Զբոսաշրջիկները տարբեր են լինում` այն իմաստով, որ նրանց շրջագայությունների նպատակները կարող են շատ տարբեր լինել: Իհարկե, առաջին հերթին դա նոր երկրներ և քաղաքներ տեսնելու ցանկությունն է, բայց սրանց կողքին կարելի է հետաքրքրվել, թե կոնկրետ անհատին ինչն է ավելի շատ հետաքրքրում: Օրինակ` սպորտով զբաղվել, կամ այցելել էկոլոգիապես մաքուր տեղեր, ուսումնասիրել տեղացիների կենցաղը և ավանդույթները: Կարելի է նաև բուժվել, հատկապես, եթե առաջարկվող ծառայությունները և դրանց արժեքը գնի և որակի լավ հարաբերակցության մեջ են:
Տեղի թերագնհատված պոտենցիալը
Իսրայելը վաղուց է նպատակաուղղված զարգացնում բժշկական տուրիզմի ուղղվածությունը, ինչի արդյուքնում երկիրը առաջատար դիրք է զբաղեցնում այդ բնագավառում: Վերջին տարիներին Հայաստանում նույնպես որոշակի պրոգրես է նկատվում, սակայն, ընդհանուր առմամբ աշխուժությունը դեռևս բավական չէ, և Հայաստանն այդ առումով հանդիսանում է դեռևս չգնահատված երկիր:
Բայց անգամ ամերիկյան տուրօպերատորները մի քանի տարի առաջ հիացած էին այն պայմաններից, որոնք կարող է տրամադրել մեր երկիրը, հատկապես նշելով ազգային ավանդույթների դերը, լավ էկոլոգիան, հատկապես բարձր լեռնային շրջաններում, և առողջ սննունդը: «Դա հրաշալի է, որ այստեղ «Մաքդոնալդս չկա»,- ասաց «Ջաֆֆակս» տուրիստական գործակալության ղեկավարը: Այսօր տեղացի որոշ տուրօպերատորներ արդեն առաջարկում են հատուկ տուրեր, որոնք կարող են ուղղված լինել ինչպես ընդհանուր առողջության` էկո-տուրիզմ և սպա ծառայություններ, այնպես էլ նեղ նպատակային` ատամնաբուժություն, սրտաբանություն, վիրաբուժություն` այդ թվում և լազերային, ակնաբուժություն` աչքի հիվանդությունների բուժում: Սակայն այս բնագավառին դեռևս բավական ուշադրություն չի հատկացվում: Իսկ մեր փոքր երկրի հնարավորությունները զարմանալիորեն մեծ են` Ծաղկաձորը և Ջերմուկը, Արզնին և Հանքավանը, Դիլիջանը և Ստեփանավանը կարող են դառնալ բժշկական տուրիզմի հզոր կենտրոններ:
Մաքուր օդ և բնական սնունդ, հանքային ջրերի բազմազանություն` լայն հեռանկարներ բացող որակյալ բուժծառայությունների հետ միասին: Հատկապես, որ Հայաստանը կարող է հպարտանալ լավ բժիշկներով, բարձր որակավորված մասնագետներով, և մեր օրերում էլ նրանց պակաս չի զգացվում:
Անհրաժեշտ է ենթակառույցի զարգացում, ժամանակակից սարքավորումներ հանգստյան տների, առողջարանների և հյուրանոցների համար և իհարկե, այդ բարդ, բայց բավական շահավետ գործով զբաղվելու ցանկություն:
Այնուամենայնիվ` այս գործում դրական տեղաշարժը գնալով ավելի նկատելի է:
Խնդիրներ և հեռանկարներ
Հայաստանի տուրիզմի մասին օրենքում մի հատված կա այն մասին, որ «յուրահատուկ բնական ռեսուրսներրը և մշակութային ժառանգությունը, որն ունի մեր երկիրը, չեն կարող դիտարկվել, որպես միակ և բավարար պայման զբոսաշրջության զարգացում ապահովելու համար, քանի որ դրանք զբոսաշրջային առաջարկների միայն մի մասն են»` արդարացի է ասված:
Սակայն Հայաստանի արտագնա և ներգնա զբոսաշրջության, մասնավորապես` բժշկական, հիմնական խնդիրներից մեկն այն է, որ երկրում չկան գնային առումով հասանելի երկու և երեք աստղանի հյուրանոցներ: Ավելին` այն հյուրանոցները, որոնք փաստացի երկու-երեկ աստղանի հյուրանոցային ծառայություններ և հարմարավետություն են մատուցում, միևնույնն է անհիմն թանկ են:
Ոչ բավարար գավազդային քաղաքականության և պոտենցիալ հաճախորդների հետ թույլ աշխատանքի մասին արդեն խոսվել է: Ահա թվեր, որը ներկայացրել է Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանի ընդունելության և ամրագրման ծառայության ղեկավար Կրիստինա Իվանյանը` նախորդ տարին 1800 արտասահմանցի հյուրերի գրեթե 3-րդ մասը ժամանել են Ռուսաստանից: Հասկանալի է, որ առաջին հերթին հենց ռուս զբոսաշրջիկների թիվը հնարավոր է և պետք է ավելացնել: Թեև այս դեպքում պետք չէ ամեն ինչ վերարգրել սեփական թերի աշխատանքի վրա` տնտեսական ճգնաժամը և ռուբլու արժեզրկումը արեցին իրենց գործը:
Ինչ վերաբերվում է հեռանկարներին` դրանք կան, սրանում վստահ է ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը: Նա հարյուրավոր միլիոն դոլլարներ է ներդրել Ջերմուկում` հանգստյան գոտին պետք է վերածվի զարգացող կրթական, մշակութային, տուրիստական և առողջապահական կենտրոնի, որը հյուրեր կընդունի աշխարհի ցանկացած անկյունից: Առաջին հերթին անհրաժեշտ է ենթակառույցի բոլոր ստորաբաժանումները բերել միջազգային ստանդարտներին համապատասխանող որակի:
Բայց սա էլ ամենը չէ: Եթե սկսում ենք զբաղվել այս գործով, ապա պետք է լուրջ վերաբերվենք` գտնում է Ռ. Վարդանյանը, իսկ այդ դեպքում ցանկացած մանրուք կարևոր է դառնում: Անձամբ բժիշկներն էլ պետք է հասկանան, թե ինչ է նշանակում բժշկական տուրիզմ` ունակ լինել բուժում իրականացնել հնարավորինս կարճ ժամանկահատվածում, բացի անգլերենը` տիրապետել նաև այլ օտար լեզուների: Ինչպես նաև բժշկական տուրիզմը պարզապես անհնար է իրականացնել առանց լավ մշակված և ստուգված իրավական հենքի:
Դրական արդյունք կարող է տալ սփյուռքի բուժաշխատողների հետ համագործակցությունը, հատկապես, որ այնտեղ շատ են Հայաստանից մեկնած բժիշկները: Դա նշանակում է, որ նրանք շատ լավ են պատկերացնում հայակական մերօրյա պայմանները, արագ կկողմնորոշվեն, կներդնեն իրենց գիտելիքները և փորձը, որը ձեռք են բերել արտերկրում, ինչը ներդրողներին կարող է զգալի շահույթ բերել:
Վերջերս Մոսկվայում բացվել է «Հայաստանի ազգային տուրիստական գրասենյակը» (ԱՏԳ)` կազմակերպություն, որն ակտիվորեն զբաղվում է Ռուսաստանից և այլ հետխորհրդային երկրներից դեպի Հայաստան տուրիզմի զարգացման մարկետինգային միջոցառումներով: .
ԱՏԳ-ի տնօրեն Մարիա Աթայանը տուրիստական կարևորագույն ուղղություններից մեկն է համարում հենց բժշկական բնագավառը, ավելին` պետք է փորձել առաջարկել միջին խավին հասանելի գներ: Իսկ եթե նաև աշխատել հետըզհետե նվազող գնային քաղաքականություն վարել, մասնավորապես` հյուրանոցների համար, ապա բուժվելու և միևնույն ժամանակ յուրահատուկ գեղեցկություն ունեցող երկիրը տեսնելու ցանկություն ունեցող տուրիսների հոսքը զգալիորեն կավելանա:
Ի՞նչ է հնարավոր բուժել Հայաստանում
Այս փուլում «բժշկական» տուրիստների մեծ մասը ատամնաբուժության նպատակով են գալիս: Հայստանից ժամանակին մեկնաց շատ հայրենակիցներ, ինչպես նաև արտերկրում ծնվածները, հատուկ գալիս են ատամնաբույժ-թերապևտների, վիրաբույժների, իմպլանտաբանների և օրթոդոնտների ծառայություններից օգտվելու համար: Այստեղ հպարտանալու տեղ ունենք` հաշվի առնելով հայաստանյան ատամնաբուժների աշխատանքի որակը, որը ոչնչով չի զիջում աշխարհի լավագույն կլինիկաներում առաջարկվող ծառայություններին, ժամանակակից սարքավորումների առկայությունը` ծառայությունները և բուժման ընթացակարգը գնահատվում է մի քանի անգամ ավելի մատչելի: Միջինում, եթե համեմատենք օրինակ` Մոսկվայի հետ, ապա կտեսնենք, որ նույն բուժման համար Հայաստանում վճարում են 300-400 տոկոսով ցածր: Սա լուրջ տարբերություն է:
Ինչն է հետաքրքիր` արդեն ոչ միայն տուրօպերատորներն են զբաղվում դեպի Հայաստան ճամփորդությունների կազմակերպմամբ, այլև երևանյան որոշ կլինիկաներ իրենք են նման ծառայություններ առաջարկում: Ամեն ինչ արվում է բարձր մակարդակով` նախատեսված են մայրաքաղաքի և շրջանների տեսարժան վայրերով էքսկուրսիաներ` գիդ-թարգմանչի հետ, կատարվում են ամրագրումներ հյուրանոցներում, տրանսֆեր` դեպի օդանավակայան և հակառակը: Հասկանալի է, որ կլինիկան, որը իր հաճախորդների համար անգամ թարգմանչի խնդիրն է լուծում, անպայման կձգտի հաճախորդներին տրամադրել ատամնաբուժության հնարավոր ողջ սպեկտրը, ներառյալ ատամների էսթետիկական վերականգնումը, իսկ դա յուրատեսակ պլաստիկ վիրաբուժություն է:
Սրտաբանություն: Այս ոլորտը նույնպես Հայաստանում շատ զարգացած է: Վերջին տարիներին բացվել են 8 սրտաբանական կենտրոններ միայն Երևանում, Գյումրիում և Գորիսում: Իսկ ինչ վերաբերվում է սրտի վիրահատության տեսակներին և դրանց որակին, ապա բավական խելամիտ է համեմատությունը նույն Իսրայելի հետ: Ի դեպ` իսրայելցիներից կարելի է և պետք է սովորել` բժշկական տուրիզմն այս երկրում զարգանում է հատուկ ծրագրերով և պետական աջակցություն է ստանում:
Ճիշտ այնպես, ինչպես ատամնաբուժական կլինիկաներն են ամբողջովին իրենց վրա վերցնում արտասահմանցի հյուրերի տեղավորման, ուղևորության և բուժման հոգսերը, այդպես էլ վարվում են Հայաստանի մի շարք պլաստիկ վիրաբուժության կենտրոնները: Դրանցից լավագույնները չեն սահմանափակվում միայն արտաքին կորեկցիայով` առաջարկելով միկրովիրաբուժական վիրահատություններ և նույնիսկ անոթային վիրաբուժություն:
Հայ պլաստիկ վիրաբույժները առանձնահատուկ հաջողությունների են հասել ռինոպլաստիկայի` քթի պլաստիկ վիրահատության, ոլորտում: Հնարավոր է, որ այդ ձեռքբերումները պայմանավորված են, այսպես ասած, հայկական քթերի առանձնահատկությամբ, բայց երևի երկրում պարզապես շատ են լավ մասնագետները, ովքեր կարող են հաջող աշխատել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պահանջարկի համար: Վիրաբույժները զգուշացնում են արտերկրից վիրահատության նպատակով գալ ցանկացողներին` նախ պետք է բժշկին ուղարկել նկարները պրոֆիլ և անֆաս, և հաշվի առնել, որ նման միջամտությունները բազմաթիվ հակացուցումներ ունեն: Այնպես որ` կոնկրետ վիրահատությունից վիրաբույժի հրաժարվելը բոլորովին չի խոսում նրա ցածր որակավորման մասին:
Ընդհանուր առողջարարական կամ որոշակի հիվանդությունների թեմատիկ բուժման համար սպա-պրոցեդուրաներ կարելի է անցնել Ջերմուկում, Արզնիում և այլ վայրերում: Ջերմահանքային ջրերը, որոնցով հարուստ է Հայաստանը, երբեմն հրաշքներ են գործում` մասնակցելով առողջարարական ողջ համալիր գործընթացներին, որոնք առաջարկում են առողջարանները, դրանք հայտնի էին ողջ Խորհրդային Միության տարածքով, և հիմա չեն կորցրել իրենց ունակություններն ու որակավորումը:
Կամ, օրինակ, Երևանում կա Ավանի աղի հանքը: Այն հայտնի է յուրաքանչյուր երևանցու, բայց ոչ բոլորը գիտեն, որ այն նաև առողջարանային հաստատություն է: Անձավաբուժություն` այսպես է կոչվում այդ պրոցեդուրան, որի ընթացքում մարդը պարզապես շնչում է աղի անձավների բուժիչ օդը` 235 մետր խորությամբ: Այստեղ բուժում են շնչառական ուղիների և թոքերի հետ կապված ամենատարբեր հիվանդություններ` աստմա, բրոնխիտ, հաճախ կրկնվող շնչառական վարակներ և այլն: Հրաշալի արդյունք են ստանում նաև տարբեր ալերգիաների և մաշկային հիվանդությունների բուժման ժամանակ:
Բուժման կուրսը տևում է 20 օր: Հիվանդները գետնի տակ են իջնում առավոտյան և բարձրանում են երեկոյան, գետնի տակ լռության և հանգստի մեջ անցկացրած ութ ժամերը օգտակար են նյարդային համակարգի ամրապնդման, քնի բարելավման և դյուրագրգռության անցկացման համար: Հավանաբար նման հանգստի քսան օրերերից հետո ավելի հանգիստ ես ընդունում այն խնդիրները, որոնք մնացել են վերևում: Այստեղ կարելի է անել ինչ կամենաք` քնել, կարդալ, երազել, բիլիարդ և սեղանի թենիս խաղալ: Անձավաբուժության մեջ ամենակարևորը յուրահատուկ միկրոկլիմայում երկրատև գտնվելն է: Իսկ ԽՍՀՄ-ում նման կենտրոն, բացի Երևանից, միայն Ուկրաինայում կար:
Մի խոսքով` Հայստանն ունի բոլոր հնարավորությունները բժշկական տուրիզմի զարգացման համար, իսկ հեռանկարները բավական խոստումնալից և անվիճելի են: Իհարկե` այս գործին համապատասխան մասնագիտական վերաբերմունք ցուցաբերելու դեպքում:
Ռուբեն Գյուլմիսարյն հատուկ Dalma News-ի համար