Վերա Հովհաննիսյանի անունը հայտնի է համեղի և հիանալիի բոլոր սիրահարներին: Գեղեցկուհի-հայուհին Մոսկվայից պատրաստում է այնպիսի համեղ տորթեր, որ իսկապես մեծ կամքի ուժ է պետք այդ ստեղծագործություններից գոնե մեկ կտոր կտրելու և ուտելու համար: Արդեն երկար տարիներ Վերան մասնակցում է բազմաթիվ «համեղ» մրցույթների, որոնցից վերադառնում է մեդալներով և պարգևներով, սակայն ամենամեծ պարգևը նրա դեպքում, իհարկե տաղանդավոր հրուշակագործի շնորհն է, որը նրան է փոխանցվել պապիկից:

Պայծառ օգոստոսյան մի օր Dalma News-ի թղթակիցը պատիվ ունեցավ զրուցելու տաղանդավոր հայուհու հետ, որը գտնվում էր Երևանում հանգստանալու նպատակով, և հարց ու փորձ անել նրան, թե ինչպիսի՞ն է լինել այդքան հաջողակ և հայտնի հրուշակագործ, ով բազմաթիվ պատվերներ ունի աշխարհի բոլոր անկյուններից, և միաժամանակ պահպանել հիանալի կազմվածքը (ինչում թանկագին ընթերցողները կարող են անձամբ համոզվել)

-Հրուշակագործի ձեր տաղանդը, ինչպես ասվում է, ակնհայտ է, իսկ դուք ի՞նչ մասնագիտություն ունեք:

-Մանկուց շատ եմ սիրել նկարել և ցանկացել եմ հագուստի դիզայներ դառնալ: Եվ ընդունվեցի այդ ֆակուլտետ, որտեղ մենք երկար ժամանակ էինք անցկացնում նկարչությամբ զբաղվելիս, ծեփում էինք: Ինչպես դուք արդեն նշեցիք, մեր պապիկը հրուշակագործ է եղել, իմ ծնողները Երևանում հրուշակեղենի խանութ ունեին, և թեպետ մենք քրոջս հետ նրան չենք տեսել, սակայն սերը այդ աշխատանքի հանդեպ փոխանցվել է: Ես չեմ կարող ասել, որ մանկուց շրջապատված լինելով այդ աշխարհով, ապագայում ինձ կընտրեի հրուշակագործի մասնագիտությունը, առավել ևս, որ ես արդեն ունեի հագուստի դիզայների մասնագիտությունը: Սակայն, հետո մենք տեղափոխվեցինք Մոսկվա, և ժամանակի ընթացքում ես սկսեցի զբաղվել նրանով, առանց ինչի այժմ ինձ չեմ պատկերացնում:

Վերա Հովհաննիսյան

-Հիշո՞ւմ եք ձեր առաջին տորթը:

-Այստեղ՝ Մոսկվայում, մենք ծանոթացանք տեխնոլոգ Ելենա Սուչկովայի հետ, շատ տաղանդավոր կին, ում հետ մենք ընկերություն ենք անում մինչև այժմ: Այն ժամանակ Մոսկվա նոր-նոր էին սկսել ներկրել մարցիպանը և ես փոքր արձանիկներ պատրաստեցի դրանից, իսկ հետո մենք մայրիկիս հետ տարանք դրանք նրան: Մարտ ամիսն էր, իսկ արդեն աշնանը Մալթայում պետք է անցներ Խոհարարների միջազգային մրցույթը, ուր նա ինձ հրավիրեց՝ այդքան իմ արձանիկները դուր էին եկել նրան: Մրցույթի ժամանակ ես ներկայացրեցի Ջրահարսիկին և ստացա իմ առաջին ոսկե մեդալը՝ ես 20 տարեկան էի, հենց այդպես էլ սկսվեց: Եվ ես այնքան էլ չէի հակառակվում, քանի որ հասկացա, որ դա իմն է (ծիծաղում է):

-Դուք մասնակցել եք բազմաթիվ միջազգային փառատոնների և դուք ունեք տարբեր մրցանակների և պարգևների պարզապես հսկայական հավաքածու: Դրանցից ո՞րն է ամենահիշարժանը և թանկը:

-Ամենաթանկն այս պահին իմ վերջին մրցանակն է Լյուքսեմբուրգից, որտեղ ես ներկայացրել եմ «Երեք կատուներին»: Սակայն, եթե վերցնենք իմ ոչ մրցութային աշխատանքներն, ապա դրանցից մեկը՝ «Նուռ» տորթն է, որն ըստ իս մրցակցությունից դուրս է: Ինձ համար այն գտնվում է բարձրագույն տեղում, և դատելով լուսանկարների տարածվածությունից սոցիալական ցանցերում, ոչ միայն ինձ համար: Ոմանք ասում են՝ ինչպե՞ս ես արել, չէ որ դա ահավոր բարդ է: Սակայն, իրականում «Նուռ» ստեղծելը շատ հեշտ էր:

-Որքա՞ն ժամանակ է պահանջվում նախապատրաստման և պատրաստման համար: Եվ նաև հետաքրքիր է, դուք ինքնե՞րդ եք առաջարկում էսքիզները, թե՞ հաճախարդները գալիս են ձեզ մոտ ապագա ստեղծագործության արդեն պատրաստի գաղափարներով:

-Գաղափարը ինքս եմ առաջարկում այն ժամանակ, երբ հաճախորդը չգիտի՝ ինչ է ուզում: Իսկ երբ գիտի, թե ինչ է ցանկանում, ապա դա շատ է հեշտացնում իմ աշխատանքը: Հիմնականում ինձ մոտ գալիս են արդեն գաղափարներով: Ինչ վերաբերում է ժամանակին, ապա ես օրինակը կբերեմ նույն «Նուռ» տորթի վրա. որքան էլ տարօրինակ դա հնչի, դրա պատրաստմանը ինձ պահանջվեց 6-7 ժամ: Սակայն, կան աշխատանքներ, որոնք պահանջում են մի քանի օր, երբեմն նույնիսկ մի քանի շաբաթ, օրինակ, իմ կատուներին ես պատրաստում էի բավականին երկար ժամանակ: Սակայն, այնտեղ շատ են մանր դետալները, որոնք պահանջում են ավելի մանրակրկիտ աշխատանք:

-Իսկ ափսոս չէ՞ կտրել այդ տորթերը և ուտել դրանք:

-Եթե անկեղծ, ապա այո: Փառք Աստծո, մեծամասամբ ես չեմ տեսնում, թե ինչպես են կտրում իմ տորթերը, սակայն մյուս կողմից, չէ որ դա տորթ է և այն պետք է ուտել: Սակայն, ինձ ուրախացնում է այն, որ դրանք չեն ընկալում միայն, որպես հրուշակեղեն, այլև վայելում են գեղագիտությունը։

-Երևի թե հերթը ձեզ մոտ մի քանի ամիս առաջ է գրանցված, և շատ են աստղային հաճախորդները: Հե՞շտ է նրանց հետ աշխատել:

-Իհարկե, որքան ավելի շուտ հաճախորդը կատարի իր պատվերը, այնքան ավելի լավ ևˊ նրա համար, ևˊ ինձ: Նրանք գիտեն, ինչ են ուզում, իսկ ես պատրաստ եմ դա կյանքի կոչել: Ինչ վերաբերում է անունով հաճախորդներին, ապա առանձնապես տարբերություն չկա, բոլոր մարդիկ տարբեր են անկախ նրանց կարգավիճակից: Ես երբեք չեմ բաժանել հաճախորդներին «աստղայինների» և «ոչ աստղայինների»: Կարևորը հասկանալ, թե նա կոնկրետ ինչ է ցանկանում:

-Ձեզ չե՞ն հրավիրում աշխատել արտասահմանում:

-Օ, այո: Ես բազմաթիվ առաջարկներ եմ ստանում, սակայն դեռ մտածում եմ, ինչպես անել, որ ամեն ինչ ճիշտ լինի և առանց սխալների:

-Վերաˊ, կա՞ արդյոք որևէ թեմա, որով դուք երբեք չեք աշխատի և կհրաժարվեք պատվերից:

-Ամեն անպարկեշտը: Եվ այստեղ ոչ այնքան սկզբունքն է, որքան մոտեցումը: Վերցնենք, օրինակ, Դավիթի քանդակը: Դավիթը մերկ տղամարդ է: Դա տորթ չե, դա մարմար է, բայց ոչ տորթ, քանի որ տորթը՝ ուտեստ է: Իսկ ինչպե՞ս դա մատուցել ուտեստի տեսքով: Գրեթե, դա միակ թեման է, որով ես երբեք չեմ աշխատի: Ես միշտ ընտրում եմ պոզիտիվ թեմատիկան, ինչպես իմ պատվերներում, այնպես էլ առաջնություններում, քանի որ մարդիկ քաղցր տորթից ցանկանում են առավելագույնս հաճույք ստանալ: Այդ պատճառով իմ աշխատանքներում շատ են հեքիաթային հերոսներ՝ գունավոր, բարի և դրական

-Իսկ ինչպիսի՞ն է Վերա Հովհաննիսյանը տանը, արդյո՞ք սիրում է կարտոֆիլ պատրաստել կոտլետով:

-Ոչ միայն պատրաստում եմ, այլև շատ եմ սիրում և զարմանում եմ, թե ինչպես խոհարար չեմ դարձել (ծիծաղում է): Ես շատ լավ և համեղ եմ պատրաստում, և դա ոչ միայն իմ խոսքերն են, այլև իմ տան անդամներն էլ են այդպես ասում: Ես այդ տաղանդը բոլորովին վերջերս եմ բացահայտել: Ես շատ եմ սիրում խառնել հոտերը, շատ եմ սիրում համեմունքներ և, օրինակ, պատրաստում եմ կարտոֆիլ դարչինով՝ դա պարզապես աներևակայելի համեղ է:

 

Լինա Մակարյան