Քաղաքական փորձագետների այն մեծ խմբից, որոնք անընդհատ աշխարհի տարբեր քաղաքներ են այցելում, միայն ամենածույլերը չեն գրել վերջին մի քանի տարիների ընթացքում քրիստոնեության ու նրա ժառանգության ոչնչացման մասին՝ նրա իսկ հայրենիքում՝ Մերձավոր Արևելքում, ինչն իր մեջ ներառում է նաև կրոնի հետևորդների ֆիզիկական բնաջնջումը։ Փաստն արդեն ակնհայտ է, իսկ ահա կանխատեսումները՝ քիչ մխիթարական։ Նույնիսկ եթե մի կողմ թողնենք դիտավորյալ անիրազեկությունն ու սովորական սարսափները, միևնույն է, ընդհանուր պատկեր ունի բավական ծանր տեսք։
Վերջին մեկ և կես տասնամյակի հարաբերական խաղաղությունից հետո (իհարկե այստեղի չափանիշներով) Մերձավոր Արևելքը կրկին կրակի մատնվեց։ Աշխարհակալ տերությունները, մշտապես գտնվելով իրադարձությունների կիզակետում, իսկ որոշներն էլ անձամբ հրահրելով նման իրադարձություններ, բնականաբար իրենց դրսևորում են՝ ելնելով սեփական շահերից, սակայն մի շարք գործողություններ բավական հեռուն են գնացել ու դուրս են եկել ռեժիսորների ու սցենարիստների հսկողությունից։
Այստեղ քրիստոնեության պատմության ու Մերձավոր Արևելքում ունեցած նրա դերակատարության մասին վերապատմելու անհրաժեշտություն չկա, ինչպես որ չկա անհրաժեշտություն վերլուծելու այնպիսի կազմակերպությունների ի հայտ գալու պատճառները, ինչպիսիք են «Ալ-Քաիդան», «Ջեբհաթ ան- Նուսրան», ԻԳԻԼ-ն ու տասնյակ, եթե ոչ հարյուրյակ մանր-մունր ահաբեկչական խմբավորումները, որոնք հանդիսանում են մեծ կազմակերպությունների դուստրերը։
Բավական պարզ է, որ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից ու էլի մի շարք այլ երկրներից սերված ահաբեկչական խոշոր կազմակերպությունները հանդիսանում են, իսկ երբեմն նույնիսկ իրենց երևակայում են տարածաշրջանային կայսրություններ։ Հաշվի առնելով անգլոսաքսոնական բարոյաքաղաքական չափանիշները, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ դրանց բացակայությունը, քչերը կկասկածեն, որ հենց ԱՄՆ-ն է ստեղծել ու զինել խմբավորումների այդ շարքին։ Միայն թե նրանցից համարյա ոչ-ոք սեփական սխալներից դասեր չի քաղում․որոշակի կշիռ ձեռք բերելով ու հասնելով զինվածության բարձր մակարդակի, դրանք դուրս են գալիս սուզերեն իշխանությունից ու սկսում են գործել բացառապես սեփական շահերից։
Եվ ահա, այդ ժամանակ ամերիկացիները սկսում են իրենց պահել ոչ ադեկվատ՝ մեկ հրաժարվում են ռմբակոծել ԻԳԻԼ-ը, մեկ ռմբակոծում են չգիտես թե ինչ, կամ առհասարակ՝ հարված են հասցնում սիրիական կառավարական բանակին։ Վերջում, իհարկե, ներողություն են խնդրում։ Սակայն չարժե մտածել, թե ամերիկացու աջ ձեռքը ձախի մտադրություններից տեղյակ չէ։
Միայն պարտիզանականությամբ անհնար է ստեղծել այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է օրինակ ԻԳԻԼ-ը։ Այստեղ բավական լուրջ գումարներ հայտնվում են խելացի ու իրենց գործը լավ իմացող մասնագետների ձեռքում։ Թնդանոթային միսն իհարկե անկիրթ հովիվներն ու անգործներն են, որոնց ուղեղները սկզբում հեշտորեն լվանում են, իսկ վերջում, երբ վերածվում են ավելորդ բեռի, ընդգրկում են «սպառման մեջ»։ Իսկ ահա խելացի ու կրթված մասնագետին հարկավոր է վճարել, ու այն էլ՝ պատկառելի գումար, այլապես ինչու, ասենք, պետք է համակարգչային հաջողակ մասնագետը թողնի Լոնդոնում իր «մաքուր» աշխատանքն ու վարձվի իսլամական արմատականներին։
Ի դեպ, ճշմարիտ մահմեդականության հետ, ինչպես որ մնացած կրոնների հետ, այս արմատականները ոչ մի կապ չունեն, սա ընդհանուր է։ Նրանք զենք են բոլոր նրանց ձեռքերին, ովքեր մտադրված են Երկիր մոլորակին իրենց կամքը պարտադրել, իսկ այդ հնարավորությունը տրվում է էներգետիկ ռեսուրսներին, կամ գոնե դրանց զգալի մի մասին կառավարելու միջոցով։
Իսկ ԻԳԻԼ-ի ու նրա նմանների գլխավոր խոչընդոտը Մերձավոր Արևելքի քրիստոնյաներն են, քանի որ մահմեդականին կարելի կլինի ստիպել «ճշմարիտ մահմեդականությանը» հավատարմության երդում տալ, իսկ չենթարկվելու դեպքում էլ՝ ոչնչացնել։ Քրիստոնյաներին հարկավոր է ոչնչացնել միշտ և ամենուր, երբեմն նաև այլոց ահաբեկելու համար։
Հետևաբար՝ ստացվում է այնպես, որ չնայած վերջին ամիսներին ԻԳԻԼ-ի կրած զգալի ռազմական կորուստներին, վերահսկվող տարածքներում մնացել են ընդամենը տասնյակ հազարավոր քրիստոնյաներ։ Իրավապաշտպանները մեկ մարդու պես հայտարարում են, որ այդ կրոնը Մերձավոր Արևելքում գտնվում է լիովին ոչնչացման ճանապարհին։ Հավատացյալները մասսայականորեն լքում են տարածաշրջանը, այն նույն ժամանակ, երբ իսլամիստները «մաքրման» աշխատանքներ են իրականացնում։
Անցյալ տարվա ընթացքում այրվել, գլխատվել ու գնդակահարվել են գրեթե 7 հազար մարդ։ Նման մասշտաբների հասնող մահապատիժներ աշխարհը չէր տեսել այն ժամանակներից ի վեր, երբ առաջին անգամ ի հայտ եկավ թվում էր թե արդեն մոռացված՝ «քրիստոնյաների հետապնդումը» արտահայտությունը։ Ուշագրավն այն է, որ երկու հազարամյակ անց նույն պատմությունը Սուրբ հողում կրկնվում է։
Իսլամական խմբավորումների կողմից էթնիկ- մաքրման աշխատանքներ իրականացնելու պատճառով է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում քրիստոնեությունը գտնվում ոչնչացման եզրին։ Մասնագետների կարծիքով՝ նման պայմաններում Իրաքում քրիստոնեությունը կոչնչանա ընդամենը 5 տարի հետո։ Եվ սա միայն Իրաքը։ Լիբանանում, որտեղ զգալի թվով քրիստոնեական համայնք կա, և որը դեռևս կրկին ավերակների չի վերածվել, այդ համայնքը տարեցտարի մարում է։
Փորձագետները նշում են, որ մահմեդական ծայրահեղականների համար քրիստոնյաները եկամտի աղբյուր են։ Անձնական ունեցվածքը, եկեղեցական պարագաները, այն ամենը, ինչն արժեք է ներկայացնում, յուրացվում ու վերավաճառվում է։ Միայն անցյալ տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում ահաբեկիչները թալանել, իսկ ապա ոչնչացրել են 2,5 հազար եկեղեցի։ Ի դեպ, ակտիվի են վերածվում նաև մարդիկ։ Շատերին էլ ԻԳԻԼ-ը արտաքսում է ստրկության կամ պարզապես գերի է վերցնում։ Փորձագետները նկատում են հետևյալը՝ ցուցադրական մահապատիժներն այստեղ յուրահատուկ դերակատարություն ունեն։
«Անշուշտ, մարդկանց վաճառքը իգիլցիների եկամտի աղբյուրի կարևոր մի մասն է կազմում։ Հենց այդ պատճառով էլ նրանք հաճախ են դիմում ցուցադրական գործողությունների, որպեսզի խրախուսեն գերեվարված քրիստոնյաների ու այլ հավատքների ներկայացուցիչների համար վճարվող փրկագինը։ Սա վերածվում է բիզնեսի ուրույն մի տեսակի»,- հարցազրույցներից մեկում ասել է ՌԳԱ Համաշխարհային տնտեսության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեվսկին։
Այն, ինչ կատարվել ու հիմա էլ կատարվում է Հալեպում, ապշեցնում ու սարսափեցնում է։ Ոչնչացված են քաղաքի քրիստոնեական գրեթե բոլոր տաճարները (թվով ավելի քան 20), մարդկային կորուստների ու փախստականների թիվը ադեկվատ գնահատականի չի արժանանում՝ անընդհատ շարունակվող մարտերի պատճառով, որոնք կարճ ժամանակ լռում են, որից հետո նոր ուժով են բռնկվում։ Մինչ քաղաքացիական պատերազմը Հալեպը հայտնի էր ոչ միայն իր հայտնի ճարտարապետությամբ, մշակութային արժեքներով, այլ հանդիսանում էր նաև այն վայրերից մեկը, որտեղ մշտապես ներկա էր սիրիական ժողովրդի քրիստոնեական եզերքը։
Սիրիայում քաղաքացիական պատերազմի ամենասկզբից հենց հայ համայնքը, գտնվելով սիրիական բանակի ու ընդդիմության պայքարի կիզակետում, մեծ կորուստներ ունեցավ։ Իրավիճակն ավելի վատացավ, երբ ԻՊ-ի հետ փոխհամագործակցող խմբավորումները սկսեցին առանց խտրականության հարված հասցնել խաղաղ բնակչությանը։ Համենայնդեպս, Հալեպի շրջանում գործող խմբավորումների նպատակը, որոնք զինված էին Թուրքիայի կողմից ու Սիրիա էին ներխուժում այդտեղից, խաղաղ բնակչությունն է եղել։ Նրանք զավթեցին հայաբնակ Քեսաբը, հիմա զավթում են Հալեպն ու կենտրոնանում են քրիստոնեական թաղամասերի, հատկապես Նոր Գյուղի վրա։ Հայկական եկեղեցիները, դպրոցները, հաստատությունները, տներն ու խանութները ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացված են, իսկ Հալեպի հայերը ստիպված են փախչել Լաթաքիա, որտեղ արդեն մեծ թվով հայ-փախստականներ կան։
Իսկ ինչո՞վ է սպառնում իսլամական ահաբեկչությունը Հարավային Կովկասին։ Կենցաղային մակարդակում այստեղ այն թվում է բավական հեռու, տարածաշրջանի հետ քիչ կապ ունեցող։ Սակայն դա կենցաղային մակարդակում։ Լուրջ քաղաքականության տեսանկյունից՝ այն լրիվ հավանական է թվում, անգամ եթե հաշվի է առնվում Հայաստանում ռուսական ռազմական բազայի գոյությունը։ Ռուսաստանի կտրուկ ու միանշանակ արձագանքը՝ կապված սիրիական իրադարձությունների հետ, դրա ամենավառ ապացույցն է։
ԻԳԻԼ-ի կողմից անմիջական ահաբեկչության իրականացման դեպքում նույնիսկ այդ ռազմաբազայի գոյությունը Հայաստանի համար լիակատար անվտանգություն ապահովել չի կարող։ Վրաստանը գտնվում է ՆԱՏՕ-ի ազդեցության տակ, բայց հաշվի առնելով, որ այդ բլոկում գլխավորը ԱՄՆ-ն է, որը ներկայումս չափազանց ինքնուրույն դարձած իսլամական ահաբեկչական գործոնի նկատմամբ լծակների հայտնաբերման տենդագին որոնումների մեջ է, իրավիճակը ամեն րոպե կարող է փոխվել։ Առավել ևս, որ Ամերիկան մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի ու Վրաստանի վրա, իսկ ռուսամետ Հայաստանում պահում է իր մեծությամբ երկրորդ դեսպանատունը, որտեղ, կարելի է ենթադրել, որ օսլայած օձիքներով դիվանագետները միայնակ չեն իրականացնում քրտնաջան աշխատանքը։ Այստեղ պետք է նաև հաշվի առնել, որ ԱՄՆ-ի ԿՀՎ-ն ավանդաբար աջակցում է իսլամական, իսկ Պենտագոնը՝ աշխարհիկ բնույթ կրող խմբավորումներին, և բազմիցս արձանագրվել է գրոհայինների տեղափոխում՝ առաջին խմբավորումներից դեպի երկրորդը։ Ահա և ինքնատիպ ծամածռության ևս մեկ գործոն, որը բարդացնում է իրական վիճակին հետևելու գործընթացը։ Իսկ Վրաստանն ու Հայաստանը, որպես քրիստոնյա երկրներ, ԻԳԻԼ-ի կողմից ոչնչացման տակ կհայտնվեն ըստ սահմանման։
Ադրբեջանը լիովին աշխարհիկ պետություն է, և դեռ որ այդտեղ արմատականության ներթափանցումը փոքր է, առավել ևս, եթե հաշվի առնենք երկրի բավական ավտորիտար կառավարական ռեժիմը։ Բայց Ադրբեջանը գտնվում է Թուրքիայի զգալի ազդեցության տակ, իսկ այդ երկրի վերնախավի ու ահաբեկիչների միջև բացահայտված կապերի, Էրդողանի անկանխատեսելիության, և երկրի ոչ այդքան կայուն ներքին վիճակի հետ կապված՝ կարելի է սպասել ամեն ինչ։ Չէ՞ որ ԻԳԻԼ-ը Ադրբեջանում սոցիալական որոշակի հիմք ունի։ ԻՊ-ի շարքերում անդամների հավաքագրումն այդտեղ հնարավոր եղավ կարգավորել բարեգործական ֆոնդերի միջոցով։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական կառավարությունը ամեն կերպ խոչընդոտում է նույնիսկ ամենազուսպ իսլամական կուսակցությունների գործունեությանը։
Իսկ ահա թուրքական վերնախավի ու ԻԳԻԼ-ի միջև եղող կապն արդեն վաղուց հեռու է «կրեմլյան քարոզչություն» անվանվելուց։ Ոչ թե պատահական ինչ-որ մեկը, այլ հենց Գերմանական կառավարությունն է գտնում, որ թուրքական իշխանությունը գիտակցաբար է համագործակցում Մերձավոր Արևելքի ահաբեկիչների հետ։ Հենց այդ մասին էր ասվում ձախակողմյան կուսակցության խորհրդարանական հարցին տված ԳՖՀ-ի նախարարների կաբինետի գրավոր պատասխանում։ Այդ պատասխանը հայտնվեց ARD հեռուստաալիքի օրակարգում։ Ընդ որում՝ քաղաքականությունը մնում է քաղաքականություն՝ Բեռլինում խոստովանեցին, որ ահաբեկիչներին աջակցել են տարիներ շարունակ, բայց տեղեկություններ հրապարակել միայն Մոսկվայի ու Անկարայի մերձեցումից հետո, իսկ Գերմանիայի կանցլերն ու ԱԳ նախարարը դիտավորյալ չեն քննադատել Թուրքիային։
Հարավային Կովկասի անմիջական հարևանությամբ գտնվող Մերձավոր Արևելքի երկրներում կատարվող իրադարձությունները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ տարածաշրջանի հասարա-քաղաքական ու կրոնական վիճակի վրա։ Սակայն այդ երկրների ոչ քաղաքական էլիտան, ոչ էլ հասարակական կազմակերպությունները ջիհադիստներին դիմակայելու մեծ հնարավորություններ չունեն։
Խնդիրը նրանում է, որ իսլամիստները յուրացրել են գաղափարական-քայքայիչ պատերազմ իրականացնելու բոլոր ժամանակակից մեթոդները՝ միևնույն ժամանակ չգտնվելով տվյալ տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով էլ՝ ջիհադական կործանարար գործունեությունը խափանելը չի կարող շատ արդյունավետ լինել։
Ահաբեկչության սոցիալական բազայի ընդլայման հատուկ մի համակարգ է գործի գցվել։ Գաղափարախոսները, մասնագիտացված հավաքագրողները, ի լրումն անօրինական զինված խմբավորումների, որպես կանոն, պետություն են մուտք գործում սոցիալական կայքերի միջոցով։ Ինտերնետով իրականացվում է ակտիվ գաղափարախոսական աշխատանք՝ ոչ արմատական իսլամ դավանող մահմեդական և այլ դավանանքների ներկայացուցիչ նորելուկների հետ։ Միայն այն բանից հետո, երբ ջիհադիստները համոզված լինեն արդյունքներում, կժամանեն տարածաշրջան։ Ի դեպ այս առումով քիչ թե շատ իրեն հանգիստ կարող է զգալ Հայաստանը, որտեղ բնակչության չնչին հատվածն է իսլամ դավանում։
Իհարկե այս համակարգը համընդհանուր չէ, այն տարեց տարի կատարելագործվում է։ Դա է վկայում օրինակ ադրբեջանական փորձը, երբ, ի հավելումն սիրիական ջիհադիստների, հավաքագրվեցին նաև ոչ քաղաքական, ոչ առևտրային կազմակերպությունները։
Ընդհանուր առմամբ, ելնելով վերն ասվածից, ողջամիտ է Հարավային Կովկասում ծայրահեղականության դեմ պայքարի կոորդինացված կենտրոնի կազմավորումը, նույնիսկ անկախ նրանից, որ տարածաշրջանի երկրները թշնամի դիրքերում են գտնվում։ Ռուսաստանը Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական համալիր միջոցառումների իրականացման դրական փորձ ունի։ Այսօր այդ փորձը շատ երկրներ են կիրառում։ Հարավային Կովկասի պետություններն այդ փորձը պետք է յուրացնեն ամենակարճ ժամկետներում։
Ռուբեն Գյուլմիսարյան