Արդյո՞ք ամերիկացի երգչուհի LP-ը հիացմունք կապրեր իր «Lost On You» հիթի ինտերպրետացիայից, որն առաջարկել է «Նոր ալիք 2018» մրցույթի հայ ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը, հայտնի չէ: Սակայն այն, որ այս հայտնի երգի իր մեկնաբանությունը հիացրել էր ժյուրիի անդամներին, դա անհերքելի փաստ է: «Տասերը» վերև բարձրացվեցին մեկ ակնթարթում: Իսկ Անժելիկա Վարումը, որը հուզմունքով և անկեղծ հետաքրքրությամբ լսում էր ամբողջ ստեղծագործությունը, նույնիսկ երկու ցուցանակ էր բարձրացրել՝ «ինը» և «տասը»: Երկրորդ մրցութային օր: Եվ երաժշտական կոմպոզիցիան «Կյանք ու կռիվ» ֆիլմից նույնպես արժանացավ միաձայն «տասերի»: Արդյունքում, երկու մրցութային օրերի ընթացքում, «Նոր ալիքի» մեր «պատվիրակը» հավաքել էր առավելագույն թվով միավորներ՝ 200: Երկիրը սրտատրոփ սպասում էր. հաղթանակը մերը կլինի՞:

Սակայն, ցավոք սրտի, երրորդ մրցութային օր, և Հարությունյանի ոչ պակաս գունավոր ելույթը՝ երգիչը կատարեց սեփական «Stand Up» ստեղծագործությունը, չմնաց առանց մեկ կաթիլ ձյութի: Ավելի ճիշտ, միանգամից երեք կաթիլները՝ երեք իններ, այդ թվում նաև Ֆիլիպ Կիրկորովի կողմից, լրջորեն տխրեցրեցին կատարողի երկրպագուներին: Արդյունքում, սպասված առաջին տեղի փոխարեն, տաղանդավոր երիտասարդը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ կիսելով այն Դարյա Անտոնյուկի հետ:

Youtube-ում մրցութային ելույթների վիդեոտեսագրություններից մեկի մեկնաբանություններում օգտատերերը ամոթանք են տվել ժյուրիի անդամներին, միաժամանակ իրենց հիացմունքը հայտնելով հայ երգչի ձայնի և մատուցման համար: «Շատ շնորհակալություն նման կատարման համար: Ձայնը սահում է: Նույնիսկ երաժշտական ուղղեկցություն պետք չէ: Ձայնը կարծես ամբողջական երգչախումբ լինի: Ես շատ էի տխրել, երբ երրորդ փուլի ժամանակ տապալեցին այդպիսի յուրահատուկ ձայնը: Կարծում եմ, Գևորգը արժանի է ոչ թե առաջին տեղին, այլ միանգամից գրան-պրիին: «Նոր ալիքն» արդեն այլևս այն չէ…»- գրել է Նատաշա Դոնցովան: «Ինչպիսի հիանալի ձայն է: Բրավոոո: Ահա նա՝ նոր ԱՍՏՂԸ»,- գրում է Լյուդմիլա Ազարևիչը: «Աստված իմ, ինչպիսի կատարում: Փշաքաղության հասնող անսովոր տեմբր է: Միայն առաջին տեղ, միանգամից երևում է տաղանդը»,- մեկնաբանություն Ռուդիկ Արշավիրովիչից:

«Փշաքաղության» առիթով արտահայտվել է նաև երկրորդ մրցութային օրվա վարող Ալեքսանդր Ռեվվան: Կատակով հետաքրքրվելով ժյուրիի անդամներից այն մասին, արդյոք նրանք փշաքաղվում էին «Lost On You» կատարման ընթացքում, նրան բնորոշ անփոխարինելի ինտոնացիայով, Ռեվվան հանկարծակի հայտնեց. «Գևո՛րգ, դու արտասովոր տղա ես»: Եվ տասնյակում ես․իր 27 տարեկան հասակում Գևորգը արդեն բավականին շատ բան է հասցրել անել: Հինգերրորդ տեղն է զբաղեցրել հայրենական «X-ֆակտոր» նախագծում, առաջին տեղը՝ «Պարեր աստղերի հետ» նախագծում, մասնակցել է «Եվրատեսիլի» հայկական նախընտրական փուլերին և եզրափակիչ է անցել միանգամից երկու ժամանակաշրջանում՝ 2017 և 2018 թթ․, բացի այդ ստացել է Թատրոնի և կինոյի ինստիտուտի դիպլոմ՝ դառնալով դիպլոմավորված ռեժիսոր: Զուգահեռաբար 4 (!) անգամ Հարությունյանը հայտեր է ներկայացրել «Նոր ալիք» մրցույթին մասնակցելու համար: Եվ միայն ներկայիս՝ հինգերրորդ փորձն է հաջողել: Ինչո՞ւ է ճանապարհը այսքան քարքարոտ, վիրավորական չէ՞, որ այդպես էլ հաղթող չդարձավ՝ այս և այլ հարցեր մենք տվեցինք Գևորգին՝ նրա անմիջապես հայրենիք վերադառնալուն պես:

-Գիտեք, ես հակված եմ մտածելու, որ ցանկացած փորձություններ տրվում են, որպեսզի մենք ավելի ուժեղ դառնանք: Եվ իմ պարագայում ևս դժվարությունները ստեղծվում են բացառապես նրա համար, որպեսզի ևˊ ավելի ամուր դառնամ հոգով, ևˊ ավելի շատ բաների հասնեմ: Իհարկե, ես դեռևս երբեք այսքան մոտ չեմ եղել իմ նպատակին, և այս անգամ հաղթանակը գրեթե իմ ձեռքերում էր: Ինչ-որ տեղ, իհարկե, վիրավորական էր: Սակայն ես հակված չեմ ողբերգականացնել իրավիճակը: Երկրորդ տեղը՝ աշխարհի վերջը չի:

– Այո, ինչպես ցույց է տալիս փորձը, հաճախ հենց այսպիսի դիրքորոշում ունեցող մասնակիցներն են ավելի խորը հետք թողնում հանդիսատեսի սրտում և հասնում են ավելի մեծ ստեղծագործական բարձունքների:

(Ժպտում է): Այո, կա նման միտում: Չգիտեմ, ինչպես կլինի իմ պարագայում ապագայում: Կասեմ միայն մեկ բան. մրցանակային տեղերը և մրցանակները ինձ համար առաջնային կարևորության չեն: Իմ նպատակը, այդ թվում «Նոր ալիք» մեկնելուց առաջ, այն էր, որպեսզի ինձ մատուցեմ առավելագույն թվով հանդիսատեսին, ինչպես նաև լսել մասնագետների կարծիքները, նրանց խորհուրդները, շփվել գործընկերների հետ այլ երկրներից, և իհարկե, հաճույք ստանալ նոր հանդիսատեսի առջև հանդես գալուց: Ինչի էլ ես հասա, այն զգացողությունները, որոնք ես ապրեցի բեմի վրա, հնարավոր չէ փոխանցել որևէ բառերով: Իսկ այն խոսքերը, որոնք հնչեցին իմ հասցեին, թանկ արժեն: Այսպես, հերթական ելույթն ավարտելուց հետո, Անժելիկա Վարումը իմ թիմի անդամների միջոցով փոխանցել էր, որ տպավորված էր հայ մասնակցից: Ելույթի մասին ջերմ էր արտահայտվել նաև Սերգեյ Լազարևը, արտահայտելով իր կարծիքը անձամբ ինձ: Իսկ Ալեքսանդր Ռեվվան ավարտական հետփարթիի ժամանակ, բոլորից ներողություն հայտնելով, ընդհանրապես հայտնեց, որ անձամբ իր համար մրցույթի հաղթողը ես եմ: Ինչից հետո տոնական տորթը կտրելու իրավունքը հանձնեցին ինձ:

-Իսկ որևէ հետաքրքիր առաջարկներ ստացե՞լ եք համագործակցության համար:

– Այո: Մի քանի առաջարկներ կան: Սակայն հստակ ինչ առաջարկներ և ում կողմից, չեմ ասի: Ես ինձ համար օրենք եմ սահմանել չոգևորվել ժամանակից շուտ, այլ սպասել իրական քայլերին և առաջին արդյունքներին: Այնպես որ, սպասենք: Դեռևս միայն նշեմ, որ խոսքը Հայաստանից դուրս պրոդյուսերական գործի, և երկրից դուրս իմ ստեղծագործական գործունեության շարունակության մասին է։

-Դու՞ք մտադիր եք ընդմիշտ հեռանալ Հայաստանից:

– Ցավոք, իմ ամբողջ հայրենասիրությամբ հանդերձ, ես դա չեմ բացառում: Քանի որ պրոդյուսերությունը, այնպիսին, ինչպիսին ես այն ինձ պատկերացնում եմ, հնարավոր է միայն արտասահմանում: Օրինակ, պատահական չէր, որ ժամանակին ես իմ մեջ զարգացրել եմ որոշ տաղանդներ՝ աստծո կողմից տրված: Իմ հաստատուն կարծիքով, կատարողական արվեստը պետք է բազմակողմանի լինի՝ իր մեջ ներառելով ինչպես վոկալը, այնպես էլ պլաստիկան, դերասանական արվեստը: Հնարավոր է, այդ պատճառով է, որ դպրոցից հետո, ձայնի կոտրման դժվար ժամանակաշրջանում, ես նախընտրեցի դառնալ Կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողը: Եվ հենց այդ կրթությունը տվեց կարողություն ինձ մատուցելու բեմում: Դե, իսկ պարերը, առավել ևս ինչպես ասվում է հայտնի ֆիլմում, «իմ տարրերքն է»: (Ժպտում է):

– Ստացվում է, դուք չունե՞ք մասնագիտական կրթություն:

– Ոչ: Այսինքն ես ավարտել եմ երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: Իսկ վոկալով 4-5 տարի պարապել եմ մասնավոր ուսուցիչների հետ: Այնպես որ լիարժեք պատկերացումներ ունեմ և տեսության, և ներդաշնակության մասին: «Պրակտիկայի» մասին էլ լսել եմ ոչ երկրորդ անձից՝ 10 տարեկանում առաջին անգամ հաղթել եմ մանկական մրցույթում, այնուհետև մասնակցել եմ «Դո-Ռե-Մի»-ին: Դադարը «մրցութային կյանքում» տեղի է ունեցել միայն ուսանողական տարիներին: Սակայն, արդեն մագիստրատուրայում սովորելու վերջին տարում լիարժեք զբաղվել եմ ստեղծագործությամբ՝ տանելով բոլոր վերը նշված հաղթանակները:

– Սակայն, ամեն անգամ դուք դարձել եք կամ հինգերրորդը, կամ երկրորդը, հասել եք եզրափակիչ, իսկ երջանկության թռչունը կարծես թե դուրս է թռել ձեր ձեռքերից: Այսպես, «Նոր ալիք»-ում էլ դուք հայտնվեցիք միայն չորս տարի անց: Վիրավորական չի՞:

– Իհարկե, վիրավորական է: Սակայն ես այն մարդը չեմ, որ ձեռքերը ծալում է: Իմ կյանքի կարգախոսն է՝ երբեք չհանձնվել: Այդ պատճառով պայքարելու եմ մինչև վերջ: Իմ երազանքն է մասնակցել Եվրատեսիլին: Չգիտեմ, արդյոք կկազմակերպվի նախընտրական փուլ հաջորդ տարի, սակայն եթե լինի, և եթե ես պատրաստվեմ ըստ արժանվույն, ապա անպայման կմասնակցեմ: Ինչ վերաբերում է «Նոր ալիքին», ապա նրանում, որ նախկինում չէի անցնում, ես ինքս եմ մեղավոր: Հայտերը լրացնում էի ոչ այն ստանդարտներով, որոնք առաջարկում էին կազմակերպիչները, այլ հենց այնպես: Իսկ այս անգամ տեսահոլովակ ուղարկեցի արդեն լիարժեք ֆորմատով՝ 3 րոպե: Եվ հաջողությունը ժպտաց ինձ:

– Եվ բավականին «լայն» ժպտաց: Ես նկատի ունեմ դրամական պարգևը 1 մլն 610 հազար ռուբլիի չափով, որին դուք արժանացաք՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: Ինչի՞ վրա եք ծախսելու այդքան գումարը:

– Դե, «այդքանը» ի սկզբանե դարձավ մի փոքր պակաս՝ 30% պահվեց այն բանի համար, որ ես Ռուսաստանի քաղաքացի չեմ: Մնացորդն էլ իր հերթին ամբողջությամբ չհասավ իմ գրպանին: Բանն այն է, որ պայմանավորվածություն ձեռք բերելու համար, թիմ ձևավորելու և ինձ հետ Սոչի տանելու համար, այլ ծախսերը հոգալու համար ես մեծ վարկ էի վերցրել: Եվ մտադրված եմ մարել այն: Դե, իսկ «մրցանակային ֆոնդի» մնացորդը կծախսեմ կարիերայի զարգացման վրա:

– Դուք վարկ եք վերցրել մրցույթին մասնակցելու՞ համար: Մի՞թե չէր հաջողվել հովանավոր գտնել կամ ստանալ Մշակույթի նախարարության աջակցությունը:

– Ես դիմել եմ ինչպես բավականին լուրջ կազմակերպությունների, այնպես էլ մեկ աստիճան ցածր կամակերպությունների: Եվ ամեն տեղ մերժում եմ ստացել: Ես նաև եղել եմ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի մոտ: Եվ չափազանց շնորհակալ եմ նրան աջակցելու պատրաստակամության համար: Սակայն, ինչպես պարզվեց, նախարարության բյուջեն չի նախատեսում նման ծախսերի այդպիսի մաս: Արդյունքում, ինձ ոչինչ չէր մնում, բացի պարտք վերցնելը: Դե, իսկ ի՞նչ անեի, չգնա՞յ

– Դատելով ամեն ինչից, կերպա՞րն էլ էր ստեղծվել ինքնուրույն:

– Այո: Ի սկզբանե բոլոր մասնակիցներին հայտարարվել էր, որ և՛ զգեստները, և՛ շպարը, և՛ սանրվածքն ապահովվելու է մրցույթի կազմակերպիչների կողմից: Այդպես էլ եղել է անցյալ տարիներին: Սակայն, ժամանելուն պես ամեն ինչ այլ կերպ պարզվեց, և ես դեմ առ դեմ մնացի այն զգեստապահարանի հետ, որը բերել էի հետս: Իմ զգեստներով էլ հանդես եմ եկել…

-Եղե՞լ են մասնակցության այլ թեկնածուներ Հայաստանից:

– Բացի ինձանից, նախընտրական փուլերին մասնակցելու էին եկել ևս երեք կատարողներ: Արդյունքում 16 երջանիկների թվում՝ պոտենցիալ մասնակիցների, հայտնվեցի նաև ես: Այնպես որ ես այնքան էլ անհաջողակ չեմ: (Ծիխաղում է):

– Դե, դա հաստատ: Ամեն մեկին տրված չէ տասնյակներ հավաքել LP ստեղծագործության վերամշակումով:

– Շնորհակալություն վերամշակման հեղինակ Լիլիթ Նավասարդյանին: Ի սկզբանե մեզ մոտ այլ տարբերակ էր: Եվ արդեն Սոչիում ես կապվեցի Լիլիթի հետ, մտածելով, որ պետք չէ կատարել ստեղծագործությունը հենց այնպես, ինչպես դա անում է LP-ն։ Ավելի ճիշտ է մեկնաբանել սեփական եղանակով: Եվ ես ճիշտ էի:

– Լուրեր են պտտվում, որ դուք եք գրում ձեր երգերը:

-Այո, դա այդպես է: Ես իմ արսենալում արդեն ունեմ բավականաչափ ստեղծագործություններ, որոնք պատրաստվում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում հրապարակել: Ի դեպ, երրորդ մրցութային օրվա «Stand Up» երգն իմն է: Ես եմ երաժշտության և մասամբ խոսքերի հեղինակը:

– Եվ վերջապես հարցն, որը ամենայն հավանականությամբ, հետաքրքրում են մեր շատ հայրենակիցներին, ո՞վ է այն կինը, որն այդպես ոգևորված երկրպագում էր ձեզ: Եվ հեռուստադիտողին հիշվել է այն բանի շնորհիվ, որ օպերատորը ամեն րոպե նրա վրա էր ուղղում տեսախցիկը:

(Ժպտում է): Ոչ, դա իմ մայրը չէ (ի դեպ, վոկալային տվյալները ես ժառանգել եմ հենց նրանից), այլ Կապանի Մշակույթի տան գեղարվեստական ղեկավար Աստղիկ Գրիգորյանն էր: Նա բազմիցս հանդես է եկել, որպես իմ կոնցերտմեյսթեր: Եվ, իսկապես, ջերմ աջակցում էր ինձ:

-Մրցույթն արդեն ետևում է: Իսկ հետո՞:

– Սկզբի համար ես պատրաստվում եմ «սառել» մրցութային պայքարից: Իսկ հետո նորից կանգնել «հաստոցի» մոտ, ընդ որում, ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերակա իմաստով: Ինչպես դուք հավանաբար գիտեք, ես ծնունդով Կապանից եմ, որտեղ էլ ապրում եմ հիմնականում: Օգոստոսին ես նշանակվել եմ Կապանի Մշակույթի տան տնօրենի պաշտոնակատար: Եվ մտադրված եմ անել ամեն ինչ, որպեսզի այդ կառույցը «ոտքի» կանգնեցնեմ: Այդտեղ խնդիրները բազմաթիվ են, այնպես որ ստիպված եմ լինելու աշխատել: Սակայն, իհարկե, ստեղծագործելու մասին էլ չեմ մոռանում: Ինչպես երգում էր մեծն Ուտյոսովը՝ «Երգը մեզ օգնում է կառուցել և ապրել»:

 

Զրուցեց Իրինա Գրիգորյանը