Նրանք, ովքեր երեխա ժամանակ չեն խաղացել «Ծովամարտ» («Морской бой») խաղը, կամ չեն հասցրել «Зонд»-ի միջոցով ապակե կիսագնդից հանել փափուկ խաղալիքը, պետք է շտապել Երևանում շուտով բացվելիք թանգարանը: Հայտնի լուսանկարիչ Հայկ Բիանջյանի «Չաո, ԽՍՀՄ» նախագիծը նպատակ ունի ստեղծել խորհրդային ժամանակաշրջանի ցուցանմուշների թանգարան: Թանգարանը սովորական չէ, այլ ինտերակտիվ: «Ցուցանմուշների» շարքում, որոնք կարելի է ոչ միայն շոշափել, այլև կիրառել, ներառված են ոչ միայն խաղային ապարատներ, այլև Բիանջյանի հավաքածուի մասը կազմող տասնյակ հազարավոր յուրահատուկ ցուցանմուշներ, որոնք կարող են ժամանակի մեքենայի պես այցելուներին տեղափոխել խորհրդային անցյալ:

Խորհրդային տարիների մթնոլորտի վերստեղծման գաղափարը Հայկի մոտ ծագել է դեռևս 2008 թվականին: Եվ արդեն հաջորդ ամառ նա մտադիր է այն կյանքի կոչել: Այս եզակի ցուցադրությունը, որի նման բան չկա ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ հետխորհրդային տարածքում, այցելուներին կներկայանա մաս-մաս: Այնուամենայնիվ, այն անշուշտ հետ կբերի անցյալի առավել վառ հիշողություններ

Հայկ Բիանջյան

– Ամեն ինչ սկսվեց իմ զուտ մասնագիտական հետաքրքրասիրությունից: Ես լուսանկարում էի խորհրդային ժամանակաշրջանից մնացած կիսաքանդ գործարանները, պարզապես հին շինություններ, այդ թվում նաև վթարային և խորը ցավ էի ապրում: Հենց ոտքիս տակ ընկած էին լուսանկարչական և վավերագրական եզակի արխիվներ: Ես վերցրեցի համարյա թե ամեն ինչ և սկսեցի «վերակենդանացնել»: Երևանյան ժամացույցի գործարանից տուն բերեցի գործարանի օրինակելի աշխատողների պաստառը: Փոխտնօրենը ուրախությամբ տրամադրեց այլ փաստաթղթեր. «Վերցրեք, միևնույն է դեն ենք նետելու»: Երևանյան կրկեսի փլատակների տակ, որի փոխարեն կառուցվում է նորը, բառացիորեն փորել-գտել եմ մի սնդուկ: Այնտել գտել եմ տարբեր բաներ, ընդհուպ 1958թ.-ին Երևան այցելած չինական կրկեսի դերասանների հազվագյուտ լուսանկարները: Հին խաղալիքներ, կահույք, կենցաղային իրեր էին իմ ամառանոց բերում Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ, Աբովյան փողոցի քանդման ենթակա մասնավոր տներից: Ես հիշում եմ, թե ամբողջ ընտանիքով քանի ժամ էինք ծախսում այդ հնությունների կյանքը փրկելու համար. միացնում էինք ջեռուցիչներ, երկար չորացնում էինք ձյան մեջ ընկած նկարները և նույնիսկ հարթուկում էինք: Եվ հետո, չվախենալով մրսելուց, երկար օդափոխում էինք սենյակները թաց լուսանկարչական թղթի հոտից…

– Մի՞թե Ձեր ընտանիքը այնքան հեշտ է ընդունել ձեր արտասովոր հոբբին:

– Իհարկե, ո՛չ: Կինս երբեմն ասում էր. «Վերջ. ես ամուսնալուծվում եմ»: Բայց, բարեբախտաբար, այդպես չեղավ: (Ժպտում է): Իսկ եթե լուրջ, ապա ոչ ոքի համար հեշտ չէր իմ նախասիրությունն ընդունելը, բայց թե՛ կինս, թե՛ երեխաներս համակերպվեցին: Ժամանակի ընթացքում նրանք նույնպես ամբողջովին կլանվեցին այդ գործով: Մեր ամառանոցը արդեն մի քանի տարի է լեփ-լեցուն էր Խորհրդային շրջանի «այցեքարտերով», երբ ես հանդիպեցի իմ լավ ընկերոջը՝ գործարար Յուրի Աֆրիկյանին: Եվ մենք սկսեցինք մոռացությունից «փրկել» գրեթե հնարավոր ամեն ինչ: Մեր առաջին ձեռքբերումը Յուրիի նախնիների՝ Աֆրիկյանների քանդման ենթակա տան կերամիկական խողովակները և վառարանի առջևի երեսպատված մասը փրկելն էր: Ու դրանից ամեն ինչ սկսվեց:

Հայկ Բիանջյանը ընտանիքի հետ

– Որտեղի՞ց է հնությունների հանդեպ Ձեր այդ «հոտառությունը»:

– Ես չգիտեմ: Ես միայն գիտեմ, որ ես հաճախ բռնում էի այդպիսի բացառիկ իրերի «հետքը»: (Ժպիտներ): Մի անգամ ես գնեցի չուգունե պատի վառարանների 40 դռնակներ, իսկ հետո նաև հին նմուշի վառարանի երեսպատված կողմը՝ հետևի կողմում արքայական կնիքներով: Պարզվեց, որ վառարանը պատրաստվել է Վիտեբսկի Բ. Լիսովսկու կերամիկայի թրծման գործարանում, որը մինչ օրս գործում է: Այս գործարանն արդեն 200 տարեկան է: Եվ այդպիսի գտածոներ շատ են եղել: Մի անգամ «Դվին» հյուրանոցի կիսավեր նկուղից ես գտել եմ բաժակակալներ և բաժակներ՝ «Դվին հյուրանոց» մակագրմամբ: Իսկ վերջերս մենք գնեցինք «Փարոս» ռեստորանի սպասքը, մոտ 2000 կտոր (ափսեներ, մոխրամաններ, ծաղկամաններ), որոնք նույնիսկ չեն հասցրել օգտագործվել ռեստորանում: Իսկ առանձին ճաշի ափսեներ պատրաստված են ԳԴՀ-ում՝ հատուկ խորհրդային ռեստորանների համար:

-Ինչի՞ց առաջացավ թանգարան ստեղծելու գաղափարը:

– Մի քանի տարի նմուշեր հավաքելուց հետո հասկացա, որ պետք է նրանց «կյանքի կոչել»: Խթան հանդիսացավ 2015թ.-ին Սարգիս Մուրադյանի պատկերասրահում իմ կողմից կազմակերպած ցուցահանդեսը: Կոնկրետ վայրերից գտնված ցուցանմուշները ես շարել էի փոքրիկ սնդուկների մեջ: Օրինակ՝ «Արագիլ» սրճարանի, Երևանի կրկեսի, «Դվին» հյուրանոցի ցուցանմուշների սնդուկը: Եվ երբ հավաքվեցին այցելուները, ես զգացի, որ այս ամենը անչափ հետաքրքիր է ոչ միայն մեր սերնդի, այլև երիտասարդության համար: Պատանիները կանգնած էին հին հեռախոսի խցիկի մոտ և պտուտակի միջոցով համարներ էին հավաքում, անկեղծ զարմանալով այդ տարիների տեխնոլոգիաների վրա: Ավագ սերունդը չէր թաքցնում իր հրճվանքը և զարմանքը: Այսպիսով, իմ և Յուրի Աֆրիկյանի մոտ ծնվեց մի ամբողջ պարկ ստեղծելու գաղափարը, ինչպես մենք կատակով ասում էինք՝ ոչ թե Յուրյան, այլ խորհրդային դարաշրջանի պարկ: (Ժպտում է):

– Բայց պարկ կառուցելը կատակ բան չէ: Եվ մի քանի ատրակցիոնը չի բավարարի:

– Իմ գործընկեր-ներդրողն ինձ նույն բանն ասաց: Ապագա ծրագրի նախագծերը պատրաստ էին մի քանի ամիս անց: Ես նախագծի մեջ ընդգրկեցի համարյա այն ամենը, ինչ հուշեցին ինձ մանկության հիշողություններս: Տաղավարներ՝ «Տաքսոպարկ», «Պիոներություն», «Մեր մանկությունը», «Մեր երիտասարդությունը», «Սովետական ճաշարանը», «Հյուրանոց», «Գործարան», «Կինոթատրոն», «Վարսավիրանոց», «Ավիացիոն մոդելավորման խմբակ», «Կենդանիների խանութ», «Գարեջրատուն», «Գինու և կոնյակի մառան», «Խինկալի» և նույնիսկ «Ջրեղեն». իզուր չէ, որ մենք այդքան դժվարությամբ գտանք և վերանորոգեցինք լիմոնադի և կվասի ապարատները: Բայց մի բան ակնհայտ էր. մեր ունեցած ցուցանմուշները բավարար չէին: Ի վերջո, ես երեք անգամ մեկնել եմ Մոսկվա, որտեղ իրեր եմ գնել հնաոճ իրերի տոնավաճառներում: Ես հիշում եմ, որ մի անգամ գնել և տեղ եմ հասցրել տոննայի չափով (!) տարբեր իրեր՝ լուսանկարներ, վավերագրական արխիվներ, խաղալիքներ: Ինքս անձամբ փաթեթավորել եմ ամեն ապակե փորագրված բաժակ, ամեն գդալ՝ ավտոբուսով ուղարկելով Երևան: Շատ ժամանակ, ջանքեր և փող է ծախսվել, սակայն ոչնչի համար չեմ ափսոսում: Ի վերջո, 1947 թվականի ռազմաշքերթը, ինչպես նաև Ստալինին և Ժուկովին լուսանկարած հայտնի ռազմական լուսանկարչի արխիվը միայն անգին է:

– Իսկ ո՞րն է այս հավաքածուի մեջ Ձեզ համար ամենաթանկ նմուշը՝ ոչ թե գումարային, այլ հուզական տեսանկյունից։

– Որպես լուսանկարիչ ես առավել բարձր եմ գնահատում հին լուսանկարներն ու հետաքրքիր փաստաթղթերը: Ի վերջո, նույն ապակե բաժակից կարելի է գնել, իսկ նույն լուսանկարի երկրորդ տարբերակը՝ ոչ: Եթե դիտարկենք ապագայի թանգարանի առավել «բարդ» ցուցանմուշի տեսանկյունից, ապա դա միանշանակ խաղային ապարատներն են: Ես դրանք շատ երկար եմ փնտրել: Վերջիվերջո, ճակատագիրը ժպտաց ինձ. Մասիս քաղաքի պահեստներից մեկում ինձ վաճառեցին չորս լրիվ նոր ատրակցիոն. «Ֆուտբոլ», երկու «Հոկեյ» և «Լոբիս»: Դրանից հետո, մենք ևս ութ ատրակցիոն գնեցինք «Հաղթանակ» զբոսայգուց:

– Պատկերացնում եմ, թե ինչ բախտի արժանացան այդ ավտոմատները, երբ հայտնվեցին Ձեզ մոտ: Հավանաբար ժամերով խաղում էիք և միմյանց գոլեր խփում:

– Ցավոք սրտի ոչ: Պարզվեց, որ հազվագյուտ տեխնիկա գնելը ավելի հեշտ է, քան այն կյանքի կոչելը: Երբ գնեցինք այդ խաղերը, ես անչափ ուրախացա: Այնուամենայնիվ, շուտով պարզ դարձավ, որ նրանք չեն աշխատում:Մենք ում ասես, որ չենք դիմել, այդ թվում կենցաղային էլեկտրատեխնիկայի խանութների մասնագետներին: Ամեն ինչ անօգուտ էր. ատրակցիոնները չէին աշխատում: Արդյունքում, մենք հուսահատվեցինք՝ մտածելով, որ մեծ գումար ենք քամուն տվել, քանի որ այսօր Մոսկվայում նման ատրակցիոնները վաճառում են մոտ 6-7 հազար դոլարով, բայց բախտը նորից մեզ ժպտաց, և մենք հանդիպեցինք խաղային ավտոմատների՝ Հայաստանում միակ մասնագետին: Ժամանակին Մկրտիչ Վարդանյանը աշխատել է «Հաղթանակ» զբոսայգում, և ի վերջո նա վերականգնեց մեր բոլոր «խաղալիքները»: Ճիշտ է, շատ մեծ դժվարությամբ. պարզվեց, որ էլեկտրոնային վահանակները և մյուս պահեստամասերը, սարսափելի դեֆիցիտ են: Խորհրդային Միությունում ատրակցիոնները պատրաստվում էին 22 զինվորական արտադրամասերում, և եթե նույնիսկ նրանք այսօր գործում են, ապա դժվար թե մեկը ձեզ այնտեղ թողնի, որ վահանակ վերցնեք: Ավելին, ժամանակին նրանց հետևից ընկած էին թանկարժեք մետաղ գնողները. վահանակներում օգտագործվում էր արծաթ և ոսկի, իսկ միության փլուզումից հետո շատ ավտոմատներ պարզապես քանդում էին մասերի:

– Երևի թե հին մեքենաների դեպքում ամեն ինչ ավելի հեշտ էր: Ինչպես տեսնում եմ, ձեր պարկում ցուցադրված են գրեթե առաջին արտադրության նմուշներ:

– Այո, մենք ունենք նման հազվադեպ մեքենաներ: Օրինակ, 1965թ. արտադրության «Մոսկվիչ»-408: Կա նաև լիովին եզակի «Վոլգա»՝ 1973 թ. Խորհրդային մեքենաշինության հպարտությունը: Բայց կրկին ստիպված էի երկար փնտրել կայքերում, խոսել հավաքածուների տերերի հետ: Ի վերջո, մեր գաղափարը այն չէր, որ ամեն գնով ձեռք բերենք խորհրդային մեքենաներ, այլ որ կարողանանք գեղեցիկ ներկայացնել դրանք: Հետևաբար որոշվեց «Վոլգաները» վերափոխել այդ տարիների տաքսիների, իսկ «Ժիգուլիները» ոստիկանական մեքենաների: Այդպես էլ արեցինք. բանիմաց մարդկանց մանրամասն հարցուփորձ անելուց հետո «Վոլգա» տաքսիները հենց այն նույն տեսքը ստացան, ինչ սովետականները՝ դեղին գույնի և «կանաչ աչքերով»: «Ժիգուլիները» ևս հաջող ստացվեցին:

Ես հիշում եմ, թե ինչպես 2017 թվականին առաջին անգամ «Վոլգա»-ով դուրս եկա քաղաք և մի աներևակայելի բան սկսվեց: Մարդիկ կանգնում էին, նկարահանում ռետրո տաքսին իրենց տեսախցիկներով, իրար ցույց տալիս, քննարկում, ժպտում: Ինչ վերաբերում է 1973 թ.-ի արտադրութայն «Վոլգա»-ին, ապա դա մեզ համար իսկական «բինգո» էր: Այս մեքենան 8 տարի կանգնած էր ավտոտնակում և շատ անմխիթար վիճակում էր: Այնուամենայնիվ, առանց վարանելու գնեցինք մեքենան: Չէ՞ որ մի ժամանակ նրա սեփականատերը՝ ՆԳՆ մայոր, նրա դիմաց վճարել էր 24 հազար ռուբլի (երեք անգամ ավելին (!), քան իրական գինը), միայն այն բանի համար, որ վազքաչափը համապատասխանում էր գործարանային արժեքին, ոչ մի կիլոմետր ավել: Բացի այդ, մեքենան ուներ շատ յուրօրինակ սրահ և վահանակի վրա մի յուրահատուկ արագաչափ, որը չափում էր արագությունը ոչ թե սլաքով, այլ սյունակով: Դա նույնիսկ այն ժամանակ, էլ չասենք հիմա, հազվագյուտ էր: Արդյունքում մենք այնպես վերանորոգեցինք «Վոլգա»-ն, որ շատերը պարզապես չճանաչեցին այն. մենք ամբողջովին փոխեցինք երեսպատումը, ներկեցինք բորդո գույն և փայլեցրեցինք: Ապա մեր ավտոտնակում հայտնվեց «Ժիգուլի»-2101-ը՝ հայտնի «Կոպեյկա»-ն, որը որոշվեց վերափոխել սովետական ճանապարհային ավտոտեսչության մեքենայի: Այդպես ծնվեց նրա ճշգրիտ պատճենը` նույն գույներով, լապտերներով և նույնիսկ աշխատող ռադիոկապով: Սակայն առաջին անգամ նրանով քաղաք դուրս գալը, ցավոք, վատ ավարտ ունեցավ. ոստիկանությունն այն տարավ տուգանային հարթակ, պատճառաբանելով, որ ես չունեմ նման տրանսպորտային միջոց վարելու հատուկ թույլտվություն: Սակայն սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացավ, և ինձ ու «Կոպեյկա»-ին ազատ արձակեցին:

– Հայտնի է, որ ցանկացած իր 100 տարի հետո է ձեռք է բերում հնաոճ իրի կարգավիճակ: 2020-ին լրանում է Խորհրդային Միության ստեղծման 100 տարին: Ստացվում է, որ դուք անմիջապես դառնում եք մեծ ունեցվածքի սեփականատեր:

(Ծիծաղում է): Լավ կլինի, բայց այս պահին դա շատ հեռու է: Այո, ցուցանմուշների շարքում կան բացառիկ եզակի իրեր: Սակայն մեր հիմնական նպատակը չի կայանում պարբերաբար մեր «ունեցվածքը» ստուգելու, յուրաքանչյուր նմուշին նայելու և վայելելու, կամ «ունեցվածքը» հաշվարկելու մեջ: Իմ կարծիքով, անցյալի յուրաքանչյուր իր, ինչպես նշեցի, առաջին հերթին պետք է «ապրի»: Այդ պատճառով էլ մենք մտածել ենք, որ թանգարանը պիտի լինի ինտերակտիվ: Այցելուն պիտի ամբողջապես ընկղմվի այդ դարաշրջանի մեջ, որտեղ մենք այնքան հեշտ և հանգիստ էինք զգում: Այդ նպատակով յուրաքանչյուր տաղավարում հետաքրքիր մատուցման ձև ենք նախատեսել նմուշների համար, ամենայն հավանականությամբ փոքր շոուի օգնությամբ: Այնպես, օրինակ՝ «Սովետական ճաշարանում» հնարավոր կլինի ճաշակել կոտլետ կամ մակարոն «Պո Ֆլոտսկի». ճաշատեսակների ճշգրիտ համը վերարտադրելու համար, ես Մոսկվայից բերել եմ «Սովետական խոհանոցի համը» գիրքը: «Պիոներիա» տաղավարում մարդիկ կհանդիպեն պիոներներին, կողջունեն նրանց, կշփվեն նրանց հետ: «Տաքսոպարկ»-ում հնարավոր կլինի նստել ղեկին, լսել այն տարիների երաժշտությունը, լսել հայտնի «Մայակ» ռադիոն, ազդանշան տալ, սելֆի անել: Զբաղվելու բան կլինի նաև երիտասարդ սերնդի համար, օրինակ՝ հնարավոր կլինի տարբեր նյութերից պատրաստել ինչ-որ իր: Այնուհետև այդ հուշանվերները վաճառքի կհանվեն, և այցելուների կողմից գնվելու դեպքում, դրանց արժեքը կփոխանցվի հեղինակներին: «Ատրակցիոններ» տաղավարում կխաղան: Իսկ «Դպրոցում» հնարավոր կլինի նստել գրասեղանին և ինչ-որ բան գրել գրատախտակի վրա: Ի դեպ, Գյումրիի տարբեր դպրոցներից բերեցինք 60-ականների բազմաթիվ դպրոցական պարագաներ: Եվ նույնիսկ մի ամբողջ ֆիզիկայի և քիմիայի կաբինետ յուրահատուկ ուսուցողական նյութերով:

– Դատելով թվարկված տաղավարներից, խոսքը մի քանի հեկտարի մասին է: Արդյո՞ք կհասցնեք մինչև ամառ:

– Մենք Երևանում արդեն հին գործարան ենք ձեռք բերել: Բայց այն շատ անմխիթար վիճակում է. շենքի մի մասը առանց պատուհանների է, տանիքը ծակ է: Հետևաբար, ամռան սկզբին մենք ցանկանում ենք բացել միայն մի քանի տաղավար` «Տաքսոպարկը», «Ատրակցիոնները», «Ճաշարանը»: Հնարավոր է, որ նախագծի «պիոներների» շարքում ներառվի նաև «Վարսավիրանոցը», որի համար արդեն երկու աթոռ և լվացարան է ձեռք բերվել, իսկ դարակներին դրված է հայտնի «Շիպրը»՝ սպասելով իր օգտագործողներին: Դե, իսկ հետո կտեսնենք. քայլ առ քայլ կսկսենք կարգի բերել գործարանի մյուս տարածքները՝ ընդհանուր մոտ 3-4 հեկտար:

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տոնավաճառներում մեկ ապակե բաժակն այսօր արժի 300 ռուբլի, վախենում եմ նույնիսկ հարցնել, թե որքան կարժենա ինտերակտիվ «Չաո, ԽՍՀՄ»-ի մուտքի տոմսը:

(ժպտում է) Մի՛ անհանգստացեք: Մենք մտադիր ենք փոքր մուտքավճար սահմանել, ամենայն հավանականությամբ 1000 դրամի չափով, որում ներառված կլինի նաև մի քանի ժետոն՝ ատրակցիոնով խաղալու համար: Մեր նպատակն է հնարավորինս մոտեցնել խորհրդային ժամանակները մարդկանց, այլ ոչ թե հեռացնել…

– Ի՞նչ է այս ծրագիրը ձեզ համար, թեկուզ կարճ ժամանակով մանկություն վերադառնալու ցանկությո՞ւն, թե՞ պարզապես բիզնես:

– Երկուսը մեկում: Եթե չլիներ տարիներ շարունակ հավաքված իրերի հանդեպ զգացմունքային ընկալումը, չէր լինի նաև «Չաո, ԽՍՀՄ»-ը: Ընկերներս ասում են. «Ինչպե՞ս կարող ես այսքան տարի շարժվել դեպի քո նպատակը»: Իսկ ես օրինակ եմ բերում հայտնի գործարարներին, որոնք ի սկզբանե երազանք են ունեցել և ապա միայն հիմնադրել բիզնես:

– Կարծում եմ չեմ սխալվի, եթե ենթադրեմ, որ կան մարդիկ, որոնք ձեր խանդավառության մեջ միայն քաղաքական ենթատեքստ են տեսնում:

– Միանշանակ: Անցյալ տարի հոկտեմբերին նախագիծը պաշտոնապես մեկնարկեց. ֆեյսբուքում բացվեց էջ, ինչպես նաև մեքենաների և ատրակցիոնների վարձույթի ծառայություն: Եվ այսպես, գրառումների մեկնաբանությունների մեջ անընդհատ հնչում էր հետևյալը. «Ձեր հովանավորը կոմունիստական կուսակցությո՞ւնն է» կամ «Ասացեք՝ Ձեզ Ռուսաստանն է օգնում»: Այս ամենին ես պարզապես ժպիտով եմ մոտենում. «Հանգի՛ստ եղեք, մեր ներդրողը «կուսակցություն» չէ, այլ մասնավոր անձ, որը նաև շատ հեռու է քաղաքականությունից»: Այնուամենայնիվ, բացասաբար վերաբերվող մարդիկ շատ քիչ են: Մեծամասնությունը ոչ միայն հավանում է գաղափարը, այլև անհատույց օգնում է: Օրինակ, հերթական հարցազրույցից հետո մի անծանոթ մարդ զանգահարեց և ասաց, որ պատրաստ է նվիրել հին ՌԱՖ: Ավտոմեքենան, իհարկե չէր աշխատում, և նույնիսկ փաստաթուղթ չուներ, սակայն, փաստն ինքնին հաճելի էր:

– Հա՛յկ, դուք ընդամենը 42 տարեկան եք: Արդյո՞ք վաղ չէ հիշողություններով ապրել:

– Սա լուրջ հարց է: Անշուշտ, 70 տարեկանում սա բավականին հավանական կլիներ: Իսկ 42 տարեկանում, հավանաբար, ընկալվում է որպես անհեթեթություն: Բայց, գիտեք երբեք շուտ չէ հոգով սատարել ձեր երկիրը, ձեր քաղաքը: Ի վերջո, սա ոչ թե նոստալգիա է, այլ վախ, որ կկորցնեմ հիշողությունների վերջին «կղզյակները», որոնք տանում են դեպի իմ գունագեղ մանկություն: Այսօրվա Երևանում արդեն չկա «Կուկուրուզնիկ»-ը («Երիտասարդության պալատ»), «Դվին» հյուրանոցը, և շուտով մոռացության կմատնվի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը: Բայց գոնե կմնան այդ ժամանակվա Երևանի խորհրդանշանների մնացին հուշերի պատառիկները և շատ այլ բաներ, որոնք ես և իմ գործընկերները կարողացանք պահպանել…

– Իսկ ցանկացողները կարո՞ղ են հենց այսօր ընկղմվել խորհրդային անցյալ:

– Իհարկե: Կարող են վարձակալել մեր տաքսիները և խաղային ավտոմատները, օրինակ՝ կորպորատիվ միջոցառումների համար: Վերջերս մի քանի այդպիսի դեպք եղավ. հյուրերին միջոցառման վայր հասցրեցին ՌԱՖ մեքենաներով՝ առաջացնելով նրանց խորը զարմանքը: Իսկ երբ բոլորը հասկացան, թե ինչ է տեղի ունեցել, ուրախությանը չափ ու սահման չկա: Ընկերություններից մեկի գլխավոր մենեջերներին գրեթե ամբողջ երեկոյի ընթացքում հնարավոր չէր հետ պահել «Հոկեյ»-ից: Էլ չասած մեր տաքսիների ուղևորների զգացմունքների մասին: Մենք չենք թույլատրում հաճախորդներին մեքենա վարել, սակայն նրանք աննկարագրելի հրճվանք են ապրում: Ի վերջո, ուղևորներին հանդիպում է այդ տարիների համազգեստով վարորդը, իսկ սրահում հնչում են խորհրդային տարիների հիթեր:

– Սակայն նման ակտիվ շահագործման պարագայում ձեր առանց այն էլ հնաոճ ցուցանմուշները կարող են շուտով շարքից դուրս գալ: Այդ դեպքում ստիպված պիտի հրաժե՞շտ տանք «Չաո, ԽՍՀՄ»-ին:

– Կարծում եմ բանը դրան չի հասնի: Եթե հետևենք այդ տրամաբանությանը, ապա եգիպտական բուրգերը վաղուց պետք է ջնջվեին Երկրի երեսից: Մեր դեպքում, իհարկե, խոսքը տեխնիկայի մասին է, որը չափազանց դժվար է պահպանել, առավել ևս պարբերաբար օգտագործելով: Սակայն, մենք արդեն մտածում ենք, թե ինչպես կարելի է առավելագույնս երկարացնել այդ ցուցանմուշների կյանքը: Խոսքը, մասնավորապես, տարիներ անց «Չաո, ԽՍՀՄ» ծրագիրը «Խորհրդային իրերի երկրորդ կյանքը» նախագծի վերափոխման մասին է: Ծրագիրը ոչ պակաս հետաքրքիր է, նույնպես բացառիկ լինելու միտումներով: Օրինակ՝ ես տանը ունեմ մի քանի ակվարիում, որոնք ինքս պատրաստել եմ հին հեռուստացույցներից: Ես հանեցի խողովակները, իսկ կոճակները վերափոխեցի ֆիլտրերի: Արդյունքում, հեռուստացույցներիս մեջ այժմ լողում են ոսկե ձկնիկները, որոնք էլ երևի պարբերական կատարում են նվիրական ցանկություններս: Մի խոսքով, կարծում եմ, որ հնարավորինս շուտ իրականացվելու դեպքում «Չաո, ԽՍՀՄ»-ը դեռևս կապրի: Եվ այն շատ ուրախություն կպատճառի թե՛ խորհրդային սերնդին, թե՛ երիտասարդությանը:

 

Իրինա Գրիգորյան