Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի կարգավորման համար իրականացվող քայլերից մեկն էլ հանրային դիվանագիտության միջոցների կիրառումն է: Հանրային դիվանագիտությունը ենթադրում է հասարակության ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության առանձին սուբյեկտների մասնակցությունը՝ պետության արտաքին քաղաքականության ձևավորման ու կյանքի կոչման գործընթացին: Նրա նպատակը այլ երկրների հասարակական կարծիքի վրա ազդելն է, սեփական երկրի դրական գործելաոճի ձևավորումը, ազգերի միջև երկխոսության հաստատման գործընթացը, արտաքին լսարանին ինֆորմացիայի ապահովումը, ինչպես նաև երկրների հասարակական շահերի ու փոխհասկացվածության կարգավորումը: Ենթադրվում է, որ ցանկացած պետություն, անկախ քաղաքական ուժերից ու համաշխարհային քաղաքական ասպարեզում իր զբաղեցրած դիրքից, հանրային դիվանագիտական լծակների կիրառման կարիք ունի:
Ահա արդեն մի քանի օր բուլղարական Քիթեն քաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի երիտասարդությունը միասին քննարկում է խաղաղ ճանապարհով Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ուղիները: Քննարկումներն իրականանում են Յամալի կառավարության կողմից կազմակերպած «Մենք ողջ աշխարհի խաղաղության կողմնակիցներն ենք» միջազգային փառատոն- ֆորումի շրջանակներում: Փառատոնն իր գիրկն է առել Ռուսաստանի 10 շրջանների 170 ներկայացուցչի, և արտասահմանյան մերձ ու հեռավոր 22 երկրների: Փառատոնն արդեն 8-րդ անգամ է իրականանում, միջոցառման գլխավոր նպատակը «Խաղաղության բանաձևի» հաստատումն է: Ողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար ցանկացած երկիր ու ցանկացած շրջան մենք է իր նախաձեռնությունը ներդնի: Խաղաղարար գաղափարները կմիավորվեն մեկ ընդհանուր հայտարարի մեջ, որը փառատոնի եզրափակիչ միջոցառման կազմակերպման հիմքը կլինի: Եզրափակիչ միջոցառումը կկայանա սեպտեմբերի 21-ին՝ Խաղաղության միջազգային օրը:
«Հումանիտար հետազոտությունների հասարակության» ղեկավար Ավազ Հասանովը գտնում է, որ հենց հանրային դիվանագիտությունն է ի վիճակի ազդել քաղաքականության վրա: «Քաղաքականության վրա հենց հասարակ մարդկանց ազդեցության իրականացման շնորհիվ է հնարավոր հասնել արագ արդյունքի, դրա համար էլ «հանրային դիվանագետները» քաղաքականության, տարածաշրջանի և նրա անվտանգության առաջ պատասխանատու չեն: Նրանք համատեղ կեցության գաղափարի, տարածաշրջանի կայունության քարոզիչներ են: Ես համոզված չեմ, որ թեկուզ մեկ պետություն ի վիճակի է կանգնեցնել այդ գործընթացը: Կարող են իհարկե ժամանակավորապես ընդհատել, կարող են խոչընդոտել հանրային դիվանագիտության ներկայացուցիչների գործունեությանը, սակայն ամբողջությամբ այն կանգնեցնել նրանք չեն կարող»,- հայտնեց նա Dalma News-ին:
Նրա կարծիքով՝ պետք է խրախուսել հանրային դիվանագիտության գաղափարները: Սակայն Ադրբեջանում ոչ բոլորն են հարում այդ կարծիքին:
Օրինակ՝ Արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը գտնում է, որ հանրային դիվանագիտությունը միգուցե կարևոր, սական վճռական դեր չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի կարգավորման գործընթացում: Նրա խոսքերով՝ հանրային դիվանագիտության հասկացողությունը համաժողովրդական է ու իր մեջ տարբեր մեթոդներ ու լծակներ է ներառում: «Հաշվի առնելով ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներն ու ինտերնետը, կարելի է վստահորեն հաստատել, որ հանրային դիվանագիտությունը անընդհատ նոր հնարավորություններ է ձեռք բերում: Սակայն նրա վճռական դերակատարման մասին խոսել չի կարելի, քանի որ վերջին խոսքը Հայաստանի կառավարությանն է պատկանում, որը պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լուրջ քայլերի իրականացման պատրաստակամություն ցուցաբերի»,- նշում է Ազիմովը:
Նա նաև նշեց, որ հայ հասարակությունը, օգտագործելով հանրային դիվանագիտության լծակները, կարող է ճնշում գործադրել պաշտոնական Երևանի վրա, և նրան Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացն իրականացնելու լուրջ քայլերի դրդել:
Իսկ Ղարաբաղի ազատագրման (ՂԱԿ) շարժման նախագահ Ակիֆ Նագին գտնում է, որ «հանրային դիվանագիտությունը» Հայաստանի ձեռքում է: «Հայրենական որոշ ՀԿ-ներ փորձում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ոչ իշխանական կազմակերպությունների հետ հարաբերություններ հաստատել: Ադրբեջանական հասարակությունը պետք է խոչընդոտի նմանատիպ փորձերին, քանի որ, որոշ մարդկանց կարծիքով՝ հանրային դիվանագիտությունը Հայաստանի ձեռքերում է, որը դրանով պարզապես փորձում է հանել իր վրայից ագրեսորի պիտակը»,- ընդգծեց նա:
Նագին նաև ավելացրեց, որ հարկավոր է հայկական կողմի հետ նմանատիպ հանդիպումներին վերջ դնել, և տիրող իրավիճակում հանրային դիվանագիտության շրջանակներում իրականացող ցանկացած նախաձեռնություն նա համարում է դավաճանություն:
Ադրբեջանի խորհրդարանի Իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին նույնպես գտնում է, որ լրագրողների, Հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև հաստատվող հարաբերությունները՝ «հանրային դիվանագիտության» պատրվակով չեն կարող արդյունավետ լինել: «Հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև լրագրողների և առանձին անհատների այցերն ու հանդիպումները «հանրային դիվանագիտության» դրոշի տակ, անմիջականորեն Հայաստանի շահերին են ծառայում: Միայն այն բանից հետո, երբ Հայաստանը կազատագրի շրջափակված ադրբեջանական տարածքները, հնարավոր կլինի իրականացնել «հանրային դիվանագիտություն», և կստորագրվի խաղաղության պայմանագիրը»: Հուսեյնլիի խոսքերով՝ «հանրային դիվանագիտություն» կարող են իրականացնել այն դեմքերը, որոնք ժողովրդի կողմից ստացած մանդատ ունեն:
Քաղաքագետ, միջազգային լրագրող Ալեքսանդր Նոսովիչը Dalma News-ին տված հարցազրույցում ասաց, որ մարդկային հարթությունը ցանկացած միջէթնիկական կոնֆլիկտի կարգավորման ամենաբարդ հատվածն է, հատկապես այնպիսի կոնֆլիկտի, որպիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: «Աշխարհի տարբեր երկրներում միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, տարածաշրջանային կոնֆլիկտների և նման այլ երևույթների խնդիրներով զբաղվող Միջազգային մեծ գիտական միջոցառումների կազմակերպիչները գիտեն միայն ամրագրված օրենքներ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները չպետք է ընդգրկված լինեն մեկ սեկցիայում և նրանց չպետք է թույլ տրվի մեկ ընդհանուր լսարանում հանդես գալ: Եթե միջոցառումը նվիրված չէ կոնկրետ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը, ադրբեջանական ու հայկական ներկայացուցիչներին ցանկալի է տարբեր լսարաններում տեղակայել ու խուսափել նրանց ուղիների խաչաձևումից: Հակառակ դեպքում հավանական է, որ կոնֆլիկտ ու մեծ սկանդալ կառաջանա: Նման գործելակերպը ապացույցն է այն բանի, թե որքան է սրվել երկու երկրների ու այդ ազգերի կոնֆլիկտը: Սակայն անվերջ տարանջատելով ադրբեջանցիներին հայերից, հայերին՝ ադրբեջանցիներից, այդ կոնֆլիկտը կարգավորել հնարավոր չէ»,- ընդգծեց նա:
Նրա կարծիքով՝ այդ երկու ազգերը, անկասկած, միմյանց հետ համաձայնության գալ չեն կարող, երկխոսության համար հարկավոր է երրորդ կողմի ներկայությունը: «Ինձ համար ակնհայտ է, որ այդ երրորդ կողմը պետք է լինի հենց Ռուսաստանը: Եվ դա պայմանավորված է ոչ միայն Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման մեջ ՌԴ-ի չեզոք դիրքորոշման դրսևորմամբ, այլ նաև ՌԴ-ի ներքին քաղաքականության իրականացմամբ: Ռուսաստանում ադրբեջանական ու հայկական մեծ համայնքներ են ապրում, ու չնայած նրանց միջև առկա մեծ լարվածությանը, Ռուսաստանին հաջողվում է պահպանել ներկու ազգերի միջև միջէթնիկական խաղաղությունը ու թույլ չտալ հայ-ադրբեջանական հակամարտության դրսևորում՝ ՌԴ-ի տարածքում: Ի նկատի ունենալով նաև արտաքին քաղաքականության նրա հանձնարարականը՝ Ռուսաստանի տասնյակ տարիների ընթացքում ձեռք բերած այդ փորձը պետք է կիրառվի Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության կարգավորման գործում:
Հենց դրա համար էլ անհրաժեշտ է հանրային դիվանագիտությունը, որը տվյալ դեպքում պետք է ուժեղացնի պաշտոնական դիվանագիտության հետ իր տարբերությունը՝ լրացում հանդիսանալով վերջինիս համար: Պաշտոնական դիվանագիտությունը Մինսկյան խմբում Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման անմիջականորեն իրականացվող բանակցություններ են, «Մաքոքային դիվանագիտությունը», այսինքն՝ նախագահ Պուտինի հանդիպումները Ադրբեջանի, իսկ հետո Հայաստանի ղեկավարություններ հետ և այլն:
Հանրային դիվանագիտության ձևեր պետք է դառնան փորձնական համատեղ հարթակները, լրագրողների, բլոգերների և այլ ոչ պաշտոնատար առաջնորդների կարծիքների համար նախատեսված կլոր սեղանները՝ երկու երկրներում էլ, որտեղ Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչները միմյանց հետ կկարողանան խոսել որպես մոդերատոր հանդիսացող Ռուսաստանի մշտական ներկայությամբ: Հանրային դիվանագիտության տարբեր ձևաչափերի կիրառումը հայ-ադրբեջանական բանակցությունները մեռյալ գծից առաջ շարժվելու կարևոր պայմաններից է»,- եզրափակեց միջազգային- լրագրողը:
Չնայած նրան, որ տարբեր ուղղություններով կառուցողական լիակատար երկխոսության մասին խոսելը դեռ վաղ է, սակայն մեկ բան պարզ է՝ հայերի ու ադրբեջանցիների միջև հաստատվող հարաբերությունները չափազանց կարևոր են երկու ազգերի միջև վստահության ստեղծման համար: Փորձագետների կարծիքով՝ կառուցողական օրակարգով բանակցությունների արագընթաց սկիզբը կարող է արդյունքներ տալ, որոնք դրականորեն կանդրադառնան տարածաշրջանի վրա՝ բոլոր մասնակիցների շահերը հաշվի առնելու սկզբունքով:
Մակսուդ Թալիբլի (Բաքու)