Երբ ամենը, ինչին դիպչում ես, հաջողությամբ է պսակվում

14080825_1283573045021501_1569128264_nԵրևանյան կեսօրյա տապում իր զովության մեջ նիրհող սրճարանի դատարկությունը միանգամից հօդս ցնդեց, երբ սրճարանի դռներով ներս մտավ Կարեն Գևորգյանը: Զովությունն անշուշտ պահպանվեց, բայց հանգստությունն ու նիրհը միանգամից նահանջեցին: Տղամարդն այս արդեն 75 տարեկան է, բայց բավական է մի քանի րոպե հետը զրուցես, և անմիջապես նրան քեզանից երիտասարդ ես համարում, մեր ժամանակներում կյանքի, ապրելու ու ստեղծագործելու նման ծարավն ու կենսունակությունը որպես կանոն վերանում են կյանքի չորրորդ տասնամյակում:

Տաղանդն անջնջելի մի բան է…

Կարեն Գևորգյանն իր կյանքն ու գործունեությունը թերևս սկսեց այն օրվանից, որ կիսատ թողեց ուսումը երաժշտական դպրոցում: Այդ փաստը, ինչ խոսք, նրա հետագա գործունեության վրա ոչ մի ազդեցություն չունեցավ, փոխարենը բավական մեծ օգուտ բերեց արվեստը յուրովի ընկալման բնագավառում: Զարմանալի է իհարկե, բայց Կարեն Գևորգյանն այն հազվագյուտ մարդկանցից է, ով մեծ հաջողությունների է կարողանում հասնել ամեն ինչում, ինչով որ զբաղվում է, և սա վերաբերվում է ոչ միայն կինոարվեստին: Կինոռեժիսորը նաև բավական մեծ ներդրում է ունեցել հայկական առաջին ամենագնացի ստեղծման, ինչպես նաև հայրենական ավիացիայի զարգացման մեջ: Իսկ աէրոդինամիկայի բնագավառում արած նրա տեխնիկական առաջարկները անշուշտ մասնագետների համակ ուշադրությանն են արժանի:

Մեկ այլ հարց է այն, որ նա, շատերի նման, գրեթե մշտապես բախվել է բյուրոկրատիայի (ինչպես նաև հովանավորչական պոտենցիալի) հաստ պատին՝ «իսկ ի՞նչ կստանամ ես այդ ամենից»: Նման հարցադրումից հետո, բնականաբար այլևս Սիզիփոսյան աշխատանքով զբաղվելու ցանկություն չես ունենում: Եվ այսպիսի հանգամանքներ հանդիպում են ամեն քայլափոխի, սա զուտ հայկական մտածելակերպ չէ, այլ ավելի շուտ՝ խորհրդային գործունեությունից մնացած տաղտուկ ժառանգություն, որը մոռացության մատնելու մեծ ցանկություն կա, և բացի դրանից էլ՝ մեզ մոտ՝ Հայաստանում, կաշառակերության երևույթի գոյությունը, որն առկա է այն ամենում, ինչում միայն հնարավոր է, էլ ավելի տգեղ ձևեր է ստացել:

Բայց Կարեն Սարգիսովիչն անդրդվելի է: Կինոարվեստից նա կարողացավ քամել այն ամենը, ինչ իրեն հարկավոր էր, անցավ բոլոր ճանապարհներով: Կինոարվեստի համամիութենական պետական ինստիտուտում Բորիս Վոլչյոկի ղեկավարությամբ օպերատորական ֆակուլտետն ավարտելը նրան բավարար չթվաց, և որոշ ժամանակ «Հայֆիլմում» աշխատելուց և Դ. Քեսայանցի հայկական հայտնի «Տերն ու ծառան» ֆիլմում օպերատորական աշխատանք կատարելուց հետո Կարեն Գևորգյանը վերադառնում է Մոսկվա՝ նորից նույն ինստիտուտ՝ այս անգամ արդեն ռեժիսուրայի բարձրագույն կուրսեր անցնելու համար: Որից հետո նա կրկին վերադառնում է «Հայֆիլմ»…

Հետո լինելու են նրա վրձնին պատկանող կինոսցենարներ, պրոդյուսերական բազմաթիվ աշխատանքներ… Ստացվում է, որ Գևորգյանը կինոյի ասպարեզում փորձել է ամեն բան, բայց ի վերջո մնացել որպես ռեժիսոր: Մոռացա միայն հարցնել՝ արդյո՞ք տեսախցիկի առաջ էլ դերասանական վարպետություն է ցուցադրել, բայց քանի որ ինքն այդ մասին չխոսեց, ուրեմն հավանաբար նման բան չի եղել…

…Նոր եկած հավերի երկաթե ձվերը

Կարեն Գևորգյանն ամենայն անկեղծությամբ չի հասկանում, թե ինչպես արվեստի բնագավառում անշահախնդիր ինչ-որ բան անելու կամ սեփական հայրենիքին օգնելու ցանկությունը կարելի է վերածել «նոր եկած հավերի ածած երկաթյա ձվերի» պատմությանը: Եվ նման բան տեղի է ունենում ամեն քայլի, ինչը, անխոս, Գևորգյանն ընդունել չի ցանկանում, սակայն կրկին ու կրկին նրա մոտ նոր մտահաղացումներ են ծնվում, որոնք կյանքի կոչվելու կենսական պահանջ են ունենում:

Ռեժիսուրայի բարձրագույն կուրսեր անցնելուց հետո Կարեն Գևորգյանը վերադառնում է «Հայֆիլմ» և մի քանի տարի աշխատանքային խաղաղ գործունեություն ծավալում: Անամպ երկնքում սակայն որոտը ճայթում է այն ժամանակ, երբ ռեժիսորն ավարտում է «Հրաժեշտ սահմանագծից անդին» ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի ցուցադրությունն արգելվում է, քանի որ Մոսկվան դրա մեջ հակախորհրդային, իսկ Երևանը՝ հակահայկական տարրեր է տեսնում: «Հայֆիլմին» հրաժեշտ տալու ժամանակը, փաստորեն, վրա էր հասել, և այդ հրաժեշտից ընդամենը երկու-երեք շաբաթ անց «Լենտելեֆիլմը» Գևորգյանին վստահեց «Իվան Պավլով. Ճշմարտության որոնումներ» 5 սերիայանոց ֆիլմի նկարահանումները:

Իսկ ահա «Հրաժեշտ սահմանագծից անդին» ֆիլմը ոչ այլ ինչ էր, քան այն ժամանակների սովորական մի աղջկա պատմություն, այդտեղ տարօրինակ ու հանցավոր ոչինչ չկար, բայց ֆիլմում հավանաբար քաղաքականության ենթատեքստ տեսան, ինչպես ասում է Գևորգյանը: Ինչևէ, նրա համար դա արդեն վաղուց անցյալ է, և դա ակնհայտ է: Իսկ ահա այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, սաստիկ դիպավ նրա հոգուն ու այդ ցավը մինչև այսօր էլ դեռ չի մխիթարվել…

Այնտեղ, որտեղ գտնվելու ցանկություն այլևս չունես…

Անհանգիստ 1990-ականների դեռ սկզբին, իր հայտնի՝ «Ծովեզրով վազող չալ շունը» ֆիլմի նկարահանումներից հետո Գևորգյանը մտածում էր պատերազմի տարիների ժամանակագրությունը էկրանացնելու մասին: Դա նրան որոշ չափով հաջողվեց, քանի որ ի վերջո ստեղծվեց փաստավավերագրական կտավների մի ողջ կինոշարք: Սակայն ֆիլմերը հիմնականում մեծ պահանջարկ չունեցան, և դա ոչ թե նրանց գեղարվեստական որակների, քանի որ Գևորգյանն առհասարակ վատ ֆիլմ չի նկարում, այլ բացառապես ստեղծված այն քաշքշուքի պատճառով, որտեղ ոչ մի կինոարվեստագետ իրեն գտնել չի կարողանում:

14054632_1283572905021515_1056193944_n

Եվ չնայած այդ ամենին՝ Գևորգյանը մնաց ու աշխատեց հայրենիքում՝ մինչև 2009 թվականը: 2009-ին նկարահանվեց «Ցեղասպանությունն առանց մեկնաբանության» փաստավավերագրական ֆիլմը: Այն, ինչ տեղի էր ունեցել պատերազմական տարիների ժամանակագրության հետ, ընդամենը նախերգանքն էր այն դատապատժի, որը տեղի ունեցավ այս ֆիլմի հետ, իսկ այդ նախերգանքի հեղինակները սովորական մահկանացուներ էին այս ֆիլմի «աստվածների» համեմատ: Վարպետի խոսքերով ասած՝ «Ստացվեց այնպես, որ ես նկարահանել եմ երկու սերիայանոց մի ֆիլմ՝ «Ցեղասպանությունն առանց մեկնաբանության», որը, փաստորեն, հարկավոր չէր ոչ այստեղ, ոչ էլ սփյուռքում: Ես միանգամից դեմ առա կոպիտ վերաբերմունքի, ավելին, գտնվեցին նույնիսկ մարդիկ, որոնք ինձ փորձեցին հասկացնել, որ ես իրենց սեփական տիրույթ եմ մուտք գործում: Միայն Ցեղասպանության թանգարանի տնօրենի վերաբերմունքն ամեն ինչ արժեր, նա պաշտոնապես խոստացավ հնարավորինս շուտ հաշվեհարդար տեսնել ֆիլմի հետ: Ինձ մեղադրեցին նրանում, որ ես փորձում եմ թշնամանք սերմանել հայերի ու բարեկամ գերմանացիների հարաբերություններում: Այն նույն գերմանացիների, որոնց նախնիները անցյալ դարի սկզբին ոչ պակաս «բարեկամաբար» գնդակահարում էին մեր հայրենակիցներին: Արդյո՞ք սա էլ է օրինական»:

…Եվ հիմա, ահա, ճակատագրի հեգնանքով, Ցեղասպանության թանգարանի պարոն տնօրենի հայացքի ներքո Գերմանական Բունդեսթագը ընդունում է հայերի հանդեպ իրականացված Ցեղասպանությունը, որտեղ տեսնում է նաև իր սեփական ազգի հանցավոր մասնակցությունը…

Գևորգյանի համար դա վերջին կաթիլն էր, և նա երրորդ անգամ լքում է հայրենիքը՝ այս անգամ, հավանաբար վերջնականապես… Նա երբեմն այցելում է, բավարարում կարոտի զգացողությունն ու նորից հեռանում: Նրա համար արդեն բավական բարդ է դարձել «հայկական կինոյի, ազգային մշակույթի, և առհասարակ Հայաստանի մասին խոսելը… Անիմաստ է գնահատական տալ մշակութային այն միջավայրին, որտեղ ինքդ քեզ տեսնելու ցանկություն այլևս չունես»: Բայց այդ ամենի հետ մեկտեղ՝ ռեժիսորը, միևնույն է, համարում է, որ ինքը երկու հայրենիք ունի՝ Հայաստանն ու Ռուսաստանը, և նա այդ երկու հարազատ երկրներն ավելի մաքուր, ազնիվ ու բարի հարթության վրա տեսնելու անսանձելի երազանք ունի…

Իսկ ահա Սանկտ Պետերբուրգը վարպետին կրկին արժևորեց, ու այս էլ երկրոդ անգամ նախորդած անհաջողությանն անմիջապես հաջորդում է արվեստագետի հանդեպ մեծ պահանջարկը: Մեկ ամիս էլ չանցած՝ նրան առաջարկում են կինոյի ու թատրոնի ինստիտուտում բացել իր արվեստանոցը: Ու հիմա Գևորգյանը սովորեցնում է երիտասարդներին, թե ինչպես կարելի է կինոյի և հեռուստատեսության ռեժիսոր դառնալ: Բայց նրանք պետք է իսկական ռեժիսորներ դառնան, արարող, այլ ոչ թե պարզապես այն մասնագետը, որի մասին Կարեն Գևորգյանը խոսում է ամենայն սարսափով. «Ես էլ շատերի նման երբեմն հեռուստացույց եմ դիտում: Եվ սերիալա-հանցավոր այդ կապկությունը թույլ տվող հեռուստաալիքների ղեկավարներին իսկական հանցագործ եմ համարում, ավելի հստակ ասեմ՝ ազգի թշնամի: Դա մարդկանց ու հասարակության բարոյալքման մի գործընթաց է, որովհետև եթե այսօր ավազակներն ու սրիկաները կյանքում համարվում են հերոսներ, ուրեմն սա իսկապես ամեն ինչի վերջն է: Ուշքի եկեք, սա մեր կյանքը չէ… Սա ինչ-որ անբուժելի մի ախտ է, մարդիկ զոմբիացված ձգտում են միայն զվարճանքների: Հեռուստաալիքների առաջ հստակ մի հանձնարարական է դրված. Մարդկանց զվարճացնել ու դրանով շեղել երկրում տիրող իրականությունից:

Իսկ ահա դա բացարձակ հիմարություն է: Մարդուն նման կերպ շեղել հնարավոր չէ: Հեռուստակտավները չեն կարող մարդու մտքերն այլ ուղղությամբ տանել, նրանք նրան միայն կարող են փչացնել: Այդպես նրան հանգիստ կարելի է վերածել ցինիկի, անճոռնու, բայց ոչ երբեք կարգին ու պատկառելի մարդու»:

Այսօրվա կատարվող իրադարձությունները Կարեն Գևորգյանը դիվերսիա է համարում, ցանկալի չէ խոստովանել, բայց ամենայն հավանականությամբ, նա իրավացի է:

Այդ չվերջացող կինոն…

…Եվ այնուամենայնիվ կինոն անբուժելի «հիվանդություն» է, որով հիվանդանում ես մեկ անգամ միայն, բայց ընդմիշտ: Այսօր էլ Կարեն Գևորգյանը հանքափորերի մասին ֆիլմ է նկարում: Այն երեք մասից է բաղկացած, և դրա ամեն մի մասն իրենից ներկայացնում է  կինոարվեստի ինքնաբավ մի գործ: Շուտով եռերգության առաջին ֆիլմի պրեմիերան է լինելու, դեռ միայն դրա առաջին մասն է նկարահանված: Ցանկալի կլիներ, որ պրեմիերան հենց Հայաստանում կայանար: Հուսանք, որ այստեղ դեռ մնացել են սրտացավ մի քանի մարդ, որոնք ի վիճակի կլինեն կազմակերպել այդ պարզագույն միջոցառումը:

Իսկ Գևորգյանի գլխավոր ֆիլմը եղել ու մնում է «Ծովեզրով վազող չալ շունը», չնայած, նա կարող է դրա հետ չհամաձայնել: Այթմատովյան վեպն առաջ քաշելով ու այն մի փոքր այլ կերպ մեկնաբանելով՝ ռեժիսորն իր սիրած ոճով է ֆիլմը նկարել՝ փաստավավերագրական ֆիլմ՝ գեղարվեստական նկարահանումով: Օխոտի ծովի մոտ ապրող նիվխյան փոքր ազգի կյանքը հավանաբար չէր կարելի գունավորել անտեղյակության հողի ու երևակայական կարողության շնորհիվ:

Երևի թե կարիք էլ չկար նման բան անել մի ցեղի հետ, որը բնության խստաշունչ պայմաններ ունեցող հողի ծնունդ է: Նկարահանումների մասին Կարեն Գևորգյանը գրեթե ոչինչ չի պատմում, ասում է միայն, որ նիվխերը նրան շատ բան են սովորեցրել, սակայն զգացվում է, որ նկարահանումների հետ կապված ողջ գործընթացը ռեժիսորի հոգում մեծ հետք է թողել: Եվ մանրամասն ու համապարփակ շուկշինյան այդ պատմողական ոճն այստեղ իսկապես տեղին է: Այն քննադատները, որոնք ոչ միայն հանուն հոնորարի են ֆիլմի հետ կապված իրենց խոսքն ասել, այդ ոճն անվանել են պոետա-փիլիսոփայական փաստավավերություն: Նման ֆիլմի անշտապ ընթացքի հիմքը դանդաղ ռիթմի, գծերի հստակության, հեռավոր էպիքական ձգտումների հագեցվածության մեջ է, ինչպես նաև այն դերասանների մեջ, որոնք ֆիլմում հաշտ ու խաղաղ ապրում են կյանքի հետ, այն իրական կյանքի, որը զարդարված չէ կինոարվեստին բնորոշ ծայրահեղություններով, իսկ մարդիկ էլ իրական մարդկանցից ոչնչով չեն տարբերվում, ինչն անխոս մեծագույն արվեստ է՝ բնորոշ միայն եզակիներին, և այդ ամենը պարուրված է այն երջանիկ ազատությամբ, որը կարողանում է համադրվել մարդու ու նրա ճակատագրի մեջ խորաթափանց հայացք գցելու կարողության հետ:

Կարեն Գևորգյանի կարծիքով՝ ավելի լավ է ֆիլմ նկարել, քան նրա մասին խոսել: Թեկուզ միայն նրա համար, որպեսզի խուսափես այն բազմաթիվ խնդիրներից, որոնք կինոգործիչները նախ ստեղծում են իրենց գլխում, ինչից հետո դրանք ոսկրացնում ու դարձնում են կյանքի մի մաս: Եվ արդեն դրանցից ազատվել հնարավոր չէ, խնդիր ստեղծողը սկսում է երկրպագել այն ու շրջապատին էլ ստիպում է նույնն անել:

Աղանդի պես մի բան է ստացվում, այն դեպքում, երբ խնդիրն ինքը, որպես այդպիսին, գոյություն չունի, գոյություն ունի ընդամենը տարրական վարվեցողության ու պրոֆեսիոնալիզմի բացակայություն: Ինչպես նաև չկա ստեղծագործական, հստակ դրված հանձնարարությունն ու այն ամեն գնով լուծելու մեծ ձգտումը, կա միայն միանգամից մեծ գումար վաստակելու բնազդային ցանկություն:

«Հապա փորձեք երկրի ու մարդկանց մասին ֆիլմ նկարեք, կտեսնեք, թե ինչպես են մարդիկ վազում՝ դիտելու այն: Իսկ դա անել կարողանալ է հարկավոր: Բայց դրա համար նախ պետք է կարողանաս սիրել այդ մարդկանց, ինչը, որպես կանոն, ավելի բարդ բան է, քան ֆիլմ նկարելը»,- ասում է Կարեն Գևորգյանը:

Ռուբեն Գյուլմիսարյան