Ի՞նչ ասես… Հայաստանն ամեն առումով էլ յուրահատուկ երկիր է, ու այդ յուրահատկությունը երբեմն դրսևորվում է ամենաանհավանական իրավիճակներում: Օրինակ՝ Նոր տարվանից կամ Սուրբ ծնունդից առաջ, երբ աշխարհի բոլոր երկրներում սկսվում են զեղչերը, ընդ որում զեղչվում է ամեն ինչ, միայն թե իջեցված գներով ավելի շատ ապրանք կարելի լինի վաճառել, Հայաստանում ամեն բան սկսում է թանկանալ: Այս տարի գնային տատանումներ գարնան սկզբին էլ եղան, ինչը ժողովրդական «իմաստնությունը» կապեց ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ:

Պետք է ասել, որ ժողովրդական այդ «իմաստնությունը» անհիմն չէր: Մարտին՝ ընտրություններից առաջ, որոշ պարենամթերքներ էժանացան, ու հատկապես աչքի զարնեց այն հանգամանքը, որ այդ ամենի մեջ իջան հենց բանանի ու շաքարավազի գները: Սա հենց այն բանանն ու այն շաքարավազն է, որի ներկրումը մեզ մոտ մենաշնորհ է, դրա համար էլ նրանք Հայաստանում ավելի թանկ են, քան Մոսկվայում, իսկ հետո զատիկային գները սկսեցին «թռչել»:

Սակայն ընտրություններից անմիջապես հետո ամեն բան վերադարձավ ի շրջանս յուր՝ բանանը նույնիսկ թանկացավ, քան մինչև էժանացումն էր, շաքարավազի գինը բարձրացավ ու հասավ իր հին գնին: Վերջերս կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց հենց այն մասին, որ «բանանը թանկացել է 25-30 %, շաքարավազը՝ մինչև 10%:  Ինչ վերաբերում է բենզինին, ապա հունվարից սկսած՝ շուկայում պարբերաբար գների բարձրացումներ են ֆիքսվում»:

Իսկ ապրիլի 12-ին «Հայաստանի սպառողների ասոցացիայի» տնօրեն Արմեն Պողոսյանը նույնպես անդրադարձավ գների բարձրացումներին՝ նշելով, որ Զատիկից առաջ գների թանկացումները հավերժական թեմա է: Նրա խոսքերով՝ պետբյուջեի ծրագրում ներդրված է մի սկզբունք, համաձայն որի գների բարձրացումները 4 %-ից չպետք է անցնեն, սակայն երկրում ապրանքների գնի մինչև 10 % աճ է ամրագրվել՝ 4 օրերի ընթացքում: Պողոսյանը նաև նշեց, որ մինչև 10 % գնի բարձրացում գրանցվել է նաև ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների նախօրեին ու դրա հաջորդ օրը: Նման կանխատեսումներ կային նաև Զատիկի նախօրերի հետ կապված, առավել ևս, որ արդեն կային գների բարձրացումների նախանշաններ: «Օրինակ, Նորզելանդական կարագը թանկացել է 200 դրամով, ինչը բավական էական փոփոխություն է: Ձուն 3-5 դրամով թանկացել է: Ինչ վերաբերում է ձկանը, ապա այն ոչ միայն թանակցել է, այլ այն առհասարակ գտնելը բարդ է, հավանաբար ելնելով վաճառքի սեզոնային արգելքից»,- ասաց Ա. Պողոսյանը՝ ընդգծելով, որ նման դիտարկումները նախազատիկային շաբաթվա հետազոտության արդյունքների հիման վրա են:

Армен Погосян
Արմեն Պողոսյան

Սակայն այս հոդվածի նպատակը ոչ վիճակագրությունն է, ոչ էլ տնտեսագիտական այն հաշվարկները, որոնց տեսական բազան վիճակագրության հիմք են ծառայում, դա ավելի լավ է թողնել մասնագետներին: Հիմա այլ հարց է, ժողովրդական սպասումները որքանո՞վ են արդարացված թանկացումներով, ու ինչքանո՞վ են նրանք, թեկուզ ակամա, նպաստում գների բարձրացմանը:

Ինչ վերաբերում է «նպաստելուն», ապա այն, անշուշտ, որոշակի դեր է խաղում, դա այն է, երբ ժողովրդի բավական մեծաթիվ մի հատվածի կաշառք տալը ծնում է կաշառակերություն, այստեղ էլ է նույն մեխանիզմը: Իհարկե դա գների բարձրացման ամենագլխավոր պատճառը չէ, սակայն այդ հանգամանքը իր ինչ-որ ազդեցությունն անպայման թողնում է:

Պետք է խոստովանել, որ տեղի չկատարվեցին գների էական բարձրացման կանխատեսումները, նույնիսկ «վստահելի» աղբյուրների տեղեկությունները հավաստի չէին: Դրանում համոզվելու համար բավական է միայն մտնել մայրաքաղաքների սուպերմարկետներ: Բացառությամբ, իհարկե, վերոնշված Նորզելանդական կարագի: Դրանից բացի կտրուկ թռիչքներ ուրիշ ոչ մի տեղ չեն արձանագրվել: Ընդ որում, այստեղ ալկոհոլն ու ծխախոտը կարելի է չդիտարկել, քանի որ այդ ապրանքների թանկացումները կապված են ակցիզային քաղաքականության հետ, միայն ժամանակն է հարմար համընկել:

Ձվերի մի քանի դրամները աննկատ անցան, եթե հատկապես հաշվի առնենք արտադրողների մեծ թիվն ու այդ ապրանքի գների բավական մեծ տեսականին: Մասսայական օգտագործման ապրանքներից ուրիշ էլ ոչ մի բան կարծես այդպես էլ չթանկացավ, միայն կարելի է նշել «Մարս» և «Սնիկերս» բատոնները, սակայն այ հենց դա ընտրություններից առաջ էր, ու դրանցով պայմանավորված չէր: Մի բան էլ հակառակն է՝ օրինակ բուսական յուղը էժանացել է, թեկուզ աննշան, բայց դե այնուամենայնիվ…

Բնական է, որ սպառողին ուրախացնում է այն, որ իր գնած ապրանքների գները օրեցօր իջնում են: Սակայն դա միշտ չէ, որ լավ է, չնայած էմոցիոնալ տեսանկյունից նույնիսկ հաճելի է: Իսկ եթե էմոցիաները դնենք մի կողմ, ապա տնտեսագիտությունը հստակ ու չոր հաշվարկ պահանջող գիտություն է, ու այդ գիտությունը հավաստիացնում է, որ ողջամիտ սահմաններում իրականացվող ինֆլյացիան տնտեսությանն օդի պես անհրաժեշտ է:

Գների շուրջ գոյացած զանազան խոսակցությունների ու երբեմն նույնիսկ գների բարձրացման անհիմն բողոքների կիզակետում «Հայաստանի ձայնում» բավական հանգիստ ու լուրջ իր հոդվածով ելույթ ունեցավ տնտեսական թղթակից Աշոտ Արամյանը՝ պարզ ու հասանելի մարդկանց ու ոչ մասնագետ անձանց բացատրելով դեֆլյացիայի (գների իջեցում) մինուսներն ու ինֆլյացիայի (գների բարձրացում) պլյուսները:

Ашот Арамян
Աշոտ Արամյան

Այսպես, Ա. Արամյանը գտնում է, որ եթե Հայաստանի ֆինանսական ղեկավարությունը կարողանար երկրում թեկուզ չնչին ինֆլյացիա ապահովել, դա երկրի տնտեսությունը կենդանացնող փորձող կառավարության համար շատ մեծ օգուտ կլիներ: Խնդիրը նրանում է, որ ձեռնարկատերերն ու պոտենցիալ ներդրողները, որոնք նման պայմաններում դեմ չէին լինի ներդրումների զգալի հոսք ուղարկել մեզ, բախվելով դեֆլյացիայի միտումներին, այսօր արդեն այդքան էլ չեն շտապի ներդնել իրենց գումարները, ընդարձակել արդեն եղածներն ու բացել նոր արտադրություններ:

«Այսօրվա դրությամբ մենք դեֆլյացիա ունենք, իսկ Հայաստանի նման տնտեսություն ունեցող երկրի համար 4 % ինֆլյացիան առհասարակ նորմալ երևույթ է»,- այսպես արտահայտվեց այս հարցի շուրջ Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի պետբյուջեի՝ տարվա կտրվածքով ինֆլյացիայի  ամբողջական տոկոսը պետք է կազմի նվազագույնը 2.5 %, իսկ առավելագույնը` 5.5 %:  Այս միջակայքից դուրս մնացած ուրիշ ոչ մի ցուցանիշ մակրոէկոնոմիկայի տեսանկյունից այդքան էլ շահավետ չէ: Հետո այնպես չլինի, որ սպառողները որոշ ապրանքատեսակների հետընտրական թանկացումները կապեն օլիգարխների ու մոնոպոլիստների ագահության հետ…

Դժվար թե սպառողը, տեսնելով բանանի ու երշիկեղենի գների «ավելորդ» 100-200 դրամը, իրեն հաշիվ  տա, որ գների իջեցումը (նույն ինքը՝ դեֆլյացիան) ընդամենը կարճաժամկետ երևույթ է, ու արդյունքում՝ հենց իրեն՝ սպառողին հասցված հարվածը կլինի անխուսափելի ու առավել զգալի, քանի որ ցանկացած երկրում գների անկումը լուրջ վնասում է տնտեսության զարգացմանը: Պատահական չէ, որ Եվրոպայում արդեն ահա քանի տարի փոփոխական հաջողությամբ փորձում են  գոնե մի փոքր ձգել ինֆլյացիան ու դուրս գալ անցանկալի դեֆլյացիոն պարույրից:

Այս ամենի հետ մեկտեղ չպետք է նաև մոռանանք, որ առջևում նոր բերքահավաքն է, երբ մրգի ու բանջարեղենի գները մեծապես կնպաստեն հենց դեֆլյացիային: Մարտին, անցյալ ամսվա համեմատությամբ (2017 թ. փետրվարի) գրանցվել է մինուս 0.3 % դեֆլյացիա, որը հիմնականում կապված է  պարենամթերքի շուկայի 0.8% դեֆլյացիայի հետ, ու հատկապես՝ բանջարեղենի հետ, որի գներն արդեն սկսում են իջնել: Այնպես որ երկրում ինֆլյացիայի որոշ տոկոս ապահովելն արդեն իսկ բարդ է լինելու»,- գրում է իր հոդվածում Աշոտ Արամյանը:

Այսինքն, ստացվում է, որ դեֆլյացիայի պայմաններում ներդրումներից ստացվող հասույթն իջնում է, ու դա արդեն մտահոգում է ներդրողներին ու ձեռնարկատերերին՝ ստիպելով նրանց նվազագույնը ժամանակավորապես հետաձգել իրենց ծրագրերը: Անցյալ շաբաթվա ընթացքում բարձրաձայնած վիճակագրությունն այնքան էլ մխիթարիչ չէ այս դեպքում:

Инфляция - карикатура
Ինֆլյացիա- ծաղրանկար

Հայաստանում պարենամթերքի գները 2017 թ. առաջին եռամսյակում աճեցին 2.8 %, ինչի մասին անցյալ շաբաթ հայտնեց Ազգային վիճակագրության ծառայության ղեկավարի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը. «Պարենամթերքի գները (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) աճել են 2.8 %-ով, այն ժամանակ, երբ ոչ պարենային արտադրանքը էժանացել է 2.5 %-ով»,- ասաց նա, ընդ որում Հայաստանում սպառողական գները 2017թ. հունվար-մարտ ամիսներին 0.3 %-ով ցածր են՝ համեմատած 2016 թ. նույն ամիսների հետ:

«2017թ. մարտ ամսին՝ 2016թ. մարտի հետ համեմատած, սպառողական գներն իջել են մինչև 0.1%: Միևնույն ժամանակ պարենամթերքի գները (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) աճել են 3.3 %-ով, իսկ ոչ պարենային արտադրանքի ու ծառայությունների մատուցման գները համապատասխանաբար իջել են մինչև 3.5%-ով և 2.6%-ով»,- շարունակում է Գ. Մարտիրոսյանը: Ազգային վիճծառայության տվյալներով՝ 2016 թ.-ը Հայաստանը եզրափակել է 1.4 % դեֆլյացիայով, որն այդքան էլ ցանկալի արդյունք չէ:

Բայց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լավատեսական է տրամադրված. «Այսօրվա դրությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը 6.2 % է, հնարավոր է՝ մի փոքր իջնի ներքև, ինչպես որ անցյալ տարի էր: Սակայն տարվա կտրվածքով, համոզված եմ, որ Հայաստանում 3.2 % տնտեսական աճ կամրագրվի»,- հավաստիացնում է նախարարը:

Կապրենք, կտեսնենք… Իսկ հիմա դեռ աշխատում ենք սրտներիս մոտիկ չընդունել ինչ-որ մի ապրանքի գնի բարձրացումը: Ինչ արած՝ մարդկային հոգեբանությունն առաջինը բացասականն է ամրագրում, իսկ ահա, օրինակ, կոշիկի կամ հագուստի գների իջեցման հետ կապված պոզիտիվը միշտ չէ, որ տեղին է, միշտ չէ, որ նկատվում է: Դա էլ լավ կյանքից չէ, այդպես պարզապես ստացվում է, բայց դե՝ այնուամենայնիվ…

Պատրաստեց՝ Ռուբեն Գյուլմիսարյանը