Ապրիլի 24-ին` Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, այսուհետ յուրաքանչյուր տարի կշնորհվի «Ավրորա» միջազգային մրցանակը, որը իրենից ներկայացնում է Նոբելյան Խաղաղության մրցանակի հայկական անալոգը: Մենք կներկայացնենք Հայաստանում կայացած ապրիլյան միջոցառումները, ինչին հետևում էին ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Դրա վկայությունն են համաշխարհային ԶԼՄ-ներում հրապարակված բազմաթիվ լուսաբանումները:

Դժվար է գերագնահատել հայկական հասարակության համար «Ավրորա» մրցանակաբաշխության նշանակությունը, քանի որ սա հանդիսանում է վերջին տասնամյակների ընթացքում քաղաքակրթության մեջ Հայաստանի ամենակարևոր ներդրումներից մեկը: Դառնալով դաժանության և անմարդկայնության դեմ ոգու, սիրո և կարեկցանքի հաղթանակի խորհրդանիշը` «Ավրորան» օգնեց այլ աչքերով նայել սեփական պատմությանը: Այսուհետ ապրիլի 24-ը ոչ միայն անմեղ զոհերի հիշատակի օրն է, այլև վերածնունդի, կյանքի և սիրո տոն:

Այս տարի մրցանակաբաշխության հաղթողը յուրահատուկ, ի հեճուկս ամեն ինչի` կենսուրախ և ժպտերես Մարգերիտ Բարանկիցեն էր, ով ներկայացնում էր Բուրունդիի «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տունը և REMA հիվանդանոցը: Մարգերիտը զբաղվել է որբերի և փախստականների խնամքով քաղաքացիական պատերազմի տարիներին և դրանից հետո: Պատերազմի առաջին օրերին Բարանկիցեն, ով պատկանում էր տուտսի ցեղին փորձել է փրկել հարևան խուտու ցեղից 72 մարդկանց, սակայն նրանց բռնել են և սպանել` ստիպելով Մարգերիտին նայել: Այդ սարսափելի իրադարձությունից հետո Մարգերիտ Բարանկիցեն բուռն գործունեություն է ծավալում երեխաների և փախստականների կայնքերը փրկելու համար: Բարանկիցեն փրկել է շուրջ 30 հազար երեխայի, իսկ 2008թ-ին բացել է հիվանդանոց, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն են ստացել ավելի քան 80 հազար հիվանդ:

632043453gs007auroraprize-183035-low

Մարգերիտ Բարանկիցեն ստացավ 100 հզ. դոլար գրանտ, ինչպես նաև հնարավորություն ստացավ շարունակել բարեգործական առաքելությունը` շնորհելով իրեն ոգեշնչած կազմակերպությանը 1 մլն. դոլար մրցանակ: Նա անվանեց երեք կազմակերպություններ, ում պատրաստվում է գումար փոխանցել: Դրանք են Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամը, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամը (JFP հիմնադրամ) և «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամը: Մյուս երեք մասնակիցներին «Ավրորայի» կազմակերպիչները տրամադրեցին 25 հազարական դոլար:

«Այս մրցանակը մխիթարանք է ողջ Բուրունդիի համար: Այս գումարը կօգնի մայրերին, ովքեր կկարողանան փոքրիկ նպաստ ստանալ և կերակրել իրենց երեխաներին»,- ասաց Aurora Prize մրցանակաբաշխության դափնեկիր Մարգերիտ Բարանկիցեն: «Այս գրանտի շնորհիվ մենք հնարավորություն կունենանք բազմաթիվ երեխաների դպրոց ուղարկել: Կարող ենք օգնել երիտասարդների, ովքեր վիրավորում են ստացել, ինչպես նաև նրանք, ովքեր գտնվում են Կիգալիի հիվանդանոցում կկարողանան վերադառնալ համալսարան, որպեսզի շարունակեն իրենց կրթությունը: Ես անսահման շնորհակալ եմ»:

Ավելի քան 400 մարդ էր ժամանել Երևան Aurora Prize for Awakening Humanity մրցանակաբաշխության շրջանակներում կայացած մի շարք միջոցառումների մասնակցության համար: Արարողության ընթացքում, որի ժամանակ հնչեցին Սերժ Թանկյանի և Շառլ Ազնավուրի կատարումները, ներկայացվեցին բոլոր չորս ֆինալիստների ձեռքբերումները: Մարգերիտ Բարանկիցեյի կողքին խոսվեց նաև մարդասիրության բնագավառում Սուդանի Նուբա լեռներում տեղակայված Mother of Mercy հիվանդանոցի բժիշկ Թոմ Քաթենային մեծագույն արժանիքների մասին, ինչպես նաև Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար Սայիդա Ղուլամ Ֆաթիմայի և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր Հայր Բերնարդ Կինվիի։

Aurora Prize for Awakening Humanity առաջին մրցանակի հանձնման կապակցությամբ կազմակերպիչները որոշում կայացրեցին մնացած երեք ֆինալիստներից յուրաքանչյուրին հանձնել 25 հազարական դոլար, որպես աջակցություն իրենց գործունեությամբ ոգեշչնող կազմակերպություններին:

001_rc_1200x480Հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեց նաև Լրագրության միջազգային կենտրոնի կողմից տրամադրվող նոր մրցանակի մասին` «Սկզբունքային լրագրություն», որը ստեղծվել է Aurora Prize-ի հետ համատեղ: Մրցանակը կհանձնվի ամեն տարի այն լրագրողներին, ովքեր ակտիվ աշխատանք են վարում միջազգային հանրության ուշադրությունը հումանիտար ճգնաժամին հրավիրելու ուղղությամբ: Այս տարի այդ անվանակարգի դափնեկիր դարձավ New York Times թերթի թղթակից Ռուկմինի Կալիմակին`մարդկության դեմ կատարված հանցագործությունների լուսաբանման գործում անհամեմատելի ներդրման համար:

«Ավրորա» մրցանակաբաշխություն

«Ավրորա» (Aurora Prize for Awakening Humanity)` միջազգային նոր մրցանակ է, որը յուրաքանչյուր տարի կշնորհվի այն մարդկանց, ովքեր վտանգում են սեփական կյանքը այլոց փրկելու համար: «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:

header23_v1_cropped

Մրցանակը կրում է Ավրորա (Արշալույս) Մարդիկյանի անունը, ով հոր և եղբայրների սպանության ականատեսն է եղել և հաղթահարելով բազմաթիվ վտանգներ, նա կարողացել է ապահով տեղ հասնել և ողջ աշխարհին պատմել 1915թ-ի ահարկու դեպքերի մասին: 1919թ-ին Ավրորան նկարահնվել է «Հայերի խոշտանգումները» ֆիլմում:

Կազմակերպիչները նախաձեռնության գլխավոր նպատակն են համարում ցեղասպանությունների և մարդու իրավունքների խախտումների վրա հանրության ուշադրության գրավումը: Նրանք նշում են, որ անհրաժեշտ է անցյալից դասեր քաղել, որպեսզի ավելի լավ ապագա կառուցենք: 100 LIVES նախագծի շրջանակներում հավաքվել և ներկայացվել են ցեղասպանությունը վերապրածների պատմությունները, որոնք հիմնադիրներից մեկի` Ռուբեն Վարդանյանի խոսքերով անգամ հիմա են ցնցում մարդկանց:

«Ավրորա» մրցանակաբաշխությունը հանդիսանում է 100 LIVES նախագծի հիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական նախաձեռնությունը, որը սկիզբ է առել 2015թ-ի մարտին Նյու Յորքում:

«Ավրորայի» ընտրկան հանձնաժողովի կազմում են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Էլի Վիզելը, Օսկար Արիասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովին, Իրլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, իրավապաշտպան Հինա Ջիլանին, Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար և Ճգնաժամային միջազգային խմբի պատվավոր նախագահ Գարետ Էվանսը, Նյու Յորքում Կարնեգի Ընկերության նախագահ Վարդան Գրեգորյանը և հանրահայտ դերասան և բարեգործ Ջորջ Քլունին:

Վերջինս «Ավրորա» մրցանկաբաշխությանը պատահական չէ ներգրավված: Քլունին երկար տարիներ զբաղվում է բարեգործությամբ, 2008թ-ին դարձել է ՄԱԿ-ի խաղաղության դեսպան, ինչպես նաև Ջորջ Քլունին ունի իր հիմնադրամը` «Not On Our Watch», որի նպատակն է գրավել միջազգային հասարակության ուշադրությունը ցեղասպանությունների հետևանքների վրա և վերջ դնել մոլորակի վրա կատարվող դաժանություններին:

Արարողության ժամանակ, Ջորջ Քլունին իր ելույթի մեջ հիշատակեց Հիտլերի խոսքերը` «Ո՞վ է հիմա հիշում հայերի Ցեղասպանությունը» և հնչեցրեց պատասխանը` «ողջ աշխարհը»: «Մենք բոլորս այստեղ ենք հավաքվել ինչ-որ մեկի բարության դրսևորման շնորհիվ: Մենք հենվում են բարի մարդկանց վրա, ովքեր երես չեն թեքել մեզանից, երբ մենք նրանց աջակցության կարիքն ենք զգացել` լինի դա 101 տարի առաջ, թե անցած տարի: Եթե մարդկությունը ուզում է գոյատևել, ապա մենք չենք կարող անտեսել ուրիշների ցավը»,- ասաց «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրական հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին:

«Ավրորա` երկխոսություններ»

Մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ հնագույն ձեռագրերի և գրքերի թանգարանում ` Մատենադարանում, համաշխարհային առաջատար գիտնականները, միջազգային մարդասիրական միության ներկայացուցիչները, մեդիա-փորձագետներ և բարերարներ մասնակցեցին «Ավրորա` երկխոսություններ» խորագրով մի շարք քննարկումների:

Բացման խոսքի ժամանակ հիմնադիրներից մեկը` Ռուբեն Վարդանյանը նշեց, որ պետք է երբեք չմոռանալ սեփական անցյալը, միևնույն ժամանակ կարողանալ հաղթահարել բոլոր դժվարությունները և առաջ շարժվել: «Իհարկե, Հայոց Ցեղասպանության մասին քիչ փաստաթղթեր են պահպանվել, բայց այն, ինչ հնարավոր է եղել գտնել, մենք հրապարակել ենք, որպեսզի ի ցույց դնենք ճշմարտությունը: Մենք ուզում ենք պահպանել մեր պատմությունը, որպեսզի այն մոռացության չմատնվի»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:

Իր խոսքում իրավապաշտպան Հինա Ջիլանին կարծիք հայտնեց, որ աշխարհում դաժանությունը վերացնելը հնարավոր է, եթե մենք զարգացնենք դեմոկրատիան և բազմակարծությունը: Ջիլանին նշեց, որ մարդիկ պետք է  հիշեն` իրենք այս աշխարհի մի մասն են, և յուրաքանչյուր մասնիկ ազդում է մյուսի վրա: Նրա կարծիքով` յուրաքանչյուր մարդ պատասխանատու է մարդկության ճակատագրի համար և փախստականների համար պատասխանատվությունը միայն պետության վրա չէ: Իրավապաշտպանը ասաց նաև, որ անհրաժշտ է փոխել ՄԱԿ-ի կառուցվածքը: «ՄԱԿ-ը պետք է մոտեցնել մարդկանց, ոչ թե պետություններին: ՄԱԿ-ը որպես կազմակերպություն պետք է ավելի բաց և ազդեցիկ դառնա»,- հայտարարեց Ջիլանին:

Քննարկումնների ընթացքում տարբեր հարցերի շարքում քննարվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` մարդասիրական խնդիրները, գլոբալ միգրացիոն ճգնաժամը, կնոջ դերրը հումանիտար միություններում և ԶԼՄ-ների դերը հումանիտար ճգնաժամը հասարակությանը ներկայացնելու գործում:

Մասնագետները համակարծիք են աշխարհում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մեջ` ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ կառավարությունների մակարդակով: Նոր փորձությունները հաղթահարելը անհնարին կլինի, եթե չվերանայել յուրաքանչյուր կառույցի կատարած դերը` գտնում են փորձագետները:  Կոլումբիայի միջազգային և հասարակական կապերի համալսարանի միջազգային կոնֆլիկտների լուծման մասնագիտացված դպրոցի տնօրեն Էդվարդ Լակը գտնում է, որ անհրաժեշտ է մարդկության դեմ կատարված հանցագործությունների անմիջական արձագանքի միջոցներ մշակել, ինչպես նաև ստեղծել օրենսդրական բազա, որը կարող է կանխել նման ողբերգությունները:

«Պետք է ուսումնասիրել մասսայական սպանությունների ռիսկերը, դա սպեցիֆիկ գործունեություն է, որը կանխում է ցեղասպանությունները: Ողբերգությունները կանխելու համար պետք է ասել պետական առաջնորդներին և հասարակ մարդկանց, խոսքեր, որոնք նրանց հաճելի չէ լսել: Զարգացումը ճիշտ ուղու վրա է, բայց մենք ճանապարհի ամենասկզբում ենք»,- նշեց Լակը:

Հրապարակվեցին նաև «Humanitarian Index»-ի կատարած հետազոտության արդյունքները, որում վերլուծություն էր կատարվել համաշխարհային հասարակության կողմից հումանիտար խնդիրների ընկալման արդիական հարցի շուրջ: Հարցմանը մասնակցել են 4600 մարդ` ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից և Իրանից: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մարդիկ միգրացիոն ճգնաժամը ընկալում են ոչ այնպես, ինչպես այն կա իրականում:

«Ավրորա` դիալոգների» նպատակն է ելույթների և հարց ու պատասխանների միջոցով հասարակական քննարկումների սկիզբ դնել, որոնք հնարավորություն կտան անցյալից դասեր քաղելու, ներկայումս ճիշտ քայլեր անելու և ավելի լավ ապագա կառուցելու:

«Ավրորայի» միջոցառումների շրջանակներում Ջորջ Քլունին նաև այցելեց UWC Dilijan քոլեջ` Հայաստանում միջազգային դպրոց-ինտերնատ, որտեղ բարերարը հանդիպեց դպրոցի միջազգային խորհրդի հետ: Դպրոցում սովորում են 61 երկրներից ժամանած աշակերտներ:

Ապրիլի 24-ին մրցանակաբաշխության հաղթողները և «Ավրորայի» ընտրական հանձնաժողովի անդամները մասնակցեցին Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը: Այնուհետև մասնակիցների համար կազմակերպվեց էքսկուրսիա Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում:

00a565d6a324395b9e66aad7e5013288

Այս տարի ապրիլի 24-ը հայ ազգի համար նոր սկիզբ էր: Հայաստանը ցույց տվեց, որ ոչ միայն պատրաստ է Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին, այլև ապացուցեց, որ կան հանցագործություններ, որոնք չեն ենթարկվում ժամանակին, բայց դա չի խանգարում մեզ առաջ գնալ: «Ավրորա» մրցանակաբաշխությունը փոխեց միլիոնավոր մարդկանց գիտակցությունը օգնեց մի քայլ հեռանալ սեփական ողբերգությունից, չկենտրոնանալ դրա վրա, այլ հասկանալ, որ աշխարհում, մոլորակի տարբեր անկյուններում, մարդիկ մինչ օրս դառնում են անպատժելիության և դաժանության զոհը, և սուգը գազանության դեմ ամենաարդյունավետ միոցը չէ: Դաժանության դեմ կարելի է պայքարել միայն սիրով` տոնական արարողության ժամանակ ասաց Մարգերիտ Բարանկիցեն: Հենց այս սկզբունքով են առաջնորդվել «Ավրորայի» ստեղծողները` ցույց տալով աշխարհին ոչ միայն իրենց սերը հայրենիքի նկատմամաբ` դրա ամենախորը պատկերացմամբ, այլև հոգատար վերաբերմունք աշխարհում ամենափխրուն և ամենակարևոր երևույթի նկատմամբ, որը այդքան հեշտ է ընդհատել և անհնար է վերադարձնել` մարդկային կյանքին:

Ապրիլի 24` մենք հիշում և սգում ենք, բայց մենք ողջ ենք, նշանակում է` միչև վերջ կպայքարենք հանուն արդարության և խաղաղության:

Պատրաստեց Հասմիկ Վանցյանը