Հարուստ պատմություն ունի Ադրիատիկի ափին գտնվող Տրիեսթ քաղաքը: Ժամանակին այն ազատ, ինքնիշխան քաղաք էր, այժմ էլ՝ իտալական է: Երբ 1857 թ. ամառվա վերջին ծնվեց Ջակոմո (Հակոբ) Լուիջի Չամիչիանը, Տրիեսթը գտնվում էր Ավստրո-Հունգարական կայսրության կազմում, բայց Իտալիայի հետ բավական ամուր հարաբերություններ ուներ, հատկապես առևտրային ու գիտական ոլորտներում:

image

Երիտասարդ տաղանդը

Հաջողակ առևտրականների մի քանի սերունդ տված Չամիչիանների ընտանիքը քաղաքում բավական հայտնի էր:  Ծնողները սակայն, չէին ձգտում արյան գնով երեխաներին կապել առևտրական արվեստի գաղտնիքներին ու նրանից բխող հաշվապահությանը, ինչպես որ ընդունված է արդեն կայացած առևտրականների մոտ: Բոլորովին, նրանք երեխաներին առաջին հերթին ուզում էին լավ կրթություն տալ, և բարեբախտաբար ընտանիքը համապատասխան միջոցներ ուներ ու նման սուրբ գործի ոչինչ չէր ափսոսի:

Ահա և ստացվեց այնպես, որ Ջակոմո-Հակոբը, բավական լավ գնահատականներով ավարտելով ուսումն այսօրվա բառապաշարով ասած՝ միջնակարգ ուսումնական հաստատությունում, 17 տարեկան հասակում որոշեց ու մեկնեց մայրաքաղաք Վիեննա: Այստեղ նրան սպասում էր մայրաքաղաքի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ Ավստրո-Հունգարիայի գլխավոր համալսարանը: Հենց այստեղ էլ վունդերքինդը ամբողջապես փթթեց:

Վիեննայի համալսարանում, այն ժամանակվա հայտնի քիմիկների՝ Հուգո Վայդելայի և Բարտայի ամբիոնում նա տարվեց նույնիսկ այժմ անտեղյակների համար արտասովոր անուն կրող մի արդյունաբերությամբ՝ արտանետումների սպեկտրոսկոպիայով:

Ու ահա այդ ընթացքում երրորդ կուրսի ուսանող Հակոբին հրավիրում են ֆոտոքիմիայի տեսական դասախոսություններ կարդալու, և ոչ թե ուսանողների, այլ պրոֆեսորա-դասախոսական կազմի համար:

Հենց այդ ժամանակ՝ 1877 թ. Չամիչիանը Վիեննայի համալսարանի գիտական խորհրդին ներկայացրեց իր դոկտորական դիսերտացիան, որի վրա տարված աշխատանքը նա այդպես էլ չհրապարակեց, իսկ աշխատանքի նյութերն ամբողջությամբ վերցված էին նրա սեփական հետազոտություններից: Չնայած այն հանգամանքին, որ աշխատանքն արժանացավ երկու հայտնի մասնագետների՝ Բարտայի ու Վայդելյայի դրական արձագանքներին, իսկ ապա նաև Ընդհանուր օրգանական քիմիայի ողջ ամբիոնի կողմից պաշտպանության դրվելու առաջարկին, նրան մերժեցին պաշտպանելու իր դիսերտացիան՝ երիտասարդ տարիքի պատճառով (այդ պահին 20-ամյա Չամիչիանը նույնիսկ համալսարանական դիպլոմ չուներ):

100338353

Սակայն, ինչպես հետագայում խոստովանեցին այդ պատմության մեջ մասնակցություն ունեցած մի քանի գիտական այրեր, պրոֆեսորներին  շփոթության մեջ էր գցել ոչ միայն երիտասարդի տարիքը, այլ նրանցից շատերը ուսանողի կատարած աշխատանքից քիչ բան էին հասկացել: Թեզի իրական արժեքը գիտական աշխարհի ներկայացուցիչներին հասկանալի եղավ միայն տասնամյակներ անց: Սակայն Չամիչիանն ահա, վիրավորվեց, թողեց Վիեննան ու հեռացավ  Գերմանիա:

Ծաղկում

Գերմանիայում  Ջակոմո Չամիչիանը հիմնավորվեց Գիսենի համալսարանում ու երկու տարի անց գիտական աստիճանի կոչում ստացավ, չնայած նրան, որ նրանից պահանջեցին կրկնակի հետազոտություն իրականացնել համալսարանական լաբորատորիայում: Հակոբն այն հաջողությամբ իրականացրեց ու համալրեց 19-րդ դարավերջի հայտնի գերմանացի քիմիկների շարքերը:

1901 թ. հունիսին Չամիչիանը դառնում է Գլազգոյի հալասարանի իրավունքի պատվավոր դոկտոր: Պարզվեց՝ իրավագիտությունը այս անձի բազմակողմանի տաղանդի եզերքներից մեկն էր, և ահա մի շարք գերմանացի փաստաբաններ իրենց վրա են ուզում վերցնել նրան իրավական պաշտպանության հմտություններն ուսանելու ու նրա կարիերային հետևելու գործը, բայց Չամիչիանը որոշում է կուլ չգնալ. այնուամենայնիվ քիմիան ու ֆիզիկան նրա համար առավել հասկանալի էին, ու թերևս ավելի հարազատ:

Եվ այսպես Չամիչիանը շարունակեց իր կատարելագործումը՝ ֆոտոքիմիայի ասպարեզում, իսկ ֆոտոքիմիական ռեակցիաների հետազոտմանը զուգահեռ, 25 տարվա ընթացքում նա ուսումնասիրեց կենդանական ճարպերի առաձգական հատկությունները: 1904 թ. ավարտած աշխատանքի արդյունքները Չամիչիանը ներկայացրեց «Պիրրոլական քիմիայի զարգացումը վերջին քառորդ դարում» աշխատությունում, որը մեծ իրարանցում առաջացրեց գերմանացի քիմիկների հերթական գիտաժողովի ժամանակ:

1912 թ. Կիրառական քիմիայի Միջազգային 8-րդ կոնգրեսի ժամանակ նա հանրությանը ներկայացրեց չափազանց հետաքրքիր մի փաստաթուղթ:  Դրանում նկարագրվում էր էներգետիկայի ապագան, որը նա տեսնում էր արևային էներգիայի հետ միաժամանակյա օգտագործմամբ.

«Չորացած տարածքների վրա կհայտնվեն արդյունաբերական գաղութներ՝ առանց ծուխ արձակող խողովակների. ապակե խողովակների անտառները կտարածվեն հարթություններում, իսկ ապակե շինություններ կլինեն ամենուր, դրանց ներսում տեղի կունենան ֆոտոքիմիական ռեակցիներ, որոնք մինչև այժմ համարվել են բուսականության անիմանալի գաղտնիքը, սակայն այդ ամենը հիմնվելու է մարդկային քաղաքակրթության վրա, որը գիտենալու է, թե ինչպես կարելի է ավելի առատ բերք ստանալ … Եվ եթե ոչ հեռավոր ապագայում ածխի բոլոր պաշարներն էլ սպառվեն, միևնույն է, քաղաքակրթությունը չի ոչնչանա, այն կգոյատևի այնքան ժամանակ, քանի դեռ կփայլի արևը»: Ահա և էկոլոգիապես մաքուր էներգետիկայի լուսաբացը, այս մարդը փաստացի ստեղծել ու կյանքի է կոչել արևային առաջին վահանակը:

1910 թ. Չամիչիանը մուտք գործեց իտալական պառլամենտ, որտեղ զբաղվում էր Իտալիայի ուսումնական ու գիտահետազոտական հաստատությունների ղեկավարությամբ: Իր ողջ կյանքի ընթացքում Չամիչիանը արտոնագրել է ավելի քան 40 հայտնագործություններ ու հանդիսանում է 400-ից ավել գիտական աշխատանքների հեղինակ: Իտալական «Scientia» ամսագիրն այդ ժամանակ նրան անվանեց իտալական պառլամենտի միայն գիտական այրը: Բայց անկանխատեսելի ճակատագիրը կարծես ծաղրում էր նրան. Այլապես ինչպե՞ս  կարելի է 9 անգամ առաջադրվել Նոբելյան մրցանակի ու այդպես էլ այն չստանալ:

10d006fbf59caab73fe9315d5b7a360eՀակոբ Չամիչիանը մի շարք արտոնությունների է արժանացել. Նա Իտալիայի քիմիական հասարակության ղեկավարն էր, հանդիսանում էր Իտալիայի ազգային ակադեմիայի, Ջենովայի, Պադուայի և Հռոմի թագավորական ակադեմիայի, Բրիտանական արքայական հասարակության, Ֆրանսիական ու Պետերբուրգյան գիտական ակադեմիաների անդամ:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռազմատենչ թեմատիկան չշրջանցեց նաև գիտնականին. այդ տարիներին Ջակոմո Չամիչիանը զբաղվում էր քիմիական զենքի հետազոտությամբ ու մշակում էր դրանից պաշտպանվելու միջոցները: Թունավոր գազերի հետ անմիջական շփման արդյունքում նա ուժգին թունավորում ստացավ, երկար ժամանակ հիվանդացավ ու բուժվեց, սակայն մինչև կյանքի վերջ այդպես էլ վերջնականապես չապաքինվեց:

Ջակոմո Լուիջի Չամիչիանը հրաժեշտ տվեց կյանքին 1922 թ. Բոլոնյեյում: Քաղաքի քիմիական ինստիտուտը կրում է նրա անունը, իսկ հաստատության առաջ տեղադրված է գիտնականի հուշարձանը:

Ռուբեն Գյուլմիսարյան