Երկու օր առաջ՝ մարտի 15-ին, ավարտվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը՝ Ռուսաստան: Հայկական կառավարության ղեկավարը հանդիպում ունեցավ իր ռուս կոլեգայի՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, և քննարկվեցին երկկողմանի օրակարգային մի շարք հարցեր:

Սերժ Սարգսյանի ու ռուսական կառավարության գլխավորների բանակցությունների արդյունքների պաշտոնական ինֆորմացիան սովորականի պես հեղեղվեց երկկողմանի համագործակցության ձեռքբերումների ու Հայաստանի ու Ռուսաստանի հավերժական հավատարմության հերթապահ արտահայտություններով, և հայ-ռուսական հարաբերությունների համար պոտենցիալ վտանգ հանդիսացող և հայ հասարակությանը անհանգստացնող հստակ հարցերի ժլատ լուսաբանումներով. Ղարաբաղյան կոնֆլիկտ, Ռուսաստանի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի նու ՆԱՏՕ-ի հետ…

Իսկ ահա Հայաստանի նախագահի այցը տեղի ունեցավ բավական հետաքրքիր իրավիճակային պայմաններում՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի ոչ այդքան վաղ էսկալացիան ու դիվանագիտական դաշտում դրան հաջորդած ակտիվությունը (Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության այցերը Մոսկվա և Փարիզ), դրանից հետո Հայաստանի կողմից նոր, շրջանակային համաձայնագրի ստորագրում՝ ԵՄ –ի հետ, Եվրասիական տնտեսական միության (Եվրազես) ներքին խոհանոցում տեղ գտած խնդիրներ, ինչպիսիք են օրինակ ՌԴ-ի ու Բելոռուսիայի միջև եղող խնդիրները՝ կապված գազի գների հետ:

236229034

Բացի այդ, Հայաստանում շուտով խորհրդարանական ընտրություններ են, ընդ որում, առաջինը՝ սահմանադրական բարեփոխումներից հետո, և հայկական իշխանությունները, ինչպես միշտ, ցանկանում են ստանալ Մոսկվայի աջակցությունը, այն էլ ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական առումով: Դա, անշուշտ, կօգնի ինչ-որ չափով բարելավել երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու բարձրացնել իշխանությունների ռեյտինգը:

Կարելի է ասել, որ վերջին կես տարվա ընթացքում, մասնավորապես, ռուսամետ կերպարի բնութագիր ունեցող նոր վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո Մոսկվան այդ ուղղությամբ հստակ քայլեր է արել, ինչի շնորհիվ իջեցվել են բնակչության համար մատակարարվող էլեկտրաէներգիայի ու գազի սակագները:

Եվ ահա Մոսկվա կատարած այս այցի ժամանակ էլ ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ, որոնք պետք է որ օգնեն հայկական տնտեսությանը: Այսպիսով՝  «ՓՄՁ ներդրումներ» հայկական պետական ընկերությունը ռուս-հայկական ներդրումային ֆոնդ ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերել: Իսկ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը կարող են անցնել ազգային արժույթների հաշվարկին:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան թեմային, ապա Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կշարունակի ցուցաբերել ամեն տեսակ աջակցություն՝ կոնֆլիկտը լուծելու փոխադարձաբար ընդունելի ուղիներ որոնելու համար, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Երևանի ու Բաքվի հետ ուղղակի կապի շրջանակներում: Իսկ նրա հայ կոլեգան նշեց, որ Մոսկվան ու Երևանը միասնական են այն տեսակետում, որ ուժի սպառնալիքը կամ այդ ուժի կիրառումը բացարձակ անընդունելի է, և, ինչ խոսք, այն վնաս կհասցնի համաշխարհային գործընթացներին: Ու անցկացված բանակցությունների ընթացքում էլ ընդգծվել է 1994-1995 թթ. կնքված եռակողմ անժամկետ համաձայնագրի պահպանման կարևորությունը, ինչպես նաև նշվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածության իրականացման անհրաժեշտությունը:

4675

Իրենց հրապարակային հայտարարություններում չանդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի, Հայաստանի և ՆԱՏՕ-ի հետ ունեցած հարաբերություններին, երկու նախագահներն էլ նշեցին, որ Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են միասին զարգացնել ՀԱՊԿ-ն ու Եվրազեսը, ինչպես նաև սերտ համագործակցել նաև միջազգային կազմակերպությունների հետ:

Հատուկ Dalma News-ի համար մեկնաբանելով Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներն ու Արևմուտքի հետ Հայաստանի համագործակցային հարաբերությունները, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Վոլգա-Ուրալի շրջանի ուսումնասիրման արևելագիտական ինստիտուտի կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Արեշեվը հայտարարեց, որ Հայաստանն ապագայում էլ կանցկացնի բազմավեկտորային արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հաշվի առնել հիմնական խաղացողների՝ Մոսկվայի, Վաշինգտոնի ու Բրյուսելի շահերը:

«Ընդ որում, ենթադրում եմ, որ լիովին առկա է գիտակցումն այն բանի, որ երկրի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից ռուս-հայկական հարաբերությունները համարվում են առանցքային: Անվտանգության այլընտրանք գոյություն չունի, հետևաբար՝ արևմտյան դաշինքների հետ հարաբերությունները (ԵՄ, ՆԱՏՕ) կզարգանան այն չափով, որ չափով որ դրանք չեն հանդիսանա ռուս- հայկական հարաբերությունների համար պատնեշ»,- ասաց նա:

Փորձագետը ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը բացառապես կարևոր է հայկական կողմի համար՝ կոնֆլիկտի տարածքում պարբերական էսկալացիայի համատեքստում:

«Այդ ամենի հետ մեկտեղ չեմ կարող նաև բացառել, որ երկկողմանի բանակցությունների ընթացքում անդրադարձ չի կատարվել հարցերի ավելի լայն շրջանակի՝ կապված տարածքային անվտանգության հետ: Ինձ թվում է, որ ռուսական կողմին չի կարող չանհանգստացնել տարածաշրջանի շարունակվող ռազմականացումը, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործունեության որոշ ուղղություններ, որոնք կարող են տարածաշրջանի երկրների համար իրական սպառնալիք պարունակել»,- նշեց Արեշեվը:

«Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է՝ կոնֆլիկտը պետք է լուծվի փոխզիջումների ճանապարհով, այլ հարց է, թե դա որքանով է իրագործելի այս ժամանակահատվածում: Կրակի դադարեցման մասին պայմանավորվածության պահպանումը դժվար թե արդյունավետ լինի առանց խախտող կողմերի հանդեպ պատժամիջոցների ու վերահսկման համապատասխան մեխանիզմների նկիրառման:  Ցավոք այստեղ իրավիճակը իդեալականից շատ է հեռու, և ամեն բան չէ, որ կախված է ռուսական դիվանագիտությունից»,- ավելացրեց նա:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող տնտեսական աջակցությանը, Արեշեվի խոսքերով՝ Հայաստանի տնտեսական հզոր դիրքերը տարածաշրջանում առաջինը Ռուսաստանի շահերին են համապատասխանում, սակայն բոլոր գործոնները չեն (այդ թվում նաև սուբյեկտիվ), որ դրան նպաստում են:

«Կցանկանայի հույս հայտնել, որ իրավիճակն այստեղ վերջապես սկսեց դրական ուղղությամբ շարժվել: Համենայնդեպս ոչ վաղ հնչած որոշ հայտարարություններ այս առումով հույս են ներշնչում»,- նշեց նա:

Այն մասին, թե հաջողվե՞ց արդյոք  Հայաստանին հասկացնել Ռուսաստանին իր այն դիրքորոշումը, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները չեն լինելու Եվրազեսի շրջանակներում Երևանի պարտականությունների կատարման հաշվին, ցույց կտան առաջիկա ամիսները, քանի որ մայիսին սպասվում է նոր շրջանակային  համաձայնագրի ստորագրում՝ Հայաստանի ու ԵՄ-ի միջև, ու այդ ժամանակ Երևանի այդ քայլի հետ կապված Մոսկվայի արձագանքը պարզ կլինի:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կոնֆլիկտին, ապա, դատելով Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի՝ վերջերս Մոսկվա կատարած այցի արդյունքների հիման վրա հնչած հայտարարությունից, Բաքուն մտադիր է սպասել Հայաստանում կատարվելիք ընտրությունների արդյունքներին: Եվ այդ ժամանակ արդեն պարզ կդառնա՝ կդիմի՞ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի կամքին դեմ գնալու ռիսկին ու կսկսի նոր էսկալացիա՝ կոնֆլիկտային գոտում, թե ոչ:

Եվ դատելով այն բանից, թե ինչ նշանակալի տեղ հատկացվեց Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների բանակցությունների ընթացքում երկու երկրների միջև ռազմական ոլորտի համագործակցությանը, ապա կարելի է ենթադրել, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման հարցում Մոսկվան ավելի շուտ հույս է դնում Հայաստանի ռազմական հնարավորությունների բարձրացման, քան այն բանի վրա, որ Ադրբեջանի կառավարությունը կգիտակցի կոնֆլիկտի ուժային լուծման անթույլատրելիությունը:

 Պատրաստեց Հայկ Խալաթյանը