Ռուբեն Գինիի՝ «Անդին։ Հայոց ճանապարհորդության տարեգրությունը» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է Հնդկաստանի, Չինաստանի ու Մետաքսե ճանապարհի երկայնքով սփռված այլ երկրների հետ հայերի պատմական հարաբերությունների մասին, հայ հանդիսատեսի դատին ներկայացվեց դեռևս երկու տարի առաջ։ Այն ժամանակ ցուցադրությունը կայացավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրի շրջանակներում։ Իսկ այսօր, երկու տարի անց, «Արև» արվեստի կենտրոնի սրահում կինոռեժիսոր ու սցենարիստ Ռուբեն Գինին իր նոր աշխատանքն է ցուցադրում, որը կրում է «Andin. Հայերի մասին պատմական ակնարկներ Չինաստանում» անունը։ Իր պատմական ակնարկների հիմքում երիտասարդ ռեժիսորը դրել է արխիվային նյութեր, հազվագյուտ նկարագրություններ և փորձագիտական հարցազրույցներ, որոնք հավաքվել էին «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրությունը» փաստավավերագրական ֆիլմի նկարահանումների ընթացքում։ Գիրքը պատմում է Արևելքի ու Արևմուտքի միջև վաղ առևտրային հարաբերությունների հաստատման, Մեծ Մետաքսի ճանապարհի զարգացման մասին, ինչպես նաև վերածնունդ է տալիս Չինաստանում հայերի պատմության ամենահետաքրքիր դրվագներին։
«Ես ֆիլմը սկսեցի նկարահանել 26 տարեկանում, ավարտեցի 31-ում,- հավաքվածներին պատմում է Ռուբենը։ Դա իրականում բարդ ճանապարհ էր, և երբ մտածում եմ այն մասին, թե որտեղից էր առաջանում այն էներգիան, որն ինձ առաջ գնալու հնարավորություն էր տալիս, ապա մտածում եմ, որ բոլորիդ այն ամենը ներկայացնելու ցանկության մեջ էր, ինչ որ ես տեսա, երբ առաջին անգամ 19 տարեկանում հայտնվեցի Չինաստանում»։
Մոնտաժային աշխատանքների ժամանակ արդեն Ռուբենը հասկանում է, որ նկարահանված նյութերի մեծ մասը չի կարող տեղավորվել խիստ երկժամամետրաժային շրջանակներում։ Օրինակ, ստիպված եղան հանելու 4 ամբողջական հարցազրույցներ (Շանհայյան պրոֆեսոր, Մանչժուրիյում հայ և ռուս էմիգրանտների պատմության փորձագետ Ալեքսանդր Վան Չժի Չենի, կինոքննադատ, պատմաբան, թարգմանիչ Արծվի Բախչինյանի, 40-ականների վերջին Մանչժուրիյում ծնված և 10 տարեկան հասակում Հայաստան վերադարձած Սուսաննա Մաճկալյանի, ինչպես նաև 17-18-րդ դարերում Հնդկաստանում ու Իրանում բարգավաճող հայտնի Ապկար գերդաստանի վերջին ներկայացուցչի՝ Ա․Ապկարի հետ), որոնցից յուրաքանչյուրը, Ռուբենի խոսքերով, կարող էր մի կինոկտավի վերածվել։ Հենց մոնտաժման աշխատանքների ժամանակ էլ գիրք գրելու միտքը հղացավ։ Եվ եթե ֆիլմը պատմությունը ներկայացնում է գլոբալ կտրվածքով, ապա գիրքն ուշադրությունը կենտրոնացնում է հայ-չինական հարաբերությունների պատմության կոնկրետ գլուխների վրա։ Թե գիրքը, թե ֆիլմը հայ ու չին ազգերի միջև հարաբերությունների ցուցադրման առաջին փորձն է։ «Ես համոզված եմ, որ իրականում Հայաստանի պատմությունը միայն մեր երկրի սահմաններով չի սահմանափակվում»,- կիսվում է Ռուբենը։
Հայ ճանապարհորդների ճակատագրի, առևտրականների և իշխանների պատմության միջոցով հեղինակը պատմում է Չինաստանի հետ ունեցած մշակութային ու տնտեսական հարաբերությունների մեջ հայերի յուրահատուկ դերի մասին։
Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, դիմելով հյուրերին, նշեց, որ օրվա միջոցառման ամենակարևոր հերոսը գրքի հեղինակն է։ «Ես գրեթե մինչև վերջ կարդացել եմ գիրքն ու կարող եմ ասել, որ այն ոչ միայն հետաքրքիր է ու յուրահատուկ, այլ նաև անհրաժեշտություն։ Սա առաջին մենագրությունն է, որը նվիրվում է հենց պատմական դրվագներին ու մեր ազգերի միջև եղող բարեկամությանը»,- նշեց Թիան Էրլունը։
Հյուրերի առաջ ելույթ ունեցավ նաև ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության ղեկավար Սերգո Երիցյանը՝ նշելով, որ գիրքը ոչ միայն մեզ, այլ նաև հետագա սերունդների համար ունի մեծ նշանակություն, և Ռուբենի անցած ուղին ճանապարհ կբացի հետագա հետազոտությունների համար։ «Վերջապես մենք ունեցանք մի աշխատանք, որին այդքան երկար սպասում էինք»։
Իր հերթին՝ գրքի խմբագիր Արծվի Բախչինյանը դիմում է Թիան Էրլունին՝ մոտ ապագայում գիրքը չինարեն լեզվով տեսնելու ցանկության ակնկալիքով։ «Ցավալի կլինի, եթե Ռուբենի կատարած հսկայական աշխատանքը, մասնավորապես՝ 11 երկրներում կատարված հետազոտություններն ու նկարահանումները լայն զանգվածներում չներկայացվեն։ Ինքը՝ Ռուբենը, գիրքը համեստորեն անվանել է «Հայերի մասին պատմական ակնարկ Չինաստանում», սակայն իրականում սա շատ լուրջ պատմական հետազոտություն է»,- եզրափակեց պարոն Բախչինյանը։
Մեր կողմից նշենք, որ «Andin. Հայերի մասին պատմական ակնարկ Չինաստանում» գիրքը հետաքրքիր կլինի ընթերցասեր հասարակության լայն շրջանակների համար՝ սկսած միջազգային հարաբերությունների խնդիրներով զբաղվող մասնագետներից մինչև արկածային ժանր սիրող հասարակ ընթերցողի համար։
Գիրքը հրապարակման է պատրաստվել «Անտարես» հրատարակչության կողմից՝ Planetguide Ճանապարհորդությունների համաշխարհային հանրագիտարանի աջակցությամբ։
Պատրաստեց՝ Արմինե Ահարոնյանը
Լուսանկարները՝ Maram-ի