Հեռուստատեսությունը, հատկապես Հանրային հեռուստաըներությունը Հայաստանում անկախությունից ի վեր գերթե միշտ եղել է վերահսկողության տակ: Անգամ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականով, ի տարբերություն համացանցի, ռադիոյի ու թերթերի, հեռուստաեթերը ՀՀ-ում մինչեւ “թավշյա հեղափոխությունը”, գտնվում էր խիստ վերահսկողության տակ: Այժմ դժվար է հստակ ասել, արդյոք իշխանափոխություններից հետո այս արատավոր երեւույթին վերջ է դրվել, թե չէ, բայց այս առումով անհանգստացնող ահազանգ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ “որոշ հեռուստաընկերություններին” հասցեագրված գրառումներից մեկը:

«Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի’ արեք։ Պարզապես մի’ արեք», – գրառել էր վարչապետն իր Facebook-այն էջում, ինչը շատերը ընկալեցին նաեւ Հանրային հեռուստաըներությանն ուղղված ուղերձ։ Իսկ քանի որ Հ1-ը հանրային ընկալման մեջ պետական, ոչ թե հանրային հեռուստաընկերություն է, ուստի անգամ այս գրառման հետ կապեցին Հանրայինում տեղի ունեցած կադրային փոփոխությունները:

Այդ ընթացքում սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվեցին Հանրային հեռուստաընկերության լրատվական-քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը, «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանը եւ եւս երկու մեկնաբաններ:

Ինչպիսի՞ն է լինելու հեռուստալրագրության վիճակը նոր իշխանությունների օրոք, ի՞նչ փոփոխություններ կկատարվեն այս ոլորտում, ինչո՞ւ Հ1-ում տեղի ունեցան կադրային փոփոխություններ: Այս հարցերի շուրջ Dalma News-ը զրուցեց Արտակ Հերիքյանի հետ:

Արտակ, ո՞րն էր Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսերի պաշտոնից հեռանալու պատճառը: Հանրային հեռուստաընկերությունը, իրականում, տարիներ շարունակ աշխատել է որպես պետական լրատվամիջոց՝ սպասարկելով ավելի շատ իշխանության, քան թե հանրության շահերը: Արդյոք, Հանրայինում կադրային փոփոխությունները որեւէ կերպ կապ ունե՞ն երկրում տեղի ունեցած քաղաքական իրավիճակի փոփոխման հետ:

Պատճառը ես չեմ կարող հստակ ասել: Պարզապես Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի (Ռուբեն Ջղինյանի – խմբ.) հետ կարճ հանդիպումից հետո, որոշեցի, որ պետք է դիմում գրեմ: Ես հեռացա նրա ցանկությամբ, սեփական դիմումի համապատասխան, եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի (Մարգարիտա Գրիգորյանի – խմբ) լուռ համաձայնությամբ: Քաղաքական որեւէ ենթատեքստ չեմ տեսնում, թեկուզ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ պարոն Ջաղինյանը վկայակոչում էր իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը: Բայց համոզված եմ, որ իմ հեռանալը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի: Եթե այդպիսի ենթատեքստ լինի, ստացվում է, որ կառավարությունը, հակառակ իր իսկ հռչակած սկզբունքներին ու արժեքներին, միջամտում է հեռուստաընկերության գործերին: Ես դրան չեմ հավատում, քանի որ իրոք չի միջամտել: Համենայնդեպս, այս ընթացքում, լրատվական ծառայության աշխատանքին զրո միջամտություն է եղել:

Ստացվում է նախորդ կառավարության ժամանակ եղել է այդ միջամտությունը: Համենայնդեսպս, ՀՀ-ում դժվար է գտնել մարդու, որ դրանում համոզված չլինի: Ինչպե՞ս է այն դրսեւորվել:

Կարող եմ ասել, որ Հայաստանում հեռուստատեսությունը, ինչպես հետխորհրդային շատ երկրներում, իր լրատվական քաղաքականությունը բացարձակ անկախ չի որոշել: Ես հեռուստատեսությունում եմ 1995 թ-ի վերջից եւ գիտեմ, որ իշխանությունները հիմնականում չեն դիմացել հեռուստատեսության լրատվական ծրագրերի խմբագրական գծին միջամտելու գայթակղությանը: Չեմ կարող ասել դրանք ինչպես են դրսեւորվել, քանի որ ինքս կապ չեմ ունեցել տարբեր պետական ապարատների հետ: Կարող եմ ասել սակայն, որ այդ միջամտությունը պոստսովետիզիմի կլասիկ դրսեւորում է: Եվս մեկ շատ կարեւոր հանգամանք: Իմ սերնդի հեռուստալրագրողները 1990-ականների կեսերին հենց այդ սովետիզիմի դրսեւորումների դեմ պայքարի հայտով մտան դաշտ: Այլ բան, որ հետագայում մենք նախկին եռանդով չէինք կարողանում պայքարել դրանց դեմ, եւ կոմպրոմիսների միջոցով ունեինք այն, ինչ ունեինք:

Ամեն դեպքում խնդրում եմ վերադառնանք հեռուստալրագրության գործերին իշխանությունների միջամտության դրսեւորումներին: Դուք նշում եք, որ կապ չեք ունեցել իշխանական աշխատկազմերի հետ: Սակայն եղե՞լ են դեպքեր, որ դուք ցանկացել եք, ասենք, ինչ որ հյուր հրավիրել, ու Ձեզ ասել են, որ նա արգելված է: Կային թեմաներ, որոնց եւս չէր կարելի անդրադառնալ: Եղե՞լ է գրաքննություն կամ ինքնագրաքննություն:

Հանրային հեռուստաընկերությունում ամենահին նյուզրումն է գործում: Սովետական շրջանում աշխատած շատ մարդիկ մինչեւ հիմա այնտեղ են, աշխատում են: Շատ մեծ ժամանակ դեռ չի անցել: Որպես հին, դասական նյուզրում, այո եղել է շատ ավելի պահպանողական: Անխոս, շատ ավելի զգուշորեն ու երկար մտածելուց հետո են շատ քայլեր արվել: Այսքանը միայն կարող եմ ասել: Խոսվում էր Բաղրամյան 26-ում եղած մարդկանց “սեւ ցուցակի” մասին, որնց չէր կարելի եթեր տրամադրել, սակայն այդպիսի ցուցակ ես չեմ տեսել: Կարծում եմ վարչապետն էլ իր աշխատասենյակում այդպիսի ցուցակ չգտավ: Սա, իհարկե, հումորով եմ ասում (ժպտում է – խմբ.): Մյուս կողմից, անշուտ Հանրային հեռուստաընկերությունը նույնիսկ օրենքով պարտավոր է տարածել իշխանության տարբեր թեւերի պաշտոնական հաղորդագրությունները: Եթե չեմ սխալվում, օրական՝ ԱԺ-ից երեք րոպե պաշտոնական հաղորդագրություն, երեք րոպե՝ նախագահից, եւ այդպես շարունակ: Դա օրենքի պահանջ է: Երբ քննադատում են Հանրայինին՝ իշխանությունների գովերգման համար, ապա պետք է հաշվի առնել նաեւ այս հանգամանքը, որ 30 րոպեանոց հաղորդման շրջանակներում օրենքով նախատեսված 10-12 րոպե հատկացվում է պետական մարմինների պաշտոնական հաղորդագրություններին:

Բայց հաղորդագրությունը կարող է տարբեր կերպ մատուցվել: Այստեղ է խնդիրը: Կարող է տրվել ուղակի իշխանության տեսակետը, կամ այն համեմել այլ տեսակետներով, այդ թվում՝ քնադատությամբ:

Անխոս մենք մատուցման, ինֆորմացիայի վիզուալիզացիայի, լեզվի ու դինամիզմի վրա, համենայնդեպս, վեջին մեկ ու կես տարում շատ-շատ ենք աշխատել: Մեր թիմն այդ առումով բավականաչափ ռեստարտ էր եղել:

Հանրային հեռուստաընկերության եթերում մենք գրեթե չենք տեսնում լուրջ հետաքննություններ հատկապես բարձարագյուն իշխանության շրջանակներում կոռուպցիոն երեւույթների բացահայտ առումով: Ինչո՞ւ: Նման փորձեր արվե՞լ են:

Որքան էլ որ հանրությունը պահանջկոտ ու ուշադիր է Հանրայինի հանդեպ՝ հաշվի առնելով, որ այն սնվում է հանրային միջոցներից, պետք է նշեմ, որ լրատվության մասով Հ1-ը պետք չէ դուրս դնել հայկական հեռուստատեսային գունապնակից: Սա մի իրողություն է, որ ընդհանուր է բոլորի համար: Շատ լավ է, որ հանրությունը պահանջկոտ է Հանրային հեռուստաընկերության նկատմամբ, սակայն խդիրները բոլորի համար նույն են: Ինչ վերաբերում է հետաքննական լրագրությանը: Ես 23 տարի է հեռուստատեսությունում եմ, այնտեղ հետաքննական լարագրություն չեմ տեսել: Հեռուստատեսային նյուզրումներն օրվա իրողությունների արձանագրման հետեւից են գնում: Հետաքննական լրագրությունը զարգացնելու գաղափարներ միշտ քննարկվել են, սակայն հնարավորություններ չեն եղել: Հանրայինն օրվա ընթացում ունի չորս լրատվական թողարկում, որոնցից ամենամեծը 40 րոպե է տեւում: Զուտ ժամանակի առումով էլ դրա մեջ տեղավորել չի լինի, կան խնդիրներ նաեւ ռեսուրսների մասով: Կարծում եմ, հիմա արդեն ճիշտ ժամանակ է, որ մենք ունենանք Հանրային լրատվական ալիք: Սա իմ վաղեմի երազանքն է: Հանրային ֆինանսավորմամբ 24 ժամյա ալիք: Այնտեղ վստահ եմ, որ ավելի հեշտ կլինի ունենալ հետաքննական առանձին հաղորդումներ: Կարծում եմ, քաղաքական մեծ փոփոխութուներից հետո ՀՀ-ում ստեղծվել են խոսքի ազատության համար նապաստավոր պայմաններ: Պետք է մենք՝ լրագրողներս, նախաձեռնող լինենք, որ այդ գործընթացը դառնա անշրջելի: Կարծում եմ, որ շուտով մենք ունենալու ենք շատ ավելի լավ հեռուստատեսային նորություններ, քան մինչ այդ ունեցել ենք:

Գալով կրկին Ձեր՝ Հ1-ից հեռանալու խնդրին: Հարց է ծագում, եթե Պարոն Ջաղինյանը հղում է կատարել իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսակցությանը, ինչը կարող է նշանակել, որ քաղաքական խնդիր է դրված եղել իշխանափոխությունից հետո: Տվյալ պարագայում տամաբանակ կլիներ գնալ Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավարության փոփոխության, ոչ թե առանձին վերցված Հ1-ի լրատվական բլոկի աշխատակիցների: Այդպես չէ?

Կրկնեմ` այդ հանդիպման փաստի արձանագրումը ինձ հետ հանդիպման ժամանակ կապ չունի հեռանալուս հետ: Այդ մասին բարձրաձայնելը, հավանաբար, “Հին Հայաստանից” մնացած սովորության պատառիկ է: Ենթադրում եմ, որ իմ հեռանալը քաղաքական ենթատեքստ չունի: Այս ընթացքում զգացել եմ, որ նոր կառավարությունը հակված չէ միջամտել հեռուստատեսության գործերին:

Նորից այս հարցն է առաջ գալիս: Ինչպե՞ս է դրսեւորվել միջամտությունը, որն այժմ, ինչպես Դուք եք ասում՝ չկա:

Օրինակ, վերջին շրջանում ինձ չեն հասել լուրեր, որ իշխանական թիմի անդամները գնացել եւ թիմի ղեկավարին բողոքել են, որ իրենք քիչ երեւացին մեր եթերում կամ իրենց հայտարարությունը աղճատված է ներկայացվել: Ցավում եմ, երբ մենք խոսում էինք հետխորհրդային սովորությունների մասին, ապա Հանրային հեռուստաընկերությունում, ինչ որ մի շրջան, իշխանություների ազդեցության չափի որոշիչն այն էր, թե Հանրայինի լրատվական ծրագրի առաջին 15 րոպեում, ում քանի վայրկյան կամ քանի րոպե կանդրադառնան: Ի դեպ այս երեւույթի դեմ պայքարել են Հանրայինի գրեթե բոլոր ղեկավարներն ու լրագրողները: Հանրության շրջանում ԽՍՀՄ-ից մնացած ընկալումնել էր այդպիսին, սա խանգարում էր կտրուկ փոփոխություններ կատարել: Նույն հանրությունը եւս շատ հաճախ մտածում էր, որ եթե այս կամ այն պաշտոնյային չցուցադրեցին Հանրայինի լրատվականով կամ ցուցադրեցին մի քանի վայրկյան ու վերջին մասերում, ապա նա ոչինչ է մեր հասարակական-քաղաքական կյանքում:

Տեսեք, շատ եմ լսում իմ ծանոթներից, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո, սկսել են ավելի շատ հետեւել հեռուստատեսային լրատվությանը: Արդյոք այպե՞ս է, դուք նման բան նկատե՞լ եք:

Այո, կա նման բան: Մեկ ու կես տարի առաջ, երբ ես գնացի Հանրային հեռուստաընկերություն եւ օրեր առաջ, երբ դուրս եկա, վարկանիշներն անհամեմատելի էին: Մինչեւ հեղափոխությունը մեր վարկանիշը նախկին լրատվական ծառայության լսարանի հետ համեմատած կրկնապատկվել էր: Իսկ հեղափոխության օրերին եւ դրանից հետո լսարանը շուրջ երեք անգամ ընդլայնվեց: Մենք ամեն օր նկատել ենք տեղեկատվության պահանջարկի աճը: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ակտիվացրեցինք նաեւ համացանցում մեր գործունեությունը՝ փորձելով վերկայնգնել Հանրային հեռուստաընկերության լրատվական պրոդուկտ ստեղծողի վարկանիշը: Մինչեւ հեղափոխությունը համացանցում մեր դիտումները առնվազն տասնապատկվել էին: Իսկ իշխանափոխությունից հետո այն եւս մի քանի անգամ աճեց: Եթե 2016 թ-ի աշնանը Հանրայինի լրատվական ծրագիրը համացանցում դիտում էին 800-1000 մարդ, ապա վերջին շրջանում մեր որոշ թողարկումների դիտումներն անցնում էին 100 հազարը:

ԱՄՆ-ում կա պրակտիկա: Այն ԶԼՄ-ները, որ ամբողջութամբ ֆինանսավորվում են պետական բյուջեից, ԱՄՆ-ի տարածքում լուրեր չեն թողարկում: Արգելված է: Դուք կո՞ղմ եք այս մոդելին:

Ոչ: Կարծում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է ունենա նաեւ սեփական եկամուտներ հայթայթելու հնարավորություն: 100-տոկոսով հանրային գրպանից սնվող հեռուստաընկերություն մեզ պետք չէ: Պետությունը կարող է լինել բաժնետեր այդ հեռուստատեսությունում, պատվիրել եւ ֆինանսավորել հեռուստատեսության պրոֆեսիոնալ պահանջները բավարարող որոշ հաղորդումներ: Սակայն 100-տոկոսանոց պետական բյուջեից սնվող հեռուստաընկերություն մեզ պետք չէ, քանի որ դա հեռուստաընկերությունը կախվածության մեջ է դնում օրվա իշխանություններից: Ու հաճախ ստացվում է հեռուստատեսություն առավելապես նրանց ճաշակով, նրանց պատկերով… Հիմա գործընկերներս շանս ունեն հեռուստալուրերը ավելի համարձակ պաշտպանել կառավարական կաբինետներում տիրող տրամադրությունների ազդեցությունից:

 

Զրուցեց Արշալույս Մղդեսյանը