Սանկտ-Պետերբուրգում հայերն ապրում են քաղաքի հիմնադրման օրվանից սկսած (Պետերբուրգը հիմնադրվել է 1703թ.- խմբ): Այս ընթացքում ձևավորվել է համայնք, որի կենտրոնը Նևսկու պողոտա 42-ն է: Հենց այստեղ՝ Սուրբ Եկատերինա անունը կրող հայ առաքելական եկեղեցու տարածքում տեղի են ունենում սփյուռքի հայերին հուզող թեմաներով  հանդիպումների, համերգների, միտինգների ու միջոցառումների մեծ մասը: Իսկ թե ինչպես է այսօր ապրում համայնքը, մենք պարզեցինք Սանկտ- Պետերբուրգի «Նոր սերունդ» հայկական երիտասարդական կազմակերպության նախագահ Ֆիլիպ Դավիդովի հետ հարցազրույցի ժամանակ:

Ֆիլիպ, Դուք տեղյակ եք Պետերբուրգում տեղի ունեցող հայկական բոլոր միջոցառումներից: Պատմեք մի փոքր դրանց մասին, ինչի՞ համար են դրանք անհրաժեշտ:

Պետերբուրգում այդպիսի միջոցառումները բազմազան են, քանի որ քաղաքում հայկական մի շարք կազմակերպություններ կան (եկեղեցի, երիտասարդական կառույց, կիրակնօրյա դպրոց, համույթ, մշակույթի կենտրոն և այլն), ու դրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում իրականացնում է մի շարք ծրագրեր:

Եկեղեցին իր վրա է վերցնում ողջ հոգևոր բաղադրիչը, ամենը, ինչ կապված է կրոնական տոների, ծեսերի հետ: Համայնքը, հյուպատոսարանը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը զբաղվում են ավելի խոշոր ծրագրերով, դրանք հիմնականում մշակութային միջոցառումներ են, դասական երաժշտության համերգներ, համաժողովներ, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ թանգարաններում և այլն: Լազարևների անվան ուսումնա-դաստիարակչական կենտրոնը միջոցառումներ է իրականացնում դպրոցականների մասնակցությամբ՝ դարձյալ համերգներ, թատերականացված ներկայացումներ և այլն: Քաղաքում գործում են մի շարք համույթներ, որոնք իրենց մենահամերգներն են ունենում: Դրան զուգահեռ՝ քաղաք են ժամանում էստրադային, ժողովրդական արտիստներ:

«Նոր Սերունդ»-ը իր վրա վերցրեց երիտասարդական հատվածը, մենք միջոցառումներ ենք իրականացնում 4 ուղղություններով՝ սպորտ (ֆուտբոլի, վոլեյբոլի, թենիսի, նարդու, շախմատի և այլ ձևերի մրցաշարեր), կրթություն (ինտելեկտուալ խաղեր, կարիերայի ու կրթական ցուցահանդեսներ, լեզվի կուրսեր, լեկցիաներ), մշակութա-ժամանցային (համերգներ, տոներ, հիշատակության օրեր, ֆիլմերի ցուցադրություններ, լեզվի ու գրականության ակումբ, վոկալային մրցույթներ և այլն), բարեգործություն (աջակցություն մանկատներին ու ծերանոցներին): Շատ ենք ձգտում տարբեր հարթակներ ստեղծել մեր երիտասարդության համար, որպեսզի ցանկացածն իրեն հոգեհարազատ զբաղմունքը կարողանա գտնել:

Այդ իսկ պատճառով էլ միջոցառումներն այդքան բազմազան են՝ ուղղված տարբեր լսարանների, և ցանկացած նախագիծ համարվում է անհրաժեշտություն ու ունի իր նպատակը՝ հայկական երաժշտության հանրայնացում, լեզվի պահպանում, կամ ընդհանուր առմամբ՝ ազգային ավանդույթների, մշակույթի ու սովորույթների պահպանում ու փոխանցում հետագա սերունդներին:

Պետերբուրգի «Նոր Սերունդ» հայ երիտասարդական կազմակերպության նախագահ Ֆիլիպ Դավիդովը
Պետերբուրգի «Նոր Սերունդ» հայ երիտասարդական կազմակերպության նախագահ Ֆիլիպ Դավիդովը

Գիտեմ, որ գրեթե 8 տարի գտնվում եք «Նոր Սերունդ»-ում, և արդեն 4 տարի (2013 թ.-ից սկսած) հանդիսանում եք կազմակերպության նախագահը: Ի՞նչ է փոխվել այդ տարիների ընթացքում:

Հասարակական կազմակերպությունը դա կենդանի օրգանիզմ է, ու այն փոխվելու միտում ունի: Փոխվում են ակտիվիստները, փոխվում են նախագծերն ու փոխվում է լսարանը: Նախագծերից շատերն իրենց արդիականությունը կորցրել են, և հակառակը՝ հայտնվում են նոր գաղափարներ ու նոր միջոցառումներ: Մենք փորձում ենք ընթանալ ժամանակին համընթաց ու կանխազգալ, թե ինչն է հիմա առավել անհրաժեշտ:  8 տարի առաջ կազմակերպության նպատակներն ու առաջադրանքները մի փոքր այլ էին, քան այսօր:

Ի՞նչ նպատակներ կային այն ժամանակ, և ի՞նչ նպատակներ կան հիմա:

Մենք հիմնականում շարունակում ենք աշխատել հասարակա-մշակութային ուղղվածությամբ, բայց հիմա առավել շատ ուզում ենք զբաղվել հասարակա-քաղաքական նախագծերով, Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների ներգրավմամբ օգնել բարելավելու Հայաստանի տնտեսական վիճակը, բարելավել բուհերի միջև եղող կապերն ու ավելացնել փոխանակման կարգով սովորող ուսանողների թիվը:

Ի՞նչ կերպով ես նպաստում հայկական մշակույթի, ավանդույթների, սովորույթների պահպանմանը:

Մեր բոլոր միջոցառումների ժամանակ համապատասխան մթնոլորտ ստեղծելու միջոցով: Մենք ուզում ենք, որ հայ երիտասարդությունն այստեղ (Պետերբուրգում-խմբ.)՝ հայրենիքից հեռու, իրեն զգա մեկ ամբողջության մի մասնիկ: Որպեսզի ցանկացած հայ գիտակցի, որ ինքը մի մեծ պատմության ու իր ազգի մշակույթի կրողն է: Ավանդույթների ու մշակույթի պահպանման հարցում լեզուն մեծ դեր է կատարում: Մենք նպաստում ենք լեզվի կուրսերին,  ինչպես նաև պարային ու գործիքային համույթներին աշակերտների ներգրավմանը:

Իսկ Ձեզ չի՞ թվում, որ այն, ինչ կատարվում է ողջ աշխարհի հայկական սփյուռքներում, դա ուղղակի հայրենիքի մտապատրանք է: Հայերի միջավայրում, հայկական միջոցառումների ժամանակ, հայկական եկեղեցում քեզ կարող է թվալ, որ ավելի մոտ ես գտնվում քո հայրենիքին, բայց իրականում դա այդպես չէ: Ի՞նչ եք կարծում:

Հարցը շատ հետաքրքիր էր… Կարծում եմ այն իր մեջ ճշմարտության մասնիկ ունի: Բայց հայերի միջավայրում, հայկական միջոցառումների ժամանակ, հայկական եկեղեցում մենք մի որոշ իմաստով ավելի մոտ ենք կանգնում մեր պատմական հայրենիքին: Տարբեր հանգամանքների բերումով մենք հայտնվել ենք Հայաստանից դուրս, ինչ-որ մեկը ստիպված է թողել հայրենիքը, ինչ-որ մեկը գիտակցված է հեռացել: Եվ հիմա ունենք այն, ինչ ունենք, և մեր առաջադրանքը կայանում է նրանում, որ առավելագույնս ստեղծենք այնպիսի պայմաններ, որի արդյունքում նոր սերունդը չձուլվի, այլ ապրի հայրենիքից դուրս՝ այն հայրենիքի ու այն մշակույթի գիտակցմամբ, որի կրողն ինքն է: Հնարավոր է նրանցից շատերը ցանկանան հայրենիք վերադառնալ, ինչպես որ անում են մի շարք երիտասարդներ հիմա, և այս միտումը զարգացում է ապրում: «Նոր Սերունդ»-ի մի քանի ակտիվիստներ արդեն վերադարձել են Երևան՝ ապրելու:

Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը Հայերի Ցեղասպանության 102-րդ տարելիցի արարողության ժամանակ
Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը Հայերի Ցեղասպանության 102-րդ տարելիցի արարողության ժամանակ

Դուք հավանաբար լսել եք այն մասին, որ համաշխարհային ճանաչում ունեցող ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը, հայկական ծագում ունեցող կանադացի դերասանուհի Արսինե Խանջյանը և նրա ամուսին Ատոմ Էգոյանը (հայկական սփյուռքի ներկայացուցիչներ- խմբ.) Հայաստանում անցկացվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդներ էին: Դրանով նրանք ասացին, որ սփյուռքը անտարբեր չէ այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է հայ հասարակությունում: Արդյո՞ք դուք էլ՝ «Նոր Սերունդ» համայնքի ներկայացուցիչներդ հետևում եք այն իրադարձություններին, որոնք կատարվում են Հայաստանում: Եվ դրանցից որո՞նք են ձեզ մտորելու տեղիք տալիս:

Թե ես՝ անձամբ, թե «Նոր Սերունդը», թե հենց համայնքը, իհարկե, ակտիվորեն հետևում են այն բոլոր գործընթացներին, որոնք կատարվում են Հայաստանում: Չեմ կարող ասել, թե մենք ունենք գործիքներ և հնարավորություն՝ գործընթացների վրա ակտիվորեն ազդելու համար, բայց մենք էլ մեր մակարդակով ենք աշխատանք իրականացնում: Մեզ համար առաջնահերթային են այն հարցերն ու խնդիրները, որոնց լուծմանը մենք կարող ենք նպաստել կամ զարգացնել հենց այստեղ՝ Պետերբուրգում: Երբեմն մենք կարող ենք մեր տեսակետը հայտնել, ինչպես որ եղավ դա «Էլեկտրական Երևան»-ի ժամանակ, մենք հանդես եկանք հայտարարությամբ և աջակցեցինք էլեկտրաէներգիայի ու կաշառակերության դեմ բողոքողներին: Արցախի ապրիլյան պատերազմի ժամանակ համայնքը միջոցներ հավաքեց, ու մենք ամեն հնարավորն արեցինք, որպեսզի ցույց տանք մեր միասնականությունը:

Ներկա պահին Հայաստանում անց կացվեցին ընտրություններ, փոխվեց կառավարման ձևը, և հիմա շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ուղղություն կստանձնի նոր կառավարությունը, դա որոշակիորեն կանդրադառնա նաև մեր գործունեության վրա:

Երբևէ եղե՞լ եք Հայաստանում, եթե այո, ապա ե՞րբ:

Ցավոք, դեռևս միայն մեկ անգամ եմ եղել Հայաստանում՝ 2015թ., երբ Պետերբուրգյան պատվիրակությունը մասնակցում էր Պանարմենիան խաղերին:

Ի՞նչ էիք զգում առաջին անգամ հայկական հողին ոտք դնելիս:

Սկզբում խառը զգացումներ էին: Երևանն ինձ թվաց սովորական քաղաք, ինչպես որ ետխորհրդային պետությունների մնացած քաղաքներն են, սակայն իհարկե իր կոլորիտով: Ես հասկացա, որ ես հայրենիքում եմ, երբ այցելեցի Արցախ, ու դրանք Հայաստանի հետ կապված իմ լավագույն հիշողություններն են:

Ինչո՞ւ հենց Արցախը Ձեզ մոտ հայրենիքի զգացողություն առաջացրեց:

Իմ արմատներն Արցախից են, ու Հայաստան այցելելով՝ ես պարտավոր էին նաև այդտեղ այցելել: Աննկարագրելի ապրումներ է պարգևում քեզ բնությունը: Նույնիսկ զրոյից վերակառուցված Ստեփանակերտում ես զգում, որ բոլորովին վերջերս այստեղ պատերազմ է եղել, որոշ տեղերում նույնիսկ տեխնիկա ու կիսավեր շինություններ են մնացել: Այդ ամենը անհավանական զգացողություններ են տալիս քեզ, ու հենց Արցախում ես դու հասկանում, թե որքան հզոր է այս ազգը, և այդտեղ իսկապես զգում ես սեփական հողի վրա խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքի պայքարի մթնոլորտը:

Ի՞նչ պայմաններում կքննարկեիք Հայաստան կամ Արցախ տեղափոխվելու տարբերակը:

Ես ծնվել եմ Ռուսաստանում, Պետերբուրգի հետ է կապված իմ ողջ կյանքը, իմ ուսումը, աշխատանքը, ընկերները և ընտանիքը: Ես մենթալիտետների հսկա տարբերություն եմ տեսնում՝ հայկականի հետ համեմատ, վերջինս շատ ծանր է, ու ինձ համար դեռ մինչև վերջ ոչ հասկանալի: Դրա համար դեռևս տեղափոխման տարբերակը չեմ քննարկում: Իհարկե իմ քույրը՝ Վիկտորիան, ով նույնպես ծնվել է Ռուսաստանում, մի քանի տարի առաջ ուղևորվեց Հայաստան՝ Birthright Armenia ծրագրով ու մինչև հիմա մտածում է այն մասին, թե ինչպես ու երբ կրկին հայրենիք վերադառնա:

Պարային համույթ
Պարային համույթ

Ի՞նչ հարաբերություններ ունեք Պետերբուրգի ադրբեջանական համայնքի հետ:

Եթե հարցը երիտասարդության մասին է, ապա մենք բավական հաճախ ենք հանդիպում տարբեր միջազգային ծրագրերի ժամանակ (ֆորումներ, համերգներ, սպորտային մրցաշարեր և այլն): Որպես այդպիսին՝ լուրջ կոնֆլիկտներ չեն եղել, հնարավոր է որոշ գաղափարական տարաձայնություններ միայն: Բայց մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ, ու մենք ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու պետք չունենք: Մենք զբաղվում ենք մեր գործով ու նույն էլ ցանկանում ենք ուրիշներին:

Ինչպե՞ս են Պետերբուրգում պահում Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Մենք շարունակում ենք պահել Ցեղասպանության զոհերի հիշատակը, քանի որ, ես կարծում եմ, որ հենց մենք ենք պատասխանատու նրա համար, որպեսզի այդ ամենը մոռացության չմատնվի: Այս տարի նույնպես ապրիլի 24-ին մենք, ինչպես ավանդաբար անում ենք, ծաղիկներ դրեցինք Կոմիտասի հուշարձանին, որը գտնվում էԿամսկու այգում, իսկ հետո տեղի ունեցավ հիշատակության ծես՝ Սուրբ Եկատերինայի անվան հայ առաքելական եկեղեցում, որից հետո տեղի ունեցավ միտինգ: Մեր այդ օրվա հետ կապված ծրագիրը եզրափակվեց երեկոյան Բելոսելսյան- Բելոզերյան պալատում դասական երաժշտության համերգով:

Ինչպե՞ս կբնութագրեիք Պետերբուգի հայ համայնքին, ինչպիսի՞ն է այն և որքանով է ինտեգրվում ռուսական հասարակությանը:

Հայ համայնքը, լինելով Պետերբուրգի ամենահին համայնքներից մեկը, ներգրավված է բազմաթիվ պրոցեսներում: Իհարկե կան խնդիրներ, համերկրացիների մեջ ակտիվության տոկոսն այդքան էլ բարձր չէ: Բայց այնուամենայնիվ մեր հասարակությունը հսկայական ներուժ ունի, հայերը աշխատանքային բոլոր բնագավառներում ներկա են՝ պաշտոնյաներից սկսած՝ մինչև երաժիշտներ, գիտական աշխատողներ, ռեժիսորներ և այլն: Ինչպես արդեն ասացի՝ հայկական մենթալիտետը մի այլ բան է, և յուրաքանչյուրը անհատական մոտեցում է պահանջում: Մենք աշխատելու, բարելավելու և ստեղծելու տեղ շատ ունենք:

Ձեր կարծիքով ո՞րն է այն գլխավորը, որը պարտավոր է հիշել հայ երիտասարդությունը:

Միշտ պետք է հիշել, որ Հայաստանից դուրս դու քո ազգի դեմքն ես, և քո խոսքերով ու քո գործողություններով միշտ կարծիք են կազմելու քո ազգի մասին: Բոլորին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել «Նոր Սերունդ»-ի գործունեությանը, զարգացնել այն ու ինչ-որ նոր բան բերել կազմակերպություն: Մեր հաջողությունը մեր միասնականության մեջ է:

Զրուցեց  Հասմիկ Վանցյանը