Անցյալ շաբաթվա վերջին իր այցով Մոսկվա էր ժամանել MMA (Mixed Martial Arts)՝ Խառը մարտարվեստի մարզիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան): Հայտնի սպորտսմենն իր մասնակցությունն ապահովեց HAYSPORT.RU սպորտային, ինֆորմացիոն նոր պրոեկտի շնորհանդեսին:

Կայքի գլխավոր խմբագիր Արտաշ Հովսեփյանը Dalma News-ի հետ զրույցում նշեց, որ HAYSPORT.RU կայքն օնլայն ռեժիմում ընդամենը երկու ամիս է, ինչ աշխատում է, մինչ այդ ծրագիրը ներկայացվում էր միայն սոցկայքերում:

«Մեր գլխավոր նպատակն այն է, որ հայկական սպորտն իրապես ավելի լուրջ մակարդակի վրա հայտնվի: Եվ իմ անձնական կարծիքով դա հնարավոր է անել միայն ԶԼՄ-ներում կիրթ ու գրագետ աշխատանքի միջոցով: Գործող զանգվածային լրատվամիջոցների կողմից հայ սպորտսմեններն ըստ արժանվույն չեն գնահատվում: Մենք մեր ուշադրությունը սևեռելու ենք բացառապես սպորտի բոլոր ձևերին, իհարկե մի փոքր շեղմամբ՝ դեպի մարտարվեստը՝ MMA, բոքս, բորբա, քիքբոքսինգ»,- ասում է Արտաշ Հովսեփյանը:

Նրա խոսքերով՝ ծրագիրն իր առջև բավական մեծ ու հավակնոտ հանձնարարական է դրել՝ հավաքել Հայաստանում, ինչպես և Սփյուռքում սպորտի զարգացման հարցով շահագրգիռ բոլոր անձանց:

«Սփյուռքը Հայաստանից մենք չենք առանձնացնում, մեզ համար դա միևնույն բանն է, ու մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի Հայաստանյան սպորտը մի նոր հարթություն դուրս գա: Ես կարծում եմ, որ դա այն ոլորտներից մեկն է, որն ի վիճակի է զարգացնել Հայաստանը»,- ընդգծեց Հովսեփյանը:

Գեղարդ Մուսասիի օրինակը Հովսեփյանի խոսքերի վառ արտահայտումն է այն մասին, որ հայ սպորտսմենները գործող ԶԼՄ-ներում շատ թույլ են ներկայացվում: Լինելով MMA ոճի ամենահայտնի մարտիկներից մեկը՝ Մուսասիի անունը այստեղ գրեթե ոչ մեկը չգիտի:

Նիդեռլանդներում ապրող Մուսասին MMA ոճի և UFC-աշխարհի (Ultimate Fighting Championship) առաջնության ամենահայտնի ու վտանգավոր բռնցքամարտիկներից է: Նա անցկացրել է ավելի քան 50 պրոֆեսիոնալ մենամարտ ու կարողացել հաղթել այնպիսի հզոր մարզիկների, ինչպիսիք են՝ «Ժակարե» Սոուզը, Վիտոր Բելֆորտը, Հեկտոր Լոմբարդը, Մարկ Հանթը, Դեն Հենդերսոնը, Դենիս Քանգը, Մելվին Մանհուֆը և այլոք:

Սպորտային իր կարիերայի ընթացքում նա հասցրել է մասնակցել Ճապոնական լեգենդար PRIDE և K-1 առաջնություններին, նվաճել Cage Warriors (միջին քաշային), DREAM (միջին ու ծանր քաշային), Strikeforce (ծանր քաշային) չեմպիոնի տիտղոսները: Մուսասին դարձավ առաջին մարտիկը, որին հաջողվեց ավարտին մոտեցող 2016 թվականի ընթացքում 4 անընդմեջ հաղթանակ տանել: Գեղարդն անձամբ հայտնեց հավաքվածներին, որ ինքն արդեն մոտ է կանգնած UFC միջին քաշային կազմում չեմպիոնի գոտին նվաճելուն:

«Ես առջևում մեկ մենամարտ էլ ունեմ, ու շատ մոտ եմ գտնվում չեմպիոնի գոտին նվաճելու պայքարին: Զգում եմ նաև, որ հաղթանակի մեծ հնարավորություններ ունեմ: Կարծում եմ՝ հիմա լավ մարզավիճակում եմ գտնվում, ավելի խելացի ու ավելի հասուն եմ, ունեմ հիանալի թիմ: Եվ ես պատրաստ եմ նվաճել տիտղոսը»,- ներկաներին հայտնեց Մուսասին: Ինչ վերաբերվում է ապագա մրցակցին, ապա նրա անունը Մուսասին դեռ չի հայտնում, բայց ասաց, որ նա Լյուկ Ռոկհոլդը չէ, և որ առաջին քառյակից է:

Պետք է նշել, որ ռինգում ու դրանից դուրս իր ավանդական ջեմթլմենական պահվածքով տարբերվող Մուսասին բավական համեստ ու հաճելի զրուցակից էր ինչպես առհասարակ, այնպես էլ միջոցառմանն այցելած երկրպագուների ու հայ սպորտսմենների հետ շփման մեջ: Սա արդեն բնավորություն է, ոչ թե պարապ խոսակցություններ, որի միջոցով բազմաթիվ մարզիկներ  փորձում են գրավել ԶԼՄ-ների ուշադրությունը: Եվ բնավորության այդ վեհ գիծը դրսևորվեց նաև ներկայումս ամենահայտնի MMA մարզիկ Քոնոր ՄաքԳրեգորի հետ ունեցած իր հարաբերությունների մասին հարցի պատասխանում: Վերջինիս հետ հայ սպորտսմենը մեծ աղմուկ հանած կոնֆլիկտ էր ունեցել սոցկայքերում:

«Ես նրա հետ երբեք չեմ հանդիպել, և կարծես թե վատ տղա չէ, եթե նրա հետ ռինգում չես հանդիպում: Այնպիսի տպավորություն է, որ նա շատ լավ է իր մարտերն անցկացնում, բայց սպորտում հարկավոր է նաև որոշակի հարգանք ունենալ հակառակորդի նկատմամբ: Նա շատ լավ առաջխաղացում ունի, բայց, իմ կարծիքով, երբեմն այն չափն անցնում է»,- ասաց Մուսասին:

Անվանի սպորտսմենը նաև բացատրեց, թե ինչու է ինքը հանդես գալիս հոլանդական դրոշի ներքո՝ հիշեցնելով, որ դեռ մանկուց ապրում է Նիդեռլանդներում (նրա ընտանիքը Նիդեռլանդիա է տեղափոխվել Իրանից), ու ավելացրեց.

«Ճիշտ չէր լինի այլ երկրի դրոշի ներքո հանդես գալը: Բայց այնուամենայնիվ ես եղել ու մնում եմ հայ, ու շատ կցանկանայի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, և ես հպարտ եմ իմ ազգով»:

Այդ ամենի հետ մեկտեղ նա նաև նշեց, որ պատրաստ է օգնելու Հայաստանում MMA-ի ու առհասարակ սպորտի զարգացմանը՝ պայմանով, որ եթե հայկական համապատասխան կառույցները ցույց տան իրենց շահագրգռվածությունը:
013_gegard_mousasi_vs_thiago_santos-0-0

«Շատ կուզենայի, որ այդպես լիներ: Ես մեծացել եմ Հոլանդիայում, որտեղ բոլորը՝ երեխաներից մինչև ավագ սերունդ, զբաղվում են սպորտով: Եթե Հայաստանում էլ այդպես լիներ, սպորտսմեններն էլ, մեդալներն էլ ավելի շատ կլինեին, ու առհասարակ ավելի լավ կլիներ թե ազգի, թե նրա առողջության համար: Դրա համար ես ինձանից կախված ամեն բան կանեի»,- հայտնում է Մուսասին:

Միջոցառման հաջորդ անվանի հյուրը հունահռոմեական ոճի հայ հայտնի բռնցքամարտիկ Միհրան Հարությունյանն էր, ով նույնպես հայտնվեց ԶԼՄ-ների ու երկրպագուների ուշադրության կենտրոնում: Բնականաբար զրույցը հիմնականում ընթացավ Ռիոյի Օլիմպիադայի եզրափակչում կողմնակալ մրցավարության խայտառակ պատմության շուրջ, որի ժամանակ մրցավարը, առանց անհարմար զգալու, գողացավ հայ բռնցքամարտիկի հաղթանակը:

«Ինչ վերաբերում է կողմնակալ մրցավարությանը, ապա ոչինչ չի փոխվել, որովհետև ոչինչ փոխել հնարավոր չէ, մեդալն այլևս վերադարձնել չի լինի, իսկ ես շարժվում եմ առաջ: Դա մի պատմություն է, որը միշտ ինձ հետ է մնալու»,- այսպես պատասխանեց Հարությունյանը, սակայն երևում էր, որ ակնհայտ ցուցաբերված անարդարությունը դեռ մինչև օրս տհաճություն ու ցավ է պատճառում մարզիկին:

Միհրանը հայ երկրպագուներին ու լրագրողներին կոչ արեց իրեն Օլիմպիադայի արծաթե մեդալակիր չանվանել: «Չնայած նրան, որ պաշտոնական աղբյուրներում ես համարվում եմ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, սակայն ես ճիշտ չեմ համարում ինձ արծաթե մեդալակիր համարելը: Կրկնակի ցավ է, երբ այդպես ինձ հայրենիքում են ներկայացնում: Ուրեմն էլ ի՞նչ կարող ենք սպասել ապագայից: Այսինքն մենք ուղղակի համաձայնեցի՞նք մրցավարների հետ: Ինչ վերաբերվում է ոլորտի ղեկավարներին, ապա նրանք մեդալը վերադարձնելու և մրցավարության որոշումը փոխելու համար ոչինչ չարեցին: Բայց մենք կարող ենք անել դա: Եթե մենք համաձայնում ենք նրանց հետ, ստացվում է, որ մենք այդ հարցը երբեք չենք լուծելու և այդպես լինելու է նաև ապագայում: Դրա համար թող ամեն բան սկսվի ինձանից»,- ասաց Միհրանը:

Հարությունյանը երկրպագուների հետ կիսվեց Ղարաբաղում հունահռոմեական ոճի ըմբշամարտի դպրոց բացելու իր ծրագրերով:

«Ես եղել եմ այնտեղ ու տեսել եմ այն մարդկանց անկեղծ ցանկությունները, ովքեր ուզում են մարզվել ու իրենց հայրենիքի համար արդյունքներ ցույց տալ: Բոլորն ուզում են դառնալ չեմպիոններ, բոլորն ուզում են ազնվորեն մարզվել: Չգիտես ինչու բոլորին թվում է, թե Ղարաբաղում բոլորը միայն պատերազմել են կարողանում: Սակայն այդ երեխաները  թերևս իմ տեսած ամենասպորտային երեխաներն են: Բոլորն ուզում են մարզվել, ուզում են աշխատել, ու իրենց համար բոլորովին կարևոր չէ՝ պայմանները լավն են, թե վատն են, նրանք կհարմարվեն բոլոր պայմաններին: Կարծում եմ սրանից շուրջ 10 տարի անց մենք մեծ չեմպիոնների անուններ կլսենք»:

Անվանի հայ մարզիկը չբացառեց նաև UFC բարձր հովանու ներքո անցկացվող առանց կանոնների մարտերին իր մասնակցության հավանականությունը: Միհրան Հարությունյանը չի կարծում, թե դա կարող է խանգարել իրեն՝ նոր Օլիմպիական փուլին մասնակցելուն նախապատրաստվելուն, որին մարզիկը մտադիր է մասնակցել: Իսկ այս պահին առաջնահերթը ձեռքի վնասվածքները բուժելն է (վերջերս նրա ձեռքը վիրահատեցին):

«Առաջնահերթը ձեռքիս բուժումն է, մարզումները սկսելը, օպտիմալ մարզավիճակ ձեռք բերելը, որպեսզի կարողանամ մեկնարկել: Ինչ վերաբերում է MMA-ին, հնարավոր է՝ ես որոշ առաջարկներ ուսումնասիրեմ, դեռ հարկավոր է մտածել: Սակայն հարկավոր է վերականգնվել, որպեսզի կարողանամ արժանապատիվ ձևով ելույթ ունենալ: Առանց կանոնների մարտերն ինձ դուր են գալիս, և հնարավոր է՝ ես ցանկանամ փորձել այն UFC մակարդակով, եթե հաջողվի: Եվ կարծում եմ, որ նույնիսկ այդտեղ կարող եմ ինքնաարտահայտվել»,- հայտարարեց Հարությունյանը:
0kaqip-wmrs

Հարությունյանը նաև նշեց, որ իր սպորտային ծրագրերի վրա իհարկե ազդում է նաև հարցի ֆինանսական կողմը: «Միայն ինքս իմ մասին մտածել ես արդեն չեմ կարող: Ես ունեմ մեծ ընտանիք, կան շատ մարդիկ, որոնք ինձ հետ հույսեր են կապել, դրա համար էլ հիմա պիտի մտածեմ ոչ միայն մեդալների մասին: Սպորտի այս ոճում ես արդեն ինքնահաստատվել եմ, կարելի է ասել՝ ունեմ ամեն ինչ: Դրա համար էլ, եթե կարողանամ ինձ սպորտի մեկ այլ ձևում փորձել և ինչ-որ բան վաստակել, լավն անել իմ ընտանիքի համար, ապա ինչո՞ւ ոչ: Առայժմ միայն մարտերով կարող եմ ձեզ ուրախացնել, իսկ մնացածը՝ առաջ Աստված»:

Հարությունյանը նաև մեկնաբանեց Ռասուլ Չունաևի հանդեպ տարած հաղթանակից հետո իր հայտնի ժեստը, երբ Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ՝ կիսաեզրափակչում հաղթելուց հետո, նա անցավ շարային քայլքով ու պատիվ տվեց: Մանրամասներից անտեղյակ՝ այն ժամանակ քչերը հասկացան կատարվածի իմաստը: Իրականում դրանով Հարությունյանը «վրեժխնդիր» եղավ իր հայրենակցի՝ հունահռոմեական ոճի Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանի համար, ով 2014 թ. նույն Չունաևին հանդիպեց Ամերիկայում՝ Աշխարհի առաջնության խաղերին: Այդ ժամանակ Բորանյանը ռինգ էր դուրս եկել ծանրագույն վնասվածքով՝ ոտքի ջլերի կտրվածքով: Չունաևը հայ ըմբշամարտիկին հաղթեց ընդամենը 23 վայրկյանում, և դրանից հետո ադրբեջանցին իր հաղթանակը «տոնեց» շարային քայլ անելով ու պատիվ տալով: Սակայն այն ժամանակ նա դրանով չսահմանափակվեց ու իր հաղթանակն ամրապնդեց անպատիվ արտահայտություններով: Միհրանն իհարկե նրան ծնկի բերելուց հետո ոչինչ չասաց, ամեն բան ժեստով արդեն ասված էր:

սպորտսմեններին ասել, որ բոլորն էլ կարող են պարտվել ու հաղթանակ տանել, սպորտում կան թռիչքներ ու կան անկումներ, սակայն երբ դու արդեն ռինգի գորգի վրա ես, ապա պետք է կարողանաս հարգել քո մրցակցին: Բայց երբ դու հաղթում ես, իսկ հետո գնում ու ասում, որ պատիվ ես տվել՝ սպանելով թշնամուդ, կամ էլի ինչ-որ մեկին… Չդիպչելով անձամբ Չունաևին, քանի որ ես նրա հանդեպ ունեմ հարգանք, իմ այս փոքր, անձնական խնդրանքը բոլոր սպորտսմեններին է ուղղված. Որպեսզի յուրաքանչյուր մեկն ասոցացնի իր ժեստը ոչ թե որևէ ազգին կամ որևէ անձի հարված հասցնելու հետ, այլ այնպես անի, որ դա լինի ուրախության ժեստ»,- հայտարարեց հայ ըմբշամարտիկը:

HAYSPORT.RU կայքի շնորհանդեսին ելույթ ունեցավ նաև «Fight Nights» գովազդային ընկերության նախագահ Քամիլ Գաջիևը:

«Ընկերներ, ես խորհուրդ կտայի ձեր՝ HAYSPORT.RU կայքը վերանվանել HAYSPORT.COM, որովհետև այն խոսում է որոշակի աշխարհագրության մասին, և որովհետև դուք արդեն վաղուց դուրս եք եկել Ռուսաստանի Դաշնության սահմաններից: Դուք հրավիրել եք Գեղարդ Մուսասիին, ձեզ մշտապես այցելում են հետաքրքիր անձիք՝ արտասահմանից: Իսկ դա արդեն վկայությունն է այն բանի, որ դուք վաղուց դուրս եք եկել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի սահմաններից: Այս սրահի ներսում շատ-շատերն են հետևել Հայաստանի ու առհասարակ հայկական ծագում ունեցող մարզիկների ձեռքբերումներին: Մենք որոշում ենք ընդունել տարվա մեջ գոնե մեկ անգամ մրցաշարեր անցկացնել նաև Երևանում»:

Պատրաստեց՝ Հայկ Խալաթյանը

Լուսանկարները տրամադրված են HAYSPORT.RU կայքի կողմից