Մշակույթի կարևոր բաղադրիչներից մեկը ազգայի հագուստն է, որը ձևավորվում է ազգի խառնվածքի, կենսակերպի հիման վրա և կախված է շրջակա միջավայրից և երկրի աշխարհագրական դիրքից: Կախված ունեցվածքի չափից և սոցիալական կարգավիճակից` գոյություն են ունեցել տարբեր տեսակի վրացական ազգային տարազներ: Բնականաբար դրանք իրարից տարբերվում էին ոչ միայն նյութի արժեքով, այլև տարբեր տարրերով, զարդարանքով և նախշերով:

12325145_10206224951165999_168456061_nԱզգային հագուստը ողջ աշխարհում տարբեր նպատալների են ծառայում: Դրանք օգնում են պահպանել երկրի մշակութային ժառանգությունը, ծանոթացնել հասարակությանը իրենց պատմությանը, միավորել քաղաքացիներին` հենվելով ազգային միասնականության գաղափարի վրա: Որոշ ազգեր կրում են ազգային հագուստը ամենօրյա հանդերձանքի հետ զուգահեռ, մյուսները` նախընտրում են ներկայացնել դրանք, որպես թանգարանային նմուշներ:

Օրինակ` ասիական երկրներում յուրահատուկ վերաբերմունք կա ազգային հագուստի նկատմամբ: Ասենք` ճապոնական կիմոնոն, որը բազմադարյան պատմություն ունի, մինչ օրս հանդիսանում է ծագող արևի երկրի խորհրդանիշը:

Ճապոնացիները կիմոնոն փոխառել են չինացիներից շատ դարեր առաջ: Դրա նախահայրը չինական ազգային հագուստն է` խանֆուն: 794թ-ից սկսած կիմոնոն ստացավ ճամոնական ազգային հագուստի կարգավիճակ: Դրանից հետո այս հանդերձանքը բազմաթիվ փոփոխություններ կրեց և վերջապես դարձավ այնպիսին, ինչպիսին մենք այն գիտենք: Այս ամենի հետ մեկտեղ չի կարելի հաշվի չառնել կիմոնո կրելու բարդությունները, ինչի պատճառով ճապոնացիները սկսեցին եվրոպական հագուստ կրել: Սակայն տոնական օրերին, ըստ ավանդույթի, ճապոնացիները հագնում են իրենց ազգային հանդերձանքը:

Հնդիկները, ի տարբերություն ճապոնացիների, ազգային հագուստը կրում են ամեն օր: Սարին հնդկական ազգային կանացի հանդերձանքն է, որը իրենից ներկայացնում է 4-ից 5 մետր երկարություն ունեցող տարբեր գույների կտոր, յուրահատուկ զարդանախշերով` մարմնի շուրջ հատուկ ձևով փաթաթված: Չնայած այդքան պարզությանը` սարին համարվում է ամենագեղեցիկ կանացի հագուստներից մեկը, որը կրում են բազմաթիվ եվրոպացի նորաձև աղջիկներ:

Բացառություն չէ նաև վրացական ազգային հագուստը: Այն փոխում է իր տեսքը դարերի ընթացքում, դրա պատճառները տարբեր են` բնական զարգացում, հարևան երկրների վերաբերմունքի ազդեցություն: Կարելի է վստահ ասել, որ վրացական ազգային հագուստը ձևափոխման մի քանի փուլերով է անցել, սակայն, Վրաստանի ֆեոդալական կարգերի փլուզումից հետո ազգային տարազը կորցրեց իր նշանակալիությունը և այլևս չօգտագործվեց: Չնայած դրան` վրացական չոխան դեռ երկար ժամանակ պահպանում էր իր գոյությունը նորաձև եվրոպական կոստյումի կողքին: Չոխան ազգային հանդերձանքի օրինակներից է, որը լավագույնս համատեղում է մեկ աշխատանքի մեջ ավանդույթները, բանահյուսությունը, արհեստը և հեղինակությունը: Մեր օրերում այն տոնական և պաշտոնական միջոցառումների հագուստ է: Ազգային հագուստի գեղեցկությամբ և վեհությամբ կարող ենք հիանալ վրացական ազգային պարային համույթների ելույթների ժամանակ:

12804579_10206224943645811_2019096995_nԱյսօր վրացի երիտասարդների մի մասը որոշել է ազգային հագուստին հատուկ գործառույթ տալ` հայտարարելով մայիսի 18-ը Ազգային հագուստի օր, որը նրանց առաջարկով պետք է ոչ աշխատանքային օր լինի:

12325244_10206225018447681_795797604_nԱյդ նպատակով Վրաստանի տարբեր քաղաքներում դեռ 2015թ-ի վերջին կազմակերպվեցին ստորագրահավաքներ: 30 հզ. ստորագրություն հավաքելու դեպքում այս նախաձեռնությունը կդիտարկվի խորհրդարանում: Քաղաքական որոշ կուսակցություններ և մշակույթի ներկայացուցիչներ հետաքրքրվեցին նախագծով և կոչ արեցին աջակցել դրա իրականացմանը: Նախաձեռնող խմբի ղեկավար Արչիլ Շվելիձեի խոսքերով` գաղափարը քննարկումների պատճառ է դարձել սոցիալական ցանցերում: Նախաձեռնողները վստահ են, որ շատերը կաջակցեն իրենց գաղափարին: Ըստ մտածվածի` Ազգային հագուստի օրը պետք է տոնեն Վրաստանի ողջ տարածքում, որտեղ կներկայացվեն երկրի տարածքում ապրող տարբեր ազգերի տարազներ:

«Շատ կարևոր է ցույց տալ, թե որքան բազմազգ է Վրաստանը, բացի դա, անհրաժեշտ է նշել ազգային հագուստի տոնը այն երկրներում, որտեղ կա վրացական սփյուռք: Այս միջոցառումը հնարավորություն կտա ընդլայնել վրացական մշակույթի տարածման շրջանակները: Պատկերացրեք` քաղաքի փողոցներով քայլում են մարդիկ ազգային հանդերձանքով, իսկ կենտրոնական հրապարակներում ելույթ են ունենում  տարբեր համույթներ, անցնում են ցուցահանդեսներ և զգեստավորված տեսարժան միջոցառումներ»,- Dalma News-ին ասաց գաղափարի հեղինակներից մեկը:

Նրանց կարծիքով` նման օրեր տոնվում են աշխարհի տարբեր երկրներում քանի որ ազգային հագուստը պարզապես հանդերձանք չէ, այլ վրացական մշակույթի և պատմության կարևոր մասնիկ: Դրանք ստեղծվում էին երկրի տարբեր տարածաշրջանների կենսակերպին հատուկ, տարբեր ժամանակաշրջաններում և պատմական տարբեր իրադարձությունների ֆոնին: Չէ որ ազգային հագուստը հանդիսանում է ազգի հոգևոր և նյութական արժեքների արտացոլանքը:

Բացի դա` ազգային հագուստի օրը կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանը և ազգաբնակչության հայրենասիրական ոգու բարձրացմանը: Այդ պատճառով տոնակատարությունները պետք է չսահմանափակել միայն մայրաքաղաքով, դրանում պետք է ներգրավվեն նաև շրջանները:

«Վրաստանի առանձին տարածաշրջաններ հնարավորություն կունենան հասարակությանը ներկայացնել սեփական ճարտարապետությունը, պարարվեստը, բանահյուսությունը, խոհանոցը և շատ այլ արժեքներ երկրի տարբեր անկյուններից: Դա երիտասարդ սերնդի համար մոտիվացնող հանգամանք կլինի և նրանց մոտ ազգային արժեքների հանդեպ հետաքրքրություն կառաջացնի»,- ասում է նախագծի նախաձեռնող Դաթա Գվասալիան:

Տոնակատարության հիմնական նպատակը երիտասարդների շրջանում մշակույթային արժեքների և սեփական ժողովրդի պատմության իմացության մակարդակը բարձրացնելն է:

«Բացի դա` պետք է հաշվի առնել, որ Վրաստանում բազմաթիվ էթնիկ խմբեր են ապրում, ովքեր այդ օրը հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ազգային հագուստը` մշակութային ինքարտահայտման ազատության սկզբունքների համաձայն»,- հավելեց Գվասալիան:

Ինչ վերաբերվում է վրացական ազգային հագուստի ստեղծման պատմությանը` մի քանի վարկածներ կան: Հիմնականում տարաձայնություններ են առաջանում թագավորական հանդերձանքի ստեղծման և բարձրաշխարհիկ հասարակության հագուստի, ինչպես նաև խևսուրական «տալավարի»-ի վերաբերյալ:

12272649_10206224945125848_367721802_n

Գիտական հետազոտությունների համաձայն` թագավորական հանդերձանքի և հարուստ ազնվականության հագուստի ստեղծման վրա ազդել են հարևան պետությունների մշակույթները: Վրացական հագուստի մեջ կան պարսկական և բյուզանդական էլեմենտներ, որոնցից յուրաքանչյուրը հանդիսանում է իր ժամանակի,  տարբեր դարաշրջաններում հասարակական և քաղաքական դրվածքի արտացոլանքը:

«Չոխա» բառը հանդիպում է Կովկասում, Եվրոպայի և Ասիայի երկրներում: Ինչպես վերը նշվեց` չոխան տղամարդկանց հագուստ է: Իրենից ներկայացնում է մահուդե վերարկու` առանց օձիգի: Չոխան ձևած է այնպես, որ ընդգծի տղամարդու լայն թիկունքը և նեղ գոտկատեղը: Կրծքին կարված են կաշվե բներ փամփուշտների համար:

Կովկասում իսկզբանե կրել են կարճ չոխաներ, բայց հյուսիսային Կովկասից երկար չոխաներ կրելու ավանդույթ եկավ: Չոխայի տակից հագնում էին հատուկ վերնաշապիկ` ախալուխի կոչվող օձիգով: Ավելի ունևոր վրացիները կրում էին կովկասյան տիպի չոխա, որի վրա փամփշտակալների կափարիչները արծաթե շղթաներով միացված էին ուսերին, իսկ գոտին, որի վրա տեղադրվում էր դաշույնը առաձնացված էր արծաթով: Այս առիթով Մ. Լերմոնտովը գրել է `

Դժվար թե լինի ևս մի ազգ, որտեղ տղամարդը այսքան շատ զենք ունենա, որքան վրացի ռազմիկը, նա ոտքից գլուխ զինված է: Բայց այդ ամենը այնքան հմտորեն է տեղավորված, որ ոչինչ չի խանգարում ռազմիկի ճարպկությանը և շարժունակությանը

Իսկ խևսուրին կարելի էր ճանաչել բրդյա կտորի հագուստից, որը գորգի կտոր էր հիշեցնում` գունեղ նախշերով: Կարճ բաճկոնների ուսերին ասեղնագործված էին խաչեր` արծաթյա եզրերով կուշակներով ձգված: Նման հանդերձանքը միանգամից գրավում է ճանապարհորդների և հետազոտողների ուշադրությունը:

Խևսուրի ազգային հագուստը` «տալավարին» նման չէ կովկասյան այլ կոստյումներին: Այդ պատճառով վարկած կա, որ խևսուրները խաչակիրների հետնորդներն են: Սակայն մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս հանդերձանքը իր մեջ ունի վրացական հագուստի հնագույն զարգացման փուլերի տարբեր էլեմենտներ: Հարևան շրջանների հագուստների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խևսուրյան «տալիվարին» պարզապես իր մեջ խտացրել է հնագույն վրաստանի տարբեր հանդերձանքների բաղադրիչները:

11940687_10206224982286777_226200340_nՉնայած Վրաստանի շրջանների բազմազանությանը` դրանց հագուստները իրարից շատ չեն տարբերվում: Հագուստը տարբերել են հիմնականում տվյալ տարածաշրջանի աշխարհագրական և կլիմայական պայմաններից ելնելով` երկրի արևելքում և արևմուտքում, լեռնային կամ հովտային շրջաններում դրանք տարբեր էին: Սակայն այսօր ձևավորվել է վրացական ազգային տարազի դասական տեսակը, որը ընդգծում է տղամարդկանց հագուստի խստությունը և կանանց հանդերձանքի էլեգանտությունը:

12443011_10206225033728063_643461438_n

Տղամարդկանց չոխան ոսկեկար է: Ախալուխին (վերնաշապիկը) սպիտակ կտորից է և կանգնած օձիգով: Արծաթյա գոտի, դաշույն և մխեդրուլի (ռազմական տեսակի) կաշվե կոշիկներ: Վրացի կանանց հագուստը ոչ պակաս օրիգինալ էր: Դա երկար, գոտին ընդգծող զգեստ էր` «քարտուլի», որի կրծքկալը առատորեն զարդարված էր ուլունքներով և քարերով: Քարտուլիի փեշը շատ լայն էր և այնքան երկար, որ ամբողջովին ծածկի ոտքերը: Անպայման աքսեսուար էր գոտի:

Չնայած տարբեր մշակույթների ազդեցությանը` վրացական ազգային հագուստը մինչ օրս պահպանել է իր ինքնությունը: Հետևաբար շատերը ուրախությամբ կքայլեն Թբիլիսիի հին փողոցներով ազգային հանդերձանքով` իրենց զգալով պատմության մի մասնիկը:

Շորենա Կարչավա` հատուկ Dalma News-ի համար