2018 թվականի ամռանը Սևանը «ծաղկեց». Հայկական լեռների կապուտակ գեղեցկուհին տեղ-տեղ կանաչեց: Իհարկե, գեղեցիկ է, բայց բնապահպանները սկսեցին ահազանգել, քանի որ Սևանը Հայաստանի հսկայական ռազմավարական ռեսուրսն է՝ երկրում քաղցրահամ ջրի միակ խոշոր երաշխավորված աղբյուրը և ամենախոշորն ամբողջ Կովկասում: Եվ արդարացի է ասված, որ եթե մենք կորցնենք Սևանը, դա աղետ կլինի հայ ժողովրդի համար:
Անցյալ տարի բնապահպանության նախարարությունը ստուգել էր Սևանա լճում ազոտի և ֆոսֆորի պարունակությունը, և նախարար Էրիկ Գրիգորյանը նշել էր, որ ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում, սակայն որոշ գործոններ գումարվում են իրար, ինչի հետևանքով ջրիմուռների աճ է գրանցվել ոչ միայն Սևանում, այլև այլ ջրավազաններում: Այս գործոնները բացատրվում էին տեղումների ցածր քանակով, բարձր ջերմաստիճանով, կեղտաջրերի մեծ քանակով և այլն: Բացի այդ, մարդկանց կոչ էին անում շատ չանհանգստանալ, քանի որ «ծաղկել էր» ոչ միայն Սևանը, այլև տեղ-տեղ նաև՝ Սև ծովը: Եվ քանի որ թավշյա հեղափոխությունից հետո առաջին ամառն էր, և Հայաստանը պատրաստվում էր արագ տեմպերով վերածվել Սինգապուրի և ապրել երկար և երջանիկ՝ էյֆորիայի լույսի ներքո Սևանա լճի հետ կապված իրավիճակը շատ արագ մոռացվեց:
Եվ մեկ տարի անց՝ 2019 թ. հունիսին, բնապահպանները կրկին ահազանգեցին. Սևանը կրկին կանաչել է, իսկ մասշտաբներն այս անգամ ավելի ծավալուն են, ինչի մասին վկայում են մեկ ամսվա տարբերությամբ արբանյակային լուսանկարները: Սոցիալական ցանցերի հայկական հատվածում ամեն օր հրապարակվում էին երբեմնի կապույտ, իսկ այժմ ջրիմուռներով ծածկված և գարշահոտ լճի լուսանկարները: Բացի այդ, հրապարակվում էին մահացած կենդանիների և ճայերի լուսանկարները, որոնք, ինչպես ասում են, լճից ջուր խմելուց հետո ուռչում և ընկնում էին:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի համար կենսական ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրսի հետ և արդյոք իշխանությունն իրականում կարևորություն չի տալիս այդ էկոլոգիական աղետի մասշտաբներին, որի մասին բարձրաձայնում են փորձագետները: ՀՀ բնապահպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Սևանի էկզոտիկ գույնը պայմանավորված է Անաբենա (լատ. Anabaena) ջրիմուռներով:
«Ջրիմուռների այդ տեսակն առաջին անգամ հայտնաբերվել է Սևանա լճում 1940-ական թվականներին, իսկ առաջին ծաղկումը արձանագրվել է 1964թ.-ին և կրկնվել այլ տարիներին: Մեծամասշտաբ ծաղկում է նկատվել 2018 թվականին: Փորձագետների կարծիքով, բալասանային ջրիմուռների աճը պայմանավորված է մի քանի գործոնով: Դրանք են` Սևանի շրջակայքում գտնվող տասնյակ բնակավայրերից, ինչպես նաև Սևանի ափամերձ տարածքներում գործող հյուրանոցներից և ժամանցի վայրերից հոսող կոյուղաջրերը, գյուղատնտեսությունը և անասնապահությունը, ֆոսֆորի և ազոտի ներթափանցումը լճի մեջ, բարձր ջերմաստիճանը և կլիմայի փոփոխությունները, աղտոտված միջավայրը և այլն»,- ասվում էր նախարարության հայտարարության մեջ: Միաժամանակ, նշվում է, որ իրավիճակը լուծելու համար նախարարությունը ձեռնարկել է և ձեռնարկում է մի շարք քայլեր, այդ թվում միջազգային փորձագետների ներգրավմամբ և ֆինանսավորմամբ:
Բայց քանի դեռ նախարարությունը գրում է ծրագրեր և օրենքի փոփոխություններ, մշակում է գործողությունների ծրագիր, իրավիճակը շարունակում է մնալ անբարվոք: Ափամերձ գյուղերի բնակիչները վախենում են եղջերավոր անասուններին մոտեցնել լճին, քանի որ արդեն երկու կով է սատկել Կարճաղբյուր գյուղում, 15-ի մոտ անասնաբույժները հայտնաբերել են մարսողության խնդիրներ և պարզ չէ` արդյոք նրանք կապրեն: Իսկ Արտանիշ գյուղում Սևանից ջուր խմելուց հետո կորուստները կազմել են 7 կով, Ծովինարում` 9: Անցյալ տարի՝ Սևանի ծաղկման ժամանակ, գյուղացիները գրեթե նույն քանակի անասուններ կորցրեցին:
Պատկան մարմինները դեռևս չեն շտապում հայտարարություններ անել, թե ինչու են սատկել անասունները և արդյոք դա կարող է վնաս հասցնել մարդկանց առողջությանը՝ հաշվի առնելով, որ լողանալու սեզոնը արդեն մոտ է, իսկ ջրիմուռների բնութագրերին ծանոթանալուց հետո կասկածներ գրեթե չեն մնում:
«Անաբենան թաղանթային ցիանոբակտերիայի (կապտականաչ ջրիմուռների) դասին է պատկանում, կազմում է պլակտոնի մի մասը: Հայտնի է ազոտի ֆիքսման ունակություններով, ստեղծում է սիմբիոտիկ հարաբերություններ որոշ բույսերի հետ, ինչպես օրինակ՝ որոշ պտերանմաններ: Նա այն չորս ցիանոբակտերիաների տեսակներից մեկն է, որն արտադրում է նեյրոտոկսիններ, որոնք վնասում են տեղի բնությանը, ինչպես նաև գյուղատնտեսական և ընտանի կենդանիներին»:
Միևնույն ժամանակ, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ կովերի մահը կապ չունի Սևանի հետ.
«Միջադեպը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող անտառում: Այնտեղ կան ճահճուտային տարածքներ, որտեղ աճում է առվույտ: Փորձագետները գիտեն, որ այս բույսը կարող է կովերի մոտ առաջացնել փավածություն, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել կենդանու մահվան: Նախնական տվյալներով, մահվան պատճառը առվույտն է», – գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Մինչ այդ, իրավիճակը պետք է անմիջապես լուծվի՝ հաշվի առնելով ոչ միայն թարմ ջրի պաշարներին սպառնացող վտանգը, այլև քաղաքական իրավիճակը տարածաշրջանում: Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ից Ռուսաստանի և Վրաստանի միջև ժամանակավորապես դադարեցվում է օդային հաղորդակցությունը, ինչը նշանակում է, որ զբոսաշրջիկների մի մասը, որոնք մտադիր էին արձակուրդն անցկացնել հարևան երկրում, կարող են փոխել ուղղությունը դեպի Հայաստան: Ավելին, ըստ «TourStat» վերլուծական գործակալության, Սևանա լիճը 2019 թվականի ամռանն ընդգրկվել է ԱՊՀ երկրների լավագույն 5 հանգստավայրերի ցանկում:
Հայաստանի առավելությունների շարքում էին այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ առանց վիզայի ռեժիմը, տեղացիների կողմից ռուսերենին տիրապետելը, մատչելի հանգիստը, ինչպես նաև համեղ սնունդը և մրգերի լայն ընտրանին: Կկարողանա արդյո՞ք Հայաստանը պահպանել զբոսաշրջային գրավչության նման բարձր ցուցանիշը վերջին մտահոգիչ էկոլոգիական փոփոխությունների համատեքստում:
Լինա Մակարյան