Հայաստանի նոր խորհրդարանը հնից չի տարբերվելու, իսկ մեզ հիմնական փոփոխություններ սպասվում են առջևում, երբ 2018թ. կլրանա գործող նախագահ Սերժ Սարգսյանի իրավասությունների ժամկետը, և Հայաստանը վերջնականապես կանցնի կառավարման խորհրդարանական համակարգին: Այսպիսի կարծիք է տարածված հասարակության լայն զանգվածներում: Բայց կարծես ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: Նոր խորհրդարանը (իհարկե պայմանական նոր) մեզ դեռ զարմացնելու է, իսկ փոփոխությունների մեկնարկն այսօր արդեն իսկ տրված է: Բայց դա տեսանելի ապագայում, իսկ առայժմ, անցյալ շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի վեցերորդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանը:
Նշենք, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստն իր աշխատանքը սկսեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ, որից հետո նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ իր խոսք-պատգամով:
Պատասխանատու ու խոստումնալից փուլ
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումներն իրականացնելուց հետո երկիրը մուտք է գործելու բավական խոստումնալից ու պատասխանատու մի շրջան, որտեղ պետական կառավարման նոր համակարգի ձևավորման հարցում գլխավոր դերը պատկանելու է Ազգային ժողովին:
Նախագահը հիշեցրեց, որ խորհրդարանի առաջին ֆունկցիան գործող օրենքների մշակումն է, առանց որի հնարավոր չի ամբողջությամբ իրագործել սահմանադրական փոփոխությունները:
Արմատախիլ անել անարդարությունը
Նախագահը անարդարության դեմ պայքարի նոր փուլ հայտարարեց: Նրա խոսքերով՝ Հայաստանն այսօր պայքարի երկու ճակատ ունի՝ դա ներքին ու արտաքին թշնամիներն են: Ինչպես արդյունավետ պայքարել արտաքին թշնամու հետ, մենք գիտենք, իսկ ինչ վերաբերվում է ներքին թշնամուն, ապա այն ի հայտ է գալիս որոշակի մտածելակերպով ու որոշակի դրսևորումներում:
«Այս երևույթներից ամենավտանգավորը, երևի թե անարդարությունն է, որը ցանկացած պետության համար համարվում է չարիք, հիվանդություն, որը քամում ու թուլացնում է պետությանը, ոչնչացնում է ապագայի հանդեպ հավատը, թուլացնում պետության հանդեպ սերը, հեռացնում նրանից իր որդիներին: Հետևաբար, այսօր, ավելի քան երբևէ, պայքար պետք է մղել այլ ճակատով»,- ասաց նախագահը:
Կաշառակերության դեմ պայքարի բանաձևը
Կաշառակերության դեմքը փոխվել է, ու աստիճանաբար այն դառնում է առավել նկատելի ու պարտադրող: Ավելին, նախագահը գտնում է, որ պետությունը շարունակում է հասարակության ու անձանց մեջ արմատացնել «կաշառակերության հանդեպ զրոյական համբերատարություն»-ը, սակայն միևնույն ժամանակ ոչ-ոք չի պատրաստվում բավարարվել ձեռք բերվածով:
«Մենք պետք է կատարելագործենք ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն համակարգն ու ապահովենք դրա հետագա զարգացումը: Բոլորս էլ գիտակցում ենք, որ առանց դրա ցանկացած նախաձեռնություն պսակվելու է անհաջողությամբ»,- հայտնեց Հայաստանի հանրապետության գլխավորը:
Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա- ահա ցանկալի արդյունքի հասնելու բանաձևը, վստահ է Սերժ Սարգսյանը:
Հայաստանը կողմ է փոխզիջման որոշմանը
Սերժ Սարգսյանը առանձին անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նրա խոսքերով՝ Հայաստանը բազմիցս կողմ է արտահայտել փոխզիջման իր պատրաստակամության մասին, որի հիմնական էությունը Արցախի ճանաչման ու ինքնորոշման իրավունքի մեջ է:
«Այո, փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների՝ տեղի տալով ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է: Այո, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում ոչ մի օր ավել, չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել հիմնահարցի լուծման ծանրությունը, և հենց դրան են ուղղված մեր և եռանախագահող երկրների համատեղ ուժերը՝ կոնֆլիկտի լուծման հարցում»,- հայտնեց երկրի նախագահը:
Նա հիշեցրեց, որ հիմնահարցը մինչև այժմ չի կարգավորվել ոչ թե Հայաստանի կամ միջազգային միջնորդների պատճառով, այլ Ադրբեջանի, որը խաթարում է բանակցային գործընթացը ու կողմ է ստատուս-քվոյի պահպանմանն ու չի էլ թաքցնում դա:
…Եվ ապագայի մասին
Ապրանքների ու ծառայությունների արտահանումը պետք է ավելանա մինչև 40-45 % ՀՆԱ, իսկ 2040թ. այդ ցուցանիշը պետք է հասնի մինչև 50-55 %-ի: Նախագահի խոսքերով՝ «Արտադրված է Հայաստանում» նշումը ոչ միայն պետք է ցույց տա ապրանքի աշխարհագրական ծագումը, այլ նշանակի բարձր որակ, հուսալիություն ու անվտանգության պահանջներին համապատասխանելիություն:
Հայաստանի նախագահը նախատեսում է նաև առաջիկա 5 տարիների ընթացքում բնակչության աղքատության մակարդակը իջեցնել մինչև 18 %, իսկ արդեն 2040թ.-ին՝ մինչև 7-8%:
Դաշնակները լռում էին, Ծառուկյանը ժպտում, իսկ Փաշինյանը՝ մարտահրավեր նետում
Հիշեցնենք, որ ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ վեցերորդ գումարման ազգային ժողովում ներկայացվել են 4 քաղաքական ուժեր՝ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ստացել էր 105 մանդատներից 58-ը, «Ծառուկյան» բլոկը՝ 31-ը, «Ելք»-ը՝ 9-ը, «Դաշնակցությունը»՝ 7 մանդատ:
Այժմ պետանձնակազմի առաջին աշխատանքային օրերի մասին:
Համոզել Ծառուկյանը կարողանում է
«Ծառուկյան» բլոկի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենց գլխավորած ֆրակցիան հանդիսանում է ընդդիմադիր կառույց: Ինչո՞ւ: Պատասխանը պարզ է այնքան, որքան 2 անգամ 2-ը: Մենք չենք միացել նոր իշխող կոալիցիային, մենք ընդդիմություն ենք, «խոհեմորեն» հայտնեց Ծառուկյանը:
Հետաքրքիր մի մանրամասնություն. Երբ մինչ կայանալիք նիստի գրանցումը ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը ներկայացնում էր նորընտիր պատգամավորներին, ներկա գտնվող պատգամավորներից իր տեղից չբարձրացավ միայն մի մարդ՝ «Ծառուկյան» բլոկի լիդեր Գագիկ Ծառուկյանը, այն դեպքում, երբ մնացած բոլոր պատգամավորները կանգնեցին:
Ընդ որում չի կարող չուրախացնել լրագրողներին տված Ծառուկյանի խոստումն այն մասին, որ նա ակտիվ մասնակցություն է ունենալու օրինաստեղծ գործընթացներում: Հաշվի առնելով այն, որ նախորդ երկու գումարված խորհրդարաններում նա գրեթե չէր երևում, տրամաբանական հարց է ծագում՝ արդյո՞ք հիմա Ծառուկյանը կգա նիստերին մասնակցելու: Գագիկ Ծառուկյանի պատասխանը եղավ նրա բազմանշանակ ժպիտը:
Ծառուկյանը նաև տվեց մեծ «ծառուկյանական ընտանիքում» սկանդալային իրավիճակի բացատրությունը: Հիշեցնենք, որ ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ ԿԸՀ ներկայացվել են «Ծառուկյան» բլոկի 23 թեկնածուների անունից ինքնամերժումի դիմում: Բայց նրանցից 12-ը հետո հետ են վերցրել իրենց դիմումները և 8-ն էլ գրանցվել որպես պատգամավոր:
Ահա այսպես, Ծառուկյանի հավաստիացմամբ՝ ֆրակցիայի ներսում եղող հակասությունները հարթված են ու անհանգստանալու կարիք չկա: Մնացած «հեռացողների» ճակատագիրը կվորոշվի մի քանի օրվա ընթացքում: Մեզ մնում է միայն հավատալ, քանի որ Ծառուկյանը համոզել կարողանում է:
Պայքար, պայքար, բայց ոչ մինչև վերջ
Ընդդիմադիր «Ելք» բլոկը բոյկոտեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի դեմ: Ավելի հստակ՝ 9 «ելքցիներ» ԱԺ նիստի դահլիճ մտան այն բանից հետո, երբ դահլիճը լքեցին կաթողիկոսն ու երկրի նախագահը: Դրանով իսկ նրանք առաջին հերթին չստացան օրհնությունը, և երկրորդ՝ երդում չտվեցին բարեխղճորեն կատարել ազգի հանդեպ վերցրած պարտականությունները՝ հանուն հայրենիքի զարգացման:
Իսկ հետո՞: Հետո՝ աշխատանք
Հինգշաբթի օրը Հայաստանի խորհրդարանի խոսնակ ընտրվեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական մեծամասնության 70-ամյա ներկայացուցիչ Արա Բաբլոյանը:
Ընդ որում ընդդիմադիր- ծառուկյանականները նույնպես քվեարկեցին (բացառապես խղճի թելադրանքով) Արա Բաբլոյանի (Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի խոսնակի պաշտոնի թեկնածու), այլ ոչ թե Էդմոն Մարուքյանի օգտին (խորհրդարանի խոսնակի պաշտոնի թեկնածու՝ «Ելք» բլոկից):
Արդեն ուրբաթ օրը պետանձնակազմն ընտրեց երեք փոխխոսնակների՝ ՀՀԿ-ից փոխխոսնակների պաշտոնին նշանակվեցին Արփինե Հովհաննիսյանը և Էդուարդ Շարմազանովը: Իսկ «Ծառուկյան» ընդդիմադիր բլոկից փոխխոսնակ ընտրվեց Միքայել Մելքումյանը:
Առավել վառ տպավորվել է գաղտնի քվեարկության համար պատգամավորների պատրաստվելու գործընթացը: Խորհրդարանի խոսնակն ամենայն լրջությամբ հինգ րոպե պատգամավորներին բացատրում էր «թռչնակ»-ի իմաստն ու նպատակը: Տեսարանը հաստատ թույլ նյարդեր ունեցողների համար չէր:
Բացի դա, Հայաստանի խորհրդարանը կրճատեց գործող հանձնաժողովների քանակը՝ հասցնելով դրանք մինչև 9-ի: Ու արդեն շաբաթ օրը նիստին ժամանակ պատգամավորները կողմնորոշվեցին մշտական հանձնաժողովների ղեկավարների հարցում: Ինը մշտական հանձնաժողովներից 6-ի ղեկավարներ նշանակվեցին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչներ, իսկ մնացած երեքինը՝ «Ծառուկյան» բլոկի ներկայացուցիչներն էին:
Արդյունքո՞ւմ…
Կրկնվենք՝ տեսանելի ապագայում մեզ սուր գործընթացներ են սպասվում: Ինչ վերաբերում է նախագահ Սարգսյանի այն հավաստիացմանը, որ երկիրը մուտք է գործել խոստումնալից ու շատ պատասխանատու մի շրջան, որտեղ պետական կառավարման նոր համակարգի ստեղծման հարցում գլխավոր դերը պատկանում է Ազգային ժողովին, ապա դա այդպես էլ կա: Խորհրդարանը, բառի ամենաիսկական իմաստով, աշխատելու է 2018 թ. առաջընթացի տեսլականով: Իսկ թե որքան արդյունավետ նա կաշխատի, դա էլ ցույց կտա ժամանակը:
Պատրաստեց Ժաննա Գրիգորյանը