Այն, որ մահմեդական պետություն Իրանը մտադիր է Հայաստանի ու Վրաստանի ջրերով լցնել չորացած ու վերացող Ուրմիա լիճը, նորություն չէ: Այդ մասին Թեհրանում դեռ 10-15 տարի առաջ էին խոսում: Այդ ժամանակ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն տվեց հրաման, համաձայն որի իրանական առաջարկն ուսումնասիրելու պատասխանատվությունը դրվում էր նախարարների կաբինետի վրա:

Հենց այդ ժամանակ էլ հավաքվեց մասնագետների մի խումբ, ովքեր պետք է անցկացնեին հիդրոերկրաբանական հետազոտություններ: Ըստ հետազոտությունների արդյունքների՝ հնարավոր էր խորհրդային ժամանակներում փորված հորերի միջոցով արտեզյան ջրերը դուրս բերել մակերևույթ: Ու քանի որ արտեզյան ջրերը լինում են խմելի, ոռոգելի, ջերմային ու բուժիչ, իսկ Վրաստանն ունի խոշորագույն ավազաններ (Ալազանյան ավազանը), ապա տվյալ նախագիծն այդ ժամանակ համարվեց պոտենցիալ շահեկան:

Բացի այդ՝ Իրանին խմելու ջուր մատակարարումը կարող էր նպաստել վրացական Կախեթի շրջանի (Արևելյան Վրաստան) ոռոգման ենթակառուցվածքների զարգացմանը, տարածքն ի դեպ, նույն խնդիրն ուներ: 2000-ականների սկզբին պատրաստվեց լուրջ նախագիծ, համաձայն որի Վրաստանը, Իրանին ջուր մատակարարելու համար, կարող էր ստանալ 14 մլրդ դոլլար եկամուտ: Այդ ժամանակ խոսքը գնում էր Ալազան գետի ավազանի ու Մինգեչաուրյան ջրամբար հոսող ջրերի մասին:

«Այն ժամանակ դա անվանեցին «Դարի նախագիծ»: Խոսքը գնում էր Հյուսիսային Իրան՝ դեպի Թավրիզ ու նրա հարակից շրջաններ ջուր մատակարարելու, ինչպես և Կախեթիի ջրամատակարարման խնդրի լուծման ու մի շարք աշխատատեղեր ստեղծելու մասին: Հիդրոերկրաբանները հսկայական աշխատանք կատարեցին, ուսումնասիրեցին Կախեթիի ռեսուրսները, հաշվարկեցին օգտագործվող ու հոսող բոլոր ջրերը»,- պատմում է Dalma News-ին երկրաբան Գուրամ Ռազմաձեն, ով իր մասնակցություն էր ունեցել այդ հետազոտությանը:

Ծրագրի համաձայն՝ իրանական կողմը պետք է վայրկյանում 16 խմ ջուր ստանար, սակայն նման ցուցանիշները բավական ուռճացված էին, որովհետև Քուռն իր հոսքով տեղափոխում է ընդամենը 35-36 խմ/վրկ ջուր: Եվ այստեղ խոսքը միայն ամառային սեզոնի մասին է, երբ ջրի մակարդակը բարձր է: Պարզվեց, որ Վրաստանը նման ռեսուրսներ չունի, և անհրաժեշտ էր գործընկերներ որոնել:

Մեկ այլ փորձագետ՝ հրդրոերկրաբան Քոռնելի Դարսավելիձեն Dalma News-ի հետ հարցազրույցի ժամանակ նշեց, որ Վրաստանը կարող էր տալ ընդամենը 9 խմ արտեզյան ջուր, իսկ ջրի մնացած քանակի լրացման համար պետք է միանար նաև հարևան Ադրբեջանը:

«Սխեմաները դեռևս 10 տարի առաջ էին պատրաստ: Հանդիպումներ կազմակերպվեցին իրանական կողմի հետ: Մենք խոսեցինք նաև ադրբեջանցիների հետ, և նրանք խոստացան միանալ: Սակայն նախագիծը կանգնեցվեց, անցան տարիներ, և այդ սխեման, ես, երևի թե արդեն շպրտել եմ»,- ասաց Դարսավելիձեն:

«Դարի նախագծի» հետ Շեվարդնաձեն մեծ հույսեր էր կապել, ասում էր, որ ջուրը կբարձրացնի Վրաստանի տարածաշրջանային դերն ու նրան ֆինանսական եկամուտ կբերի: Սակայն նախագիծն իր ընդդիմադիրներն ունեցավ՝ մարդիկ, ովքեր ջանում էին այն ազգային ինվեստիցիայից վերածել սեփական բիզնեսի:

Այն տարիներին ջրի մատակարարման բազմազան տարբերակների էին դիտարկվում՝ սկսած թանկարժեք խողովակաշարերից մինչև էժան լցանավային տեղափոխման միջոցները: Գուրամ Ռազմաձեի կարծիքով՝ ջուրը, որը կարող է դառնալ լուրջ եկամտի աղբյուր, պետք է լինի պետական ծրագիր, այլ ոչ թե որոշակի մարդկանց խմբի հարստացման միջոց:

«Ջուր պետք է հանվեր Ծալկայի շրջանում՝ Խրամ գետից դեպի Կախեթի: Դրա համար պետք է կառուցվեր մի ամբողջ համակարգ՝ հսկայական արտադրություն, իսկ գլխավոր ինվեստոր պետք է լիներ Իրանը: Ես գտնում եմ, որ դա կարելի է համարել ապագայի ծրագիր»,- ասում է Ռազմաձեն:

Փորձագետը նշում է, որ հեռու չէ այն օրը, երբ ջուրը նավթից էլ թանկ կլինի, սակայն նրա արտահանումն այլ երկրներ պետք է լինի միայն այն ռեսուրսների հաշվին, առանց որոնց հնարավոր կլինի դիմանալ:

Այնուհետև 2003 թվականի «Վարդերի հեղափոխությունից» հետո բոլոր նման ծրագրերը կանգնեցվեցին: Մասնագետների կարծիքով՝ դրա միակ մեղավորը քաղաքականությունն է: Հակառակ դեպքում դժվար է աշխարհում որևէ  մի երկիր պատկերացնել, որը կհրաժարվեր մի ծրագրից, որը տեսականորեն բերելու էր «ոսկե ձվեր»:

Իրերի ներկա վիճակը…

Ներկայումս խորհրդային ժամանակներում փորված արտեզյան հորերի մեծ մասը լքված են, ու դրանցից եռանդուն կերպով ջրեր են հոսում: «Դարի նախագծի» վրա աշխատող փորձագետների խումբը ավելի ուշ գաղափարի իրականացման մի քանի փորձ արեց, սակայն դրանցից ոչինչ չստացվեց: Լքված այդ նախագիծը վերածնվել կարող է միայն պետական աջակցության շնորհիվ:

Արդյո՞ք այսօր այդ հարցը ուսումնասիրվում է, թե ոչ, իշխանություններից պաշտոնական տեղեկություն ստանալու համար Dalma News -ի թղթակիցը կապվեց Վրաստանի Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարության հետ, սակայն հստակ պատասխան այդպես էլ չհնչեց: Այնինչ, ոչ պաշտոնական աղբյուրներից ստացվեց ինֆորմացիա այն մասին, որ գաղափարի հեղինակը իրանական կողմն է, և Թբիլիսին դեռ որոշում չի ընդունել:

article-2563031-1ba285a300000578-499_964x593

Սրա հետ կապված՝ հնչում են տարբեր ասեկոսեներ. Դրանցից մեկի համաձայն՝ ջրի փոխարեն Վրաստանը կարող է ստանալ իրանական գազ: Միևնույն ժամանակ, փաստ է և այն, որ Իրանում հույսեր են կապել վրացական ջրի արտահանման հետ: «Վրաստանը ջրային մեծ պաշարներ ունի, որոնք կարող են լրացնել Ուրմիա լճի ջրի պակասը»,- ասում է իրանական կողմը:

2015 թվականի մայիսի 18-19-ին Իրան այցելության ընթացքում փոխվարչապետ, Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլու (ներկայումս Վրաստանի վարչապետ) կողմից քննարկվող գլխավոր թեման երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացումն էր, որի առևտրաշրջանառությունը  2015 թվականին կազմել է շուրջ 127 մլն դոլլար: Ինչ վերաբերում է Ուրմիական ավազանի հարցին, հայտնի է, որ Իրանը նախատեսում է լճի ավազանը լցնել Վրաստանի ու Հայաստանի ջրերով: Իրանի պատգամավոր Ալի Ալիլուն տեղական ԶԼՄ-ներին տված մեկնաբանություններում նշել է, որ կողմերի միջև համաձայնություն արդեն ձեռք է բերվել, և ապագայում Քուռից ու Սևանից ջուրը կմղվի Ուրմիա լիճ՝ երեք պոմպերի միջոցով: Միևնույն ժամանակ՝ պատգամավորի խոսքերի համաձայն՝ Կասպից ծովից ջրի մղումը իրանական կողմի համար շահավետ չէ՝ տնտեսական ավելորդ ծախսերի ու Կասպից ծովի ջրի աղտոտվածության պատճառով:

«Ուրմիա լճի ջրի մակարդակն իջել է՝ 36 մլրդից հասնելով մինչև 2 մլրդ խմ-ի, իսկ Արաքսն ու այլ փոքր գետեր ի վիճակի չեն լրացնելու պակասը: Երկու երկրներից ջուրը կամ կգնվի, կամ կիրականացվի բարտեր»,- նշել է պատգամավորը:

lake-orumiyeh-in-iran-019

Ըստ Տիեզերքից արված լուսանկարների՝ 1972 թվականի տվյալների հետ համեմատած՝ 2014 թվականին լճի ջրաշրջանառությունը իջել է 88 %-ով, 1976 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ներառել է կենսոլորտի հուշարձանների ցանկում: Բացի գյուղատնտեսությանը հասցրած կորուստներից՝ տեղի է ունենում նաև լճի աղերի տարածում՝ քամու միջոցով, որն էլ դառնում է բնակչության համար տարբեր հիվանդությունների պատճառ:

Հավաստի աղբյուրներից ստացած ինֆորմացիայի համաձայն՝ այսօր Թեհրանը այդ խնդրի լուծման համար պատրաստ է ծախսել շուրջ 5 մլրդ դոլլար՝ առաջիկա 10 տարվա կտրվածքով:

«Իրանցիները այնքան հիմար չեն, որ պոմպային կայանների, պողպատե խողովակների և մի քանի կվտ/ժամ էլեկտրաէներգիայի հաշվին Ալազանյան ավազանից մղեն հասարակ, տեխնիկական ջուր: Նրանք դրա համար Արաքս ունեն… Իմ կարծիքով՝ ամենայն հավանականությամբ խոսքը խմելու ջրին է վերաբերում: Խմելու ջրի ավելցուկային ռեսուրսը Իրանի ուզած ծավալի կեսից մի փոքր է ավել»,- ասում է հիդրոերկրաբան Քոռնելի Դարսավելիձեն՝ ընդգծելով, որ, առանց Ադրբեջանի մասնակցության, ծրագիրն ապագա չունի:

«Վրաստանի կանաչների միության» նախագահ Նինո Չխոբաձեն Ալազանյան ավազանից ջրի դուրս բերումը համարում է անհնարին, քանի որ գետն առանց այդ էլ սակավաջուր է: Եվ բացի այդ՝ դա կարող է Կախեթիի շրջանում գյուղատնտեսական մթերքների կորուստ առաջացնի: Քուռից ջրի արտամղումը կբերի Քվեմո Քարթլիում ոռոգման ջրի պակասի, որն էլ իր հերթին բերքատվության իջեցման ու գյուղմթերքների գնի բարձրացման պատճառ կդառնա: Չխոբաձեն գտնում է, որ Վրաստանը ջրով հարուստ այն երկիրը չէ այլևս, ինչպիսին որ անցյալում էր: Փորձագետը ենթադրում է, որ ջրի վաճառք հնարավոր է, բայց ոչ խողովակներով:

«Ես հասկանում եմ երկրի շահերն ու էներգետիկայի դերը՝ նրա զարգացման գործում, սակայն այս փուլում մեզ համար Իրանին խողովակներով ջուր մատակարարելու ոչ մի ծրագիր էլ շահավետ չէ: 2016 թվականի ամառը ցույց տվեց, որ Արևմտյան ու Արևելյան Վրաստանի գետերի ջրի մակարդակն իջել է, և մենք հիմա ջրային պաշարների դեֆիցիտ ունենք: Առհասարակ, իրավիճակն աղետալի է»,- ասում է Նինո Չխոբաձեն:

Հ.Գ.– Ամեն ինչից դատելով՝ Վրաստանի կառավարությունը չի շտապում բացել բոլոր խաղաքարտերը, իսկ Իրանը միևնույն ժամանակ չի դադարում երազել վրացական ջրի մասին: Dalma News–ի գործակալությունը փորձում է պարզել, արդյո՞ք Իրանին ջուր մատակարարելու ծրագրի իրագործման սկզբի պայմանավորվածությունը ձեռք է բերված, ինչպես նաև, թե հատկապես ինչ ջրի մասին է գնում խոսքը: Որոշ մարդիկ Վրաստանին խորհուրդ են տալիս բաց չթողնել նման հնարավորությունը: Ծրագրի իրագործման դեպքում երկիրը, փորձագետների հաշվարկներով, 500 մլն խմ ջրի համար կստանա 10 մլրդ խմ գազ, ընդ որում երկրում գազի տարեկան պահանջը կազմում է մինչև 2,2 մլրդ. խմ: Սակայն դա միայն այն պայմանով, որ գազից ստացված եկամուտներն ինչ-որ մեկի գրպանը չմտնեն:

Շորենա Պապաշվիլի, Dalma News-ի համար