Նախորդ օրը Երևանում տեղի ունեցավ ֆուտբոլի տոնը՝ կազմակերպված ռուս գործարար, «Փյունիկ» («Երևան») երևանյան ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի կողմից։
Վերջինիս շրջանակներում անցկացվեց ֆուտբոլի համաշխարհային լեգենդների մրցախաղը, ինչպես նաև Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում բացվել էր ֆան-հատված, որտեղ տեղի էր ունենում տարբեր շոու-հաղորդումներ հայկական և ռուսական աստղերի մասնակցությամբ, նախկինում ֆուտբոլի աստղերի մաստեր-կլասները, իսկ մեծ էկրանին ցուցադրվում էին աշխարհի առաջնության խաղերը, որոնք մեկնաբանում էին հայտնի ռուս մեկնաբաններ՝ Միխայիլ Պոլենովը, Ռոման Գուտցայտը, Կոնստանտին Գենիչը և Եվգենի Լովչևը:
«Փաստացի մենք ցանկանում ենք աշխարհի առաջնությունը երեք օրով բերել Հայաստան: Որպեսզի մի քանի օրով Հայաստանը դառնա այս տոնակատարության մասնակիցը»,- մեկ ամիս առաջ լրագրողներին հայտնել էր Սողոմոնյանը՝ հայտնելով իր գաղափարը:
Իրենց հերթին Հայաստան ժամանած աստղերը նշում էին, որ ցանկանում են տոն նվիրել հայ ֆուտբոլասերներին, ինչպես նաև նշում էին Ֆրանսիայի հավաքականի հայտնի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆֆի դերը՝ ֆուտբոլային աշխարհում Հայաստանի ժողովրդականացման հարցում:
«Ես առաջին անգամ չեմ Հայաստանում, շատ ենք խոսել այդ մասին իմ ընկեր Յուրի Ջորկաեֆֆի հետ և ես մեծ սպասումներ ունեմ վաղվա մրցախաղից… Վաղը չի լինելու մրցակցություն, վաղը ֆուտբոլի տոն է լինելու: Մենք խաղալու ենք ձեզ համար, մարզադաշտ եկած ֆուտբոլասերների համար»,- լրագրողներին հայտնեց Բուլղարիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի լեգենդար ֆորվարդ Քրիստո Ստոիչկովը:
«Շնորհակալություն կազմակերպիչներին: Մենք ցանկանում ենք ուրախություն պարգևել ֆուտբոլասերներին, ովքեր վաղը կգան մրցախաղին: Ջորկաեֆֆը երբեք չի մոռացել իր արմատների մասին, և մենք քննարկել ենք Հայաստանը»,- նշեց Ջորկաեֆֆի՝ Ֆրանսիայի հավաքականի չեմպիոնական կազմի խաղընկեր Վենսան Կանդելան:
«Մենք ուրախ ենք Հայաստանում գտնվելու համար, ուրախ ենք տեսնել մեր ընկերներին: Արդյունքները կարևոր չեն: Կարևոր է ուրախություն պարգևել հայ ժողովրդին, բոլոր ֆուտբոլասերներին»,- հայտնեց Բրազիլիայի հավաքականի և «Ռոմա»-ի լեգենդար պաշտպան, աշխարհի երկակի չեմպիոն Կաֆուն:
Նշենք, որ մրցախաղից հետո հաջորդ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց հայկական ծագում ունեցող համաշխարհային հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆֆի հետ: Այդ մասին վարչապետը գրել էր իր ֆեյսբուքյան էջում:
«Աշխատանքային օրը սկսեցի հայկական ծագում ունեցող համաշխարհային հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆֆի հետ հանդիպումից: Նա ասաց, որ ոգևորված է հայկական հեղափոխությամբ և պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին»,- գրել էր Փաշինյանը:
Ինչ վերաբերում է լեգենդների միջև անցկացվող մրցախաղին, ապա դրա ժամանակ հանդիպեցին Եվրոպայի և Հարավային Ամերիկայի հավաքականները: Եվրոպայի համար խաղացին Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆֆը, Յարի Լիտմանենը, Քրիստո Ստոիչկովը, Կախա Կալաձեն, Ռայան Գիգգզը, Լյուդովիկ Ժյուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Մարկո Շիմիչը, Լուիջի դի Բյաջոն, Միգել Անխելը, Քրիստո Դյուգարրին, Քրիստիան Կարամբյոն, Ռոման Բերեզովսկին, Յուրի Կովտունը, Ալեկսանդր Ֆիլիմոնովը և այլք: Մարզիչը դարձավ Իտալիայի հավաքականի և «Միլան»-ի լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին:
Հարավային Ամերիկայի թիմի կազմում խաղացին Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Խավյեր Սավիոլան, Դիդան, Կաֆուն, Ժուլիանո Բելլետին, Անտոնիո Զագոն, Ֆրանսիսկո Լիման, Բեբետոն և այլք, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի լեգեոներ, Կանադայի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու Դուեյն դե Ռոզարիոն: Թիմի մարզիչ էր դարձել բրազիլացի լեգենդար ֆորվարդ Ռոնալդոն։
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մրցախաղը բավականին արդյունավետ անցավ՝ Հարավային Ամերիկան հաղթանակ տարավ 5:2 հաշվով: Եվրոպայի համար աչքի ընկան Լուիշ Ֆիգուն և Յուրի Ջորկաեֆֆը, իսկ Ամերիկայի համար՝ Գաբրիել Բատիստուտան, Խավյեր Սավիոլան, Բեբետոն և կրկնակի անգամ Դուեյն դե Ռոզարիոն: Կանադացի ֆորվարդը հատկապես ակտիվ էր և հայտնվելով այսպիսի աստղային թիմում, կարծես թե մոռացավ խաղի ընկերական բնույթի մասին՝ ամեն ինչ անելով Եվրոպայի հավաքականին ջախջախելու համար:
Հատուկ պետք է նշել, որ մրցախաղին ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Արթուր Վանեցյանը: Եվ հայ ֆուտբոլասերները Փաշինյանին դիմավորեցին այնպիսի բուռն ծափահարություններով, որ դրանց կնախանձեին անգամ դաշտում գտնվող ֆուտբոլի լեգենդները:
Իսկ ֆուտբոլի տոնը ավարտվեց մարզադաշտում շքեղ հրավառությամբ, որը չէր զիջում (հնարավոր է նաև գերազանցում էր) ազգային տոնակատարությունների պատվին կազմակերպվող հրավառություններից:
Հայկ Խալաթյան