Ինչպիսի՞ն է Հայաստանում միգրացիայի ներկայիս իրավիճակը: Ինչպիսի՞ն է Հնդկաստանից ներգաղթյալների իրավիճակը, և ի՞նչն է Հայաստանում նրանց թվի կտրուկ աճի պատճառը: Ո՞ր երկրի քաղաքացիներն են ամենից հաճախ այցելում Հայաստան: Որքանո՞վ է արդարացված Հայաստանի լիբերալ միգրացիոն օրենսդրությունը, և արդյո՞ք իշխանությունները մտադրություն ունեն խստացնել այն: Ինչպիսի՞ն է ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտած ՀՀ քաղաքացիների իրավիճակը:

Այս և այլ հարցերի շուրջ Dalma News-ի հետ խոսեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը:

– Ինչպիսի՞ն է միգրացիայի ներկայիս իրավիճակը: Ինչպիսի՞ն են 2018 թվականի արդյունքները: Եվ ինչո՞ւ տարբեր գերատեսչություններ հրապարակում են տարբեր միգրացիոն հաշվեկշիռ:

– Տարբեր գերատեսչությունների թվերը տարբեր են, քանի որ տարբեր գերատեսչություններ առնչվում են տարբեր թվերի: Հարցն դրանում է: Գոյություն ունի միգրացիոն հաշվեկշիռ: Այն ներգաղթողների և արտագաղթողների միջև տարբերությունն է մեկ տարվա կտրվածքով: Ներգաղթյալը այն անձն է, որը մուտք է գործել երկիր և մնացել է այնտեղ 12 ամիս, իսկ արտագաղթյալը այն անձն է, որը լքել է երկիրը և 12 ամիս է չի գտնվել այնտեղ: Այս երկուսի տարբերությունը կոչվում է միգրացիոն հաշվեկշիռ: Իսկ մենք ներկայացնում ենք մի ցուցանիշ, որը կոչվում է միգրացիոն հաշվեկշիռ կամ սահմանի հատման հաշվեկշիռ: Սա այլ մեթոդաբանություն է, դրանք տարբեր ձևով են հաշվարկվում:

Միգրացիոն հաշվեկշիռը բացասական է՝ մոտավորապես -18000: Այս ցուցանիշը լավն է, այն խիստ նվազել է: Իսկ սահմանի հատման հաշվեկշիռն այս տարի դրական է` +15313:

– Ինչի՞ հետ են կապված այս ցուցանիշները: Կա՞ արդյոք դրական միտում: Եվ ինչպե՞ս եք բացատրում այս միտումը:

– Դինամիկան հաստատ դրական է: Միտումը կարելի է բացատրել երկու բանով: Առաջինը, երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, երկրորդը` երկրի հանդեպ հետաքրքրության աճը: Ընդհանուր առմամբ, Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը աճում է: Երկրի հոգեբանական իրավիճակը փոխվել է. մարդիկ սկսել են իրենց ապագան կապել այս երկրի հետ, ինչը շատ կարեւոր է: Սա է փոխում մարդկանց միգրացիոն վարքը:

– Եկեք համեմատենք այս թվերը անցյալ տարիների թվերի հետ` դինամիկան տեսնելու համար:

– Այժմ մի փոքր պարզաբանեմ մեթոդաբանության կարևորությունը: Նույնիսկ եթե մեթոդաբանությունը լավը չէ, ապա որևէ մի ցուցանիշ երկար ժամանակ հաշվարկելիս և մեխանիկական վերահաշվարկ կատարելիս, վերջում կարելի է ստանալ նորմալ վիճակագրություն: Ինչո՞ւ եմ հաճախ մեջբերում սահմանի հատման հաշվեկշիռը: Քանի որ դա մեխանիկական ցուցանիշ է (մուտք, ելք), որը հաշվարկվել է 2000 թվականից սկսած: Այսինքն՝ չնայած այս ցուցանիշը չի արտացոլում ճշգրիտ իրավիճակը, սակայն այն ավելի լավ է արտացոլում միգրացիոն իրավիճակը և ավելի լավ պատկերացում է տալիս միգրացիոն իրավիճակի մասին, քան միգրացիոն հաշվեկշիռը: Միգրացիոն հաշվեկշիռը շատ դեպքերում նույնիսկ գնահատողական ցուցանիշ է: Դրա համար ես այնքան էլ հաճախ չեմ մեջբերում այդ ցուցանիշը: Եվ եթե նայեք սահմանի հատման հաշվեկշռին, ապա 2006 թվականից ի վեր՝ առաջին անգամ ունենք դրական ցուցանիշ: Վերջին 12 տարիների ընթացքում մենք ունեցել ենք դրական ցուցանիշներ 2004, 2005, 2006 և 2018 թվականներին:

– Տարեսկզբին շատ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում գրում էին Հայաստանում Հնդկաստանի միգրանտների ներհոսքի մասին: Իրականում ինչպիսի՞ն է Հնդկաստանի միգրանտների իրավիճակը, և ի՞նչն է Հայաստանում նրանց թվի կտրուկ աճի պատճառը:

– Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների թվաքանակի աճը կապված է երկու երկրների միջև վիզային ռեժիմի դյուրինացմամբ: Վերջինս ուժի մեջ է մտել կառավարության կողմից 2017 թվականի փետրվարին և նոյեմբերին ստորագրված երկու որոշումների համաձայն: Ցուցանիշները հետևյալն են՝ 2018 թվականին Հնդկաստանի քաղաքացիների մուտքի թիվը կազմում է մոտ 31000, իսկ ելքի թիվը՝ մոտ 27000: Այսինքն, մնում է մոտավոր 4000 մարդ, որից մոտ 2 հազարը ստացել է ժամանակավոր կացության թույլտվություն: Կարող ենք ենթադրել, որ մնացածը գտնվում էին երկրում վիզայով և պետք է մեկնեին: Այս տարի դեռևս նոր տվյալներ չունենք, բայց պետք է որ այդպես լինի: Ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածների մեծամասնությունը այս թույլտվությունը ստացել է Հայաստանում ուսումնառության հանգամանքի պատճառով: Երկրորդ խմբում են ավելի քան 800 անձինք, որոնք բնակության թույլտվություն են ստացել աշխատանքի ընդունվելու պատճառով:

– Ի՞նչ միտում է նկատվում: Նախկինում հնդիկների մեծամասնությունը գալիս էր այստեղ սովորելու, իսկ այժմ նրանք մրցակցում են հայաստանցի աշխատողների հետ, մասնավորապես՝ ծառայությունների ոլորտում:

– Իրոք, նկատվում է Հնդկաստանից աշխատանքային միգրանտների թվի աճի միտում: Ընդհանրապես, այս երկրից Հայաստան ժամանողների թիվը աճում է: 2016 թ. մենք բնակության թույլտվություն տրամադրեցինք մոտ 1000 մարդու, 2017 թվականին` 900, իսկ 2018թ.-ին՝ 2000: Այսինքն, 2016թ.-ի համեմատ կրկնակի աճ է նկատվում: Նախկինում նրանց հիմնական մասն ուսանողներն էին. հնդիկ աշխատողների ժամանումը նորություն է:

Արմեն Ղազարյան

– Ո՞ր երկրների քաղաքացիներն են ամենից շատ նախընտրում Հայաստանը: Որտեղի՞ց են մեզ մոտ ավելի շատ գալիս: Եվ ո՞ր երկրներն են առավել նախընտրելի Հայաստանի քաղաքացիների կողմից:

– Մեր քաղաքացիների համար առավել նախընտրելի երկրները եվրոպական երկրներն են և Ռուսաստանը, քանի որ ավելի հեշտ է գնալ այնտեղ: Եվրոպական երկրները գրավիչ են, և այժմ ավելի հեշտ է այնտեղ գնալ, քան նախկինում: Հատկանշական է, որ մեզ մոտ ապաստան են խնդրում Մերձավոր Արևելքի երկրները` Սիրիա, Իրաք, Լիբանան: Ընդ որում, ոչ միայն հայերը: Եթե դիտարկենք սահմանի հատման ցուցանիշը, ապա ամենատարածված հինգ երկրներն են՝ Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Ուկրաինան, Հնդկաստանը: Եթե դիտարկենք ժամանակավոր կացության կարգավիճակի ցուցանիշը, ապա ամենատարածված երկրներն են` Հնդկաստան, Իրան, Իրաք, Չինաստան, Ռուսաստան, Ամերիկա, Ուկրաինա: Սա 2018 թվականի տվյալներն են:

– Անցյալ տարի շատ եվրոպական երկրներ, ինչպես օրինակ՝ Գերմանիան, քննադատում էին Վրաստանին՝ դժգոհելով, որ վրացիները խախտում են վիզային ռեժիմը: Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանի քաղաքացիների դեպքում:

– Իրավիճակը տեղի է ունեցել այն պատճառով, որ Վրաստանն ու Ուկրաինան առանց մուտքի արտոնագրի վիզայի ռեժիմ են ստացել ԵՄ երկրների հետ: Միգրացիայի հոսքն ինքնին չի աճել, սակայն նույն միգրացիոն հոսքի մեջ աճել է եվրոպական երկրներում ապաստան հայցած մարդկանց թիվը: Հիմա մենք հակառակ միտումն ունենք: Դիտարկենք Eurostat-ի տվյլաները: 2017 թվականին Հայաստանի քաղաքացիների կողմից ԵՄ երկրներում (Նորվեգիա, Շվեյցարիա, Լիխտենշտեյն) ապաստան հայցելու դեպքերը 6,875 էին, իսկ 2018 թվականին` 4,815: Ակնհայտ է ԵՄ երկրներում ապաստան հայցող քաղաքացիների թվի կտրուկ նվազեցումը:

– Եվրոպան նախապատրաստում են օրենսդրական փոփոխություններ, որպեսզի Վրաստանը և Հայաստանը ներառվեն ապահով երկրների ցանկում:

– Տարբեր երկրներում տարբեր ձև է: Գերմանիայում Ուկրաինան և Վրաստանը ճանաչվել են ապահով, իսկ Հայաստանը՝ դեռ չէ, սակայն այն համարվում է այդպիսին: Նկատի ունեմ, որ դե յուրե մենք դեռևս այս ցուցակում չենք, բայց քննարկումներ են եղել Գերմանիայի մեր գործընկերների հետ, որից հետո պարզ է ել որ Հայաստանը չի ընդգրկվել այդ ցանկում տեխնիկական կամ բյուրոկրատական պատճառներով: Բայց շուտով Հայաստանը կլինի այդ ցանկում:

– Պե՞տք է արդյոք ակնկալել վերադարձողների հոսք, և ե՞րբ այն կարող է տեղի ունենալ:

– Հոսքը արդեն սկսվել է 2017 թվականին: Այն աճում է: Սա պայմանավորված է ռեադմիսիայի մասին համաձայնագրով, այսպես կոչված հետ ընդունմամբ: 2018 թ.-ին Գերմանիայից ստացվել է 681 դիմում 1385 անձանց վերադարձի մասին: Մենք հաստատել ենք նրանցից 1211-ի քաղաքացիության դիմումները: 2017 թվականին Գերմանիայից ստացվել է 499 դիմում 1022 անձանց կողմից, որոնցից 801-ի քաղաքացիության դիմումները հաստատվել են: Եվ իրականում վերադարձել է 770 մարդ: Եվ այս ցուցանիշն արդեն ավելացել է՝ համեմատած անցյալ տարիների տվյալների հետ:

– Փորձագետները նշում են, որ Հայաստանն ունի ներգաղթի առավել ազատական օրենսդրությունը ԵԱՏՄ տարածքում: Ինչքանո՞վ է դա արդարացված, և արդյո՞ք իշխանությունները նախատեսում են ինչ-որ կերպ խստացնել այն կամ ավելի խիստ կանոնակարգեր ներդնել աշխատանքի իրավունքի տրամադրման կամ այլ հարցերի վերաբերյալ:

– Ես համաձայն եմ, որ մենք այս հարցում գերազատական ենք, և որոշ առումներով կանոնակարգում չկա, ինչն այնքան էլ ճիշտ չէ: Չէի ասի, որ մենք նախատեսում ենք խիստ կամ համատարած հաշվառում և հսկողություն բոլորի նկատմամբ. վերջինիս հետ համաձայն չեմ և կարծում եմ, որ դրա կարիքը չունենք, քանի որ դա կխանգարի զարգացմանը, բիզնեսին, զբոսաշրջությանը և մյուս ոլորտներին: Ոչ: Պարզապես պետք է ողջամիտ կարգավորումներ ընդունել: Որոշ առումներով մենք գերազատական ենք, և պետք է պարզապես կարգավորել իրավիճակը, այլ ոչ թե խստացնել:

– Իսկ ինչպիսի՞ իրավիճակ է ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտած ՀՀ քաղաքացիների հետ, և ինչպե՞ս է ընթանում այսպես կոչված «սև» ցուցակներից նրանց դուրսբերման գործընթացը:

– Այս թիվը նվազել է: Բանն այն է, որ ամենամեծ խնդիրը Օլիմպիական խաղերից հետո էր՝ 2014-2015 թվականներին. այն ժամանակ մենք մեծ խնդիրներ ունեցանք: Նվազել է նաև այն մարդկանց թիվը, որոնք դիմում եմ մեզ՝ ասելով, որ ընդգրկված են մուտքի արգելք ունեցող քաղաքացիների ցանկում: Համապատասխանաբար, դրական արձագանքները ռուսական կողմից ևս պակասել են: Օրինակ, 2015 թվականին մենք ուղարկել էինք մոտ 7800 բողոք, և մուտքի թույլտվություն էր տրվել ավելի քան 4000 մարդու: Սակայն անցյալ տարի մենք ուղարկեցինք ավելի քան 200 բողոք, իսկ մուտքի թույլտվությունը տրվեց մոտ 20-30 մարդու:

– Ինչո՞ւ բոլորին չեն տալիս մուտքի թույլտվություն:

-Քանի որ հիմնականում դրանք այն մարդիկ են, որոնց մուտքը մերժվել է դատարանի որոշմամբ, իսկ դատարանի որոշումները կարող են բողոքարկվել միայն դատարանում: Այս դեպքում մենք չենք կարող որևէ բան անել, քանի որ մենք դիմում ենք միգրացիոն ծառայություն միայն այն դեպքորում, երբ տեղի են ունեցել աննշան վարչական տուգանքներ, խախտումներ, որոնք կարող են պայմանավորված լինել օրենքների չիմացությամբ: Սակայն եթե առկա է արտաքսման մասին դատարանի որոշում, ապա այն անհրաժեշտ է բողոքարկել դատական կարգով:

 

Հայկ Խալաթյան