Մարտի 10-ին տաղանդավոր երիտասարդ երգչուհի Սրբուհի Սարգսյանը, կամ ինչպես նրան սիրով կոչում են երկրպագուները՝ Սրբուկը, ներկայացրեց այն երգը, որով նա ելույթ կունենա «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում: «Walking Out» կատարումը բուռն արձագանքներ ունեցավ:

Առավել հայրենասեր հայրենակիցները մեղադրեցին տեսահոլովակի հեղինակներին ազգային բաղադրիչի բացակայության մեջ, իսկ երգի հեղինակներին մեղադրեցին նախորդ տարիների ընթացքում ավանդաբար օգտագործվող ժողովրդական մեղեդիներից հրաժարվելու մեջ: Մյուսները, սակայն, ըստ արժանվույն գնահատեցին կատարողի բացառիկ վոկալային տվյալները և դերասանական տաղանդը, ինչպես նաև երգի հիանալի բառերը (որոնց հեղինակն էր, ի դեպ, հումորիստ և հեռուստահաղորդավար Գարիկ Պապոյանը)՝ կանխատեսելով Սրբուկի միանշանակ հաղթանակը մրցույթում:

Իսկ այն մասին, թե ինչպիսին է հենց Սրբուհու վերաբերմունքը կատարման նկատմամբ, և արդյոք սա հենց այն երգն է, որը պետք է ներկայանա Եվրատեսիլ մրցույթում, և որը կարող է գրավել առաջին տեղը, ինչպես նաև այլ հարցերի մասին Dalma News-ի թղթակիցը զրուցել է անձամբ կատարողի հետ:

– Կարծում եմ, դուք տեղյակ եք, որ հենց այն պահին, երբ որոշվեց, որ ես պիտի ներկայացնեմ Հայաստանը «Եվրատեսիլ 2019» մրցույթում, հանրային հեռուստատեսությունը հայտարարեց երգահանների մրցույթ: Վերջինիս նպատակն էր՝ ընտրել այնպիսի կատարում, որով ես հանդես կգամ եվրամրցույթում: Եվ, ի ուրախություն բոլորիս, այդ մրցույթում աննախադեպ բարձր ակտիվություն գրանցվեց. հարյուրավոր երգեր ստացվեցին թե՛ Հայաստանից, թե՛ աշխարհի տարբեր մասերից: Մենք լսեցինք շուրջ 300 կատարումներ՝ փորձելով ընտրել հենց այն մեկը, որը լավագույնս կհամապատասխանի իմ կերպարին, վոկալային տվյալներին, զգայական և զգացմունքային ընկալմանը, ինչպես նաև կհասկացվի Եվրոպայի կողմից: Արդյունքում, թե՛ ես, թե՛ թիմի անդամները հավանեցինք ներկայացված երկու ստեղծագործություն, ընդ որում՝ բացարձակ տարբեր: Մենք երկար մտածում էինք՝ որ մեկին նախապատվություն տանք: Արդյունքում ընտրեցինք այն երգը, որը ես առավել խորը զգացի, և որն իմ մեջ արթնացրեց իմ պատմությունը պատմելու ցանկությունը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք այս երգը կհաղթի, թե ոչ, այս պահին դժվար է ասել: Միայն ժամանակը ցույց կտա:

– Ինչպիսի՞ն էր ձեր վերաբերմունքը տեսահոլովակի պրեմիերային հաջորդած արձագանքներին և սոցիալական ցանցերում մեկնաբանություններին` չափազանց զգայական և դրականներից մինչև չափազանց քննադատականները: Մասնավորապես, ոմանք գրում են, որ հենց այս մրցույթին պետք է ներկայացվեր ազատասիրությանը և մարդու իրավունքներին վերաբերող երգ, քանի որ դա կլիներ ամենաարդիական թեման…

– Անկեղծ ասած, նախորդ տարիների «Եվրատեսիլի» մասնակիցները խորհուրդ տվեցին ինձ ոչ մի մեկնաբանություն չկարդալ: Եվ ես, ճիշտն ասած, փորձում եմ հետևել նրանց խորհրդին, սակայն դեռևս դա այնքան էլ հեշտ չէ: Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքան դժվար է նայել այն ամենը, ինչ գրում և ասում են, և միաժանակ ուժ գտնել քո մեջ շարունակելու փորձերը, բեմադրության վրա աշխատանքը: Ես, իհարկե, լսել եմ տարբեր կարծիքներ, կարդացել եմ տարբեր արձագանքներ: Բայց միայն մեկ բան հստակ գիտեմ. ամենաանշնորհակալ բանն է՝ փորձել կանխատեսել, թե ինչ տեսակի երգ են սպասում այս տարվա «Եվրատեսիլում», թե մասնակից 40 երաժիշտներից որին կտրվի նախապատվությունը, և թե ինչ «տրամադրությամբ» երաժշտություն կցանկանան լսել Եվրատեսիլի բեմից: Ես կներկայացնեմ մի երգ, որտեղ իմ պատմությունն է, իմ զգացմունքները և ուղերձը, որ մարդիկ «չսպանեն» իրենց սերը: Եվ վստահ եմ, որ ոչինչ ավելի արժեքավոր չէ, քան անկեղծությունը…

– Շատերը հետաքրքրված են, թե ինչպիսին է լինելու ապագա բեմադրությունը «Եվրատեսիլ»-ի բեմին. արդյո՞ք այն նման կլինի տեսահոլովակի մեջ ներկայացված բեմադրությանը: Թե՞ կազմակերպիչները տեսահոլովակից արմատապես տարբեր բեմադրություն էին պատրաստել:

– Այս փուլում իմ պրոդյուսերական թիմը՝ «Factory production»-ը, և «Եվրատեսիլ»-ի թիմն աշխատում են բեմադրության հայեցակարգի շուրջ: Եվ ես դեռ չեմ կարող բացել փակագծերը: Ամեն դեպքում, բեմում մենք կրկին փորձելու ենք ստանալ այնպիսի արդյունք, որը կտպավորի հանդիսատեսին:

– Ձեր կերպարը տեսահոլովակում բավականին հետաքրքիր է: Եվ ինչպես հարցազրույցներից մեկում ասել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը, հենց այդ կերպարն է հուշել իրեն նման տեսահոլովակ նկարել`թվացյալ «անփույթ», «հասարակ», առանց այլ տեսահոլովակներին բնորոշ «գլամուրային փայլի»: Իսկ ով է ձեր կերպարի հեղինակը, ունե՞ք արդյոք իմիջի մասնագետներ:

– Այո, իհարկե: Տեսահոլովակի կերպարով, ինչպես նաև իմ այսօրվա կերպարով զբաղվում է իմիջի մասնագետ Անի Մեսրոպյանը: Եվ ես չափազանց շնորհակալ եմ նրան իր հատուկ մանրակրկիտ աշխատանքի, և բառիս դրական իմաստով, բծախնդրության համար: Շատերը հարցնում են, թե արդյո՞ք ես հենց այս կերպարով եմ ներկայանալու մայիսին Թել-Ավիվի բեմում: Նշեմ, որ դա դեռ քննարկման փուլում է:

– Դուք ճանաչում եք ձեռք բերել և սիրվել եք հայաստանյան X-Factor հեռուստաշոուի ընթացքում: Սակայն ձեր գործունեությունը, թերևս, առավել մեծ ճանաչում է ստացել «Голос країни» ուկրաինական հեռուստանախագծի ընթացքում, որում դուք, որպես Պոտապի թիմի անդամ, զբաղեցրիք 4-րդ տեղը: Youtube-ում ձեր տեսանյութը բավականին շատ մեկնաբանություններ է ստացել ուկրաինացիների կողմից, որոնք հպարտանում են ձեզանով, ինչպես «իրենց» երգչով կհպարտանային: Իսկ ինքը՝ Պոտապը, արձագանքե՞լ է «եվրոտեսահոլովակի» պրեմիերային:

– Արձագանքներ եղան ողջ աշխարհից, այդ թվում նաև` Ուկրաինայից: Եվ ես չափազանց ոգևորված եմ այն փաստով, որ ինձ հիշում և սիրում են «Голос країни» նախագծից հետո և քաջալերում «Եվրատեսիլ»-ի շրջանակներում: Սակայն ես առայժմ չեմ խոսել իմ սիրելի Պոտապի հետ: Բայց ես վստահ եմ, որ նա նույնպես ուրախանում է իմ հաջողություններով:

– Իսկ ինչպիս՞ին է կատարման վարկանիշը, ինչպիսի՞ն է դիտումների վիճակագրությունը:

– Պրեմիերային վեց օր անց՝ մարտի 16-ին, YouTube-յան տեսահոլովակն ունեցել է մոտ 900 հազար դիտում (մարտի 22-ի դրությամբ դիտումների քանակը արդեն 3 միլիոնից ավել է – խմբ.): Որքանով գիտեմ, սա լավագույն ցուցանիշն է այս ժամանակահատվածի համար՝ տվյալ մրցույթին Հայաստանի մասնակցության ողջ ընթացքում: Ամեն դեպքում, ես դեռ հակված եմ սպասելու «Եվրատեսիլ»-յան փորձերին, երբ բոլոր երաժիշտները հանդիսատեսին կներկայանան «կենդանի» կատարմամբ և բեմադրությամբ, որն էլ թույլ կտա գնահատել մեր երգի հաղթանակի հնարավորությունները:

– Youtube-յան «մեկնաբանողների» շարքում քիչ չեն նաև ադրբեջանցիները: Զարմանալի է, բայց ի տարբերություն նախորդ տարիների՝ այդ մեկնաբանությունները մեծամասամբ դրական են: Elkhan Kerimov գրում է. «Համեստ հմայիչ աղջիկ: Հրաշալի երգում է, երգը հետաքրքիր է, հաջողություն եմ մաղթում, լայք»: Իսկ Caspian Fire անվամբ օգտատերտ գրում է. «Հաջողություն եմ մաղթում Ադրբեջանից (Good luck from Azerbaijan): Հաջողություն և խաղաղություն բոլորին»: Նրանցից շատերը կանխատեսում են Ձեր հաղթանակը: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Ցանկացած արվեստագետի համար չափազանց կարևոր է, թե ինչպես է գնահատվում իր աշխատանքը: Ի վերջո, մենք ստեղծագործում ենք հենց հանդիսատեսի համար: Լավ մեկնաբանությունները ինձ ուժ են տալիս, և ավելի «պինդ» են դարձնում: Իսկ բացասական մեկնաբանություններին ես հետևում եմ՝ հասկանալու համար, թե ինչում եմ թերացել…

– Ենթադրենք, որ հաղթանակը կշրջանցի Ձեզ. արդյո՞ք այդ դեպքում կհիասթափվեք և կդադարեք նման շոուիներին մասնակցելուց:

(ժպտում է): Ես «պինդ» աղջիկ եմ և պատրաստ եմ ցանկացած սցենարի: Սակայն, հույս ունեմ, որ Եվրատեսիլը ինձ կբերի միայն դրական էմոցիաներ:

Դե ինչ, մենք նույնպես հաջողություն ենք մաղթում Սրբուհուն: Եվ նույնպես միանում ենք իր երկրպագուների միջազգային ստվար բանակին:

Ի դեպ, մարտի 22-ի դրությամբ «Walking Out» կատարումն արդեն ունի ավելի քան 12 000 մեկնաբանություն: Եվ ահա նրանցից մի քանիսը:

«Կրակ աղջիկ է: Կարելի է անվերջ լսել նրան: Մեղրի պես քաղցր է հնչում: Հաջողություն եմ մաղթում մրցույթում: Ողջույններ Ռուսաստանից»- գրում է «Աջափ Սանդալ» մականունով օգտատերը:

Ելենա Պանասյուկը հիանում է. «Սա հոյակապ գործ է: Երգը, թեման, վոկալը, գործիքավորումը, նկարահանումը, պլանավորումը, կետերը, շեշտադրումներ, խաղը, պարի բեմադրությունը… Օ՜, ընկերնե՛ր, ես կարող եմ ժամերով խոսել այդ մասին: 12 միավոր Ուկրաինայից, ընկերնե՛ր: Փայլուն է, պրոֆեսիոնալ և խորը»:

Jack Chav օգտատերը գրում է. «Փոքրիկ երկիր է, բայց Եվրատեսիլում՝ միշտ գերտերություն»: Լիտ Fiofilov օգտատերըը ամփոփում է. «Հոյակապ երգ և սրտանց կատարում: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈ՛ՒՆ, Սրբո՛ւկ, որ դու կաս Հայաստանում: ՀԱՋՈՂՈՒԹՅՈ՜ՒՆ»: