Վրաց մասնագետները ԱՄՆ-ի Ազգային ավիացիայի և տիեզերական ուսումնասիրության գործակալության (NASA) ներկայացուցիչներին առաջարկել են տիեզերքի ճառագայթումից պաշտպանության նոր մեխանիզմ ու երկկողմանի համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին ծանուցվեց վրացական տեխնոպարկ այցելած NASA-ի ներկայացուցիչ Թրիշա Մեքի՝ Վրաստան այցելության շրջանակներում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում: Նրա խոսքերով՝ ավիատիեզերական արդյունաբերության  զարգացման համար անհրաժեշտ է մասնավոր բիզնեսի ներգրավումն ու դրա ակտիվ մասնակցությունը:

«Թրիշայի հետ մենք քննարկեցինք դեպի տիեզերք իրականացվող երկարաժամկետ թռիչքների հետ կապված հարցերը, մասնավորապես՝ ճառագայթման խնդիրները: Վրաց մասնագետները տիեզերքում ճառագայթումից  պաշտպանության նորամուծություն ներկայացրին: NASA-ի թիմը հայտնեց վրաց գիտնականների հետ համագործակցության իր պատրաստակամության մասին»,- հայտնեց Նորարարական ու տեխնոլոգիական գործակալության նախագահ Իրակլի Քաշիբաձեն:

1471522009_qashibadze-irakli-2

Նրա խոսքերով՝ հենց արտասահմանյան մասնագետների հետ փորձի փոխանակումն է հանդիսանում վրաց երիտասարդ գիտնականների համար առաջնահերթ խնդիր, ինչով էլ որ զբաղվում է Վրաստանի Նորարարական ու տեխնոլոգիական  գործակալությունը:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Մշակույթի նախարարության, Երեխաների ու երիտասարդների զարգացման ֆոնդի, Սևծովյան միջազգային համալսարանի, Սան-Դիեգոյի պետական համալսարանի ներկայացուցիչները, ինչպես նաև Millennium Challenge Corporation ամերիկյան կազմակերպության վրաց ներկայացուցիչները:

Ըստ կազմակերպիչների տված տեղեկատվության՝ Թրիշա Մեքը տիեզերքում վեց աստղագնացների անձնակազմային շարժում ուսումնասիրած հրահանգիչ է: Միաժամանակ նա իրականացրել է Թռիչքների կարգավորման կենտրոնի (ԹԿԿ) թռիչքի վերահսկիչի գործառույթը: Թրիշա Մեքն էական ներդրում է ունեցել նաև Միջազգային տիեզերական կայանի շինարարության, ինչպես նաև NASA-ի շտաբի Տեխնիկական հաղորդակցման կապերի Մոսկովյան գրասենյակի գործունեության մեջ:

«Վիշեգրադյան քառյակի» ներկայացուցիչները վրացական տեխնոպարկում

Վրացական տեխնոպարկի հիմքի վրա կայացան Վիշեգրադյան քառյակի երկրների կրթական ձևաչափի 25-ամյակին նվիրված միջոցառումներ: Վրաստանը Իննովացիոն տեխնոլոգիաների ոլորտում իր մասին աշխարհին հայտնելու մտադրություն ունի, և գտնում է, որ ունի հաջողության բոլոր գրավականները:

Վիշեգրադյան քառյակի հետ համագործակցությունը սթարթափ-տնտեսության և իննովացիոն տեխնոլոգիաների զարգացման գործում ամենակարևոր գործոնն է հանդիսանում:

«Հետազոտություն իրականացնողներին նրանց փորձը թույլ կտա արդյունավետորեն կիրառել նորույթները, որոնք ապագայում կծառայեն իրենց գործունեության շահերին»,- Վրաստանի Նորարարական ու տեխնոլոգիական գործակալությունում այսպես բացատրեցին Dalma News-ի թղթակցին:

Թեմայի առնչությամբ ելույթ ունեցավ նաև Վրաստանում Լեհաստանի դեսպան Անդրեյ Չիեշկովսկին:

«Մեր փորձագետները ժամանել են իննովացիոն տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վրաց փորձագետների հետ համագործակցության համար: Սա իր հերթին զգալի ներդրում է ունենալու երկրի տնտեսության զարգացման գործում»:

Ֆորումին մասնակցությունը, ինչպես և Վիշեգրադյան քառյակի երկրների փորձագետների հետ համագործակցությունը Վրաստանի համար կարևոր է համարում նաև երկրի Արտաքին գործերի փոխնախարար Գիգի Գիգիաձեն: Նա նշեց, որ Վիշեգրադյան քառյակի փորձագետների հետ համագործակցության շնորհիվ  երիտասարդ ձեռնարկատերերի Էկո-համակարգի ծրագրի զարգացման ոլորտում Վրաստանը միջազգային շուկայում հաջողություններ ձեռք բերելու հնարավորություն ունի:

«Քառյակի ցանկացած մասնակից- երկիր ունի իր սեփական, ինքնատիպ փորձը: Նրանցում տվյալ գործընթացներն սկսել են ավելի վաղ, դրա հետ կապված՝ շատ կարևոր է հաշվի առնել նրանց փորձն ու սխալները: Ես կարծում եմ, որ մեր փորձը նույնպես հետաքրքիր կլինի Վիշեգրադյան քառյակի ներկայացուցիչների համար»,- նշեց վրացական Նորարարական ու տեխնոլոգիական գործակալության փոխնախագահ Իրակլի Քաշիբաձեն:

Միջոցառման շրջանակներում «քառյակի» (Չեխիա, Հունգարիա, Լեհաստան և Սլովակիա) մասնակից-երկրները իննովացիոն ու տեխնոլոգիական ուղղություններով կիսվեցին իրենց փորձով վրաց կոլեգաների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներն ու մասնակից-երկրների կազմակերպության դեսպանները:

Կազմակերպիչների հավաստիացմամբ՝ Վրաստանի համագործակցությունը Վիշեգրադյան խմբի հետ կընդգրկի նաև կենսագործունեության այլ ոլորտներ՝ սոցիալական, տնտեսական, մշակութային ու կրթական:

Շորենա Կարչավա