Մայիսին Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը ժամանակավոր համաձայնագիր կնքեցին ազատ առևտրային գոտու վերաբերյալ: Համաձայնագիրը հնարավորություն կտա ավելացնել ապրանքաշրջանառությունը երկրների միջև՝ մաքսային ռեժիմի թեթևացման հաշվին:
Ենթադրվում է, որ լիարժեք ֆորմատով համաձայնագիրը՝ ազատ առևտրային գոտու մասին ԵԱՏՄ և Իրանի միջև կստորագրվի 3 տարի հետո: Այդ ֆոնի վրա հաճախակի են դարձել խոսակցություններն այն շահերի մասին, որոնք կարող է ստանալ Հայաստանը՝ լինելով Իրանի հարևան և ԵԱՏՄ անդամ, ըստ էության միակ կապող օղակը Միության և 80 միլիոնանոց իրանական շուկայի միջև:
Ի սկզբանե, երբ Հայաստանը դեռ նոր պլանավորում էր միանալ ԵԱՏՄ-ին, այդ համաձայնագիրը դիտարկվում էր որպես պայծառ հեռանկար հայկական տնտեսության համար: Եվ ահա այն արդեն իրականություն է, այդ դեպքում ի՞նչ է խոստանում Հայաստանին ԵԱՏՄ և Իրանի մերձեցումը, և հատկապես ո՞ր ոլորտներում մենք պետք է դրական միտումներ սպասենք:
Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության փորձագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արմեն Մանվելյանի կարծիքով, համաձայնագիրը մի շարք տնտեսական հնարավորություններ է բացում Հայաստանի համար: Մասնավորապես՝ նոր հնարավորություններ են ընձեռնվում ԵԱՏՄ-Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության համար, որը գրագետ կիրառման պարագայում ունի զարգացման հսկայական պոտենցիալ:
«ԵԱՏՄ միասնական տնտեսական շուկայի ձևավորումը Միության երկրներում տնտեսության տարբեր հատվածներում բերում է շուկայի և նոր ներդրումների հանդեպ հետաքրքրության ավելացման, իսկ Իրանի հետ գործակցության նոր ֆորմատը դրան հաղորդում է լրացուցիչ ազդակ, որը կարող է առաջին հերթին ձեռնտու լինել Հայաստանի համար ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի ֆորմատով»,- հայտարարեց փորձագետը «Հայատան-Ռուսաստան ռազմավարական դաշինք. իրողություններ և ժամանակակից մարտահրավերներ» կոնֆերանսի ընթացքում:
Բացի այդ, – նշեց Մանվելյանը, – կան բոլոր նախադրյալները Մեղրիում ազատ տնտեսական գոտու ակտիվացման համար, ինչը ևս հնարավորություններ է ընձեռնում ապրանքների արտահանման և տրանզիտի համար ԵԱՏՄ երկրներից դեպի Իրան և հակառակ ուղղություններով՝ Հայաստանի միջով: Փորձագետը վստահ է, որ այդ ֆորմատները թույլ են տալիս ոչ միայն մի քանի անգամ ավելացնել արտահանությունը դեպի Իրան, այլև մեծացնել Հանրապետությունում նոր ներդրումներ կատարելու հնարավորությունը, նոր հզորությունների և էլեկտրաէներգիայի արտահանության ստեղծման համար ինչպես ԵԱՏՄ անդամ երկրներում, այնպես էլ Իրանում։
«Հայաստանը, որը դեռևս ԽՍՀՄ ժամանակաշրջանում հարթակ էր հանդիսանում էլեկտրաէներգիայի արտադրության և արտահանության համար, կարող է վերականգնել իր կարգավիճակը, եթե ստեղծվի համագործակցության եռակողմ համակարգ «ԵԱՏՄ-Հայաստան-Իրան» ֆորմատով: Ռուսաստանը, ԵԱՏՄ երկրները և Իրանը բախվում են էլեկտրաէներգիայի լուրջ պակասի հետ, սակայն եթե ԵԱՏՄ անդամ երկրները նման խնդիր են ունենում ձմռանը, ապա Իրանի մոտ դեֆիցիտային է ամռան ժամանակաշրջանը: Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա արտադրել արտահանության և տրանզիտի համար: Այս հարցում կարող է օգնել Հայաստան-Իրան գազատարի նախագիծը, որը այսօրվա դրությամբ շահագործվում է միայն 15% և կարող է հասնել 50% հզորության, եթե շահագործման մեջ լինի էլեկտրափոխանցման երրորդ բարձր վոլտաժային գիծը»,- կարծում է Մանվելյանը:
Այդպիսով, ամփոփեց նա՝ ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին ակտիվորեն օգտագործել բարենպաստ պայմանները եռակողմանի տնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ դառնալով էլեկտրաէներգիայի ինչպես արտադրող ու արտահանող դեպի Ռուսաստան և Իրան՝ կապված եղանակային ժամանակաշրջանի պահանջարկի հետ, այնպես էլ տրանզիտային երկիր՝ Հարավ-Հյուսիս էլեկտրափոխանցման բարձր վոլտաժային գիծ կառուցելիս և շահագործելիս:
Սակայն կասկածներ կան, որ վերը նշվածը կարող է իրականություն դառնալ տեսանելի ապագայում: Խոսելով Հայաստանի շահերի մասին այս համատեքստում, էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը նշեց, որ հարկավոր է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա՝ Հայաստանի արտաքին առևտրային շրջանառության միայն 4% է պատկանում Իրանին և կազմում է 240 մլն դոլար, ինչը շատ քիչ է հարևան երկրների համար: Երկրորդ հանգամանքը՝ Մեղրիում ազատ տնտեսական գոտին է:
«Այն ներառում է նվազագույնը ապրանքների 900 տեսակ և թույլ է տալիս պարսիկ և հայ գործարարներին ԵԱՏՄ շուկա արտահանել ապրանքներ, որոնք արտադրված են Մեղրիի հատվածում, իսկ դա նշանակում է ունեն ցածր ինքնարժեք: Ցավոք, համաձայնագրում նշված ապրանքների ցանկում ներառված չեն էներգետիկ ապրանքներ, ինչը շատ հեռանկարային կլիներ Հայաստանի համար»,- Dalma News-ի հետ զրույցի ժամանակ հայտնեց Դավթյանը:
Փորձագետն ընդգծում է, որ ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու ստեղծումը իսկապես կարող է առանցքային նշանակություն ունենալ հայ-իրանական կապերի զարգացման գործում: Ի դեպ, Երևանն ի սկզբանե դա հասկանում էր և առաջինը հանդես եկավ այդպիսի նախաձեռնությամբ: Ըստ նախնական տվյալների, որոնք թվարկեց Դավթյանը, գոտու ստեղծումը իր մեջ պոտենցիալ ունի 2 անգամ բարձրացնելու հայ-իրանական ապրանքաշրջանառությունը, քանի որ իրանական կողմը 3 անգամ նվազեցրել է մաքսային տուրքերը որոշ ապրանքների համար: Այսինքն հեռանկարում մենք կարող ենք կես միլիոն դոլարի ապրանքաշրջանառություն ունենալ, քանի որ 2017թ․Իրանի հետ ապրանքաշրջանառությունը հասել էր 263.4 մլն դոլարի, իսկ դա արդեն 10.1% ավել էր, քան 2016 թ․։
Ի դեպ, հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու մասին: Մեղրու ԱՏԳ-ն բացվել է 2018թ․ հունվարին և այսօր դեռևս թափ է հավաքում: Հայաստանի կառավարությունը նախատեսում է մոտակա տարիներին ԱՏԳ ներգրավել 50-70 ընկերություններ, որոնք կկատարեն մոտ 130 մլն դոլարի ներդրում:
Այն փաստը, որ Սյունիքի մարզ կատարած վերջին աշխատանքային այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց նաև ԱՏԳ և դժգոհ մնաց տարածքի բարեկարգման մակարդակից, ինչպես նաև այլ նյուանսներից, հույս է ներշնչում, որ իշխանությունների ուշադրությունը այդ հատվածի նկատմամբ հետագայում ավելի մանրակրկիտ կլինի և կհաջողվի վերջապես հասնել ապրանքաշրջանառության մակարդակի բարձրացման: Սա իր հերթին անխուսափելիորեն իր հետ կբերի Հայաստանի ազդեցության բարձրացմանը՝ որպես յուրահատուկ կամուրջ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև:
Դեռևս տարվա սկզբին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը առաջարկել էր Իրանին համատեղ կիրառել ԱՏԳ-ն, քանի որ նրա խոսքով «այդ հատվածի գործառության մուլտիպլիկատիվային էֆեկտը նոր խթան կհանդիսանա երկու երկրների տնտեսության զարգացման համար»: Սակայն, դեռևս այդ ամենը մնում է պլաններում և թղթի վրա:
Լինա Մակարյան