:

Արտադրողների հետ զրույցներից պարզվում է, որ Հայաստանում ձեռագործ շոկոլադի պահանջարկը տարեցտարի աճում է: Նույնիսկ չնայած այն փաստին, որ 100-110 գրամանոց սալիկը կարող է արժենալ, օրինակ, 3000-3500 դրամ: «Գիտեք, արտասահմանում կա շոկոլադ, որը նկատելիորեն ավելի թանկ է: Միևնույն ժամանակ, մեր վարպետների կողմից արտադրված շոկոլադի որակը ոչնչով չի զիջում, իսկ հաշվի առնելով բաղադրիչների բնականությունը` որոշ դեպքերում կարող է նույնիսկ գերազանցել արտասահմանյան արտադրանքը: Ահա թե ինչու բանիմաց մարդիկ գումար չեն խնայում: Ավելին, շատ դեպքերում դա այդքան էլ մեծ գումար չէ», – ասում է Ալեքս Միրզոյանը, որը տարիներ շարունակ ոլորտի ներկայացուցիչների հետ շփման արդյունքում արդեն շատ բան գիտի ոլորտի նրբությունների մասին:

Այնուամենայնիվ, չնայած տեղական սպառողի կողմից որոշակի հետաքրքրության, նորարար արտադրողները դեռևս աջակցության կարիք ունեն: Իսկ «The LOFT»-ի կողմից կազմակերպված միջոցառումը նրանց օգնելու հերթական փորձ է «շոկոլադե բարձունքներին» հասնելու գործում: Ի դեպ, ոմանց համար այս փառատոնն արդեն լավ մեկնարկ է դարձել: Այսպիսով, անցյալ տարվա «Choco Fest»-ին մասնակցած շոկոլադագործ Լարան շատ շուտով բացեց սեփական խանութը: Եվ այսօր նա արդեն հաջողությամբ զարգանում է իր «քաղցր բիզնեսը»: «Մենք շատ ուրախ ենք և հպարտ, որ «Lara Chocolate Gallery»-ին, որը ժամանակին ներկայացրեց իր արտադրանքը «Choco Fest»-ում, այժմ շատ արագ զարգանում է», – ասաց կենտրոնի ստեղծագործական ղեկավարը: Նա նաև հավելեց, որ գալիք տարի հոբելյանական հինգերորդ Շոկոլադե փառատոնը, հավանաբար, տեղի կունենա ավելի մեծ շուքով:

Ըստ Միրզոյանի՝ իդեալական կլիներ, եթե արտադրողները կարողանային կազմակերպել և անցկացնել փառատոնը ինքնուրույն՝ սեփական ֆինանսական միջոցների և շուկայում նորեկներին օգնելու ցանկության հիման վրա: «Ավստրիայում ամեն տարի Շոկոլադի համաշխարհային օրը նշվում է աներևակայելի շուքով և գեղեցկությամբ: Մասնակցում են բոլոր արտադրողները, և ոչ ոք չի ընկալում մյուսին որպես մրցակից, այլ՝ որպես գործընկեր: Մենք արդեն ունենք նման միտումներ, ուստի կարծում եմ, որ ամեն ինչ առջևում է», – ասաց փառատոնի նախաձեռնողը: Գուցե մոտ ապագայում բարձրակարգ շոկոլադ համտեսելը և գնելը հասանելի լինի ավելի շատ երևանցիների բացօթյա ձևաչափով:

Մինչ այդ «ձեռագործ» շոկոլադի համը վայելելու և նույնիսկ պատրաստման գործընթացի մասնակիցը դառնալու հնարավորությունը իրականություն է դարձել «Luis Charden» առաջատար հրուշակագործի վարպետության դասի ժամանակ: Մասնակիցները շրջապատեցին աշխատանքային սեղանը, և նրանից հեռու չէին գնում մոտ մեկուկես ժամ: Միևնույն ժամանակ, տնային տնտեսուհիները մեկը մյուսի հետևից հարցեր էին ուղղում` սկսած ջերմային մշակման անհրաժեշտ ջերմաստիճանից մինչև փափուկ շոկոլադը վերջնական արտադրանքի վերածվելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը: Շատերը տեսանկարահանում էին խորհուրդները: Մյուսները, ինչպես «Կովկասյան գերուհու» Շուրիկը, գրի էին առնում տեղեկատվությունը նոթատետրում, այն հույսով, որ այն պետք կգա: Միևնույն ժամանակ, անհամբեր երեխաներն ու երիտասարդները քիչ-քիչ ուտում են ապագա լցոնման բաղադրիչները` համեղ ընկուզեղեն, չրեր:

Մեծամասնությունը, սակայն, շոկոլադե զանգվածի պնդեցման ակնկալիքով, դժվարությամբ դիմակայում էին: Նրանց ջանքերը զուր չէին, քանի որ ի վերջո առատորեն չրով լցոնված շոկոլադը, և բաժակների մեջ լցված շոկոլադե գանաշը պարզապես անկրկնելի էին: Երեկոյան ուշ մասնակիցները հեռանում էին կուշտ, տեղեկացված և ուրախ: Իսկ ինչ-որ մեկը նույնիսկ վարպետության դասից նմուշներ էր տանում իր հետ. «Թող որ ընտանիքս ևս ստանա այդ երջանկության հորմոնը, որն այսօր ստացանք մենք: Նմանօրինակ «համեղ» միջոցառումները պետք է շատ լինեն: Մեկ էլ տեսար՝ կյանքն էլ քաղցրանա»:

 

Իրինա Գրիգորյան