Կարեն Բոքսյանը հայտնի է ոչ միայն հայ, այլև ռուս ունկնդրողին և շատ սիրված է, շատերն իրենց տոնակատարությունները և ուրախ առիթները նշում են նրա սիրված ջերմ երգերի ներքո: Ամռանը Երևանում անցնող մեքենաներից կարելի է լսել բարձր միացված «Ահա ծով են գնում նավերը», իսկ բազմաթիվ ռոմանտիկների համար «Դու իմ հոգում միշտ միակն ես» հիթը, որը գրեթե դարձել է սիրո հիմնը: Եվ քիչ կատարողներ կարող են պարծենալ նման լայն հանդիսատեսով՝ Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, ԱՄՆ-ը:

Dalma News-ի հետ զրույցի ժամանակ քաղցրաձայն սրտակերը պատմել է իր մոտակա պլանների և անցյալի հաղթանակների մասին, սակայն ամենակարևորի մասին հարցից հետո՝ արդյո՞ք իր կյանքում սեր կա, նախընտրեց բազմակետեր դնել:

– Կարեˊն, ձեր կենսագրության ո՞ր պահերն եք դուք համարում շրջադարձային, որոնցից հետո ձեր կյանքում կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել:

– Իմ կենսագրության շրջադարձային պահն եմ համարում 1996 թ., երբ ես իմ հարվածային գործիքների ուսուցչից առաջարկ ստացա մեկնել Ամերիկա, համալսարան փորձերի: Այդ օրվանից իմ կյանքում և ստեղծագործական գործունեության մեջ նոր էջ բացվեց: Իմ կենսագրության երկրորդ կարևոր պահը համարում եմ 2003 թ., երբ Սուրբ Վալենտինի օրը ես թողարկեցի իմ առաջին ձայնասկավառակը, որի շնորհիվ մարդիկ տարբեր երկրներում ճանաչեցին Կարեն Բոքսյանին, որպես երգչի և երգահանի: Դրանից հետո ես թողարկեցի ևս մի քանի ձայնասկավառակներ, ինչպես նաև կազմակերպեցի մի քանի համերգներ, այդ թվում նաև իմ վերջին համերգն, որը տեղի ունեցավ անցյալ տարի Երևանում

– Դուք հայ եք, ծնունդով Թբիլիսիից, ով սովորել է Մոսկվայում, իսկ հետո հրավիրվել է Կալիֆորնիա, որտեղ էլ ապրում եք մինչև այսօր: Այս երկրներից ո՞րն է ամենախորը հետքը թողել ձեր անձի ձևավորման մեջ:

– Այո, դուք ճիշտ նկատեցիք, որ ես ծնվել եմ Թբիլիսիիում: Կարճ ժամանակ ապրելով այնտեղ՝ իմ ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Աղետալի երկրաշարժից հետո, որի ժամանակ ես գտնվում էի հենց էպիկենտրոնում, իմ ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա, որտեղ ես ապրում էի մինչև ԱՄՆ տեղափոխվելը և սովորում էի երաժշտական ուսումնարանում:

Ես ծնվել եմ հայկական ընտանիքում և վաղ մանուկ հասակից ինձ դաստիարակել են, որպես հայի, այդ պատճառով իմ մեջ ներշնչվել է մեր մշակույթից ամենալավը: Երբ ես տեղափոխվեցի Մոսկվա ես 10 տարեկան էի և ես ստիպված էի շատ արագ ադապտացվել կյանքի ռիթմին, նոր մշակույթի ուսումնասիրությանը, ինչի համար ես իսկապես շնորհակալ եմ իմ ճակատագրին, քանի որ հետագայում այդ մշակույթն ինձ շատ մոտ դարձավ: Այդ պատճառով իմ մեջ ապրում է մի քանի մշակույթների համաձուլում:

– Համարվում է, որ երգերը փոխանցում են երգահանի և կատարողի հույզերը և դրանք հիթեր են դառնում միայն այն դեպքում, եթե ունկնդրողը դրանցում անկեղծություն է լսում: Ձեր երգերի մեջ շատ ռոմանտիկա և կանացի գեղեցկության գովերգ կա, սակայն, որքան ես գիտեմ, դուք դեռևս ազատ եք: Իսկ ձեր սիրտը ազա՞տ է:

– Դուք ճիշտ նկատեցիք, իմ ստեղծագործական գործունեության ընթացքում այն երգերը, որոնք ես կատարել և կատարում եմ (հատկապես նրանք, որոնք ես անձամբ եմ գրել), դրանք հատուկ իմաստ ունեն: Դա հանդիպում կամ բաժանում է որևէ անձնավորության հետ, հաճելի կամ տխուր ապրումներ… Իսկ ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա ես նախընտրում եմ այն չքննարկել: Սակայն, կարող եմ ասել, որ օրը կգա և ես մեծ հաճույքով կկիսվեմ ձեզ հետ իմ ուրախությամբ, այնպես որ հիմա բազմակետեր դնենք:

– Այնուամենայնիվ, կհարցնեմ՝ ո՞վ է ձեր մուսան և ոգեշնչողը:

– Մուսան կարող է լինել ինչպես մարդը, այնպես էլ բնությունը, կյանքում տեղի ունեցած որևէ դեպք: Դու երբեք չգիտես, թե այն երբ կգա քեզ մոտ. դա կարող է լինել զգամունքայնության պահին, ընտանեկան միջավայրում կամ ընկերների շրջապատում: Լինում է, որ մուսան գալիս է, երբ դու մենակ ես մնում ինքդ քեզ հետ:

– Արդյոք եղե՞լ են պահեր, երբ դուք ցանկացել եք ամեն ինչ թողնել և կյանքը նորից սկսել:

– Հնարավոր է եղել են հիասթափության պահեր, առանց դրանց չի լինում, սակայն որպեսզի կյանքս նորից սկսեմ․ փառք աստծո, նման մտքեր չեն եղել:

– Դուք այն քչերից մեկն եք, ով խուսափում է քաղաքական թեմաներից: Օրինակ, ես չեմ տեսել ձեր կողմից որևէ դիմում հայերին «թավշյա հեղափոխության» օրերին կամ էլ երկրում այդ քաղաքական փոփոխություններից հետո: Ինչի՞ հետ է դա կապված, ձեզ չի՞ հուզում Հայաստանի ճակատագիրը, թե՞ դուք սկզբունքորեն հեռու եք մնում քաղաքականությունից:

– Ես, իհարկե, հետևում եմ իմ հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, ավելին՝ «թավշյա հեղափոխության» օրերին ես հենց Հայաստանում էի գտնվում: Այսպես ասեմ՝ ինձ համար կարևոր չէ, թե որ քաղաքական կուսակցությունը կլինի իշխանության ղեկին, կարևոր է միայն այն, որպեսզի այն իր աշխատանքն ազնիվ կատարի, հօգուտ ժողովրդի:

– Հոկտեմբերին մենք նշում ենք Երևանի 2800-ամյակը: Կցանկանայինք լսել ձեր սիրո խոստովանությունը մեր քաղաքին: Ի՞նչ է ձեզ համար Երևանը, և արդյո՞ք դուք երբևէ կտեսնեք ձեզ, որպես դրա բնակիչ:

– Անցյալ տարի ինձ հաջողվեց լինել Երևանում՝ 2799-ամյակին, որտեղ ես կազմակերպեցի իմ մի փոքր մենահամերգը, և մենք իմ հանդիսատեսի հետ նշեցինք այդ յուրահատուկ օրը: Իհարկե, ես սիրում եմ Երևանը, այն անհնար է չսիրել և ամեն անգամ այնտեղ վերադառնալիս՝ ես վերցնում եմ լավագույնը և Ամերիկա եմ մեկնում նորից վերադառնալու հույսով: Եվ ես, այո՛, չի բացառվում, որ մեկ օր կտեղափոխվեմ լուսավոր Երևան՝ ապրելու, չէ որ կյանքը շատ անկանխատեսելի է:

– Կարեˊն, սեպտեմբերի սկզբին դուք ներկայացրեցիք այդ անցյալ տարվա մենահամերգի ձայնագրությունը: Երևի թե, դեռ շուտ է խոսել նոր համերգի մասին, սակայն, հաշվի առնելով այն փաստն, որ ձեզ սիրում և սպասում են, ե՞րբ սպասենք հաջորդ համերգին:

– Հաջորդ տարի ես նշում եմ իմ ստեղծագործական կյանքի 20-ամյակը և հույս ունեմ այցելել առավելագույն թվով քաղաքներ իմ մենահամերգային ծրագրով: Այնպես որ հետևեք իմ Instagram-ի և Facebook-ի էջերին, և դուք առաջինը կտեղեկանաք:

 

Լիա Խոջոյան