Անցյալ ուրբաթ «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում նշվեց Անիմացիայի (պատկերապատման արվեստ) միջազգային օրը՝ մեկնարկ տալով «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմի միջազգային 8-րդ փառատոնին, որն առաջին անգամ անց է կացվել 2009 թվականին:

Փառատոնի նպատակն է երկրում անիմացիոն արվեստի զարգացմանն աջակցելը, ինչպես նաև անիմատորների նոր սերնդի դաստիարակումն ու ֆորումի կազմակերպումը, որտեղ կցուցադրվեն հայ անիմատորների աշխատանքներն ու ողջ աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերը:

Այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնի մրցութային ծրագիրն ընդգրկում է 5 անվանակարգեր՝ լիամետրաժ, կարճամետրաժ, դիպլոմային, հեռուստատեսային ու ուսուցողական ֆիլմեր, երաժշտական անիմացիոն տեսահոլովակներ: Փառատոնի տնօրեն Վրեժ Քասունու խոսքերով՝ փառատոնին մասնակցելու համար գրանցվել է հայտերի ռեկորդային թիվ՝ 2200 հայտ՝ աշխարհի 95 երկրներից, որոնցից փառատոնային ցուցադրության համար ընտրվել է 450-ը:

Այս տարի Բրիտանական խորհուրդը (հասարակական կազմակերպություն՝ կոչված զարգացնելու Մեծ Բրիտանիայի ու այլ երկրների միջև կրթության, մշակույթի ու արվեստի բնագավառներին ցուցաբերվելիք աջակցությունը) ողջ աշխարհի մասշտաբով նշում է Վիլյամ Շեքսպիրի մահվան 400 ամյակը: Դրա հետ կապված՝ Բրիտանական ծրագիրն իր մեջ ներառել է Շեքսպիրյան ողբերգությունների մոտիվներով նկարահանված կարճամետրաժ ֆիլմեր:

1-7

«Քանի որ այս տարի մենք նշում ենք Հայաստանի անկախության 25-րդ տարելիցը, ունենք հատուկ ծրագիր, որտեղ ներկայացվելու են  Հայաստանում անկախության տարիներին ծնված ու արտադրված անիմացիոն ֆիլմերը: Ծրագրին մասնակցում են նաև սփյուռքի անիմատորները»,- մինչ բացման պաշտոնական արարողությունը սկսելը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քասունին:

Փառատոնի բացումը նշանավորվեց «Կարմիր կրիա» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով՝ նկարահանված օսկարակիր Մայքլ Դադոկ դե Ուիթի կողմից: Սա Ռոբինզոնի հայտնի պատմությանը նետված մի նոր հայացք է՝ պատմված հոլանդացի նկարչի կողմից՝ ճապոնական հայտնի «Գիբլի» ստուդիայի մասնակցությամբ:

Բացման արարողության ժամանակ, նաև, փառատոնի պատվավոր հյուր, ևս մեկ օսկարակիր ռեժիսոր Բիլլ Փլիմփթոնին հանձնվեց երկու մրցանակ: Դրանցից մեկը ռեժիսորին երկու ամբողջ տարի էր սպասել, քանի որ հենց երկու տարի առաջ նրա աշխատանքը ճանաչվեց  փառատոնի հաղթող: Ռեժիսորին երկրորդ՝ Ռոբերտ Սահակյանցի անվան մրցանակը շնորհվեց  անիմացիոն արվեստում ունեցած ներդրման համար:

1-5

Վերջերս բացված European AnimationPride Awords ասոցացիայի տնօրեն ժան-Պոլ Քոմմինը «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի ու կոմիքսների երևանյան միջազգային փառատոնի տնօրեն Վրեժ Քասունուն նշանակեց որպես Հայաստանը ներկայացնող դեսպան:

«Մեր ասոցացիայի մեջ մտնում են 40 երկրներ ու դրանցից ամեն մեկն ունի իր ներկայացուցիչը՝ դեսպանը: Մենք ուրախ ենք, որ Հայաստանի ներկայացուցիչը կլինի Վրեժ Քասունին»,- նշեց Քոմմինը՝ ելույթ ունենալով հավաքվածների առաջ:

Արարողությունն առանց թախիծ չմնաց. Փառատոնի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին նկարչուհի, անիմատոր, «ՌեԱնիմանիա» խմբի անդամ Սևան Նագաշյանին, իսկ Վրեժ Քասունին, խոսելով կորստի մասին, չկարողացավ զսպել արցունքները:

Բացման արարողության ժամանակ հայ հայտնի նկարչուհի Արևիկ Պետրոսյանն իր կտավը նվիրեց փառատոնին. կտավի վաճառքից ստացված գումարը կհանձնվի փառատոնի ֆոնդին: Նկարչուհին որոշեց  նման յուրահատուկ կերպով արձագանքել ավելի վաղ փառատոնի անցկացման համար միջոցների հավաքման մասին հայտարարությանը:

1-2

Ոչ մի խոշոր իրադարձություն առանց ֆինանսական աջակցության զարգանալ չի կարող: Ու չնայած փառատոնի աճող հեղինակությանը, Միջազգային անիմացիոն կինոփառատոնի կազմակերպիչները պնդում են, որ «ՌեԱնիմանիան» լրացուցիչ ֆինանսական աջակցության կարիք ունի: Ինչպես  մամլո ասուլիսի ժամանակ նշեց Վրեժ Քասունին, «ՌեԱնիմանիան» ազգային հարստություն է, և նման կարևոր փառատոնի զարգացման համար պետք է շահագրգռված լինեն բոլորը, քանի որ այն այսօր Հայաստանի այցեքարտերից մեկն է դարձել:

Մրցութային ծրագրի հետ զուգահեռ՝ փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր, որի ժամանակ երիտասարդ անիմատորներին կպատմվեն կտավների ստեղծման նրբությունների մասին՝ գաղափարի ծնունդից մինչև պատրաստի արտադրանքի իրացումը:

1-1Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն՝ այս տարվա ընթացքում Ֆրանսիայի դեսպանատունը երկրորդ անգամ է երկու կրթաթոշակ նշանակում Հայաստանի երիտասարդ անիմատորների համար, ովքեր կկարողանան փորձաշրջան անցնել Անգուլեմեի (Ֆրանսիա) անիմացիոն ֆիլմերի դպրոցում:

Փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 3-ը:

Պատրաստեց՝ Արմինե Ահարոնյանը