Չնայած Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ընթանալու են ապրիլ ամսվա սկզբին միայն, նախընտրական կրքերն արդեն ամենուր բորբոքված են, իսկ երկրի քաղաքական կյանքը՝ դրանցով հագեցած: Կայանալիք ընտրությունները ներկայումս երկրում ամենաքննարկվողն են, ընդ որում ինչպես ինտերնետ- հասարակությունում, այնպես էլ փողոցում, իսկ ժամանակ առ ժամանակ նույնիսկ աշխատանքային հոգնած առօրյայից հանգստացող քաղաքացիների ներքին խոհանոցներում, որոնք ամեն կերպ փորձում են գլուխ հանել նախընտրական Հայաստանի քաղաքական «նրբություններից»:

Ինչո՞ւ է վերադառնում Ծառուկյանը: Ինչո՞ւ է Օհանյանը մտնում քաղաքական դաշտ: Ի՞նչ է ուզում Փոստանջյանը: Ինչի՞ն է փորձում «վերածնունդ» տալ Բաղդասարյանը: Ո՞վ, ո՞ւմ հետ և ինչի՞ համար է «դաշնակցում»:  Ու առհասարակ… ով ուր է գնում, ով ում է միանում, ով որտեղից է դուրս եկել և այդպես շարունակ… Մի խոսքով, ժողովուրդն ուզում է իմանալ, թե ինչ կարելի է սպասել կայանալիք ընտրություններից:

Հարկ է նշել, որ չնայած քաղաքական ուժերի նման տարողունակ ներկապնակին, որտեղ բոլորը պատրաստ են համառ պայքարի մեջ մտնել Հայաստանյան խորհրդարան մուտք գործելու համար, մի քանիսն այդ ընտրությունները ամենամոխրագույնն  են համարում, համարելով, որ քաղաքական դաշտում նոր դեմքերի դեֆիցիտ է, և սա ավելի շուտ «դիակների վերակենդանացում» է, քան իրական ընտրություն: Իրապես, ի՞նչ նոր բան կարող են ժողովրդին առաջարկել մարդիկ, ովքեր ընտրություններից ընտրություն կամ փորձում են հայտնվել խորհրդարանում, կամ գոնե պահպանել իրենց դիրքերն այդտեղ:

Եվ այսպես, ո՞վքեր են մասնակցելու երկրի օրենսդրական մարմնում «ազգի ձայնը» ներկայացնելու պայքարին:

f5883687ddf42f_5883687ddf46d.thumb
«Ելք» նիստ

Նախընտրական առաջին «վերախմբավորումը» Հայաստանի քաղաքական դաշտում դարձավ ընդդիմադիր «Ելք» դաշինքը, որի մեջ ընդգրկվեցին երեք կուսակցություններ: Դրանցից երկուսն ավելի վաղ՝ Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ միմյանց, մեղմ ասած, ցույց տվեցին փոխադարձ մեծ հակակրանք՝ շռայլելով «համադամ» վիրավորանքներ ու փոխադարձ մեղադրանքներ: Բայց զարմանալու ոչինչ չկա… Ինչպես ասել է մեծերից մեկը, քաղաքականության մեջ հավերժական թշնամիներ ու հավերժական բարեկամներ չեն լինում, լինում են միայն  հավերժական շահեր: Մնում է հասկանալ, արդյո՞ք այդ շահերը կհամընկնեն հասարակ քաղաքացիների շահերի հետ:

Եվ այսպես, «Ելք» մուտք գործեցին «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, որոնք ընթացիկ տարվա հունվարի 21-ին կայացած իրենց առաջին համագումարի ժամանակ հայտնեցին խորհրդարանական ընտրությունների միջոցով խաղաղ իշխանափոխության հասնելու իրենց պատրաստակամությունը: Կգտնի՞ արդյոք «Ելքը» ելք դեպի Հայաստանյան խորհրդարան, թե ոչ, դա էլ ցույց կտա ժամանակը:

Եվս մեկ աղմկոտ իրադարձություն դարձավ Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական կարիերա ստեղծելու որոշումը, որը հանգեցրեց Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» և Արամ Սարգսյանի Դեմոկրատական կուսակցությունների հետ համագործակցությանը, որոնք էլ իրենց հերթին կազմավորում են դաշինք՝ Հայաստանի Արտաքին գործերի նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: Վերջինս օրերս քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանի հետ դաշինք ստեղծելու իր մտադրությունը հայտնեց: Ծառուկյանը դեռևս ոչ մի կերպ այդ հայտարարությանը չի արձագանքել: Իշխանական այդ քաոսն էլ ավելի սրեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով հունվարի 22-ին Ֆեյսբուքյան իր էջում թողեց ձայնագրություն և հայտնեց Օհանյան-Դալլաքյան-Սարգսյան-Օսկանյան դաշինքին միանալու իր որոշման մասին, որպես դաշնակից-կուսակցություն:

179459
Սեյրան Օհանյան

Հակասության առաջին սերմերն այս «իշխանական հովվերգության» մեջ ցանեց Հայաստանի նախկին օմբուդսմեն, իսկ ներկայումս «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը, ով կտրուկ դեմ արտահայտվեց Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի միությանը, հայտնելով, որ իր համար անընդունելի է նման համագործակցությունը, և որ իշխանափոխության պայքարի համար կարևորը կոռումպացված, աշխարհաքաղաքական հակասական հայացքներ ունեցող քաղաքական  ուժերի հետ չհամագործակցելն է, որպեսզի հանկարծ «Սատանային սպանելով ինքդ սատանա չդառնաս»:

Ավելին, «բազմերանգ» այս «ընկերությանը» պատրաստ է միանալ նաև արևմտամետ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում համառորեն դեմ է հանդես գալիս իր աղմկոտ սկանդալներով հայտնի ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Այդ որոշմանը դեմ արտահայտվեց նաև իր կյանքի առնվազն 10 տարին «Ժառանգության» զարգացման վրա վատնած, Հայաստանի քաղաքական կյանքի հնաբնակ Անահիտ Բախշյանը: Նա որոշեց չհետևել Փոստանջյանի օրինակին և կուսակցությունից դուրս գալու մասին դիմում գրեց: Սակայն Բախշյանը դրանով խաղից դուրս չի գալիս, և պատրաստվում է ընտրություններին մասնակցել «Ժառանգություն» կուսակցության մեկ այլ նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանի հետ՝ համամասնական ցուցակներով միավորելով «Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները: Այս կուսակցությունների ղեկավարներն են Հայաստանի ազգային ժողովի պատգամավորներ Հրանտ Բագրատյանը («Ազատություն») և Խաչատուր Քոքոբելյանը («Ազատ դեմոկրատներ»):

Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին, ապա նա, «Ժամանակ» թերթի տվյալներով՝ արդեն անց է կացրել հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 62 տարածքային կառույցների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներ: Ծառուկյանը նրանց նախընտրական աշխատանք սկսելու ցուցումներ տվեց, ինչպես նաև քննարկեց նոր համագումարի անցկացման հնարավորությունը, որի ժամանակ նա կրկին կարող է պաշտոնապես զբաղեցնել կուսակցության նախագահի աթոռը:

f56dae10bf171c_56dae10bf1759.thumb
Хачатур Сукиасян

Խաչատուր Սուքիասյանի (ժողովրդի մեջ հայտնի Գրզո մականունով) որոշման մասին նույնպես հայտնի է արդեն: Նա ցանկանում է կայանալիք ընտրություններին մասնակցել Ծառուկյանի գլխավորած դաշինքի հետ միասին: Ավելին, Սուքիասյանը մտադիր է ղեկավարել նրա նախընտրական շտաբը: Ծառուկյանի ղեկավարած նախընտրական բլոկի ցուցակում կարող են հայտնվել առնվազն երեք նախկին նախարարներ, ինչպես նաև վերջինս մտադիր է համամասնական ցուցակ ընդգրկել իր երեք փեսաներին՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդուն՝ Դավիթին, Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամին և Կոտայքի մարզի մարզպետ Կարապետ Գուլոյանին:

Արտասովոր կերպով մինչև այժմ ոչ մի տեղ չեն «հաստատվել» Արթուր Բաղդասարյանն իր «Վերածնունդով» և «Հայ ազգային կոնգրեսի» նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, չնայած այն հանգամանքին, որ նրանք ունեն զգալի ընտրազանգված: Թեպետ անցյալ կիրակի Բաղդասարյանը հայտնեց, որ իր ղեկավարած կուսակցությունը ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով, այնուամենայնիվ ցուցակների հետ կապված վերջնական որոշումը կկայացվի փետրվարի 11-ին՝ կուսակցության համագումարի ընթացքում:

Ընտրություններին ինքնուրույն մասնակցելու և ոչ մի նախընտրական բլոկ չստեղծելու իր որոշման մասին հայտնել է ՀՅԴ «Դաշնակցություն» կուսակցությունը, չնայած որ ի սկզբանե ենթադրվում էր, որ ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի ՀՀԿ կոալիցիոն կազմում: Այս որոշումը շատերը բացատրում են նրանով, որ իշխող կուսակցության հետ միավորվելու դեպքում ՀՅԴ սփյուռքային կառույցների կողմից հայկական կառույցի ֆինանսավորում տեղի չի ունենա:

257658
Овик Абраамян

Ինչ վերաբերում է իշխող Հանրապետական կուսակցությանը, ապա այստեղ, թերևս, ոչ մի դաշինքի ու կոալիցիայի տեսլական չկա: Կգործեն հին կարգի համաձայն՝ կվճարեն իրենց շուրջ գտնվող առանձին քաղաքական ու հասարակական գործիչներին, ինչպես և մի շարք ոչ մեծ կուսակցությունների: Այս ընտրությունները ՀՀԿ-ն պետք է «գլուխ բերի» առանց իր առանցքային կերպարներից մեկի, ով առնվազն վերջին երկու խորհրդարանական ընտրություններին ղեկավարել ու ապահովել է կուսակցության հաղթանակը: Անցյալ շաբաթ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց ՀՀԿ-ի շարքերը լքելու իր որոշման մասին: Այնուամենայնիվ, քաղաքականությունից հեռանալ Հովիկ Աբրահամյանը  չի պատրաստվում: Իր մտադրությունները նա ամենայն հավանականությամբ կփորձի կյանքի կոչել Գագիկ Ծառուկյանի միջոցով, որի հետ կապված է բարեկամական սերտ կապերով: Չար լեզուներն ասում են, որ վերջինս արդեն մերժել է Աբրահամյանի համագործակցության առաջարկը, սակայն ոչ-ոք չգիտի, թե ինչպիսի հրաշքներ դեռ կարող են գործել ազգակցական կապերը, այն էլ՝ Հայաստանում:

Հայաստանյան քաղաքական ուժերը հերթական դաշինքներն ու կոալիցիաները ստեղծելու համար առնվազն մեկ ամիս ժամանակ ունեն: Արդյո՞ք երկրի քաղաքական կյանքին նոր որակներ կհաղորդեն նրանք, արդյո՞ք իրենք իրենց գործողություններով արժանի պատասխան կտան Հայաստանի քաղաքացիների սպասումներին ու հույսերին: Կկարողանա՞ն մշակել կիրառական այնպիսի բանաձևեր, որոնք կդիմակայեն ժամանակակից Հայաստանի առջև ծառացած սպառնալիքներին ու մարտահրավերներին… Հասարակությունը, ամեն դեպքում, դրան քիչ է հավատում: Մարդկանց ավելի շատ հետաքրքրում է այն, թե ինչ օգուտ կբերի այդ ամենը երկրին ու ժողովրդին, քան թե ով ում հետ է միավորվելու և այլն…

Պատրաստեց Արմեն Շիրխանյանը