Նոյեմբերի վերջին Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցական համալիրում «Repat Armenia» հիմնադրամն անցկացրեց «Imagine Armenia» անունը կրող համաժողով-ֆորումը: Ֆորումի ընթացքում փորձագետների խումբը, որոնց մեջ էին նաև հայրենադարձներ՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից ու Շվեյցարիայից, Մոսկվայի հայերի հետ կիսվեցին դեպի պատմական հայրենիք իրենց հայրենադարձության փորձով:

Dalma News-ը «Repat Armenia» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանի հետ զրուցեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, դեպի պատմական հայրենիք հայրենադարձվելու հանդեպ աշխարհի տարբեր հայկական համայնքների ու Սփյուռքում եղող տարբեր սերունդների վերաբերմունքի, ինչպես նաև այն մասին, թե ինչ է սպասվում հայրենադարձերին Հայաստանում, ու Հայաստանի բնակիչների մոտեցումը սիրիահայ փախստականներին:

Պատմեք մի փոքր «Repat Armenia» ծրագրի մասին: Ինչպե՞ս ծնվեց գաղափարը, ու քանի տարի է, ինչ զբաղվում եք զբաղվում այդ ծրագրով:

Ամեն բան սկսվեց նրանից, որ 2010 թվականին, շուրջ 30 տարի Մոսկվայում ապրելուց հետո ես վերադարձա Հայաստան: Այսինքն հայրենադարձություն թեման ես անձամբ ապրել եմ: Սփյուռքի փոխնախարարի իմ պաշտոնը թույլ տվեց ինձ ավելի լայնամասշտաբ ու համակարգված ձևակերպում տալ նրան, թե ինչ ասել է Հայկական Սփյուռքի խնդիրներ, Հայաստան- Սփյուռք հարաբերությունների առանձնահատկություններ, ինչպես և ուսումնասիրել այլ երկրների փորձը՝ կապված հատկապես հայրենադարձության քաղաքականության հետ: Ես ծանոթացա մի շարք հայրենադարձների հետ ու ինքս անձամբ համոզվեցի նրանում, որ նրանցից շատերի մոտ հայրենիք վերադառնալու որոշումն ու ընտելանալը  իրականացվել է փորձի, սխալների հիման վրա:

Հասկանալով հայրենադարձության ու Հայաստանի զարգացման վրա նրա ազդեցության բացառիկ նշանակությունը, Երևանում մենք ստեղծեցինք 12 համախոհներից բաղկացած մի խումբ (որոնց մեջ էին հայրենադարձներ ու Սփյուռքի ներկայացուցիչներ) և սկսեցինք կանոնավոր կերպով հանդիպել ու ծավալել մեր գործունեությունը: Սկզբում որոշեցինք ստեղծել ինֆորմացիոն պորտալ, սակայն շուտով հասկացանք, որ հարկավոր է ստեղծել ոչ պետական ու ոչ կոմերցիոն կազմակերպություն, որը անհատապես ու մասնագիտորեն կաշխատի վերադառնալ ցանկացող մեր ցանկացած հայրենակցի հետ: Այդպես, ահա, 1,5 տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո 2012 թվականի օգոստոս ամսին մեր բոլոր 12 անձիք դարձան «Repat Armenia» ֆոնդի հիմնադիրները: Ստեղծման պահից իմ մասնագիտական ողջ ժամանակը տրամադրվում է Ֆոնդի գործունեությանն ու նրա առաքելության իրականացմանը:

Խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, թե հայրենադարձության հարցին պետք է Իսրայելի օրինակով մոտենալ:

Ուշադրության է արժանի այն, որ նույնիսկ նրա համակուսակցականները չհամաձայնեցին Սփյուռքի նախարարությունը Սփյուռքի ու Հայրենադարձության նախարարություն վերանվանելու նրա մտքի հետ: Փոխխոսնակն առաջին հերթին թող նախաձեռնի ու Ազգային ժողովի քննարկման օրակարգում դնի և ընդունի  «Հայրենադարձության» մասին շրջանակային այն օրինագիծը, որը դեռևս 5 տարի առաջ մշակվել ու Ազգային ժողով է ուղարկվել Սփյուռքի նախարարության կողմից:

Իսկ ի՞նչով է դա պայմանավորված: Կարծես թե բոլոր քաղաքական ուժերը կողմ են դրա ընդունելուն:

Սկսենք լավ լուրով: Երբ մենք ստեղծում էինք մեր Ֆոնդը, պետական կառույցներում, հասարակական սեկտորում, ընդդիմությունում ու Սփյուռքում եղող մեր ծանոթների ճնշող մեծամասնությունը մեր սկսած գործը համարում էին ոչ այլ ինչ, քան ուտոպիա, լավագույն դեպքում դրա մասին խոսում էին զսպված լավատեսությամբ: Բայց մեզ հաջողվեց հալեցնել սառույցը, հատկապես, որ Հայաստանի նոր վարչապետը մասնագետների հայրենադարձության, ինչպես և պետական հատվածում նրանց աշխատանքի տեղավորման հարցում նախաձեռնողական դիրք է գրավել:

Նոր-հայրենադարձության միջավայրի ձևավորման հետ կապված մեր առաջարկությունների շարքը հիմա կառավարության նոր ծրագրի ավելի քիչ մասն է կազմում, քան դրանք Ֆոնդի ներկայացումից մեկ ամիս անց:

Սակայն իրավիճակը դեռևս հեռու է լավատեսական համարվելուց: Ֆոնդը մինչև հիմա էլ համարվում է միակ մոնոպոլիստը հայրենադարձության գաղափարի շարժման ու ինտեգրացմանն աջակցման հարցում, իսկ ի տարբերություն բիզնեսի ոլորտի մեր մի շարք «գործընկերների», մենք շատ ուրախ կլինենք կիսվելու շուկայի մեր «բաժնեմասով» այլ կազմակերպությունների հետ: Հայրենադարձությունը ոչ իշխող կուսակցության, ոչ Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների, և ոչ էլ ավանդական սփյուռքային կառույցների ու եկեղեցական ծրագրերի մասը չի կազմում:

11

Ի՞նչն է հանդիսանում հայրենադարձության նոր ալիքի քաղաքականության բացակայության հիմնական պատճառը:

Հիմնական խնդիրը հայ հասարակության իներտ վերաբերմունքն է, մարդիկ ամեն նոր գաղափար դիտում են ոչ թե նոր հնարավորությունների, այլ նոր խնդիրների շրջանակից: Կարող եմ բերել երեք, իմ կարծիքով ամենաառանցքային պատճառները, թե ինչու Հայաստանում չի գործում հայրենադարձության ակտիվ քաղաքականություն:

1.Հայրենադարձությունը, որպես Հայաստանյան բյուջեի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության սխալ ընկալում: Սոցիումում ու պաշտոնյաների շրջանում ստեղծվել է մի կարծրատիպ, թե մարդը կարող է հայրենիք վերադառնալ միայն անելանելիությունից դրդված, և որ հայրենադարձությունը ստիպված կատարված քայլ է եղել, ու այդ մարդկանց հարկավոր է պահել: Օրինակ, Սիրիայի պատերազմի արդյունքում սիրիահայերի տեղափոխումը Հայաստան շատերի կողմից ընդունվել է որպես հայրենադարձություն:

2.Մարդկանց շարքերում, ինչպես և երկրի տարբեր կառույցներում կայացած, անկախ, այլ հայացքներ ունեցող ու սոցիալական ու հասարակական գործընթացներում ակտիվ գործունեություն ծավալող, սոցիալական ցանցերում կարծիքներ ձևավորող, երբեմն էլ ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող մարդկանց չտեսնելու ենթագիտակցական ցանկությունը:

3.Ինչպես և այն տպավորությունը, որ հայրենադարձներն իրենց գիտելիքներով ու հմտություններով, կրթությամբ ու աշխատանքային փորձով կարող են լուրջ մրցակցություն ապահովել աշխատանքի շուկայում:

Իսկ հայրենադարձության նկատմամբ սփյուռքային կառույցների ու եկեղեցու վերաբերմունքի առանձնահատկությունների թեմային հավանաբար հարկավոր կլինի անդրադառնալ առանձին հարցազրույցում:

Իսկ ինչպե՞ս հանգենք Իսրայելում ներկայումս առկա խնդրի էությունը հասկանալուն:

Հարկավոր է սկսել նրանից, որ հայրենադարձությունը և որպես կենտրոնական դեմք հանդիսացող Հայաստանի ինքնության ձևավորումը Սփյուռքում դառնան հիմնական առաջնահերթությունները հայոց աշխարհում ու հայկական պետությունում: Իսրայելն այդ առումով յուրահատուկ պետություն է, միակը, որն այդքան ակտիվորեն վարում է հայրենադարձության քաղաքականություն, և աջակցությունն է գտնում ինչպես պետության, այնպես էլ բոլոր հիմնական սփյուռքային կազմակերպությունների կողմից: Պաղեստինում այդ գործընթացի կազմակերպումը սկսվել է դեռևս 1880-ականներին, այսինքն Իսրայելի՝ որպես պետություն ստեղծումից 60 տարի առաջ: Բայց հիմնական գործընթացը սկսվեց 1948 թվականից՝ Իսրայելն անկախ պետություն հռչակումից առաջ: 1940-ականների վերջին ու 1990-ականների սկզբին հայրենադարձության տարեկան աճերը կազմել են ավելի քան  200.000 մարդ/տարի: Ընդհանուր առմամբ հայրենադարձների թիվը վերջին 70 տարիների ընթացքում կազմել է շուրջ 3 մլն. մարդ, ներառյալ 1.2 մլն.մարդ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:

Նաև ուզում եմ նշել, որ հրեական սփյուռքը մեծ ջանքեր ու լուրջ ռեսուրսներ է ներդնում, որպեսզի սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչներին ներառի նախահայրենադարձական ծրագրերում- լեզվի ուսուցում, մշակույթի հետ ծանոթացում, աշխատանքային փորձի ձեռքբերում, զինվորական հավաքներին մասնակցություն: Հարյուր հազարավորներ բազմաթիվ ծրագրերով այցելում են երկիր, շուրջ 15.000 հոգի հայրենադարձվում են ամեն տարի, ստեղծված է գերազանց մի ենթակառուցվածք՝ սփյուռքի ներկայացուցիչների ու հայրենադարձների համար:

Վերադառնանք Ֆոնդի աշխատանքին: Շատերը գտնում են, որ նախքան հայերի հայրենադարձությունը դեպի պատմական հայրենիք կազմակերպելը, հարկավոր է նախ փորձել Հայաստանում պահել սեփական քաղաքացիներին: Այս հարցի հետ կապված ինչպիսի՞ մոտեցում ունեք Դուք: 

Արտագաղթման խնդիրը շատ լուրջ ազդանշան է, ու Հայաստանի համար ազգային անվտանգության հարց: Մենք, ըստ էության, գտնվում ենք պատերազմական իրավիճակում: Միգրացիայի հիմքում այլ տարածաշրջանների բնակեցումն է այն մարդկանցով, ովքեր հեռանում են Ռուսաստան՝ աշխատելու ու հաճախ այդտեղ էլ մնում են:

Հիմնականում գնում է աշխատունակ երիտասարդությունը:

Համաձայն եմ, սակայն միգրացիան արհեստականորեն կանգնեցնել հնարավոր չէ, հարկավոր է ստեղծել աշխատատեղեր, ապահովել երկրում ներդրումային պայմաններ: Այս առումով հայրենադարձները արդյունավետ տնտեսության ու երկրի սոցիալական կյանքի ձևավորման համար հաճախ համարվում են առաջամարտիկներ: Նրանք տեսել են, թե դա ինչպես է աշխատել արտասահմանում, ու իրենք արդեն դառնում են կապող օղակ՝ Հայաստանի ու արտաքին աշխարհի միջև: Սրանում է հայրենադարձների մրցակցային առավելությունը, և նորամուծություններից  շատերը վերջին 10 տարիների ընթացքում նախաձեռնվել են հենց նրանց կողմից՝ երկրում առաջին կարգին ռեստորանները, Երևանի սահմաններից դուրս գտնվող հյուրանոցները, տուրիստական ընկերությունները և այլն: Կան հայրենադարձներ, որոնք իրենց հետ Հայաստան են բերել խոշոր ընկերություններ, դարձել են երկրում դրանց մասնաճյուղերի ղեկավարները:

Իսկ հայրենադարձները հիմնականում Երևա՞ն են վերադառնում, թե՞ մարզերը նույնպես նրանց հետաքրքիր են:

Շատերն ընտրում են Դիլիջանը, Գորիսը, Եղեգնաձորը, կամ նույնիսկ Ստեփանակերտն ու Կովսականը, սակայն առաջին նախընտրելին իհարկե մայրաքաղաքն է: Սփյուռքի մեծամասնությունը ընտելացել են ուրբանիզացմանը, կյանքի որոշակի մակարդակին, ենթակառուցվածքների առկայությանը:

12

Դուք մարդկանց հետ տարբեր երկրներում եք հանդիպում: Հետաքրքիր է, տարբերվո՞ւմ են արդյոք հայերի մոտեցումներն այս հարցին՝ կախված այն բանից, թե նրանք որ երկրում են ապրում:

Իհարկե տարբերվում են: Ասենք այսպես, Նոր հայկական սփյուռքի ներկայացուցիչների մոտ, ովքեր Հայաստանից հեռացել են ծանր ժամանակներում, հայրենիքի հանդեպ վերաբերմունքն ավելի հիվանդագին է: Հաճախ բախվում ենք այնպիսի իրավիճակների, երբ ծնողները դեմ են երեխաների հայրենադարձվելուն, կամ նույնիսկ Հայաստանում կրթական ու կամավորական ծրագրերին մասնակցելուն: Առաջ է գալիս սերունդների կոնֆլիկտ: Սակայն վերջին ժամանակներս երիտասարդ ու առաջադեմ մեր հայրենակիցների հայացքներն ավելի հաճախ են ուղղվում դեպի Հայաստան:

Ավանդական Սփյուռքի ներկայացուցիչների պատկերացումները կամ ավելի ռոմանտիկ ու զգայական բնույթի են, կամ Հայաստանի նկատմամբ անհարկի բացասական վերաբերմունքով են լեցուն: Նրանցից շատերը երբեք հայրենիքում չեն եղել, վախենում են, թե հանկարծ իրենց տեսածը չոչնչացնի Հայաստանի՝ որպես պարզապես հասկացության, այլ ոչ թե իրական երկրի մասին ընկալումը: Երբեմն էլ նրանց ինքնությունը կառուցվում է ավելի շատ Ցեղասպանության ցավի, կրոնի, լեզվի իմացության վրա: Բայց հուսադրող է այն, որ 3 կամ 4 սերունդ Սփյուռքում ապրող  հայերը, ովքեր հաճախ նույնիսկ սեփական մայրենի լեզվին չեն տիրապետում, նույնպես ուզում են փորձել իրենց բախտը հայրենիքում:

Մենք նաև ակտիվ կերպով օգնում ենք մեր այն համերկրացիներին, որոնք մի շարք պատճառներից ելնելով հիմա չեն ուզում կամ չեն կարող վերադառնալ Հայաստան, սակայն ուզում են մասնակցություն ունենալ նրա զարգացմանը: Այս կտրվածքով էլ ենք մենք դառնում կապող օղակ՝ կարևոր ու օգտակար մարդկանց ու հայրենիքին վերաբերվող ծրագրերի միջև:

Կա՞ն թվեր և կա՞ արդյոք որոշակի վիճակագրություն: Քանի՞ մարդ է վերադարձել հայրենիք ձեր Ֆոնդի ջանքերով:

Այստեղ մենք կրկին բախվում ենք «Հայրենադարձության մասին» օրենքի բացակայության ու Հայաստանում հայրենադարձի կարգավիճակի խնդրին: Պաշտոնական վիճակագրություն չկա: Մեր հաշվարկներով, որոնք վերցված են անուղղակի աղբյուրներից, կամավոր հայրենադարձությունը կազմում է շուրջ 1000 մարդ՝ 1 տարում: Եթե խոսենք սիրիահայերի մասին, ապա վերջին 4 տարում Հայաստան են վերադարձել ու մինչև օրս այստեղ են ապրում 17 հազար մարդ: Հայրենադարձության կամ ինտեգրացման տարբեր թեմաներով մեր Ֆոնդին են դիմում տարեկան ավելի քան 500 մարդ: Դրանք հիմնականում մեր հայրենակիցներն են՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Լիբանանից, Սիրիայից… Մեծամասնությունը 20-35 տարեկան երիտասարդներ են: Այսինքն կան մարդիկ, ովքեր կարող են ու դառնում են Հայաստանի նոր տնտեսության ու նոր մտածողության ձևավորման հիմքը, կմախքը: Յուրաքանչյուր հայրենակցի վերադարձը չափազանց կարևոր է մեզ համար, ինչպես որ ժամանակին Հայաստանի զարգացման վրա անգնահատելի ազդեցություն թողեց Թամանյանի, Սարյանի, Թերլեմեզյանի ու շատ- շատերի վերադարձը:

Եթե մի կողմ թողնենք պատրիոտիզմը, ինչո՞վ այսօր կարող է գայթակղել Հայաստանը հայրենադարձին:

Աշխատանքի բերումով ու հազարավոր մարդկանց հետ շփվելու արդյունքում մենք հանգել ենք այն եզրակացության, որ նրանցից շատերն իրենց հայրենիքում երջանիկ են զգում: Դա քիմիա է, այն բարդ է բառերով նկարագրելը: Մարդն իրեն ներդաշնակ է զգում իր հայրենիքի, իր մարդկանց, լեզվի, մշակույթի, արժեքային համակարգի, կլիմայի, կյանքի ոճի հետ: Մեզանից շատերն իրենց նշանակությունն ու մասնակցությունն են զգում սեփական հանրապետության կառուցման գործում: Դու հարյուր-հազարից կամ միլիոնից մեկը չես, Հայաստանում անձամբ քեզանից շատ բան է կախված: Մասնագետները նույնպես առաջինը լինելու, նորարարություն մտցնելու, նոր կազմակերպություն, բիզնես կամ սոցիալական ծրագիր ստեղծելու հնարավորություն են տեսնում այստեղ: Կարող եմ բերել իմ ընտանիքի հստակ օրինակը: Մասնագիտությամբ ես տնտեսագետ եմ, մինչ Հայաստան վերադառնալս աշխատել եմ խոշոր ընկերություններում, մշակել եմ հայեցակարգ ու համախոհներիս հետ միասին հիմնել եմ մի կազմակերպություն, որն արդեն դարձել է Հայաստանում մի շարք լուրջ փոփոխությունների խթանիչ, այն բավական մեծ ընդգրկում ունի Սփյուռքում, ինչն էլ հանգեցնում ու նպաստում է հարյուրավոր մարդկանց հայրենադարձվելուն:

Կինս մասնագիտությամբ դեղագետ-դեղագործ է, և այստեղ՝ Հայաստանում գտել է իր իրական կոչումը. Նա բաց արեց Մարաշլյան ֆոտոատելյեն, որն իր տեսակի մեջ առաջինն էր,  ով հանդես եկավ հայկական ազգային տարազներով ֆոտոսեսիաներ անցկացնել ու ընտանեկան լուսանկարների մշակույթին վերածնունդ տալու յուրահատուկ գաղափարով: Նրա աշխատանքի ու հաջողության փորձի հիման վրա Հայաստանում արդեն սկսում են զարգանալ նման թեմաներ: Մենք երկուսս էլ մեր երազանքներն ի կատար ածեցինք ու մեր սիրելի գործով սկսեցինք զբաղվել հենց հայրենիքում:

Այս առումով Հայաստանում հնարավորություններ կան, սակայն հաջողության հասնելու համար հարկավոր է որոշակի մտածելակերպ, կրեատիվություն, ինքդ քեզ վրա մշտապես աշխատելու ու արդյունքի հասնելու ունակություն, համբերություն ու նպատակասլացություն, համախոհներ ու գործընկերներ գտնելու պատրաստակամություն, սոցիումի բաց ու ակտիվ մասնակից լինելու ունակություն: Այդ ժամանակ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Եղե՞լ են դեպքեր, երբ մարդը վերադարձել է, իսկ հետո՝ փոշմանել:

Իհարկե, բայց ես կարող եմ նույն Իսրայելի հետ համեմատական անցկացնել: Այնտեղ, չնայած հայրենադարձության առաջնահերթ լինելուն ու այդ ուղղությամբ լուրջ ռեսուրսների ներդրմանը, միայն ԱՄՆ-ից վերադարձած հրեաների կեսն է մնում ապրելու երկրում: Այսինքն մարդիկ վերադառնում են, հետո անցնում է որոշ ժամանակ, ու կրկին որոշում են ետ վերադառնալ: Մեզ մոտ 4 հայրենադարձից 3-ը մնում են Հայաստանում: Ես կարծում եմ, որ դա շատ լավ ցուցանիշ է:

15

Իսկ ի՞նչն է պատճառը, որ հայրենիք վերադարձած սիրիահայերի միայն երրորդ կամ քառորդ մասը մնաց երկրում:

Դա այդքան էլ այդպես չէ: Իրականում վերջին 5 տարում Հայաստան եկած 23 հազար սիրիահայից Հայաստանում մնացին 17 հազարը: Սիրիայում, պատերազմական գործողությունների սկսելու պահին հայ համայնքը կազմված էր  80 հազար հոգուց, հիմա այդտեղ մնացել են 15-20 հազարը: Սիրիահայերի հետ կապված վիճակը սպեցիֆիկ բնույթ է կրում: Նրանց մի մասը Հայաստանը դիտել են որպես մի տարածք, որտեղ հնարավոր կլինի մի որոշ ժամանակ ապրել անվտանգության մեջ, իսկ այնուհետև ճանապարհը շարունակել դեպի Արևմուտք: Հայաստանը նրանցից շատերին հայկական անձնագրեր տվեց, որի շնորհիվ նրանք կարող են գնալ այլ երկրներ, իսկ սիրիական անձնագրերով այցի իրավունք ստանալը բարդ կլիներ:

Ի սկզբանե Հայաստան եկավ սիրիահայերի մեծ մասը նախատեսել էր պատերազմական գործողությունների ավարտից հետո ետ վերադառնալ: Հիմա իրավիճակը գնալով փոխվում է: Աստիճանաբար հանգում են այն գիտակցմանը, որ կամ հարկավոր է վերջնականապես հիմնավորվել ու մնալ Հայաստանում, կամ փորձել գնալ ավելի հեռու՝ դեպի Շվեդիա, Գերմանիա, Կանադա, ԱՄՆ: Հայաստանում նրանցից շատերի համար տնտեսապես կայունանալն է բարդ, սակայն կյանքի ու ինտեգրացման տեսանկյունից, առավել ևս՝ երեխաների հետ կապված խնդիրների հարթությունում, նրանք համարյա խնդիրներ չունեն: Իմ անձնական կարծիքն այն է, որ նրանց էլ է դժվար տրվում սովորույթի մոդելը: Այսինքն, եթե նրանք Հայաստանում թեկուզ բիզնես են հիմնում, ապա այդ մասին միայն սիրիահայերն են իմանում: Մենք փորձում ենք նրանց առավելագույնս օգնել՝ դուրս գալու հայկական շուկա, հատկապես ծառայությունների մատուցման ոլորտում: Իսկ երկրորդ հիմնական խնդիրը զուտ տնտեսական բնույթի է: Նրանց մասնագիտական պրոֆիլն ու հմտությունները ոչ միշտ են համապատասխանում  ներկայիս Հայաստանյան շուկայի պահանջներին: Նրանք սերնդեսերունդ զարգացրել են որոշակի, բավական նեղ մասնագիտացված ուղղություններ ունեցող ծառայություններ ու ապրանքաարտադրություն  Սիրիայում ու դրանով մեծ հաջողությունների են հասել, չեն ունեցել լուրջ խնդիրներ մարքետինգի հետ կապված, իսկ այստեղ հարկավոր է վերամասնագիտավորվել, ուսումնասիրել շուկան, շուկային հարմարեցվել, լուրջ ուշադրություն տրամադրել մարքետինգին: Եվ այս ամենը արագացված ու նախապես չծրագրավորված տեղափոխման ու հաճախ էլ  շատ համեստ ֆինանսական հնարավորությունների, ինչպես և Սիրիայում իրենց ուժերով ստեղծած ամեն ինչի հետ կապված անորոշության պայմաններում: Սիրիահայերը շատ հայրենասեր են ու շատ աշխատասեր:

Այդ փախստականների հանդեպ վերաբերմունքն ավելի լա՞վ է, քան Ադրբեջանի փախստականների հանդեպ էր:

Բաքվի հայ փախստականների հանդեպ, ցավոք, 90-ականների սկզբին վերաբերմունքը բոլորովին այլ էր:  Հիմա սիրիահայերի, ինչպես նաև հայրենադարձների ու գաղթականների հանդեպ վերաբերմունքը հիմնականում կարելի է բնորոշել որպես լավ: Եվ դա դեռ այն դեպքում, երբ Հայաստանը հանդիսանում է միազգ ու միամշակույթ պետություն: Հատկանշականն այն է, որ նույնիսկ լուրջ սոցիալական խնդիրների առկայության  դեպքում ագրեսիայի դրսևորում դեպի եկվորները չեն նկատվում: Ավելին, եթե դուք դուրս գաք փողոց ու խնդրեք նկարագրել սիրիահայերին, երևանցիների մեծ մասը կասեն, որ նրանք աշխատասեր են, հայրենասեր են, իրենց գործի գիտակներ են, ու մարդիկ են, ովքեր  կարողանում են գնահատել ու աշխատել հաճախորդների հետ, և որ նրանց անշուշտ կարելի է վստահել:

Սիրիահայերի երեխաները շատ արագ յուրացնում են արևելահայերենն ու խոսակցականը, նրանք ինտեգրացման հետ կապված առհասարակ խնդիրներ չունեն, և ես համոզված եմ, որ այդ երեխաները Հայաստանի հանրապետության արժանավոր քաղաքացիներ կդառնան:

Հայկ Խալաթյան