Երբ 1945 թվականին ահեղ պատերազմը լռեց, հյուրախաղերով ԽՍՀՄ ժամանեց Իեգուդի Մենուխինը: Գուրգեն Ասկարյանը, ով ջութակ նվագել էր սովորում, նրա համերգին մասնակցելու իրավունք ստացավ: Համերգից հետո 17-ամյա պատանին հասկանում է, որ մաեստրոից ավելի լավ ոչ-ոք երբեք նվագել չի կարողանա, և ընդմիշտ թողնում է երաժշտությունը: Իսկ դրանից մեկ տարի անց դպրոցի ոսկե մեդալակիրը սարսափեցնելով բժիշկ ծնողներին, գործերը հանձնում է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզֆակ ֆակուլտետ: Ժամանակը ցույց տվեց, որ Ասկարյանը երկու որոշումն էլ ճիշտ էր ընդունել:
Ուսանողական լրջություն
Մոսկվայի պետական համալսարան ընդունվելը պարզվեց Գուրգեն Ասկարյանի համար ավելի հեշտ էր, քան իր սիրելի գործի մեջ հմտանալը: Նա ընդունվեց ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, որտեղ իրեն դրսևորում էր որպես հաջողակ ուսանող, բայց երազում էր այնպիսի մի ֆակուլտետի մասին, որտեղ տարբեր շինանյութեր կարող էր ուսումնասիրել: Ռադիոֆիզիկայի բաժնի վարիչը՝ պրոֆեսոր Գվոզդովերը նրան համոզում է մնալ բաժնում, խոստանալով, որ ինքը Գուրգենի համար «հարազատ հայր» կդառնա, չնայած այն ակնհայտ հակափաստարկին, որ դժվար թե նրա մայրը դա ցանկանա: Պրոֆեսորը համառ տղայից չնեղացավ և Ասկարյանն իսկապես տեղափոխվեց մեկ այլ բաժին:
Տարօրինակ այդ ուսանողը առաջարկեց ստեղծել մի սարք, որին երկրի գլխավոր Բուհի դասախոսները ըստ արժանվույն գնահատական տալ չկարողացան: Միտքը լավն է, ասում էին նրանք, այդ նախագիծը նույնիսկ քննարկելի է, սակայն գործնականում նրա օգտագործելիության վրա բոլորը կասկածում էին, ներառյալ ակադեմիկոսները: Իսկ մի քանի տարի անց՝ 1960 թվականին, ամերիկացի Դոնալդ Գլեզերը ստանում է Նոբելյան մրցանակ՝ «Պղպջակային խցիկ» անունով սարքի համար, որը գրանցում է արագ լիցքավորվող մասնիկների թողած հետքերը: Այս պատմությունը Գուրգեն Աշոտովիչին ստիպեց ողջ կյանքում իր մտքերի ու կատարած աշխատանքի հանդեպ ավելի ուշադիր լինել:
Անտեսելով խցիկի հետ այդ անհաջող փորձը, Ասկարյանն իր դիպլոմային աշխատանքում առաջակում է լիցքավորված մասնիկների գրանցման մեկ այլ մեթոդիկա: Այս դեպքում էլ, սակայն, գործը չհասավ ծրագրի կյանքի կոչմանը, բայց այն գոնե հեղինակին որոշ փառք բերեց գիտնականին, նրա հանդեպ, որպես երիտասարդ ֆիզիկոսի, ով բացառիկ ծրագրեր և գաղափարներ է առաջ քաշում, սկսեցին ավելի ուշադիր լինել:
Հեղինակային իրավունքի պայքարը
Ընդհանրապես իր բացահայտումների և հայտնագործությունների հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրը Ասկարյանին հետապնդում էր ողջ կյանքում: Չի կարելի ասել, թե նա իր աշխատանքների հանդեպ անուշադիր էր, պարզապես դրանք թողնում էր առանց մեկնաբանությունների, դրա համար էլ նրա մի շաքր բացահայտումներ ֆիզիկոսների շրջանում հայտնի դարձան շատ մեծ ուշացումով: Դրա վառ ապացույցն է էլեկտրոմագնիսական ճառագայթների ինքնակենտրոնացման հետ կապված պատմությունը: Այդ հետազոտություններն անց կացվեցին լազերային ֆիզիկայի ոլորտում:
1961 թվականի ավարտին Գուրգեն Աշոտովիչը հրապարակում է համապատասխան թեմայով աշխատանք, որն էլ հետագայում հիմք է հանդիսանում ոչ գծային օպտիկայի չբացահայտված տարածքների ուսումնասիրության համար, իսկ ներկայումս այդ աշխատանքի արդյունքների մասին խոսվում է մասնագիտական բոլոր գրքերում, որտեղ որպես հեղինակ անպայման նշվում է Ասկարյանի անունը:
Սակայն դա տեղի ունեցավ միայն այն բանի շնորհիվ, որ ամերիկացի ֆիզիկոս Չարլզ Թաունսը իրեն դրսևորեց որպես ամենաիսկական գիտնական և ջենթլմեն:1964 թվականին, Թաունսը, արդեն ունենալով Նոբելյան մրցանակ, Ասկարյանից անկախ կարողացավ ստանալ նույնական գիտական արդյունքներ, որոնք էլ անմիջապես հրապարակեց ֆիզիկական հետազոտությունների հայտնի համաշխարհային լրագրում: Թաունսը պատկերացում չուներ այն մասին, որ Ասկարյանն այդ ամենն արել է երեք տարի առաջ, և այն բանից հետո երբ Խորհրդային միությունից նրան այդ մասին տեղեկացրին, գիտնականն ընդունեց Գուրգեն Աշոտովիչի առաջնահերթությունը, և իր հրապարակումներում մշտապես հղում էր անում նրա հոդվածին, իսկ վերջինս այդ առիթով իր հայրենիքում արժանացավ Լենինյան մրցանակին: Գիտական աշխարհում ինքնակենտրոնացման երևույթը հայտնի է «Ասկարյանի էֆեկտ» անվամբ:
Ֆիզիկայի պրոֆեսոր Բորիս Բոլտովսկին ժամանակին գրեց հիշողությունների մի գիրք՝ «Գուրգեն Ասկարյանի հետ հարաբերությունների ճոխությունը» թեմայով: Պրոֆեսորը հիշում է, որ բազում անգամներ փորձել է համոզել կոլեգային՝ հրապարակելու իր հոդվածները մի քանի ամսագրերում միաժամանակ, կամ էլ կարելի է ավելորդ անգամ չլարվել, որովհետև մեկ տպագիր հրապարակումն էլ կարող է լինել հեղինակային իրավունքի ապացույց: Ասկարյանը երկար ժամանակ նրան ոչ մի պատասխան չէր տալիս, բայց հետո ասաց, որ իր մահից հետո հավանաբար մեկն իր մասին գիրք կգրի, որտեղ կլինեն իր բոլոր ձեռքբերումները: Իհարկե իրեն՝ ֆիզիկոս Ասկարյանին, այդ ամենն արդեն հետաքրքիր չի լինի:
Սակայն մահից ոչ շատ առաջ նա գրեց.
«Գիտությունը նույնքան անողոք է, որքան պատերազմը: Այդտեղ էլ կան անհետ կորածներ, հետախույզներ, կողոպտիչներ, և կա հաղթանակի փառք ու պարտության ցավ: Բայց պատերազմի ժամանակ երկու կողմն էլ ձեռքին զենք ունի, գիտության մեջ երբեմն զենք ունենում է միայն բարձր դիրքում կանգնածը, նա ունի «անվանացանկային անսխալականության» զրահաբաճկոն և իր ուղեկիցների սեփական զորքը: Եվ նրանց դեմ որպես կանոն դուրս է գալիս միայնակ զինվորը, ով հազվագյուտ ստեղծագործական միտք ու հոգի ունի,ու չափազանց խոցելի է: Այդպիսին է այն ստեղծարարի հոգին, ով ուզում է նորը բացահայտել: Այս պատերազմը մշտապես վերածվում է անհավասար պայմաններում ընթացող դուելի»:
Մումիացումն ու դրա բուժումն ըստ Ասկարյանի
Ահա սա «ամենաանվանացանկային անսխալականությունն է», որը մշտապես գիտնականի նյարդերի վրա ազդել է: Ասկարյանը այդ փոքր պատերազմներին միշտ փորձել է վերաբերվել իրեն հատուկ հումորով, բայց թե իր վրա դա ինչ ծանր գին էր նստում, գիտեր միայն ինքը: Մի անգամ նա մահացած մարդու մարմինը դեգրադացիայից պաշտպանելու մեթոդի արտոնագրման վկայական ստանալու դիմում ներկայացրեց, որը պետք է աշխատեր ճառագայթման խիստ հատուկ դոզայի միջոցով: Նրան իհարկե այդ վկայականը տվեցին, բայց միայն երկու տարի անց, այն էլ մեծ քաշքշուկից հետո:
Այդ ձգձգվող պատմությունը տարբեր անեկդոտների ծնունդ տվեց: Ֆիզիկոս-կոլեգաները պրոցեսին տվեցին «սառը գուրգենիզացում» անունը: Կազմվեց այն աշխատողների անվանացանկը, ովքեր ուզում էին, որ մահից հետո իրենց մարմինն այդ կերպ մշակեն: Ցուցակը Ասկարյանին հանձնեց նույն Բ. Բոլտովսկին, ով այդ առումով նույնիսկ խոսք ասաց: Ասկարյանը շատ ուշադիր լսեց ճառը, հայտնեց խորը երախտիքի խոսքը՝ հումորասերներին, իսկ ցուցակի հետ կապված հայտարարեց, որ այդ ձևով կպահպանվեն հարգանքի արժանի այնպիսի մարդկանց մարմիններ, որոնց անունները ցուցակի անունների հետ ոչ մի ընդհանուր բան չունեն:
Ինստիտուտի լաբորատորիայի վարիչներից մեկն իր հետ մշտապես մի տռզած պայուսակ էր ման տալիս, որն իր ձևը երբեք չէր փոխում: Ասկարյանը հավատացնում էր, որ լաբորատորիայի վարիչը երբեք այդ պայուսակը չի բացում, և գրազ եկավ, որ եթե այդտեղ ինքը աղյուս էլ դնի, պայուսակի տերը չի նկատի: Ասվեց և արվեց, աղյուսը մտցվեց պայուսակի մեջ՝ վկաների ներկայությամբ, իսկ մեկ ամիս անց նույն վկաների ներկայությամբ հանվեց այդտեղից:
Լազերի հետ կատարվող տարբեր փորձերը Ասկարյանի մոտ անդադար էին, և այդ փորձերը բերում էին ծանրակշիռ արդյունքներ: Մասնավորապես, գիտնականը կարողացավ բացահայտել լազերի օգտագործման մեթոդը՝ յուղերից ու վառելանյութերի մնացորդներից ավտոճանապարհների և օդանավերի թռիչքադաշտերի ուղիների մաքրման հետ կապված: Իսկ 1980-ական թվականների սկզբին բացահայտվեց ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթներով մարդկային մարմնի որոշակի հատվածի վրա դրանց ազդեցությունը կիրառելու հնարավորությունը այնպես, որ մոտակայքում գտնվող մասերն ու օրգանները չճառագայթվեն:
Ամբողջ աշխարհի բժիշկներն այդ բացահայտման նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին, Ասկարյանին կանչեցին Ամերիկա՝ ախտորոշման և կաթնագեղձերի օնկոլոգիական թերապիայի մեջ այդ մեթոդն օգտագործելու նպատակով կազմակերպվող համատեղ աշխատանքին մասնակցելու: Բայց Ասկարյանը չկարողացավ գնալ, քանի որ ծանր հիվանդ էին նրա քույրն ու մայրը, իսկ նրանց մեկ այլ մարդու խնամքին հանձնելու մեջ նա ոչ մի իմաստ չէր տեսնում:
Ընկերները նրան համոզելուց հրաժարվեցին միայն այն բանից հետո, երբ նա առաջարկեց ամերիկացիներին նամակ գրել՝ այսպես թե այնպես գալ չեմ կարող, բայց կարող եմ համագործակցել՝ ուղարկեք այստեղ կրծքերը:
Ոչ միայն ֆիզիկայով
Առանց չափազանցության՝ Գուրգեն Ասկարյանը համաշխարհային ֆիզիկայի լեգենդ է, թե որպես գիտնական, թե որպես արտասովոր անհատ: Նա այդպես էլ ընտանիք չկազմեց՝ իր ողջ անձնական կյանքը նվիրելով մոր ու հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քրոջ խնամքին: Նրանցից հարազատ մարդ Ասկարյանն աշխարհում չուներ: Մնացած ժամանակը նա նվիրում էր գիտությանը:
Աշխատողների մոտ այնպիսի տպավորություն էր, որ տնտեսական ծախսերից ավելացած բոլոր փողերն Ասկարյանը տրամադրում է գրքեր գնելուն: Նա մի գրքից միանգամից մի քանի օրինակ էր գնում: Թե ինչի համար էր նրան այդքան շատ գիրք հարկավոր, անհայտ մնաց բոլորին՝ գիտնականի կենդանության օրոք: Հնարավոր է՝ գնում էր՝ փոխանակման նպատակով, քանի որ ժամանակները գրքի համար դեֆիցիտային էին: Սակայն Ասկարյանի կտակի համաձայն՝ այդ գրքերը պետք է հանձնվեին մանկատներին, իսկ իր վրձնի կտավները՝ թանգարանին: Գիտնականը, ի դեպ, բավական հաջող բանաստեղծություններ էլ էր գրում:
1997 թվականի սկզբին Գուրգեն Աշոտովիչը թուլություն զգաց, բոլորին տեղյակ պահեց, որ ցանկանում է բուժվել ու խնդրեց իրեն ընդհանրապես չանհանգստացնել: 10 օր շարունակ գիտնականից ոչ մի լուր չեղավ, և կոլեգաները սկսեցին լուրջ անհանգստանալ: Հեռախոսազանգերին և դռան զանգերին նա չէր պատասխանում, ստիպված կանչեցին թաղայինին՝ բնակարան մտնելու համար: Նրանք Գուրգեն Աշոտովիչին գտան մահացած՝ սեղանի առջև դրված գրքերի բուրգին նստած, իսկ կողքը՝ մահճակալին, քույրն էր պառկած:
Պաթալոգանատոմներին հաջողվեց պարզել, որ նրանք երկուսն էլ մահացել են նույն օրը, նույն պատճառով՝ կորոնար շնչերակային հիվանդությունից:
Ռուբեն Գյուլմիսարյն